ՎԱԶԳԵՆ  ԵՂՅԱՆԸ՝  ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼ  ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ

Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ-կամավորական է Վազգեն Ռաֆայելի Եղյանը: Ծնվել (1967թ. օգոստոսի 21) ու մեծացել է Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է Ստեփանակերտի Հովհաննես Թումանյանի անվան հ.9 միջնակարգ դպրոցը: Զինվորական ծառայության է անցել ՌԴ-ի Մուրմանսկ քաղաքում: Դեռ ծառայությունը չավարտած՝ ծննդավայր Արցախում սկսում է պատերազմը: Կիսատ թողնելով ծառայությունը՝ ուրիշ անձնագրով հասնում է Երեւան, գրանցվում կամավորական ջոկատում, գնում իր հայրենիքը պաշտպանելու: Ակտիվորեն մասնակցում է Արցախյան ազատամարտին՝ որպես կամավորական: Նա այնքան շատ էր սիրում Արցախը, որ զոհվում ու հավերժ մնում է այնտեղ:

Քույրը՝ Լաուրան, կարոտով, թախծով ու ջերմ հիշողություններով  է պատմում եղբոր մասին, ավելի նեղսրտում, որ հնարավորություն չկա եղբոր հիշատակի օրը այցելել նրա շիրիմին:

ՙԵս մեծացել եմ Վազգենի հետ: Դպրոց գնում էինք միասին՝ իրար ձեռքից բռնած: Մինչեւ հիմա զգում եմ իմ եղբոր ձեռքի ջերմությունը: Նրա հետ կապված շատ հույսեր ու նպատակներ ունեի, ավա՟ղ բոլորը կիսատ մնաց: Երկար տարիներ չեմ հավատացել, որ եղբայրս չկա, քանի որ ներկա չեմ եղել նրա հուղարկավորությանը: Հոգու խորքում միշտ սպասում էի, որ նա կգա, բայց այդպես էլ չեկավ…Այժմ, երբ մենք բռնի տեղահանվեցինք մեր սիրելի Արցախից, կարծես թե բաժանված լինեմ երկու մասի, որից մեկ մասը մնաց Արցախում՝ հորս, մորս ու եղբորս գերեզմանների հետ: Կրկնակի ցավ եմ ապրում, որ եղբորս հիշատակի օրը հնարավոր չէ այցելել գերեզմաններ, ծաղիկ տանել, մոմ վառել, խոսել նրանց գերեզմանների մոտ նստած: Միակ սփոփանքն իմ ջերմ հիշողություններն են, որոնց միջոցով փորձում եմ կարոտս առնել՚,-պատմում է Լաուրան եւ ավելացնում, որ Վազգենը շատ բարի էր բնավորությամբ: Ծնողներին չէր նեղացնում որեւէ բանով: Անգամ չընդունվեց իր երազած՝ Պուշկինի զինվորական ուսումնարան, քանի որ մայրը դեմ էր եւ չէր ուզում, որ նա իր ջահել կյանքի 25 լավագույն տարիները հատկացներ զինվորական ծառայությանը: Ուսումնարան ընդունվելու քննության ժամանակ հիշել է մոր արցունքները, սիրտը չի դիմացել, գիտակցաբար հաջող չի հանձնել քննությունը, որ չընդունվի, այլ վերադառնա տուն: Չէր ուզում մորը ցավ պատճառել, չիմանալով, որ կզոհվի ու ամենամեծ ցավը կպատճառի իր հարազատներին:

Վազգենը ամուսնացած չէր: Այդպես էլ չհասցրեց…

Ավդալ-Գյուլափլուի մարտերը 1992 թվականին տեղի են ունեցել Արցախյան ազատամարտի ամենաթեժ շրջանում՝ Աղդամի եւ Մարտունու շրջանների սահմանագծին: Գյուղերը ռազմական մեծ նշանակություն ունեին, դրանք հակառակորդի հենակետերն ու կրակակետերն էին, որոնցից անընդհատ հրետակոծվում էին հայկական խաղաղ բնակավայրերը՝ Մարտունու շրջանի Ավդուռ եւ Նորաշեն գյուղերը: Դիրքերը կարեւոր էին շրջակա բարձունքների վերահսկողության եւ անվտանգության ապահովման համար: 1992 թվականի ամռանը եւ հատկապես օգոստոսի կեսերից հետո ադրբեջանական ուժերը լայնածավալ հարձակումներ սկսեցին Մարտունու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքել հայկական կողմի պաշտպանությունը: Սակայն հայկական ուժերը կարողացան հետ մղել գրոհները:  Մարտերին ակտիվորեն մասնակցել են Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ գործող՝ Մարտունու պաշտպանական շրջանի ջոկատները եւ կամավորականներ, որոնց մեջ էր նաեւ Վազգենը: 1992 թվականի աշնանը, մարտական գործողություններ մղելով այս ուղղությամբ, նրանց հաջողվել է վնասազերծել թշնամու կրակակետերը եւ ազատագրել ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ: Վազգեն Եղյանը զոհվում է 1992թ. սեպտեմբերի 4-ին:

Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ ՙԱրիության համար՚ մեդալով: Նրա անունը հավերժացված է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին նվիրված ցանկերում եւ հուշարձաններում: Պարտավոր ենք հիշել եւ հարգել հայրենիքի նվիրյալ Վազգեն Եղյանի անմահ հիշատակը:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ