ԵՐԲ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԵԿԱՎ

Մինչ 2020 թվականը սեպտեմբեր ամիսն ինձ ու մեր հայրենակիցներից շատերի համար զուգորդվում էր առանձնակի ոգեւորությամբ ու հաճելի ապրումներով: Նախ՝ այն պատճառով, որ մեկնարկում էր նոր ուսումնական տարին, իսկ մեր սերունդը հատկապես  էր խանդավառվում այդ առթիվ: Սեպտեմբերին անհամբեր սպասում էինք, որ վերջապես հագնենք մեր նոր զգեստները եւ գնանք դպրոց, շփվենք դասընկերների հետ, որոնց կարոտում էինք արձակուրդների ժամանակ, քանի որ ինտերնետ ու այլ կապի միջոց համարյա չկար շփվելու համար: Հիշում եմ, որ ամեն ուսումնական տարվա մեկնարկին ինքներս մեզ համար երգում էինք ՙԵրբ սեպտեմբեր եկավ, մենք պայուսակ բռնեցինք, մանկապարտեզն ավարտած՝ դեպի դպրոց գնացինք՚ երգը, չնայած, որ մանկապարտեզն արդեն վաղուց էինք ավարտել: Դպրոցն ավարտելուց հետո էլ սեպտեմբերյան ոգեւորությունը շարունակվում էր յուրաքանչյուր ուսանողական տարվա մեկնարկին, իհարկե, արդեն ավելի հասուն գիտակցությամբ: Իսկ համալսարանից հետո ոմանք արդեն իրենց երեխաներին էին պատրաստվում դպրոց ուղեկցելու, ոմանք աշխատում էին դպրոցում, իսկ եթե ոչ այն էր, ոչ էլ այն, ապա ամառային երկար շոգին հետեւող զով եղանակն ու բերքառատ սեպտեմբերը չէին դադարում ոգի ներշնչել հատկապես տնային տնտեսուհիներին՝ ձմեռվա համար ուտելիք պահածոյացնելու գործի համար: Սեպտեմբերը նոր մեկնարկի, նոր կյանքի ու սկսվող աշնանային ներշնչանքի յուրովի խորհրդանիշ էր: Սակայն 2020 թվականի սեպտեմբերին ներշնչանքն ու ոգեւորությունը անհետացան, իսկ 2023 թվականի սեպտեմբերից հետո փոխարինվեցին կորստի, ցավի ու մեծ հիասթափության ավելի ուժեղ զգացումներով:

Նայում եմ Ստեփանակերտի մեր տան շենքի բակի նկարներին…Բակ, որտեղ իմ մանկապատանեկությունն ու հասունությունն է անցել, եւ որն այժմ զավթված է: Նայում եմ եւ իմ հիշողության մեջ կենդանանում են յուրաքանչյուր մետրն, ամեն մի մանրուք, յուրաքանչյուր շինություն, ծառ ու թուփ, բոլորի անունները: Հուշերը համակում են ինձ: Մեր սերնդի մանկությունն անցել է Արցախյան առաջին պատերազմի տարիներին, իսկ մանկապատանեկան շրջանը համընկել է հետպատերազմյան ծանր, բայց հաղթանակած շրջանի հետ: Ինչպե՟ս էինք բակի երեխաներով համերաշխ խաղում…Ոչ հեռախոս կար, ոչ համացանց, ոչ էլ գիտեինք, թե ինչ է դա: Իսկ սեպտեմբերի 1-ին բակի երեխաներով ուրախ-ուրախ իրար ձեռքից բռնած էինք դպրոց գնում: Քաղաքի ճանապարհները, այդ թվում եւ մեր դպրոց գնալու ճանապարհը դեռ ասֆալտապատված չէր: Ուժեղ անձրեւների կամ սառցակալման ժամանակ վտանգավոր էր դառնում ճանապարհը, բայց մենք սիրում էինք արկածներով դպրոց գնալ: Հետագայում քաղաքը կերպարանափոխվեց, կառուցվեց, ասֆալտապատվեց…Մեր բարի ու հարազատ Ստեփանակերտը, մեր բակը, մեր մարդիկ, մեր խլված, բայց չմոռացված աշխարհը…

Կրկին սեպտեմբեր եկավ…Կրկին ցավի ու կարոտի ապրումները ակտիվացան:  Երրորդ տարին է, ինչ սեպտեմբերը դիմավորում ենք Արցախից հեռու՝ փախստական դարձած: 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի հետեւանքով  տեղի ունեցավ արցախահայ բնակչության բռնագաղթը եւ էթնիկ զտումները: Ավելի քան 9 ամիս շարունակվող շրջափակումից, սննդի, դեղորայքի պակասից եւ սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո, խաղաղ բնակչությունը հայտնվեց էթնիկ զտումների եւ ֆիզիկական ոչնչացման ուղղակի սպառնալիքի տակ: Շուրջ 115 000 արցախահայեր ստիպված եղանք լքել մեր հայրենիքը եւ տեղափոխվել Հայաստան:

 Հեռանում ես հայրենիքից, բայց դեռ երկար պետք է սովորես ապրել առանց ՙնախկին քեզ՚-ի: Ինչքա՟ն է դժվար մեզ հավաքելը:

 Գալիս ես նոր միջավայր որոշ իրերով, փաստաթղթերով եւ մեծաքանակ հիշողություններով: Իսկ հետո սկսվում է այն կյանքը, որտեղ ոչ ոք չգիտի, թե ով ես դու: Ի տարբերություն քո շենքի բնակիչների՝ չեն տեսել, թե ինչպես ես մեծանում,  ինչ ես զգացել, ինչերի միջով անցել: Նրանք չեն կարող հիշել քո վերելքներն ու անկումները, քանի որ չգիտեն դրա մասին: Չգիտեն, թե ինչպիսի մարդ ես դու եղել, նախքան այստեղ հայտնվելը:

Այստեղ նորից սովորում ես, սխալվում ես, աշխատանք ես փնտրում: Կրկին շրջապատ ես ստեղծում: Նորից հարմարվում ես փողոցներին, խանութներին, կանոններին, արտահայտություններին: Եվ մի անգամ էլ բռնեցնում ես ինքդ քեզ այն մտքին, որ ամենեւին այն մարդը չես, որը եղել էիր: Սակայն դեռ վերջնականապես այն մարդն էլ չես, որը դառնում ես: Ապրում ես ինչ-որ արանքում… Երկու բարբառների, երկու տների, ՙհիշում եմ՚-ի եւ ՙհարմարվում եմ՚-ի, այլեւս հետ չբերվող անցյալի եւ սարսափելի թվացող ապագայի արանքում:

Իսկ հետո տալիս են հարց. ՙԿարոտո՞ւմ եք ձեր տունը՚: Ի՞նչ պատասխանել: Իհարկե կարոտում եմ: Բայց եթե կատարվի բաղձալին ու վերադառնանք, առաջվա կյանքն այլեւս չի լինի: Բռնագաղթն ամենեւին էլ նոր տուն ունենալու մասին չէ: Ավելի շուտ դա ինչ-որ ժամանակ ինքդ քո մեջ քեզ տանն զգալու մասին է: Ոչ թե կոտրված մարդու, որն ամեն ինչ կորցրել է, այլ այն մարդու մասին, որը շատ բան է կորցրել, բայց այնուամենայնիվ շարունակում է ապրել: Շարունակում է սիրել, աշխատել, ժպտալ, պլաններ գծել, հաց գնել անծանոթ խանութից, ծանոթանալ մարդկանց հետ եւ մի օր հասկանալ, որ կարծես թե սկսել է այստեղ ապրել՝ չմոռանալով որտեղից է եկել եւ դադարելով վախենալ, թե ինչ կլինի առջեւում: Գաղթը առաջվա կյանքի վերջը չէ, այլ նոր կյանքի ցավոտ ծնունդը: Հնարավոր է, այդ ճանապարհին ամենակարեւորը չմոռանալն է, թե ով էիր՝ թույլ տալով քեզ լինել ոմն նորը: Կստացվի՞ արդյոք:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ