2023թ․ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ Իշխանասարի դիրքերից մեկում նահատակվեց ժամկետային զինծառայող Արամ Էդիկի Մնացականյանը։ Պատմում են՝ այս դիրքում տղաները թշնամուն դիմակայել են ողջ գիշեր՝ պատճառելով մեծ կորուստներ։ Սակայն, անընդհատ հրետակոծելով ու գնդակոծելով քաջաբար դիմակայող տղերքի դիրքը, լուսադեմին թշնամուն հաջողվել է կոտրել հայոց քաջերի դիմադրությունը և վիրավոր մնացածներին գնդակահարել։

Համացանցում պտտվող տեսանյութերից մեկն այս դիրքի մասին է։ Ծանր վիրավոր վիճակում գնդակահարվել է նաև Արամը, ով չի ենթարկվել հրամանատարի հրամանին՝ նահանջել, մնացել է նրա հետ և նահատակվել են միասին։ Դպրոցական էի, որ պատահմամբ մի գրքույկ տեսա՝ գեներալ-մայոր, Խորհրդային Միության հերոս Միխայիլ Նաումովի հրամանատարությամբ գործած պարտիզանական միավորման մասին, որը 1942 թվականից գործել է Ուկրաինայում, անցել 10 հազար կմ, մղել 336 մարտ՝ մեծ կորուստներ պատճառելով ֆաշիստներին։ Նույն միավորման կազմում է գործել Միկոյանի անվան հայկական պարտիզանական ջոկատը։ Պարզվեց՝ հայ պարտիզաների շարքում է եղել հորս քեռին՝ Մարտունու շրջանի Վաղաշեն գյուղի բնակիչ Խաչիկ Սարգսի Մնացականյանը։ Գրքում մի քանի անգամ հիշատակվում է Խաչիկի մասին, որը աչքի է ընկել իր քաջագործությամբ։ Ընթերցում ենք․ «Առաջին վաշտի դասակներից մեկի վրա թշնամին գնդացրային կրակ բացեց և փակեց նրա նահանջի ճանապարհը։ Մարտիկ Խաչիկ Մնացականյանը շրջանցեց կրակակետը և նռնակով լռեցրեց այն՝ ապահովելով դասակի համեմատաբար անվտանգ նահանջը»։ Մեկ այլ էջում գրված է․ «Հակառակորդը խուճապահար նահանջեց՝ կռվի դաշտում թողնելով 50 սպանված․․․ Մարտիկ Խաչիկ Սարգսի Մնացականյանն այդ կռվում ոչնչացրեց յոթ հիտլերական․․․»։ Պատերազմի ավարտից հետո Խաչիկը տուն եկավ։ Ուներ 5 որդի։

Գառնիկ որդու թոռը՝ Արամը, Էդիկ և Նաիրա ամուսինների 2 որդիներից կրտսերն էր։ Ծնվել է 2002թ․ օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Տանը և դպրոցում լավ դաստիարակություն էր ստացել և դեռ մանկուց աչքի էր ընկնում հայրենասիրությամբ, զբաղվում էր սպորտով՝ բազկամարտով։ Եկավ ժամանակը, և հետևեց ավագ եղբայր Ռոմանին, հորեղբայրների որդիներին և սիրով դարձավ հայրենիքի զինվոր։ Հայրենասեր պատանու համար սիրելի կերպար էր մնացել հոր պապը՝ Խաչիկը, ով իր սխրանքներով ոգևորել էր նաև 5 որդիներին, նրանց որդիներին ու թոռներին։ 2021թ․ փետրվարի 9-ին Արամը դարձավ զինվոր։ Ծառայում էր Գորիսի զորամասերից մեկում։ Հարազատներն ասում են՝ երբեք չէր տրտնջում ծառայությունից․․․ Կենսուրախ ու բարի բնավորությամբ երիտասարդն նույն բնավորությամբ ծառայում էր բանակում՝ պատրաստ պաշտպանելու հայոց սահմանը։ Ցանկացած հարցով օգնում ու աջակցում էր ընկերներին։ Բարեկամները, ծանոթները, դպրոցական ու մարտական ընկերները մեծ սիրով են խոսում միշտ ժպտերես, կենսախինդ հումորով Արամի մասին, ով աչքի էր ընկնում իր ուժով ու կամային բնավորությամբ։ Վերջին անգամ ծնողների հետ հեռախոսով խոսել է դիրքեր բարձրանալուց առաջ՝ ասելով՝ լավ է, ամեն ինչ կարգին է։ Թշնամու կողմից սանձազերծած հերթական ռազմական գործողություններն 2023թ․ սեպտեմբերի 12-13-ին մեզանից շատ թանկ կյանքեր խլեցին։ Մարտիրոսվեցին ու նահատակվեցին քաջորդիներ, որոնք իրենց կյանքի գնով կանգնեցրին թշնամուն։
Արամի՝ հերոսին վայել հուղարկավորությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 23-ին հայրենի Վաղաշեն գյուղի գերեզմանատանը։ Ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ․ Սանոսյանը, զինվորականներ, հոգևորականներ։ Բազում երազանքներով պատանին դարձավ Հավերժի ճամփորդ՝ համալրելով Արցախյան առաջին գոյամարտի և հետագա տարիներին մարտիրոսված հազարավոր քաջորդիների լուսեղեն բանակը։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ