«Խուստուփ լե՜ռը: Այդ հպարտ հսկային էր վիճակված մեր լեռնաշխարհի ազատության ու փառքի խորհրդանիշը լինելու»։
Գ․ Նժդեհ

«Հանուն հայրենիքի՝ Դավիթբեկաբար»․ այս նշանաբանով Նժդեհն ու իր զինվորները 1920թ․ օգոստոսի 25-ին Կապանի Կավարտ գյուղում երդվեցին կռվել հայրենիքի համար, քանի ողջ են։ Այսպիսով հիմնվեց «Դավիթբեկյան ուխտեր»-ը։ Սպարապետ Գարեգին Նժդեհի ծննդյան 140 և Դավիթբեկյան ուխտերի 106 -ամյակին էր նվիրված օգոստոսի 22-23-ին տեղի ունեցած ուխտագնացությունը Նժդեհյան սրբավայրեր և խորհրդանշական վերելք Խուստուփի գագաթ։ «Միասնության դրոշ» նախաձեռնության համակարգող Արա Շահինյանն էր կազմակերպել ուխտագնացությունը, որն սկսեցինք Երևանից՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտից։ Այստեղ Ա․ Շահինյանը հակիրճ ներկայացրեց Նժդեհի և Դավիթբեկյան ուխտերի մասին։ Ասաց․ «Դավիթբեկյան Ուխտերի կազմավորումն ու գայլավաշտերի ստեղծումը հիմք դարձան բոլշևիկա-թրքաթաթարական զավթիչների կողմից գրավված ողջ Սյունիքը հային հետ վերադարձնելու՝ Գարեգին Նժդեհի ու իր զինակիցների վերմարդկային պայքարին ու հաղթանակին»։

Հաջորդ կանգառը կայացավ Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղում, որտեղից արդեն ամենագնացներով ուղևորվեցինք Սպիտակավոր եկեղեցի, որը, ըստ պատերին եղած արձանագրությունների, հիմնադրվել է Սյունյաց Էաչի իշխանի կողմից, որը մահացել է 1318 թվականին, իսկ շինարարությունը 1321 թվականին ավարտել է նրա որդի Ամիր Հասանը։ Նշեմ՝ այցի օրը բարեկարգվում էր Սպիտակավոր տանող ոլորապտույտ՝ մոտ 9 կմ ճանապարհը։ Եկեղեցու հարավային պատի տակ է ամփոփված Գ․ Նժդեհի աճյունը։ Ա․ Շահինյանը և պատմաբան Գոռ Ղազարյանը տեղեկություններ տվեցին՝ ինչպես է Սպարապետի աճյունը 1983թ․ Վլադիմիր քաղաքի բանտային գերեզմանոցից Պավել Անանյանը (Նժդեհի թոռնուհու ամուսինը) տեղափոխել Երևան։ 3 տարի Սպարապետի նշխարները մնացել են Վարագ Առաքելյանի տան նկուղում։ Նույն 1983-ի հոկտեմբերի 6-ի գիշերը Վարագ Առաքելյանը, Արցախ Բունիաթյանը, Ժորա Բարսեղյանը, Գարեգին Մխիթարյանը, Գուրգեն Արմաղանյանը, Անդրանիկ Կարապետյանը Բաղաբուրջ գյուղի բնակիչ Ստեփան Կարապետյանի «Վիլիս» մեքենայով գաղտնի Նժդեհի մասունքներից ողը տարել են Խուստուփի լանջում գտնվող Կոզնի աղբյուր և ամփոփել դրա մոտ։ Երբ բնակվում էի Բերձորում, հաճախ էի շփվում այդ նվիրյալներից Քաշաթաղի շրջանային բուժմիավորման հիմնադիր ու գործադիր տնօրեն, ազատամարտիկ, գրող, հասարակական գործիչ, ռազմական բժիշկ Արցախ Բունիաթյանի հետ, որը նաև գրել է «Նժդեհի վերադարձը» գիրքը։ Արցախ Բունիաթյանն ասում էր՝ երդվել էին՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 6-7-ին այցելել իրենց հիմնած սրբավայրը: Ստեղծել էին իրենց թևավոր խոսքը. «Եթե չգանք, ուրեմն չկանք..»: Յուրաքանչյուր տարի նույն հոկտեմբերի 7-ին Արցախի և այլ ուխտավորների հետ այցելում էինք Նժդեհի Խուստուփյան սրբավայր։ Այստեղ Արցախը պատմում էր․ «Գիշերվա կեսին Խուստուփի լանջով մեկ տարածվել էր Աթանաս վարդապետի ձայնը. շարական էր երգում, երբ հուղարկավորում էինք Նժդեհի ողը»։ Կոզնի աղբյուրը գտնվում է Խուստուփի լանջին, որ մոտ է ամփոփված Նժդեհի մասունքը։

«Կոզնի», երբեմն՝ «Կոզեն» անվանումը որոշները համարում են ոչ հայկական բառ։ Սակայն տեղանվան ամենահավանական ստուգաբանությունը կապված է հայերեն բարբառային «ԿՈԶՆԻ»-«ՈԶՆԻ» ձևի հետ։ Մեծ լեզվաբան Հրաչյա Աճառյանի տեղեկությամբ՝ «ՈԶՆԻ» կենդանու բարբառային «ԿՈԶՆԻ» տարբերակը տարածված է եղել հայերեն մի շարք բարբառներում՝ Գորիս, Արցախ և այլն։ Հետագայում նույն բառն օգտագործել են նաև մի շարք խոսվածքներում։ Լեզվաբանական գիտությունների դոկտոր Մհեր Քումունցը, որը ծնվել է Գորիսում և բնակվում է այնտեղ, նշում է․ «Կապանի տարածքում գտնվող Կոզնի աղբյուրի անվան հիմքում կարելի է տեսնել ոչ թէ գրական հայերենի «ոզնի» ձևի պատահական հնչյունափոխություն, այլ տարածաշրջանային բարբառային «կոզնի» տարբերակը։ «Կոզնի» տեղանունը նոր չէ և նախորդում է Գարեգին Նժդեհի մասունքի՝ այնտեղ ամփոփմանը և դրա հետ կապված հետագա սրբավայրային նշանակությունը։ Միաժամանակ տեղական գործածության մեջ արձանագրված է «Կոզեն», որը, անշուշտ կոզնի բառի բարբառային հնչյունափոխ տարբերակներից մեկն է՝ կոզնի (նի-ի դրափոխություն՝ ին) >կոզին, ապա՝ ի>ե՝ կոզեն։ Հետևաբար «Կոզնի աղբյուր»-«կոզնի-ոզնի» ստուգաբանական կապը կարելի է հավանական համարել։ Սակայն տեղանվանական վերջնական մեկնաբանության համար անհրաժետ է պարզել, թե ինչ կոնկրետ բնաշխարհագրական կամ տեղական պայմանով է «Ոզնի» անվանումը փոխանցվել տվյալ աղբյուրին»։

Այսօր միայն Ժորա Բարսեղյանն է ողջ այդ Նժդեհյան մասունքները հայրենիք բերող նվիրյալներից, սակայն սրբավայր այցելուների թիվն ավելացել է: Արցախը պատմում էր նաև, թե ինչպես են 3-4 տարի զորավարի նշխարները գաղտնի պահել Վարագ Առաքելյանի տանը, հետո՝ 1987թ․ հունիսի 16-ին տեղափոխել ու ամփոփել Սպիտակավորում՝ մի կերպ խուսափելով ՊԱԿ-ի հետապնդումից։ Այսպիսով, Սպիտակավոր վանքի տարածքը դարձել է նաև Նժդեհյան սրբավայր, և յուրաքանչյուր ապրիլի 24-ին ու հունիսի 16-ին մեծ թվով մարդիկ են ուխտի գալիս։ Նժդեհի շիրիմին տեղի ունեցավ խնկարկում։ «Նժդեհ» երգով հանդես եկավ Ա․ Շահինյանի որդին՝ Հայկը, որը Սպարապետին նվիրված երգ է գրել և կատարեց արդեն Խուստուփի գագաթին հաջորդ օրը։ Սպիտակավոր էր միայնակ հասել գերմանացի մի աղջիկ զբոսաշրջիկ։ Տեղեկացավ Սպարապետի մասին։ Դեպի Կապան ճանապարհին եղավ այցելություն նաև Բաղաց թագավորության նշանավոր Որոտնավանք, որի հիմնանորոգումը մոտենում է ավարտին։ Գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արևելք՝ Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի վրա՝ Որոտնա ամրոցի դիմաց։ Հիմնադրվել է 1000 թվականին Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից։
Երեկոյան մթնշաղին Կապանից ամենագնաց և բեռնատար «Զիլ» մեքենաներով անտառապատ ու քարքարոտ ճանապարհով բարձրացանք Խուստուփի լանջերին գտնվող վրանատեղի։ Ինչ խոսք, ցանկացած նման արշավի կարևոր մասը խարույկն է։ Գիշերակացը կարճ է տևում․ լույսը չբացված՝ լապտերներով լուսավորելով դեպի լեռան գագաթ տանող արահետը, ընկանք ճամփա։ Իհարկե, մեզանից առաջ արդեն մի քանի խումբ ճանապարհին էին։ Մթության մեջ լապտերների լույսերն էին առկայծում։ Դժվար է վերելքը դեպի Խուստուփի գագաթ, բայց ուխտագնացը չպետք է վախենա դժվարություններից։

Խուստուփ լեռնագագաթը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի արևելյան մասում՝ Կապան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, Խուստուփ-Կատարի լեռներում։ Ունի 3201 մ բարձրություն։ Ուխտագնացության մասնակիցներս տարբեր տարիքի և ֆիզիկական պատրաստվածության տեր էինք, բայց կար նպատակ՝ ոգեկոչել Զորավար Նժդեհի և Լեռնահայաստանի Դյուցազնամարտի անմահ նվիրյալների անմար հիշատակը: Ճանապարհին Գ․ Ղազարյանն ասաց․ «Բազմաթիվ թելերով են կապված Խուստուփը և Զորավարը։ Գ. Նժդեհը Խուստուփը ներկայացնում է որպես Սյունիքի դիմադրության հավաքական խորհրդանիշ։ Այն հանդիսանում է Սյունիք-Լեռնահայաստանի պատմական հիշողության, հերոսական պայքարի և ազգային անմահության խորհուրդը։ Գ. Նժդեհը Խուստուփին վերագրում է սրբազան նշանակություն՝ կապելով այն հայ ժողովրդի փրկության, ազգային միասնության և գալիք հաղթանակների հետ։ Պատահական չէ, որ զորավարը ժողովրդին պատգամում է իրեն թաղել Խուստուփի ամենաբարձր կատարին»։
Վերջապես արևը ողջունեց, ու իր ողջ գեղեցկությամբ ներկայացավ Խուստուփի շրջակայքը։ Հյուսիսարևելյան կողմում Կապան քաղաքն է։ Երևում են նաև հարակից բնակավայրերը։ Հեռվում՝ հարավարևելքում, նշմարվում է Արաքսի ջրամբարը։ Այն կառուցվել է, երբ տարածքն ազատագրել ու վերաբնակեցնում էինք։ Ջրամբարի հենապատը կառուցվել է Խուդափերինի կամրջից քիչ վերև։ Քաշաթաղի մայր գետը՝ Հակարին, իր մեջ առնելով Որոտանը, այս մասում է միանում Արաքսին։ Հակարիի ափերին էր փռված Քաշաթաղի հարավային բնակավայրերից Աղաձորը, որտեղ բնակություն էր հաստատել Գագիկ Խաչատրյանի ընտանիքը՝ Դվինից։ Գագիկի Հակոբ որդին այստեղ ուսում առավ, գերազանցությամբ ավարտեց դպրոցը, ընդունվեց Երևանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ։ 2014-ին զորակոչվեց Հայոց բանակ․ ծառայում էր լեգենդար «Եղնիկներ» զորամասում։ 2015-ի մարտի 19-ին հերոսաբար նահատակվեց 3 ընկերների հետ թշնամու դեմ անհավասար մարտում։ Հայրը որդուն հուղարկավորեց Աղաձորում՝ Խուստուփի դիմացի ոչ բարձր բլրակի վրա։ Խուստուփից նայում եմ հեռու ու գտնում Աղաձորը, երևում է ճանապարհի խաչմերուկը։ Քիչ հեռու էր Հակոբի սրբավայր-շիրիմը՝ արդեն իր անվան դպրոցի հարևանությամբ։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը շատ բան տարավ մեզանից, նաև՝ Հակոբի շիրիմը։ Խուստուփի լանջից արդեն հայացքով եմ անցնում հայրենի Քաշաթաղի ճանապարներով, հասնում Խուդափերինի կամուրջ, ու․․․
Մի քանի ժամ տևեց վերելքը, մինչև հասանք Խուստուփի արդեն ժայռեղեն կատարի տակ։ Հեռվից հետաքրքիր ու գեղեցիկ տեսարան է․ Լեռան կիսակլոր ժայռեղեն գագաթին հարյուրավոր մարդիկ կան։ Որոշ խմբեր արդեն իջնում էին, որոշները բարձրանում։ Ժայռերի միջից հայտնվեցին նաև 3 քարայծ՝ երկուսը մեծ՝ մեկը՝ փոքր։ Զգացվում է՝ հաճախ են շփվել մարդկանց հետ ու չէին վախենում։ Արդեն իջնող խմբի մեջ հանդիպում եմ ծանոթների՝ Հրայր Սուրմալեցուն, որը հաճախ է նման արշավներ կազմակերպում, քրոջս թոռանը՝ Արսենին, որը ուսանում է Չինաստանի համալսարաններից մեկում, արձակուրդ է եկել և որոշել՝ անպայման բարձրանալ Խուստուփի գագաթ։

Լեռան գագաթին արդեն այլ է․ ողջ տարածքն աչքիդ առաջ է։ Ժայռեր են ու ժայռեր գագաթին, ներքևում 2 քարանձավ կա։ Ըստ տեղեկությունների՝ Նժդեհը նաև այստեղի քարանձավներում է պատսպարվել։ Մեր խմբից քանոնահար Նարեն, որը ուխտի էր եկել ծնողների ու Նարեկ եղբոր հետ, լեռան գագաթ հանեց իր երաժշտական գործիքը ու նվագեց։ Բացառիկ երևույթ․ ծովի մակերևույթից 3200 մետր բարձրության վրա՝ կարմրավուն ժայռերի տակ՝ Հայոց Եռագույնը թիկունքում, դեռատի Նարեն, քարին նստած, նվագում է։ Քամուն զուգընթաց՝ հնչում է հայ ժաղովրդական «Սարերի հովին մեռնեմ» երգի երաժշտությունը։ Կիթառի նվագակցությամբ «Նժդեհ» երգն է երգում Հայկը։ Լեռան գագաթին լուսանկարվեցինք խմբով։ Մեզ միացավ նաև բելգիացի աղջիկ-զբոսաշրջիկ՝ լուսանկարչական խցիկով, լուսանկարվեց, իմացավ Նժդեհի մասին։ Իջնելով՝ Լեռան ժայռեղեն գագաթից՝ լուսանկարիչ Սուրեն Արենց Սիմոնյանի հետ բարձրացանք Նժդեհի կիսանդրու մոտ։ Այստեղ էր նաև Արցախյան 44-օրյա պատերազմում ոտքերը կորցրած քաջորդիներից Նորայր Ավագյանը, որը մեր խմբի կազմում էր, սակայն լեռան գագաթ էր բարձրացել ամենագնացով։ Երեկոյան արդեն վրանատեղիում էինք, որտեղից էլ նույն «ԶԻԼ» բեռնատարի թափքում տեղավորված՝ հասնաք Կապան ու վերադարձանք Երևան։ 20-ից ավելի մարդ կար մեր խմբում, շատերս՝ անծանոթ։ Սակայն բաժանվեցինք արդեն հարազատացած։ Ուխտավորներից Գայանե Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «… Ինձ համար հիշարժան պահ էր Խուստուփի գագաթին Նժդեի «Իմ պատասխանը» գրքի խմբագիր, մեր սիրելի ընկեր Գոռ Ղազարյանի մակագրությամբ ստանալ հիշատակված գիրքը»։ Ուխտագնացության նախաձեռնող ու կազմակերպիչ Արա Շահինյանը, որի ծնողները նույնպես մեզ հետ էին, և մայրը՝ տիկին Լենան էր հիմնականում հոգում սննդի հարցը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տարին մի քանի անգամ ենք կազմակերպում ուխտագնացություններ, բայց այս վերջինը՝ նվիրված Գարեգին Նժդեհի ծննդյան 140 և Դավիթբեկյան ուխտերի ստեղծման 106- ամյակին, հույժ կարևորվեց ուխտագնացների կամային բարձր հատկանիշների օրինակելիությամբ։ Ուղղակի աննկարագրելի է այն տեսարանը, երբ խմբի անփորձ տարեցներն են ոգևորում մյուսներին Խուստուփ լեռան դժվարին հատվածները բարձրանալը, երբ նստում են հանգստանալու, տեսնում ես թե ինչպես են դողում ոտքերները, բայց… Այո հենց այդ «բայց»-ն է, որ ունենք ու չենք գործադրում նպատակի վեհություն, նպատակադրություն, բարձր կամային հատկանիշներ, անձնուրաց «կռիվ», թեկուզ ինքդ քեզ հետ, հաղթանակի բաղձանք՝ թեկուզ փոքրիկ։ Տարեցներից մեկն անփորձ, մյուսը փոքրիկ սարեր հաղթահարած, երրորդը՝ վիրահատված, մեկ ուրիշը տասնամյակներով չարշաված, հիացմունք էին առաջացնում ու ոգևորություն ներշնչում Խուստուփի գագաթին։ Ի սկզբանե նրանց վերելքը նախատեսված էր ամենագնացներով, բայց վերջին օրը, միմյանցից անկախ, հրաժարվեցին։ Խորհուրդ. եթե չունեք շատ լուրջ առողջական խնդիր, Սյունյաց աշխարհի այդ Սրբազան կատար բարձրացեք ոտքով, ու ձեր ուխտը կամ ձևակերպած նպատակը՝ ձեր մտքում»։
Ինչ խոսք՝ կա վախ, որ չես կարող հաղթահարել բարձունքը, սակայն պետք է հավատաս ուժերիդ, ստուգես քեզ, ինչպես ես արեցի ու հասա Սրբազան լեռան գագաթ։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ