ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵՆՔ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԻՆ

Ամառային երկար արձակուրդից հետո այնքան էլ հեշտ չէ վերադառնալ դպրոցական ռիթմին. շուտ վերկենալը, տնային առաջադրանքները եւ հագեցած ուսումնական օրերը կարող են սթրեսի պատճառ դառնալ երեխաների ու ծնողների համար: Մինչդեռ ճիշտ նախապատրաստվելը կօգնի հանգստից դեպի ուսում անցումը դարձնել հարմարավետ:  Պարզաբանենք, թե ինչպես աստիճանաբար վերականգնել դպրոցական ռեժիմը, տրամադրվել ուսմանը եւ հավաքել անհրաժեշտ ամեն բան առանց շտապելու:

Արձակուրդից հետո դպրոց վերադառնալը ոչ միայն սթրես է, այլեւ՝ նոր հնարավորություններ: Աստիճանաբար նախապատրաստվելը, դրական տրամադրվածությունը եւ կազմակերպվածությունը օգնում են երեխային հեշտ եւ հաճույքով մտնել ուսումնական ռիթմի մեջ:

Հաճախ հանդիպող սխալներից է այն, որ ուսումնական տարվա սկիզբը ծնողները կապում են անփոփոխ սթրեսի եւ սարսափի հետ ամբողջ ընտանիքի անդամների համար: Երեխան պատճենում է ձեր պահվածքը եւ վերաբերմունքը. եթե նա զգում է, որ ծնողները նյարդային են եւ վիճում են անգամ գրենական պարագաների գնման հարցում, ապա դպրոցի հանդեպ նրա վերաբերմունքը կլինի դրան համապատասխան:

Արձակուրդից հետո ուսմանը պատրաստվելիս  կարեւոր է, որ ծնողները ցույց տան հանգիստ եւ դրական տրամադրվածություն: Խոսեք երեխայի հետ նրա հույզերի եւ զգացմունքների մասին՝ ՙԵրեւի դու անհանգիստ ես դպրոց գնալուց առաջ: Պատմիր, թե ինչ ես զգում: Ի՞նչն է քեզ ուրախացնում գալիք ուսումնական տարում: Իսկ ի՞նչն է տխրեցնում՚: Այդպես է ձեւավորվում փոխադարձ վստահությունը՝ ՙմենք քո կողմից ենք, եւ միասին կհաղթահարենք ամեն ինչ՚:

Խոսեք երեխայի հետ, իմացեք նրա տրամադրության եւ տագնապների մասին ուսումնական տարվա մեկնարկից առաջ: Ինչքան շատ հարցեր դուք քննարկեք, այնքան արագ կանցնի ուսմանը հարմարվելու գործընթացը եւ հեշտ կլինի լուծել առաջացող խնդիրները: Հասկացրեք, որ դուք միշտ նրա կողքին եք եւ պատրաստ եք աջակցել ցանկացած դժվար իրավիճակում:

Եթե երեխան շատ անհանգստացած է դպրոցական պարապմունքներին վերադառնալու առթիվ, փորձեք կիրառել հոգեբանական տեխնիկաներ՝ տագնապները հանելու համար:

Նկարչություն: Առաջարկեք, որ նա նկարի իր վախերն ու զգացողությունները: Անգամ անիմաստ բծերն ու գծերը կօգնեն դուրս նետել հույզերը եւ հավասարակշռության գալ:

Հաջողության իրավիճակ: Պետք է հիշել որեւէ իրավիճակ, երբ երեխան հաջողություն է ունեցել: Հաղթանակ մրցույթում, լավ գնահատական բարդ առարկայից, ուսուցչի խրախուսանք: Հաջորդ քայլով պետք է երեխայի երեւակայության մեջ հստակ վերստեղծել այն հույզերն ու մարմնական արձագանքները, որոնք այն ժամանակ ծագել են: Այս վարժության պարբերաբար կատարումը օգնում է անհրաժեշտ պահին ՙմիացնել՚ այն վիճակը, որտեղ երեխան վստահ է, որ իր մոտ ամեն ինչ ստացվելու է: Երեխան կդառնա ավելի ինքնավստահ եւ կկարողանա հաջողությամբ հաղթահարել վախերն ու տագնապները:

Որոշեք սահման հանգստի եւ ուսման միջեւ: Պլանավորեք, թե օրվա մեջ քանի ժամ է պարապելու երեխան: 5-11-րդ դասարանների համար զբաղվածությունը չպետք է գերազանցի 5-7 ժամը: Թողեք, որ դեռահասն ինքը պլանավորի: Այդ դեպքում ուսման վրա ծախսվող ժամանակը այնքան էլ վախեցնող չի լինի, ինչը թույլ կտա երեխային տրամադրվել դասերին:

Ամռանը երբեմն թույլատրելի է քնել մինչեւ կեսօր եւ պառկել քնելու կեսգիշերից հետո: Ուսումնական տարին մոտենալու վրա ավելի լավ է սահմանել հստակ ժամանակ քնի համար: Քունը կարեւոր դեր ունի երեխայի զարգացման համար: Դեռահասի համար երաշխավորվող քնի տեւողությունը 9,5 ժամ է: Այս փաստը պետք է հաշվի առնել նոր ուսումնական տարվան նախապատրաստվելիս:

Օգնեք կրկնել անցածը: Ավանդական համակարգը չի ներառում դպրոցին  ադապտացվելու հատուկ ծրագիր արձակուրդներից հետո: Առաջին պարապմունքներից ուսուցիչը ծանրաբեռնում է երեխաներին նոր նյութով՝ շտապելով հասցնել ծրագիրը: Դպրոցը չունի այնքան ժամանակ, որ հատկացնի անցածն անշտապ կրկնելուն:  Կարելի է կանոններ սահմանել, օրինակ կրտսեր դասարանցիների հետ օրական մեկ ժամ կրկնել բազմապատկման աղյուսակը կամ բարելավել ձեռագիրը: Ավագ դասարանցիների հետ կարելի է սահմանել պարտադիր ընթերցանության մեկ ժամ կամ լուծել մաթեմատիկական խնդիրներ: Երեխան պետք է հասկանա պարբերական կրկնողության կարեւորությունը, որ սեպտեմբերի սկիզբը չդառնա սարսափելի ծանրաբեռնված:

Թարմացրեք դաս սովորելու տարածքը: Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ թարմացրեք այն տեղը, որտեղ երեխան դաս է սովորում: Փոփոխությունը կօգնի տրամադրվել աշխատանքային գործընթացին: Կատարեք մաքրություն, դեն նետեք հնացած անպետք իրերը, անհրաժեշտության դեպքում գնեք գրենական նոր պիտույքներ: Ուսումնական տարին սկսելուց առաջ գնումների գնալը արարողակարգ է, որը զուգորդվում է դրական ապրումներով: Կրտսեր դպրոցականի համար իր սիրելի մուլտֆիլմի հերոսներով գրենական առարկան լավ միջոց է տրամադրվելու դասի գնալուն արձակուրդից հետո:  Տասը րոպե առաջ նա դպրոց գնալ չէր ուզում, մինչդեռ հիմա ուզում է շուտափույթ գնալ եւ օգտագործել դա: Կարեւոր է, որ դպրոցականը ինքնուրույն ընտրի իրեն անհրաժեշտ դպրոցական պարագաները:

Ստուգեք համակարգչի, հեռախոսի եւ այլ ժամանակակից սարքավորումների վիճակը, որոնք պետք են գալու դաս սովորելիս: Ստուգեք, թե հարմա՞ր է այն սեղանը, որի շուրջ երեխան նստելու է ու գրավոր է անելու: Կարեւոր է, որ նա կարողանա մեջքը ուղիղ պահել դաս սովորելիս: Ստուգեք սենյակի լուսավորվածությունը, հաշվի առեք ձախլիկ կամ աջլիկ լինելը: Պատերից կախեք ուսումնական նյութը՝ օգտակար արտահայտություններ, ֆիզիկայի բանաձեւեր եւ այլն: Այդպես ավելի  հեշտ ՝ հիշել եւ կրկնել ինֆորմացիան:

Երբեմն ծնողները շտապում են երեխային բեռնել միանգամից ամեն ինչով: Դպրոցի հետ գրանցում են խմբակներ, կրկնուսուցի մոտ: Ճիշտ չէ: Ամառային ՙոչ մի բան չանելու՚ ռեժիմից ինտենսիվ գրաֆիկին անցնելը պետք է կատարվի սահուն: Լրացուցիչ խմբակները, պարապմունքները, դասապատրաստման կենտրոնները պետք է ծրագրավորել սեպտեմբերի վերջերին:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ