Արսեն Գարիկի Մարդիյան

Ծնվել է 1999թ. օգոստոսի 5-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Նա ընտանիքի կրտսեր զավակն էր, շատ սիրված երեխա: 2005թ. հաճախել է Ավ. Իսահակյանի անվան հ.10 միջնակարգ դպրոց: 2008թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղ եւ կրթությունը շարունակել գյուղի իննամյա դպրոցում: Շատ համեստ էր, շնորհալի ու պարտաճանաչ: Միշտ ակտիվորեն մասնակցում էր դպրոցական եւ արտադպրոցական միջոցառումներին: Կատարում էր ուսուցիչների բոլոր հանձնարարությունները, ուներ օրինակելի վարք: Հանգիստ բնավորություն ուներ, շատ ընկերասեր էր:
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանի ՙՏրանսպորտային միջոցների նորոգում եւ շահագործում՚ բաժինը, ավարտել է 2016թ. փականագործի մասնագիտությամբ: Զուգահեռաբար ակտիվորեն մասնակցել է ռազմահայրենասիրական միջոցառումների: Նույն թվականին էլ պարգեւատրվել է պատվոգրով՝ ճամբարում կրակային վարժության ժամանակ տղաների խմբում 1-ին տեղը զբաղեցնելու համար: 2017թ. հրաձգության մրցույթի ժամանակ ճանաչվել է լավագույն հրաձիգ եւ կրկին պարգեւատրվել:
Արսենը բազմակողմանի զարգացած էր: Օգնում էր հորը կենցաղային ու բազմաբնույթ գործերում: Ոսկի ձեռքեր ուներ՝ ամեն մանր ու աննշան գործից մինչեւ ամենաբարդ ու ծանր աշխատանք նրա ձեռքերով կյանքի էին կոչվում: Սիրում էր որսորդություն, ձկնորսություն, լավ էր տիրապետում զենքին: Ապրիլյան պատերազմի ժամանակ 16 տարեկան էր, բայց հոր հետ ամեն ինչով օգնում էր զինվորներին: Խելամիտ էր: Մանկուց ապրելով պատերազմական գոտում, շատ իրապատումներ լսելով հայրենիքի ու հայրենասիրության մասին՝ մեծացել էր որպես մեծն հայրենասեր երիտասարդ: Ոգեւորությամբ էր սպասում իր ժամկետային ծառայությանը: 2018թ. զորակոչվեց բանակ Ֆիզուլիի զորամասերից մեկի 1-ին ՙՕսա-ԱԿ՚ ԶՀԴ (զենիթահրթիռային դիվիզիոն) պահպանության ջոկատ: Ծառայության ընթացքում աչքի է ընկել դրական հատկանիշներով, ծառայողական պարտականությունները միշտ կատարել է պարտաճանաչությամբ: Իրեն վստահված ռազմական տեխնիկայի եւ սպառազինության նյութական մասին լավ էր տիրապետում եւ ճշգրտորեն էր կատարում դրանց շահագործման պահանջները: Կարգ ու կանոն պահպանող եւ զինվորական օրենսգիրքն անգիր իմացող զինվորական էր, կոչումով՝ սերժանտ: Եվ այսպես, սերժանտ Մարդիյանը ծառայության ընթացքում շարային տեսակետից կարգապահ էր, ֆիզիկապես՝ ամրակազմ: Հրամանատարության եւ զինվորների կողմից ձեռք էր բերել դրական բնութագիր եւ ԱՀ ՊԲ-ի կողմից մարտական բարձր արդյունքների եւ ծառայության հանդեպ բարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու համար 2019թ. հունիսին պարգեւատրվել է պատվոգրով: Պարգեւատրվել է նաեւ ՙԲանակի գերազանցիկ՚ շքանշանով: Զորացրվել է 2020թ. հունվարին:
Արսեն Մարդիյանը հայրենիքի նվիրյալ էր եւ իրեն այլեւս չէր պատկերացնում բանակից դուրս: Նույն թվականի ապրիլի 27-ին կրկին ծառայության է մտել նույն զորամաս: 3-րդ ՙՕսա-ԱԿ՚ ԶՆԴ 1-ին ԶՀՄ ՏԼՄ 2 ջոկի հրամանատար-ավագ օպերատոր սերժանտ Մարդիյանը ցուցաբերած փայլուն արդյունքի համար զորամասի հրամանատրության կողմից արժանացել է խրախուսանքի, գովեստի ու պարգեւատրման:
Նրա կյանքի եւ ծառայողական ուղին պիտի դեռ շարունակվեր, բայց դժբախտաբար մնաց կիսատ: 2020թ. սեպտեմբերի 27…Վաղ առավոտյան լսվեցին պայթյունի ձայներ…Թեպետ այդ օրն Արսենը ծառայության չէր, բայց լսելով ձայները՝ անհանգստացավ եւ իր մեքենայով շարժվեց դեպի ՀՕՊ զորամաս, որը Ուղտասարում էր: Ճանապարհին տեսնելով գյուղացիների խուճապը, նա ոչ միայն ապաստարանի տեղն էր ցույց տվել, այլեւ իր մեքենայով կանանց ու երեխաների էր տեղափոխել: Հետո շտապել է զորամաս: Երբ տեղ է հասել, իրավիճակը պարզ է դարձել. թուրքաադրբեջանական ոսոխը պատերազմ էր սանձազերծել Արցախի խաղաղ բնակչության դեմ:
Զորամասում անմիջապես հրաման է ստացել զինտեխնիկան տեղափոխել թաքստոցներ: Նա այնքան արագ է աշխատել, որ մեկի փոխարեն հասցրել է տեղափոխել երեքը: Որից հետո պետք է պատսպարվեին թաքստոցում եւ սպասեին հետագա զարգացումներին: Սակայն այդ պահին հակառակորդի կասետային ՙՍմերչ՚ է հարվածել հենց այդ տեղին, որտեղ մեր քաջն էր իր զինվորների հետ: Բեկորային հարվածից 6 զինվոր վիրավորվել են, իսկ, պայթյունից ընդամենը ժամեր առաջ կենսախինդ ու կյանքով լի, անձնուրաց՝ Արսենը կրծքավանդակի հրազենային մահացու վնասվածք ստացավ…
Արսեն Մարդիյանի կյանքը ցավոք երկար չտեւեց, բայց իր քաջության շնորհիվ նա թողեց մի ամբողջ կյանքի պատմություն, որը դարերով կանմահացնի նրան: Նա կապրի նաեւ իր ավագ եղբոր՝ Արամի առաջնեկի՝ կրտսեր Արսեն Մարդիյանի միջոցով, որը ծնվեց հերոս հորեղբոր զոհվելուց երեք օր անց՝ հոկտեմբերի 1-ին:
2020թ. սեպտեմբերի 28-ին, Արցախի նախագահի հրամանագրով, Արսեն Մարդիյանը հետմահու պարգեւատրվել է ՙՄարտական ծառայություն՚ մեդալով:
Մհեր Էդուարդի Մուսայելյան

Փոխգնդապետ Մհեր Էդուարդի Մուսայելյանը ծնվել է 1985 թ. օգոստոսի 21-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Սովորել եւ ավարտել է Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան հ.10 դպրոցը:
Մհերը մեր համադասարանցին է, սովորել ենք նույն դասարանում 1992-2002թթ.: Մհերը յուրօրինակ տղա էր: Դասարանում աչքի էր ընկնում ընկերասիրությամբ, կատակասիրությամբ, բարությամբ, հետաքրքրասիրությամբ: Հարգալից վերաբերմունք էր ցույց տալիս համադասարանցիների, առավել եւս աղջիկների նկատմամբ: Երբեւէ ոչ մեկիս չէր վիրավորել խոսքով կամ պահվածքով: Հակառակը, երբ տեսնում էր, որ մեզանից ինչ-որ մեկը անտրամադիր է, փորձում էր կատակներով կամ զվարճալի պատմությամբ բարձրացնել տրամադրությունը: Սպորտային կազմվածք ուներ, հետաքրքրվում էր մարտարվեստներով, շատ էր սիրում մարտաֆիլմեր, երբեմն փորձում էր նմանակել մարտաֆիլմերի մեր սիրելի հերոսներին: Իրեն լավ էր դրսեւորում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ, սիրում էր «Ռազմագիտություն» առարկան, զենքերի մասին դասերը: Ասում էր, որ նախընտրելի մասնագիտությունը հատուկջոկատայինի մասնագիտությունն է: Բավականին չարաճճի էր փոքր ժամանակ: Իր հասակակիցների հետ խաղում էր մեր մանկապատանեկան շրջանի ամենատարածված խաղը՝ «Կռիվ-կռիվ»: Մի անգամ էլ վնասել էր ձեռքը՝ խաղի ժամանակ պայթեցնելով չգիտենք որտեղից ձեռքում հայտնված պայթուցիչը: Դասի էր գալիս վիրակապած ձեռքով, բայց չարաճճությունից միշտ փայլող աչքերով: Դասարանում երկու Մհեր ունենք՝ Մուսայելյան եւ Պողոսյան: Չշփոթելու համար նրանց մասին խոսելիս անուններին կպցրել էինք «Մեծ» ու «Փոքր» ածականները: Քանի որ Մուսայելյանը համեմատաբար փոքր կազմվածք ուներ, նա «Փոքր Մհեր»-ն էր:
Տարիների հետ մեծացանք: Փոքր կազմվածքով, բայց մեծ սրտով Մհերը դարձավ հաղթանդամ ու լուրջ տղամարդ, ծառայությունը սիրող, հայրենիքի անվտանգությանը ծառայող, հայրենիքի արժանի ու նվիրյալ զավակ:
Մհեր Մուսայելյանն ավարտել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի «Ճարտարագիտություն եւ տնտեսագիտություն» բաժինը: 2003թ. ծառայության է անցել «Մարտունի 3» զորամասում, 2005-ին՝ զորացրվել:
Ծառայում էր ԱՀ ազգային անվտանգության սահմանապահ զորքերում: Ծառայության ընթացքում պարգեւատրվել է մեդալներով ու պատվոգրերով:
Մասնակցել է Ապրիլյան, 44-օրյա պատերազմին, 2022թ. ՀՀ սուվերեն տարածքում ընթացող ռազմական գործողություններին, 2023թ. սեպտեմբերի 19-ի պատերազմին:
2020թ. պատերազմի ժամանակ վիրավորվել է Ավետարանոց (Չանախչի) գյուղում, բուժում ստանալուց հետո վերադարձել է ծառայության:
Ծառայակից ընկերը հարգանքով է պատմում նրա մասին.-«Կոլեկտիվում պարտաճանաչ, ընկերասեր տղա էր Մհերը: Նրան հարգում էին բոլորը: Գործին նվիրված էր, պարտաճանաչ: Սկզբում Մհերը հատուկջոկատային էր (ԱԱԾ), որոշ ժամանակ ծառայելուց հետո տեղափոխվեց Պետական պահպանության վարչություն, բայց վերջին շրջանում նորից տեղափոխվեց ու կրկին դարձավ հատուկջոկատային: 44-օրյա պատերազմի ժամանակ նա ԱԱԾ-ի հատուկջոկատային էր: Պատերազմական օրերին իրեն դրսեւորել էր որպես իր մասնագիտության մեջ պրոֆեսիոնալ մարտիկ: Միասին, բայց տարբեր խմբերի ներքո ուղղորդվել էինք «Եղնիկներ» կոչվող կետ: Բոլորիս գործունեությունը տվյալ կետում կայանում էր նրանում, որ չթողնեինք թշնամին կտրեր թիկունքը, քանի որ թիկունքը կտրելու դեպքում ողջ «Եղնիկներ»-ը կհայտվեր շրջափակման մեջ: Որից հետո միասին Հադրութում էինք՝ Սարիշենի հատվածում: Հետո Ավետարանոցում էինք, որտեղ էլ Մհերը վիրավորվեց: Բուժում ստանալուց հետո վերադարձավ մեր շարքեր: 44-օրյա պատերազմի վերջին օրերին մասնակցել է Շուշիի պաշտպանությանը: 2022թ. սեպտեմբերին, երբ տեղի ունեցան Ջերմուկի հայտնի դեպքերը, Արցախից օգնության գնացած ԱԱԾ-ի հատուկջոկատայինների խմբի մեջ էր նաեւ Մհերը: Հնարավոր է շատերը չիմանան, բայց հայտնի է, որ Մհերի նման տղաների շնորհիվ մեր հատուկջոկատայինները կարողացել են գերազանց կատարել իրենց առջեւ դրված խնդիրը եւ հետ վերցնել թշնամուն անցած 6-7 մարտական դիրք: 2023թ. մասնակցել է սեպտեմբերի 19-ի պատերազմին հատուկջոկատայինների կազմում: Իր գործին լավ էր տիրապետում, իսկ շրջապատում շատ հարգված էր: Ուներ փոխգնդապետի կոչում: Սիրում էր սպորտը: Հետաքրքրվում էր վինգչուն մարտարվեստով: Եթե ժամանակը չէր հերիքում մշտական սպորտի պարապմունքների հաճախել, մարզվում էր ինքնուրույն, կարդում էր համապատասխան գրքեր»:
Մհերին հաճախ չէր կարելի հանդիպել քաղաքում. ընկղմված էր իր գործի՝ ծառայության մեջ: Վերջին շրջանում մի անգամ պատահական հանդիպեցինք: Բնավ, իմ դիմաց այն աշխույժ ու արկածներ փնտրող տղան չէր, որի հետ սովորում էինք նույն դասարանում: Այժմ մարտաֆիլմը մեր կյանքն էր, «Կռիվ-կռիվը» խաղ չէր, վնասվածքը հրազենային էր, հայրենիքն ու հայրենակիցներն իրական վտանգի մեջ էին…Անփոփոխը միայն նրա աչքերի փայլն էր, որ պատերազմների բոհով թրծված առնացի դեմքին այնուամենայնիվ նշմարվում էր: Վերջին անգամ Մհերի հետ հեռախոսով խոսեցի 2022թ. ամռանը, երբ հանձն էի առել մեր դպրոցն ավարտելու 20-ամյակին նվիրված՝ համադասարանցիներով հավաքույթ կազմակերպել: Չնայած նրան, որ Շուշին ու Հադրութը կորսված էին, Արցախի ապագան անորոշ, բայց մեծ ցանկություն կար բոլորիս մոտ հանդիպելու՝ կարեւորելով ոչ թե ուրախ տոնակատարությունը, այլ միմյանց հետ շփվելը, կարծես հասկանալով, որ կարող է այլեւս նման հնարավորություն չունենանք: Մհերը միանգամայն դրական արձագանքեց նման առաջարկիս, ձայնի մեջ ուրախություն կար, երբ պատասխանեց. «Ի՜նչ լավ բան ես մտածել»: Սակայն 20-ամյակին նվիրված մեր հավաքույթն այդպես էլ չկայացավ: Մեր հայրենիքը շարունակվում էր թշնամուն հանձնվել մաս-մաս: 2022թ. օգոստոսին հանձնվեց Բերձորը: Մեր տղաներից շատերը ծառայում էին ՊԲ շարքերում կամ Անվտանգության ծառայությունում: Հայտնի պատճառով նրանցից շատերը, այդ թվում եւ Մհերը չէին կարող ներկայանալ կազմակերպվելիք իրադարձությանը: Չկայացած միջոցառման ծրագրում ներառել էի ընթերցել պատերազմներին մասնակցած, հատկապես մեդալների արժանացած մեր տղաների անունները ու շնորհակալական խոսք ասել նրանց: Չէի պատկերացրել, որ ձեռք սեղմելու եւ անձամբ հայտնելու փոխարեն կներկայացնեմ Մհեր Մուսայելյանի մահախոսականը…
Դասընկեր Մհեր Պողոսյանը՝ «Մեծ Մհեր»-ը, նույնպես ջերմ հիշողություններով է կիսվում.-«Մհերի հետ մտերիմ էինք, շփվում էինք միշտ: Սիրում էր դանակով աշխատել: Դանակներ նետելու նախասիրություն ուներ, յուրահատուկ հոբբի՝ կամ ինքն էր դանակ պատրաստում, կամ պատվիրում էր իր հավաքածուի համար: Սպորտը սիրում էր: Ճիշտ է՝ պրոֆեսիոնալ սպորտով չէր զբաղվում, բայց մի ժամանակ ակտիվ մարզվում էր մարզասարքերով: Չէր ամուսնանում: Երբ կողքից շատ էի ստիպում՝ ժամանակ մի կորցրու, ամուսնացիր, ընտանիք ունեցիր, խոստովանում էր, որ աղջիկ է հավանել, բայց չգիտի՝ ինչպես մոտենա: Խոսում էինք, խորհուրդներ տալիս, որ դժվարն առաջին քայլն է եւ այլն, գլխով էր անում, որ հասկացել է, բայց այդպես էլ քայլ չէր անում: Խորը ափսոսանք ու ցավ եմ ապրում, որ մեր Մհերը այլեւս մեզ հետ չէ»:
Փոխգնդապետ Մհեր Մուսայելյանը զոհվել է Հայկազովի ՊԲ պահուստային բենզալցակայանի պայթյունի ժամանակ: Դեպքից 45 օր անց է հաստատվել ինքնությունը: Հուղարկավորված է Երեւանի Սիլիկյան գերեզմանատանը:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ