ԳԻՐՔ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՇԻՆԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ

Այսօր մեր հանրապետությունում, նաև դրսում, շատերն են ճանաչում ՀՀ վաստակավոր շինարար, պետական մրցանակի դափնեկիր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պետական ու հասարակական գործիչ, ՀՀ խորհրդարանի 2 գումարումների պատգամավոր Վազգեն Պողոսյանին։ Ցանկացած մարդ ունի իր կենսագրությունը, և կարևորվում է այն, որ առաջինն ինքն է գոհ անցած ճանապարհից, արածից, ստեղծածից։ 2026թ լույս տեսավ տեխնիկական գիտությունների թեկնածու, քաղաքագետ, գրող Անուշավան Հակոբյանի հեղինակած «Վազգեն Պողոսյան» գիրքը, որը պատմում է տասնյակ տարիների մտերիմ գործընկերոջ անցած ուղու, նրա կողմից իրականացրած հայրենանվեր գործերի, բարեգործության, հասարակական գործունեության, պապերի երկրի մասին։

Գրքի շնորհանդեսը կայացավ հուլիսի 22-ին Երևանում՝ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի դահլիճում։ Ներկա էին Վ Պողոսյանի հարազատներ, նրա հետ ճանապարհ անցած գրողներ, մտավորականներ, պետական, քաղաքական, զինվորական  ու հասարական գործիչներ, գործընկերներ, դասընկերներ, ներկայացուցիչներ Մարտունի խոշորացված համայնքից՝ համայնքի ղեկավար Հովհանննես Հովեյանի գլխավորությամբ, այդ թվում՝ ծննդավայր Գեղհովիտ գյուղի ներկայացուցիչներ, պաշտոնական այլ անձինք։

Վազգեն Պողոսյանի պապերը 1828-30-ականներին ներգաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառից ու բնակություն հաստատել ներկայիս Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի Գեղհովիտ գյուղում։ 1968թ ավարտել է հայրենի ծննդավայրի՝ Գեղհովիտ գյուղի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Ալ Թամանյանի անվան շինարարական տեխնիկումը։ 1979-ին արդեն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի ինժեներա-շինարարական ինստիտուտի շրջանավարտ էր։ Ու սկսվեց աշխատանքային գործունեությունը։ 1986-ին վերադարձավ հայրենիք և աշխատանքի անցավ «Երևանշին»-ում՝ սկզբում գլխավոր ինժեներ, այնուհետև՝ տնօրեն։  1998-ից մինչ օրս Վ Պողոսյանը «Երևանշին» ԲԲԸ գլխավոր տնօրենն է ու խորհրդի նախագահը, ինչպես նաև ՀՀ շինարարների միության հիմնադիր նախագահը։

 Շնորհանդեսը վարեց դերասան Արթուր Կարապետյանը։ Բացման խոսքով հանդես եկավ գրքի հեղինակը՝ Ա Հակոբյանը՝ ներկայացնելով երկար տարիների ընթացքում լավ ճանաչած ընկերոջը։ «Հեշտ չէր Վազգենի մասին գրելը։ Դժվար է գրելը նրան լավ չճանաչողների համար, քանզի նրանք չգիտեն՝ ինչ գրել և ինչ կարող են գրել, սակայն ավելի դժվար է նրան լավ ճանաչողների համար, որովհետև այնքան բան գիտեն, որ չգիտեն՝ ինչը գրել, ինչը չգրել․․․ Վ Պողոսյանի հեղինակած գրքերի մեջ առանձնանում է «Գեղհովիտ» հանրագիտարանային նշանակության գիրքը, ուր ներկայացված են հայրենի գյուղի պատմամշակութային ու բնության հուշարձանները, տոհմերը, նշանավոր մարդիկ, պատմական իրադարձությունները։ Նա շատ է ճամփորդել Արևմտյան Հայաստանում՝ իր պապերի երկրում, անձամբ այցելել իր պապերի ծննդավայր

 Ալաշկերտի Քոփկռան գյուղ, գտել իր պապի ջրաղացը, նույնիսկ բարձրացել է Արարատի գագաթ։ Բազում են այն շնորհներն ու արժանիքները, որ իր մեջ կրում է Վազգեն Պողոսյան մարդն ու քաղաքացին», -ասաց գրքի հեղինակը։

Այնուհետև էկրանին ցուցադրվեց ֆիլմ, որը Վ Պողոսյանի, նրա կատարած գործունեության մասին է։ Կատարած շինարարական բազում գործերի մեջ առանձնացվեցին որոշները, որոնք մեծ սիրով է իրականացրել Վ Պողոսյանը։ 1998 թվականների Երևանի Օղակաձև զբոսայգում դրվեց մայր տաճարի հիմքը, իսկ 2001-ին ավարտվեց շինարարությունը, և կայացավ սրբատան բացումը։ Ազգ-պետություն-պետականություն. սրանք են կարևորը բոլոր ժողովուրդների համար։ Հայոց ներկա մայրաքաղաք Երևանի կենտրոնական հրապարակը, երբ անկախություն ձեռք բերեցինք, անվանափոխվեց, կոչվեց Հանրապետության հրապարակ, որի վերակառուցումն ու վերանորոգումը վստահվեց Վ Պողոսյանին։ 2003-2004 թվականների ընթացքում իրականացված աշխատանքների շնորհիվ ունենք ներկայիս հրապարակը։ Մշակույթի տների կառուցումը նույնպես Վ Պողոսյանի համար շատ էր կարևորվում։ 2002թ նրա ղեկավարությամբ սկսվեց Երևանի Ալ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Ա Խաչատրյանի անվան համերգասրահի վերակառուցումն ու վերանորոգումը։ 2006-ին այդ շենքն էլ ստացավ իր այսօրվա տեսքը։ Նրա համար պարտականություն էր նաև հայրենի ծննդավայրի՝ դարերի պատմություն ունեցող  Թուխ Մանուկ մատուռը ներկայիս տեսքով կառուցելը։ Հիշողությունը տանում է Աղետի գոտի, երբ Գյումրիում դպրոց, Սպիտակում ու Ստեփանավանում հիվանդանոց էր կառուցում, բնակելի տներ։ Կարոտով է հիշում Արցախյան օրերը, երբ զորանոցներ ու ճանապարհներ էր կառուցում։

 Վ Պողոսյանի մասին խոսեցին գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, Համահայկական գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Աբգար Ափինյանը, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Մերուժան Գալստյանը, ԶՈՒ և ոստիկանության պահեստի գնդապետ Անդրանիկ Հակոբյանը, լրագրող Հակոբ Մարտունին, այլք։ Ելույթ ունեցողներն իրենց խոսքերում լրացնում էին մեկը մեկին՝ ներկայացնելով օրվա հերոսի կերպարը։

Շնորհանդեսի վերջում հանդես եկավ Վազգեն Պողոսյանը՝ ասելով «Ձեր գրառումների, մտորումների ու խոսքերի մեջ ես ոչ միայն ինձ եմ տեսնում, այլ նաև ձեր ապրած ժամանակը, մարդկանց, որոնք  իմաստ ու բովանդակություն են  հաղորդել մեր անցած ճանապարհին, այն զարդարել ապրող ու մնայուն գործերով։ Որքան էլ փորձենք անձնավորել մեր գիրն ու գնահատականը, այն մեզ շրջապատող աշխարհի մեջ է, մարդկանց մեջ է, որոնց հետ ու որոնց կողքին ձևավորվել է մեզնից յուրաքանչյուրն առանձին-առանձին։ Երախտապարտ եմ ձեր ելույթներում հնչեցրած գնահատականների ու հիշողությունների  համար։ Համոզված եմ, որ այս գիրքը կապրի՝ իր հետ ապրեցնելով նաև ինձ համար արժեքավոր շատ ու շատ անուններ»։

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Վ Պողոսյանը պարգևատրվել է՝ արժանանալով ՀՀ պետական մրցանակի, «Անանիա Շիրակացի» շքանշանի, Երևանի քաղաքապետի ոսկե մեդալի, բազում այլ պարգևների՝ պատվոգրոր, շնորհակալագրեր, մեդալներ։

Շնորհանդեսի օրը Վ․ Պողոսյանին «Փառապանծ մարտիկ» հայրենասիրական միություն հասարակական կազմակերպություն նախագահ Գրիշա Սարգսյանի կողմից հանձնվեց մեդալ։ Այնուհետև էկրանից հնչեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի, ԵՊՀ նախկին ռեկտոր Սերգեյ Համբարձումյանի, գրողներ Հրանտ Մաթևոսյանի, Վարդգես Պետրոսյանի, Մերուժան Տեր-Գուլանյանի, Ռազմիկ Դավոյանի, Ալեքսանդր Բոժկոյի, երջանկահիշատակ դերասան Ազատ Գասպարյանի և այլոց խոսքերը։ Շնորհանդեսից հետո եղավ նաև հյուրասիրություն։ Բոլոր հրավիրվածներին նվերվեց ներկայացվող գիրքը։

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ