«ԱՐՑԱԽՅԱՆ  ՄՇԱԿՈՒՅԹԻ  ՊԱՀՊԱՆՄԱՆ  ԿԵՆՏՐՈՆ»-Ն ՍԿՍԵԼ  Է  ԻՐ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

2023 թվականի սեպտեմբերի 19-ին հակաահաբեկչական գործողությունների անվան տակ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց  Արցախի Հանրապետության դեմ, որը աղետալի հետևանքներ  թողեց հայ ժողովրդի պատմության մեջ:

Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ամեն օր թիրախավորված ոչնչացվում է: Քանդվում և ավերվում են վանքերն ու եկեղեցիները, ջնջվում են հայկական բոլոր հետքերը, որը կանխարգելելու որևէ մեխանիզմ, բացի վանդալիզմի դեպքերը արձանագրելուց, չկա: Ինչ վերաբերում է Արցախում ստեղծված և մինչ պատերազմը գործող մշակութային կազմակերպություններին, ապա նշենք, որ դրանց կազմալուծման  գործընթացի մեկնարկը արդեն իսկ տրված էր:

Թեև Արցախի նյութական մշակութային ժառանգությունը (եկեղեցիներ, հուշարձաններ) փրկելու շատ լծակներ չունենք, քանի որ այն գտնվում է թշնամու վերահսկողության տակ, հնարավոր է կազմակերպել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը: Դա կարելի է իրականացնել առաջին հերթին պահպանելով Արցախի մշակութային խմբերը, որոնք իրականում ժառանգության կրողներն ու հանրահռչակողներն են։

2023թ. նոյեմբերի 15-ին հիմնադրվել է ‹‹Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն›› հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակն է՝  պատմական բարդ ու դժվար ժամանակներում ստեղծված և տասնամյակների պատմություն ունեցող Արցախի պետական մշակութային կազմակերպությունների պահպանման համար հարթակ ստեղծելը, Արցախից տեղահանված բնակչությանը կենտրոնացված կարգով մշակութային միջոցառումների, նախաձեռնությունների շուրջ համախմբելը, օկուպացված շրջանների բնակչության միջև ներհամայնքային կապերի, ներմշակութային հաղորդակցության, ինչպես նաև տարիների ընթացքում  ստեղծված մշակութային արտադրանքի պահպանումը,  տեղական մշակույթի տարածումն ու  տեղական նախաձեռնությունների խթանումը` վերոհիշյալ գործընթացներում համապատասխան ներմշակութային հաղորդակցությունը հեշտացնելու նպատակով, արցախյան մշակույթի (հուշարձանների, սովորույթների ու ավանդույթների, բանահյուսության, բարոյագիտական և գեղագիտական գաղափարատիպերի, բարբառի և խոսվածքների) պահպանությանն ու հանրահռչակմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը և արտաքին մշակութային քաղաքականության մեջ Արցախյան մշակույթի նպատակաուղղված ներկայացումը: Հասարակական կազմակերպության մեջ միավորվել են գրեթե բոլոր պետական համույթները, ինքնագործ խմբերը, մշակույթի ոլորտի շուրջ 500 ներկայացուցիչներ: 

Նախանշված նպատակների իրականացումը կնպաստի Արցախի մշակութային կյանքը երկրի սահմաններից դուրս հանրահռչակելու առաքելությանը, Արցախի համերգային կազմակերպությունների գործունեության և ՙԱրցախ՚ անվան պահպանությանը, որը բարոյահոգեբանական առումով խիստ անհրաժեշտ է ժողովրդի վերակազմակերպման ու  հետագա պայքարի համար:

‹‹Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն››  հասարակական կազմակերպության առաջին նախաձեռնությունը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնի դահլիճում 2023թ. դեկտեմբերի 10-ին կայացած Արցախի երաժշտարվեստի և պարարվեստի խմբերի ու համույթների համատեղ համերգն էր: Այն ավելի շատ ճանաչողական բնույթ ուներ հայաստանյան լսարանի համար, որի գլխավոր նպատակն էր իրատեսական քայլեր ձեռնարկել Արցախի երաժշտարվեստի և պարարվեստի խմբերի ու համույթների պահպանման ու շարունակական գործունեության համար։ Պատահական չէր ընտրվել նաև համերգի կազմակերպման օրը.  1991թ․ դեկտեմբերի 10-ին Արցախն անցկացրեց իր Անկախության համապետական հանրաքվեն: Նույն օրը նաև Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։

Բարեգործական համերգին ելույթ են ունեցել Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը, Արցախի պետական երգչախումբը, ‹‹Մռակած›› կամերային երգչախումբը, Արցախի ջազ-նվագախումբը, ‹‹Ղարաբաղ›› էստրադային համույթը, «Արցախի ձայներ» նախագիծը, Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Արցախի պարի պետական համույթը, Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները, ‹‹Վէլլանս›› վոկալ խումբը, Նովա բենդը, երգիչներ Վարդան Բադալյանը և Արտեմ Վալտերը:

Կազմակերպության կողմից առաջիկայում նախատեսվում են մի շարք ծրագրեր՝ ուղղված արցախահայության մշակութային իրավունքների իրացմանը, թշնամու վերահսկողության տակ անցած շրջանների մշակութային հուշարձանների վերաբերյալ ցուցահանդեսների կազմակերպմանը, զեկույցների պատրաստմանը, արցախյան բարբառով հեքիաթների մշակմանը, բեմադրմանը, թվայնացմանն ու հեռարձակմանը, սահմանամերձ շրջաններում կրթամշակութային միջոցառումների իրականացմանը, արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու հանրահռչակմանը:

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն»-ի նախաձեռնությունները պարբերաբար տեղ կգտնեն «Լուսարար»-ի տպագիր էջերում ու էլեկտրոնային հարթակներում:

Լուսանկարչական ակնթարթներ՝  ‹‹Մենք կանք›› խորագրով համերգից