ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՈՏՆԱՀԵՏՔԵՐՈՎ

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց

Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝

Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ

Հայացքով իրար նայում են հանդարտ:

Նրանց աչքերում՝ գազազած գալի՝

Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,

Խելագար թըռչում քարերի գըլխով,

Փըրփուր է թըքում անզուսպ երախով,

Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,

Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,

Ու գոռում գիժ-գիժ.

-Վաշ-վիշշ, վաշ-վիշշ…

Հովհ.Թումանյան

Թերևս այլ համապարփակ, տիպիկ նկարագիր Լոռվա չքնաղ բնաշխարհի մասին լինել չէր կարող: Սա ոչ թե մարդկային հզոր երևակայության արգասիք է, այլ աստվածաշնորհ մի պարգև, որն առավել կենդանի ու խոսուն է, ինչպես այդտեղ ապրող մարդը: Մարդն ու Բնությունն այստեղ մի հրաշալի ներդաշնակություն են կազմում՝ միմյանց հարազատ ու միշտ իրար լրացնող: Այս աշխարհում հայտնված մարդը ակամա դառնում է նրա մի մասնիկը՝ նույնքան պարզ ու բյուրեղյա, նույնքան անխառն ու անարատ…

Երբ ոտք ես դնում այս գողտրիկ աշխարհ, քեզ ընդառաջ են գալիս Մեծ Լոռեցու անմահ հերոսները՝ փոքրիկ Մարոն՝ իր մեծ ողբերգությամբ, Անուշը՝ իր չվայելած սիրով, Գիքորը՝ իր խեղճ ու անմեղ հայացքով, Համբոն՝ Գիքորի շորերը շալակած տուն դառնալիս, Քաջ Նազարը՝ ,,անհաղթ հերոսի,, դրոշակը ձեռքին, Բարեկենդանը՝ բրինձն ու յուղը շալակած, Ձախորդ Փանոսը՝ իր ձախորդություններով, Շունն ու Կատուն՝ իրենց խոր անհաշտությամբ, Լոռեցի Սաքոն՝ իր հսկա կերպարանքով, Ծերունին՝ իր ծանր հառաչանքով… Հարյուրավոր հերոսներ, որ ապրել, ապրում են ու շարունակելու են ապրել հանճարեղ Թումանյանի հետ: Հրաշք բնությունն ինքն է խոսում քեզ հետ՝ չսպասելով քո միջամտությանը: Հնարավոր չէր այս հրաշագեղ բնության գրկում երգիչ կամ բանաստեղծ, նկարիչ կամ բանահավաք չդառնալ: Ամեն մի գողտրիկ անկյուն, մի ավանդազրույց, մի հերոսապատում, մի լեգենդ, մի հեքիաթ ու մի զարմանահրաշ պատմություն ունի ծրարած իր խորքերում: Պատահական չեն ծնվել այս խոսքերը Թումանյանի հոգում.

Ամեն անգամ Քո տըվածից երբ մի բան ես Դու տանում,

Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ինչքա՜ն է դեռ մընում,

Զարմանում եմ, թե, ո՜վ Շռայլ, ինչքան շատ ես տըվել ինձ,

Ինչքա՜ն շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:

Այս խորախորհուրդ ակունքներից է սնվել հանճարեղ Լոռեցին՝ դարերում հավերժանալով իր անմահ գործերով:

,,Արարատյան արժեքների կրթական հիմնադրամի,, կազմակերպած հայրենաճանաչողական շրջագայությունն ուներ հետևյալ օրակարգը.

  1. Կանգառ Ապարանի ջրամբարի մոտ. այցելություն 5-րդ դարում կառուցված Սբ Վարդան և ջրամբարում մնացած Սբ Պողոս-Պետրոս եկեղեցիներ.
  2. Կանգառ Դսեղի ,,Քարե սնկերի,, մոտ. դիտարան, որտեղից բացվում են Լոռվա աշխարհի հրաշք տեսարանները, և որտեղ նստել ու ստեղծագործել է Հովհ. Թումանյանը.
  3. Այցելություն Դսեղի Հովհ. Թումանյանի տուն-թանգարան.
  4. Այցելություն Դսեղի ,,Ծովեր,, լիճ և հրաշք տեսարանների վայելում: Թումանյանի ստեղծագործությունների ունկնդրում.
  5. Վերադարձ:

Վայելելով ճանապարհին մեզ հանդիպող չքնաղ տեսարանները, որից հնարավոր չէր կտրվել /հայացքով ուղեկցում էինք մինչև տեսադաշտից հեռանալը/՝ խումբը կանգ առավ Ապարանի ջրամբարի մոտ: Հայացքդ իսկույն շոյում են թավ անտառներն ու ծաղկազարդ դաշտերը. ասես մի անտես նկարիչ է վրձնել այդ գեղեցկությունը՝ այցելուներին ավելի ևս գրավելու և բնությանը ձուլելու համար:

Հիմնադրամի խորհրդի նախագահ Նաիրի Հոխիկյանը այստեղ ծանոթացրեց պահպանված հուշարձաններին: Սբ Վարդան եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում՝ Վարդան Մամիկոնյանի պատվին: Պահպանվել են խաչքարեր և մի դամբարան, որը կառուցվել է 451 թվականին  տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտի նահատակների հիշատակին: Ամենատպավորիչը ջրամբարի մեջ հայտնված Սբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին էր, որն անվանում են նաև ջրի տակ անցնող և դուրս եկող եկեղեցի: Այն կառուցվել է Ապարանի ջրամբարի ձախ ափին 5-րդ դարի առաջին կեսին: Հաճախ ջուրը ծածկում է այն, բայց պատի վրա գտնվող խաչը երբեք ջրի տակ չի անցնում: Տեղացիների մոտ մի հետաքրքիր ընկալում կա. երբ ջուրը ծածկում է եկեղեցու պատերը, բայց խաչը չի անցնում ջրի տակ, ուրեմն այդ տարին նպաստավոր է լինելու իրենց համար:

Շրջագայությունը շարունակվում է, սակայն մտքերս չեն խաղաղվում. դրանք անընդհատ քչփորում են հուշերիս մատյանը ու ծակծկում հոգիս: Նայում եմ բնության այս գողտրիկ անկյուններին, որ ամեն ինչով հիշեցնում են քոչվոր ցեղերի ձեռքում հայտնված իմ չքնաղ Արցախին, ու հիշում մեծն Շիրազի տողերը.

Հիմա ո՞վ է ձեզ համբուրում,

Ծովասարիս ծաղիկներ,

Ի՞նչ որսկան է ձեզ ցած բերում,

Իմ Սիփանի եղնիկներ:

………………………..

Ո՞վ է ժողվում անտառներիս

Մեղրագազպե մանանան,

Փարախները թուխ գառներիս

Իրենց տեղը կմնա՞ն…

Անհուն ցավից կծկվում է սիրտս, երբ մտածում եմ, որ սառնորակ աղբյուրներիս վճիտ ջրերը պղտորում են այդ խաշնարածները…

Մտքով՝ Արցախում, ֆիզիկապես՝ Լոռիում, հասնում ենք ,,Քարե սկներին,, , ու դիտարանից մեր առջև բացվում է մի կախարդական աշխարհ: Հենց այս բարձունքից է Թումանյանը խոսել Աշխարհի հետ: Ն.Հոխիկյանը պատմեց, որ բանաստեղծը շատ է սիրել այս վայրը, քանի որ նրա ստեղծագործական միտքը փայլատակել է հենց այստեղ: Այդ երկնահաս բարձունքից երբ շուրջդ ես նայում, թվում է՝ բարձրաբերձ լեռներն ու լազուր երկինքը այստեղ են համբուրվում…

Քիչ հետո Դսեղում էինք՝ գրողի ծննդավայրում, ուր թանձր մշուշի պես Թումանյանի շունչն էր տիրում: Ամենուր նրա հերոսներն էին, որ արձանացած դիմավորում էին մեզ: Եղանք գրողի տուն-թանգարանում, որի բարեհամբույր աշխատակիցները խնամքով ու ամենայն մանրամասնությամբ ծանոթացրին մեզ նրա հայրական ընտանիքին պատկանող կենցաղային իրերին, սենյակներին կահավորանքին և թանգարանում պահպանված, կյանքի տարբեր փուլերում գրած ստեղծագործություններին: Թումանյանի հայրական տունը թանգարանի է վերածվել 1939 թվականին՝ մեծ գրողի ծննդյան 70-ամյակի առթիվ: Տուն-թանգարանի բակը գեղեցկացնում է Թումանյանի կիսանդրին: Տունն ունի երկու հարկ և վեց սենյակ: Հացատունը, մեծ օջախը և երկու ցուցասրահները գտնվում են առաջին հարկում: Երկրորդ հարկում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը և մի շարք այլ անձնական իրեր:

Տուն-թանգարանի բակում վեր խոյացող մատուռը իր մեջ ամփոփում է մի սուրբ մասունք՝ Թումանյանի մեծ սիրտը, որը երկար դեգերումներից հետո, ի վերջո, գտավ իր հանգիստը:

Օրվա անցուդարձից պարզվում է, որ այստեղ մշտապես մարդաշատ է լինում, նույնիսկ հերթ, որն էլ խոսում է այն անսահման սիրո մասին, որ ժողովուրդը տածում է իր պաշտելի գրողի հանդեպ:

Վերջին կանգառը Դսեղի ,,Ծովեր,, կոչվող լճի մոտ էր: Լիճը գտնվում էր Դսեղ գյուղից 3կմ հեռավորության վրա՝ ծովի մակերևույթից 1900մ բարձրության վրա: Լիճը կարելի է համարել մշակութային հուշարձան, քանի որ հայ մեծանուն բանաստեղծ Թումանյանը բազում անգամներ անդրադարձել է այս լճին իր ստեղծագործություններում: Լիճը Թումանյանի սիրելի հանդիպման վայրերից էր, որտեղ հաճախ էին գալիս Ավ.Իսահակյանը, Շիրվանզադեն, Վ.Բրյուսովը, Վ.Տերյանը, Լեոն և այլք: Բարձր լեռների արանքում ծվարած այս փոքրիկ լիճը յուրահատուկ գեղեցկություն է հաղորդում Դսեղի լեռնաշխարհին՝ դառնալով բնասերների և զբոսաշրջիկների սիրելի ուղղություն:

Խմբի հետաքրքիր ժամանցը կազմակերպվեց հենց այս լճի ափին: Քանի որ խմբի անդամներից մեկի՝ Կարեն Մադոյանի ծննդյան օրն էր, մեծ շուքով՝ շնորհավորանքներով ու բարի մաղթանքներով, կտրվեց նրա ծննդյան տորթը, ու սկսվեց Թումանյանի ,,ժամը,,. երգ, արտասանություն, պատմություններ, որին մասնակցեց խմբի անդամների մեծ մասը: Առավել հաճույքով ունկնդրեցինք արցախցի երիտասարդ մանկավարժ Նանար Սիմոնյանի երգն ու ասմունքը, Մարտունի քաղաքի հերոս ազատամարտիկ, ,,Մարտական խաչ,, երկրորդ աստիճանի ասպետ Սարիբեկ Մարտիրոսյանի այրի Լիլիա Ավանեսյանի արտասանությունը /Թումանյանի ,,Մարո,, պոեմը/:

Օրն այնքան էր հագեցած նորություններով ու գեղեցիկ անակնկալներով, որ չէինք հասցնում դասակարգել:

Երեկոյան՝ տունդարձին, բոլորիս մի ուրիշ անակնկալ էր սպասում: Վանաձորում բնակվող մեր գաղափարակիցներից մեկը՝ մեծ հայրենասեր Անահիտ Ալոյանը, բոլորիս հյուրընկալության առաջարկ էր արել ու խնդրել՝ չմերժել: Եվ ահա նրանց ընտանիքում ենք: Ընտանիքի անդամները մեծ սիրով ու հարգանքով հյուրընկալեցին մեզ:

Նախկինում ոչ մի շփում չէի ունեցել Անահիտի հետ, սակայն երբ մտանք նրա հյուրընկալ օջախը, և տեսա տան պատին արված մեր պատմական Հայրենիքի ձեռակերտ քարտեզը, այլ բացատրություն թերևս պետք չէր՝ այդ ընտանիքի մասին ամբողջական կարծիք կազմելու համար:

Ծավալված զրույցի ընթացքում համոզվեցի, թե ինչով է շնչում այդ ընտանիքը, համոզվեցի, որ նա հայրենիքի խնդիրներով մտահոգ մի նվիրյալ է, որն անտարբեր չի կարող անցնել հայրենիքում խորացող անարդարությունների կողքով: Այնքան թեժ էին քննարկումները, որ չէինք ուզում բաժանվել:

Շնորհակալ եմ ճակատագրին, որ հնարավորություն ընձեռեց ինձ՝ հանդիպելու ու ճանաչելու նման բացառիկ հայի:

Օրվա շրջագայության խիտ ծրագրով հագեցած՝ բռնեցինք վերադարձի ճանապարհը՝ հոգնածության ոչ մի նշույլ չզգալով: Վերադարձին էլ էր Թումանյանը մեզ հետ. անընդհատ հիշում էինք նրա անմահ ու իմաստուն մտքերը և պարզում, թե ինչքան շռայլ է եղել ժողովրդական այն ակունքը, որից սնվել է գրողը, որքան հարուստ է եղել այն բնօրրանը՝ Դսեղը, որ առատորեն լուսավորել է իր երախտավոր զավակի միտքն ու հոգին:

Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան,

Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան.

Սարը եղավ կընքահայրըս, ցողը՝ մյուռոն կենսավետ,

Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ:

Դեռ երկա՜ր, շա՜տ երկար ժամանակ կշարունակվի մեր երկխոսությունը Թումանյանի հետ, քանզի տպավորությունները չափազանց առատ էին ու անմոռաց:

Ինչքան որ Թումանյանին մոտ լինենք, այնքան էլ Մարդ կմնանք…

Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ