ԱՐԴԵՆ՝ 9-ՐԴ ԱՆԳԱՄ

Հունիսի 25-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Երևանի կինոյի տանը մեկնարկեց Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը։ Դահլիճում հիմնականում կինոաշխարհի ներկայացուցիչներ էին՝ ռեժիսորներ, դերասաններ, ինչպես նաև հյուրեր։

Ներկաներին ողջունեց և փառատոնի սկիզբը հայտարարեց Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր, պրոդյուսեր Գուժ Թադևոսյանը, ով filmfreeway.com հեղինակավոր հարթակում ոսկե կարգավիճակ ունեցող փառատոնը հիմնադրվել է 2018 թվականին։ Իր խոսքում Գ․ Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց փառատոնի աջակիցներին՝ ՀՀ ԳԳՄՍ նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, իր թիմին, հանդիսատեսին։ Տեղեկացրեց՝ փառատոնի գեղարվետական ղեկավարն է կինոօպերատոր Սուրեն Թադևոսյանը, ծրագրերի ղեկավարը՝ ռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանը։ Գ․ Թադևոսյանը մեծ ուրախությամբ հավելեց նաև՝ Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է 2026 թվականին անդամակցության հրավեր ստացած 529 կինոգործիչների և ոլորտի ներկայացուցիչների ցանկը։ Նրանց թվում կան նաև հայկական անուններ․ Հայաստանը ներկայացնում է կինոօպերատոր Սուրեն Թադևոսյանը։ Կարևորեց նաև այն, որ փառատոնը չի եզրափակվում միայն Երևանում, այլ այն իր շարունակությունն է ունենում մարզերում։ Այս տարի մնացած 4 օրերում փառատոնը կկայանա Գյումրիում։

Իր ելույթում ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Դանիել Դանիելյանը շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետարանին և մյուս գործընկեր կառույցներին՝ փառատոնի կազմակերպման և շարունակական զարգացման համար: Ասաց՝ փառատոնը լիովին համապատասխանում է նախարարության՝ մշակույթի ոլորտի պետական քաղաքականությանը, որի շրջանակում առանցքային նշանակություն ունեն մշակույթի ապակենտրոնացումը և կրթական բաղադրիչի խթանումը. «Փառատոնի նպատակն է բացահայտել երիտասարդ և տաղանդավոր ստեղծագործողներին, նպաստել նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը, տարբեր երկրների երիտասարդ կինոգործիչների միջև բարեկամական և ստեղծագործական կապերի ամրապնդմանը, նոր կինոսերնդի ձևավորմանը»: Հավելեց նաև՝ մարզերում փառատոնային միջոցառումներ անցկացնելու ավանդույթը կարևոր է ինչպես մարզային մշակութային կյանքի ակտիվացման, այնպես էլ Հայաստանի կինոլոկացիաները միջազգային մասնակիցներին ներկայացնելու տեսանկյունից։

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի ժուրիի նախագահն է վրացի կինոռեժիսոր, հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր Սոսո Բլիաձեն, ժյուրիի անդամները՝ դերասանուհի, պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը, կինոռեժիսոր Արշալույս Հարությունյանը։ Ժյուրին մրցանակներ կհանձնի 12 անվանակարգերում: Ինչպես ժյուրիի անդամները, այնպես էլ գեղարվետական ղեկավար Ս Թադևոսյանը, ծրագրերի ղեկավարը Ա Բաղդասարյանն իրենց ողջույնի խոսքերում կարևորեցին փառատոնը, որ այն մեծ թվով ու տարբեր երկրներ ներկայացնող գինոգործիչներին է միավորում։ Ս Բլիաձեն անդրադարձավ նաև քաղբանտարկյալների խնդրին։ Տեղեկացվեց նաև՝ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի հայտեր ստացել է 95 երկրից։ Մրցութային ծրագրում ընդգրկվել է 39 ֆիլմ՝ 22 երկրից (Լյուքսեմբուրգ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Նոր Զելանդիա, Ֆրանսիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Ռուսաստանի Դաշնություն, Բելգիա, Լեհաստան, Լիբանան, Հարավային Աֆրիկա, Հունգարիա, Հորդանան, Պաղեստինի Պետություն, Իտալիա, Շվեյցարիա, Չինաստան, Կանադա, Ռումինիա, Կաբո Վերդե, Ղազախստան, Նիդերլանդներ) որից 15-ը՝ ազգային ծրագրում, իսկ 24-ը՝ միջազգային ծրագրում: Հատկանշական է, որ այս տարի նույնպես փառատոնի միջազգային ծրագրում ընդգրկված են Ա դասի՝ Վենետիկ, Սանդենս, Լոկառնո, Բեռլին, Կանն, Կլերմոն-Ֆերան, Սան Սեբաստիան, Ռոտերդամ, Տալլինի «Սև գիշերներ» փառատոների մրցութային ծրագրում մասնակցած և մրցանակակիր ֆիլմեր՝ Լեհաստանից, Իտալիայից, Շվեցարիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ֆրանսիայից, Հորդանանից, Պաղեստինի Պետությունից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Հարավային Աֆրիկայից, Լիբանանից, Նոր Զելանդիայից: Առաջին օրը ցուցադրվեց իրանցի ռեժիսոր Սեյեդ Ալի Ղասեմիի «Մշուշը վերացել է» կարճամենտաժ ֆիլմը, որը հիմնականում Իրանում կնոջ իրավունքներին է վերաբերում։ Ցուցադրության վերջում Գ Թադևոսյանն «Ազգային ծրագիր»՝ խաղարկային կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի հեղինակներին հանձնեց նվերներ։ Եղավ նաև հյուրասիրություն։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ