ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆԻ ,,35,, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

,,35,, վեպը պատմություն է  35 տարվա գաղտնիքների մասին, որոնց մասին չեն խոսում: Այդ գաղտնիքներով է պատված հերոսական Արցախը: Հայ ազգի լավագույն զավակների ազատագրական պայքար, հաղթանակ, իսկ հետո՝ խարդավանքներ երկրի ներսում և դրսում: Գործակալական ցանցեր, դավաճանություն, փող ու հայրենիքի վաճառք. ահա այն ցավոտ պատմությունը, որ լի է բացահայտումներով: Դրանցով ձեր աչքերը կտեսնեն ամբողջ իրականությունը, և դուք կհասկանաք, թե ինչու այսօր մենք չունենք Արցախ:

Վեպի կերպարների մեջ առանձնանում են Մհերը, որ խորհրդանշում է հայ ազգի նվիրյալ զավակներին, և Վասակը, որը դավաճանության և թշնամու հետ գործարքների հեղինակն է:

Վեպը հարուստ է պատերազմի տեսարաններով, հայ զինվորների հերոսական արարքներով, բայց նաև քաղաքական գաղտնի երկխոսություններով: Բացահայտվում են հերոսների հոգեբանական վիճակները, կերպարների զարգացումը և ներքին հակամարտությունը ես-ի և մենք-ի միջև…

,,35,,-ը կառուցված է իրականության վրա. այն կբացի ձեր աչքերը՝  ցույց տալով նաև Գալիքի ճանապարհը…

Գրքի շնորհանդեսը ,,Տերունական աղոթք,,-ով օրհնեց Տավուշ աշխարհի Բերդի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանը:

Գրքի հեղինակ Նաիրի Հոխիկյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներին, որոնց իր համախոհներն ու գաղափարակիցներն է համարում, պատմեց, որ գիրքը գրվել է երեք ծանր ու դժվարին տարիների ընթացքում, և այսօր ուրախ կլինի, որ ներկաներն առավել անկեղծորեն արտահայտեն իրենց նկատառումները վեպի մասին:

Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ գրքի շատ դրվագներ իրեն ծանոթ ու հարազատ են, քանի որ անձամբ գտնվել է այդ դեպքերի հորձանուտում, և այսօր կրկին վերապրում է ,,88,,-ից առ այսօր տեղի ունեցած բոլոր իրադարձությունները: Չնայած այն հանգամանքին, որ վեպը գեղարվեստական է, այնուամենայնիվ, ընթերցողը, խորանալով իրեն ծանոթ դեպքերի ու իրադարձությունների մեջ, ի վերջո, հանգում է այն եզրակացության. թե ինչու՞ ,,35,, , ու գտնում է իրեն հուզող հարցերի պատասխանը: Անցումները՝ վավերագրությունից գրականություն /գեղարվեստ/ տանող դրվագները, բավականին կտրուկ են, ինչին նպաստել է նաև հեղինակի լրագրողական ձիրքը: Հմտորեն գործածված են Մարտունու, Ալաշկերտի և Արցախի բարբառները, որ համուհոտ են պարգևում շարադրանքին: Կերպարները ևս շատ հետաքրքիր են, որոնց մի մասը այսօր նստած է դահլիճում: Շատ կարևոր են պատմական փաստերը, որոնք պատմաբանների համար արժեքավոր աղբյուրի դեր են կատարելու. օրինակ՝ թե ինչպես հայաթափվեց Նախիջևանը: Փաստեր էլ կան, որոնց մասին ընթերցողն առաջին անգամ է լսում: Վեպում հորինված կերպարներ չկան: Կարդացվում է շատ մեծ հետաքրքրությամբ:

Հեղինակի գործընկեր, ժուռնալիստ Դավիթ Սարգսյանը, ողջունելով ներկաներին, ցավով արձանագրեց, որ իր և իր պայքարի ընկերների համար նման հարթակները մի տեսակ ընդհատակ են հիշեցնում, որ կային խորհրդային տարիներին: Նաիրի Հոխիկյանի հետ նրան կապում է 20 տարվա անխախտ ընկերությունը, որի ընթացքում ունեցել են և՛ նվաճումներ, և՛ ձախորդություններ: Շատ ուրախ է, որ իր գաղափարակից ընկերը իր ուժը փորձել է գեղարվեստական արձակի մեջ ու հաջողություն գրանցել: Իրական պայքարը հնարավոր է դառնում միայն համատեղ ուժերով ու կուռ միասնությամբ:

Կինովավերագրող Հովհաննես Իշխանյանը խոսեց իր և Նաիրի Հոխիկյանի ծանոթության մասին գրքի շրջանակներում. դա 2022 թվականի հուլիսին էր, երբ հանձնվում էին Բերձորն ու Աղավնոն, և Նաիրին մշակութային բազմաթիվ միջոցառումներով փորձում էր կասեցնել այդ գործընթացը: ,,35,, վեպին անդրադառնալով՝ բանախոսը արձանագրեց, որ այն լեզվական բարդ կառույց չի ներկայացնում իրենից: Գրքում առկա են իրադարձությունների զարգացման արագ անցումներ: Սա հետաքրքրություն առաջացնող հնարք է, որը նպատակ ունի ընթերցողին անընդհատ վեպի մեջ պահել: Հեղինակի լրագրողական հմտությունը, փորձը ունեցել են իրենց դրական ազդեցությունը այն առումով, որ գեղարվեստական գրականության մեջ շատ չեն այն դեպքերը, երբ հստակ տրվում են իրադարձությունների կոնկրետ թիվը, ամիսը, ժամը: Նաիրին դրանք՝ որպես ոչ հաճախ գործածվող միջոց, բերել է գրականություն: Վեպի ոճը ևս ողջունելի է. առկա են կարճ, համառոտ նախադասություններ: Գրքում նկատելի է հերոսական ռեալիզմը. հերոսները հստակ որոշումներ են կայացնում, չեն վախենում, չեն երկնչում, սխրանքներ են գործում: Կերպարները բնութագրված են պարզ ու հասկանալի լեզվով, այլ ոչ թե հեղինակը խորանում է նրանց հոգեբանության մեջ: Տեսարանները կենդանի են, գործողությունները չեն ընդհատվում: Եզրակացությունները ևս պարզ ու հասկանալի են արվում, և ընթերցողին երևակայելու քիչ հնարավորություն է տրվում: Ինչ նպատակով որ վեպը գրվել է, և ինչի համար պետք է ծառայի այն, բանախոսը համոզված է, որ դա լինելու է շատ արագ ու տեղին: Վեպը նրա մասին է, որ պայքարը պետք է շարունակել:

Գրքի հեղինակն այն կարծիքին է, որ դեռ շատ աշխատանք կա անելու, որպեսզի ձևավորվի ազգային գիտակցություն ունեցող հանրություն:

Հոգեբան, Արցախյան պատերազմի ժամանակ Ն. Հոխիկյանի հրամանատար Վիտյա Յարամիշյանը, դիմելով դահլիճին, գոհունակությամբ նշեց, որ Արցախի բռնի տեղահանությունից հետո սա առաջին հնարավորությունն է՝ հաղորդակցվելու նման արժանապատիվ հանրության հետ և կիսվելու իր խոհերով: Շնորհակալություն հայտնեց հեղինակին և՛ գրքի, և՛ համատեղ գործունեության, և՛ տարատեսակ շփումների համար: Գուցե տարիներ անց վեպը կգնահատվի ավելի բարձր արժեքների համար, քան այսօր ենք գնահատում. դա ժամանակի խնդիր է: Եվ քանի որ դեռ չէր հասցրել վեպը կարդալ /ծանոթ էր միայն հեղինակի հատվածաբար հրապարակումներից/, ապա չէր կարող ամբողջական ընկալման շրջանակներում տեսակետ արտահայտել: Մնում է միայն մանկավարժի, հոգեբանի ու զինվորականի տեսանկյունից մոտենալ գրքի այն հատվածներին, որոնք արդեն ծանոթ էին նրան: Ընթերցած հատվածներից պարզ երևում է, որ ընթերցողն անմիջապես կլանվում է նրա բովանդակությամբ ու հետաքրքրությամբ փորձում իմանալ, թե ինչ կլինի հետո, ինչպես կծավալվեն իրադարձությունները հետագայում: Նրա կարծիքով՝ պատերազմներն անխուսափելի են այնքան, քանի գոյություն ունեն հասարակությունները: Դա ամենավատ երևույթն է, որ հորինել է հասարակությունը: Պատերազմն իր հետ բերում է ամենասարսափելի իրողությունները՝ մահ, սպանություններ, ավեր, կորուստներ, հոգեբանական բարդ գործընթացներ և այլն: Նա նշեց, որ մենք պատրաստ չէինք դիմակայելու այն ծանր փորձությանը, որն իր հետ բերեց Արցախյան 44-օրյա սարսափելի պատերազմը:   Միայն մեր ոգու կորովի շնորհիվ կարող ենք հաղթահարել այս դժվարին իրավիճակը, վերագտնել մեզ ու շարունակել ապրել ապագայի վառ հույսերով:

Մեզ համար արժեքները դասավորված են այլ տրամաբանությամբ, մենք ստեղծարար ժողովուրդ ենք, հետևաբար պետք է մեզնից հեռու վանենք պատերազմը, որքան որ հնարավոր է: Պատերազմական դժվարությունները հաղթահարելու համար անհրաժեշտ են այսպիսի միջոցառումները, որ խոսվի այդ մասին, վերհիշվի, իմաստավորվի, ու կգա թեթևացումը՝ իհակե բացթողումներն ու ձեռքբերումները դասավորելով:

Ահա թե ինչ պատմեց հեղինակի գործընկեր Արմինե Գրիգորյանը. ,,2024-ի սեպտեմբերի 27-ն էր… Ինձ համակել էին 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետպատերազմյան ծանր, անորոշ ու անմեկնելի զգացողությունները /Նաիրի Հոխիկյանի հետ մենք ընդամենը մի քանի շաբաթվա ծանոթներ էինք/, բացում եմ հեռախոսս և կարդում մի հերոսական պատմություն այն մասին, թե ինչպես է լեյտենանտը մարտի ժամանակ իր մարմնով փրկում շարքային զինվոր Սարգսին, իսկ ինքը զոհվում է: Այդ պահին մի անբացատրելի զգացողություն ապրեցի, մանավանդ երբ տեսա արծվի սլացքը՝ վեհ ու բարձր, ու այն դաջվեց հոգուս մեջ…

Մի քանի ամիս անց պարոն Հոխիկյանն ինձ ուղարկում է մի հատված այդ գրքից, և, ո՜վ, զարմանք, ես այդտեղ հանդիպում եմ ինձ ծանոթ կերպարներին՝ շարքային Սարգսին ու Լեյտենանտին, նաև Արծվին… Որպես գիրքն ամբողջությամբ ընթերցած մարդ, պիտի խոստովանեմ, որ երբ բացում ես այն, անձնավորված կերպարի պես խոսել է սկսում քեզ հետ՝ պատմելով իր ցավի, հերոսական պայքարի դրվագների ու հաղթանակի մասին, իր հույսի ու հավատի մասին… Այդ անձնավորված կերպարը հենց մեր Հայրենիքն է, որը մեզ հետ խոսում է՝ գրքի առաջին էջից սկսած մինչև ավարտ: Դա բոլորիս Հայրենիքն է, որը մեզ ուղեկցում է դեպի Արարատ…,,:

Վերջում խոսքը տրվեց Նաիրի Հոխիկյանի տիկնոջը՝ Արուսյակ Հոխիկյանին, որը, ի դեպ, գրքի սրբագրիչն է. նա պատմեց հետևյալը. ,,Անկեղծ ասած, երեկ մտածում էի, որ մեզ չի հաջողվելու իրականացնել այսօրվա միջոցառումը հասկանալի պատճառով, բայց, փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող վերջացավ: Պիտի ասեմ, որ թեման բոլորիս ծանոթ ու հարազատ է, բոլորս էլ մեր մաշկի վրա զգացել ենք դրա ծանրությունը: Սրբագրելու ընթացքում ինձ պահում էի անաչառ դատավորի պես: Երբեմն-երբեմն այնքան էի տարվում թեմայով, որ ինքնամոռաց ընթերցում էի՝ առանց սրբագրելու, ու ինձ բռնացնում ընթերցողի կարգավիճակում, նորից հետ դառնում ու սրբագրում: Երևի դա խոսում է այն մասին, որ գիրքը ստացվել է, և նույն կերպ կընկալվի ընթերցողի կողմից: Այստեղ խոսք եղավ կտրուկ անցումների մասին: Պիտի խոստովանեմ, որ գեղարվեստականից վավերագրականի անցումներն այնքան ,,փափուկ,, են, որ համոզվում ես՝ դրանք ևս գեղարվեստական հնարներ են, որին դիմել է Նաիրին: Շնորհակալություն բոլորիդ, որ միշտ նրա կողքին եք ձեր աջակցությամբ,,:

Հանդիսատեսի հետ ծավալված զրույցի ընթացքում այն հարցին, թե ինչ է խորհրդանշում 35-ը, Ն.Հոխիկյանը պատասխանեց, որ գիրքը Արցախի 35 տարիների հերոսական մաքառումների պատմությունն է, իսկ մյուս 35-ը, որը բացահայտվում է գրքի վերջին էջերում, հեղինակը խնդրեց՝ թույլ տալ՝ չբացելու փակագծերը, այլ թողնել ընթերցողի մտքին:

Ընթերցասեր հասարակությանը ևս մի հնարավորություն է տրվում՝ այս գրքով ճիշտ ընկալելու այն բոլոր զարգացումները, որ հանգեցրին մեր չքնաղ երկրամասի՝ Արցախի ծանր կորստին: Սա ոչ միայն արցախցու, այլև ողջ հայության մեծ ցավն ու միաժամանակ կորսված արժանապատվության խնդիրն է, որը պիտի անհանգստացնի անխտիր բոլորին:

Բոլոր ելույթ ունեցողներն էլ ստեղծագործական նորանոր նվաճումներ մաղթեցին Նաիրի Հոխիկյանին:

Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ