ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՋԱԶ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԸ

Յուրաքանչյուր անգամ, երբ տեղեկանում եմ, որ արցախյան մշակութային որևէ խումբ հանդես է գալու երևանյան բեմերում, և ՀՀ մարզերում լինելու են մշակութային միջոցառումներ, որոնց մասնակից են նաև արցախցիներ, փորձում եմ անպայման ներկա լինել, լուսաբանել կատարվածը։ Կարևոր է նաև, որ կան անհատներ, կազմակերպություններ, որոնք աջակցում են արցախյան մշակութային խմբերին՝ շարունակելու իրենց գործունեությունը Երևանում և ՀՀ մարզերում։

Արցախում ծնված մշակութային խմբերից է Արցախի պետական ջազ նվագախումբը, որի համերգը կայացավ 2026թ հունիսի 17-ին Երևանի Ճարտարապետների միության դահլիճում՝ վերածվելով ջազային տոնի։ Համերգի գլխավոր հովանավորն էր Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ -AGBU Armenia), նվագախմբի գործընկեր՝ «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպությունը՝ Յուրի Նավոյանի նախագահությամբ։ Տիգրան Սուչյանի ղեկավարությամբ Արցախի պետական ջազ նվագախումբը ներկայացրեց հայկական և արտասահմանյան ժամանակակից ջազային և հիփ-հոփ ստեղծագործություններ, ինչպես նաև հեղինակային ստեղծագործություններ, որոնք ավելի շատ էին։ Նվագախմբի ղեկավար Տ Սուչյանը, մինչ համերգի սկսելը, տեղեկացրեց՝  իրենք նախընտրում են առավել շատ կատարել սեփական ստեղծագործություններ՝ շեշտը դնելով հեղինակային և ժամանակակիցների գործերի վրա։ Անդրադարձավ նվագախմբի ստեղծման պատմությանը։

Արցախի պետական ջազ նվագախումբը կազմավորվել է Ստեփանակերտում 2003 թվականին։ Մոտ 2 տասնամյակ, դաշնակահար Տիգրան Լալայանի ղեկավարությամբ, նվագախումբը համերգներով հանդես է եկել Ստեփանակերտում, Երևանում, արտերկրում, մասնավորապես՝ Ռուսաստանում։ Ազատագրված ու անկախացած Արցախում այս նվագախումբն իր տեղն ուներ մշակութային ասպարեզում, դարձել էր տեղական մշակութային կյանքի կարևոր մասը։ Սակայն եղավ Արցախյան 44-օրյա պատերազմը, և շատ բան փոխվեց Արցախում։ 2021-ից նվագախումբը ղեկավարում է Տ Սուչյանը։ Չնայած եղած դժվարություններին, խնդիրներին՝ Ջազի նոր ղեկավարն սկսել է աշխատել երիտասարդների հետ, նվագախումբ է հրավիրել Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանողներն։ Սա կարևոր էր պատերազմից և դրա ողբերգական հետևանքներից հետո։ Շնորհիվ յուրահատուկ ծրագրի և երաժշտության ինքնատիպ մատուցման՝ Տ Սուչյանի ղեկավարած նվագախումբը կրկին ոտքի կանգնեց, ձեռք բերեց նոր ճանաչում և սեր։ 2023թ սեպտեմբերի վերջերին տեղի ունեցած ողբերգություններից հետո, ինչպես արցախյան բոլոր մշակութային կառույցները, այնպես էլ այս նվագախումբը Երևանում էր փորձում շարունակել իր գործունեությունը։ Մի քանի անգամ արդեն տեղեկացրել ենք՝ Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպության աջակցությամբ արցախյան մի շարք մշակութային խմբեր վերակազմավորվել և սկսել են իրենց գործունեությունը։

Արդեն 2 տարի է` «Դիալոգ»-ն աջակցում է նաև «Արցախ» ջազ-նվագախմբին, որը 2024 թվականին Երևանում հիմնադրել է Արցախի պետական ջազ-նվագախմբի նախկին ղեկավար Տիգրան Լալայանը։ Մոսկովյան և երևանյան մի քանի համերգներից հետո «Արցախ» ջազը մայիսի 25-ին ելույթ ունեցավ Արմավիր քաղաքում։ Եվ այժմ էլ «Դիալոգ»-ի ղեկավարն աջակցեց նաև Արցախի պետական ջազ նվագախմբին, որը շարունակում է իր գործունեությունը՝ համալրվելով նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներով, շրջանավարտներով։ Նվագախմբի առաջին ելույթը տեղի է ունեցել 2026թ մայիսի 6-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում։ Եվ արդեն երկրորդ համերգը, որն ավարտվեց խորհրդանշական «Վերադարձ» անվանումով ստեղծագործության կատարմամբ։ Տ Սուչյանն ասաց՝ ստեղծագործությունը, որի հեղինակն ինքն է, գործիքավորողը՝ Արթուր Իսրայելյանը, բեմում հնչում է առաջին անգամ՝ իր մեջ կրելով հայրենիք վերադարձի հույսը։ Դահլիճում հանդիսատեսների մեծ մասն Արցախից էր, ու կարոտը, նույն նվագախմբի ստեփանակերտյան համաերգների հիշողությունները տուն վերադարձի կանչ էին։

Համերգին որպես հատուկ հյուրեր էին Երևանի ջազային և երգարվեստի հայտնի արտիստներ՝ Ժաննա Դավթյանը (վոկալ), Հայկ Գրիգորյանը (շեփոր), Սոնա Շիրոյանը (վոկալ) և Նարեկ Հովսեփյանը (A Chilla)։ Կոմիտասի հավաքագրած «Գարուն ա» ֆոլկ ստեղծագործությունը հնչեց Բերքլիի ուսանող, թավջութակահարուհի Մարիա Արիստակեսյանի գեղեցիկ մշակմամբ։ Համերգի ընթացքում եղան այլ ակնկալներ ևս։ Երգչուհի Ժաննա Դավթյանը հանդես եկավ մի քանի երգով, առանձնակի ջեմությամբ ու չդադարող ծափողջյուններով ընդունվեց Մարտին Վարդազարյանի «Քո լավ աչքերից» ստեղծագործության կատարումը, որը վոկալիստուհին ներկայացրեց սեփական ընկալման միջով։ Հանդիսատեսին մեծ ոգևորություն պարգևեց նաև երիտասարդ երգչուհի Կիրա Ալավերդյանի ելույթը։

Համերգի ավարտից հետո Տիգրան Սուչյանը կարևորեց ՀԲԸՄ-ի դերը, որ միշտ եղել է իրենց կողքին։ «Միայն պետք է արտասանել Արցախ անունը, և նրանք պատրաստ են օգնել», – հավելեց նա։ Հատուկ շնորհակալություն հայտնեց նվագախմբի նոր գործընկերոջը՝ Մոսկովյան «ԴԻԱԼՈԳ» ՀԿ-ին՝ ի դեմս նրա ղեկավար Յուրի Նավոյանի, ինչպես նաև «SolarOn» ընկերության հիմնադիր Արթուր Ալավերդյանին։

Համերգից հետո էլ շարունակվում էր շփումը հանդիսատեսների և երաժիշտների հետ։ Հերթական առիթն էր, որ հանդիպեցին արցախցիները միմյանց հետ․ կարոտ, հուզմունք, ոգևորություն ու ամենակարևորը՝ ՀԱՎԱՏ տունդարձի։ 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ