Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակից 29 կմ հարավ-արևմուտքում է գտնվում Արուճ պատմական գյուղը։ 5-րդ դարում, երբ գոյատևում էր Արշակունիների թագավորությունը, Արուճը, ըստ հետազոտողների, եղել է արքունական զորքի ձմեռանոց:


661թ. նշանավոր Համազասպ Մամիկոնյան իշխանի եղբայր Գրիգոր Ա Մամիկոնյան իշխանը, որը զոհվել է 685թ․ խազարների հետ ճակատամարտում, բնակավայրը դարձրել է իր նստատեղին ու տեղում կառուցել է տաճար և պալատ։ «Այդ ժամանակներում Գրիգոր Բարեպաշտ իշխանը, աստվածային նախախնամությամբ հիմնադրելով չքնաղագեղ եկեղեցին, որը գտնվում էր Արուճ դաստակերտում, շուտով կառուցում է այն՝ երկնային այդ մեծ տաճարը պատրաստելով երկրի վրա։ Իր արքունիքը հիմնադրում է հարավային կողմում՝ քարաժայռ ձորակի եզրին, որտեղից բխում էր ականակիտ աղբյուրը․․․ ապա հաստահեղյուս քարերով ու կրով պարսպելով՝ նա հիմնում է իր բնակարանը», – գրում է 10-րդ դարի պատմիչ Հովհաննես Կաթողիկոս Դրասխանակերտցին իր «Հայոց պատմություն» գրքում․ Երևան 1996․ ԵՊՀ հրատարակչություն, էջ՝ 95։ Նույն ժամանակ Արուճը կարևոր բնակավայր էր նաև Դվին-Անի ճանապարհին։ Այս մասին Հովհ․ Դրասխանակերտցին գրում է․ «․․․Յուսուֆը բարձր լեռան ցածր տեղերով ընկնում է Շիրակ գավառի այս կողմը ու այնտեղ գիշերելով՝ շտապ հասնում է Դվին քաղաքը։ Իսկ արքան (Սմբատ Բագրատունի․ Զ․ Ը․) հետագայում երբ իմանում է դեպի լեռան արևմտյան կողմ Յուսուֆի գնալու մասին, և թեպետև նրանք հետամտում էին նրան, սակայն չկարողանալով հասնել՝ նա զորքը հավաքում է Արուճ գյուղաքաղաքում, Արագած լեռան ծործորներում» (Էջ՝ 199)։ Արուճը, սկսած 5-րդ դարից, բազում անգամ ենթարկվել է ասպատակությունների, ինչպես մեր հայրենիքի նման շատ ամրոց-բերդեր, բնակավայրեր։ Բնական է՝ ավերվել է, մեր նախնիները կրկին այն վերակառուցել են ու ամրացել մեջը։

2022 թվականից Արուճ գյուղի ամրոցում, որը տեղացիաները կոչում են «Ձորի բերդ», հայ-իտալական հնագիտական արշավախումբն իրականացրել է ուսումնասիրություններ ու պԵղումներ, որի արդյունքն է վերջերս լույս տեսած գիրքը։ Հունիսի 1-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի կլոր դահլիճում կայացավ «Aruch. Rediscovering A Medieval Armenian Capital (Archaeological Campaigns 2022–2025)» գրքի շնորհանդեսը։ Ներկա էին ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտին, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանը, Իտալիայի Միջերկրածովյան և արևելյան հետազոտությունների ասոցիացիայի (ISMEO) նախագահ Ադրիանո Վալերիո Ռոսսին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) տնօրեն, պ․ գ․ դ․ Արսեն Բոբոխյանը, հնագետներ, պատմաբաններ, արշավախմբի անդամներ, հյուրեր։

Բացման խոսքով հանդես եկավ ՀԱԻ տնօրեն Ա․ Բոբոխյանը՝ կարևորելով հայ-իտալական հնագիտական ուսումնասիրությունները ու պեղումներ իրականացրած արշավախմբի աշխատանքները և արժեքավոր գիտական աշխատության հրատարակումը։ Ասաց․ «Աշխատությունը միջազգային գործընկերների հետ տարիների համատեղ գիտական աշխատանքի և արդյունավետ համագործակցության արդյունք է։ «Սա մի փայլուն հրատարակություն է, որին մենք երկար ենք սպասել»։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտին՝ բարձր գնահատելով հայ-իտալական համագործակցությունը։ «Արուճը Հայաստանի, միաժամանակ համամարդկային ժառանգություն է։ Մեր հավակնությունն է՝ Արուճը վերածվի հայ-իտալական հարաբերությունների փայլուն օրինակի։ Այս գեղեցիկ տարածքը պետք է վերածել նաև գրավիչ վայրի, որը թույլ կտա ունենալ տնտեսական հնարավորություններ և գրավել զբոսաշրջային մեծ հոսքեր։ Սրան հասնելու համար պետք է բոլորս միասին աշխատենք՝ հստակ ունենալով մեր նպատակները և կիսվելով մեր ջանքերով և աշխատանքով», -ասաց դեսպանը։ Աշխատությունը կարևորեց և հնագիտության ոլորտում հայ-իտալական համագործակցությունը բարձր գնահատեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանը՝ տեղեկացնելով՝ իտալացի հնագետներն աշխատում են նաև Դվինում՝ հնագետ Համլետ Պետրոսյանի հետ, այլ հնավայրերում։ Անդրադառնալով գրքի կառուցվածքին՝ ասաց․ «Աշխատությունը բաղկացած է երկու փոխկապակցված մասերից։ Առաջին մասում ներկայացված են հնագիտական հետազոտությունների արդյունքները, երկրորդ մասում անդրադարձ է կատարվում հուշարձանի պահպանության, վերականգնման և զբոսաշրջային ներուժի հետ կապված հարցերին։ Սա նոր մոտեցում է, երբ մեկ հրատարակության շրջանակում փոխկապակցվում են այս հարցերը։ Այդ առումով աշխատությունը գիտամեթոդական կարևոր նորություն է հնագիտության ոլորտում»։

Հայ-իտալական հնագիտական արշավախմբի աշխատանքները կարևորեց ու հրատարակված գրքի մասին անդրադարձավ ISMEO-ի նախագահ Վալերիո Ռոսսին։ Նա ներկայացրեց իր նախագահությամբ գործող կառույցի համագործակցության արդյունքները Հայաստանի հետ և հավաստեց՝ այն լինելու է շարունակական։ Իրենց աշխատանքը ներկայացրին գրքի համահեղինակները՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական քարտուղար, Արուճի հնագիտական արշավախմբի ղեկավար Աստղիկ Բաբաջանյանը և ISMEO-ի փոխնախագահ, Արուճի հնագիտական արշավախմբի ղեկավար, AICS գործակալության Արուճի նախագծի պատասխանատու Սերջիո Ֆերդինանդին։ Արուճի միջնադարյան պատմամշակութային ժառանգության մասին գիտական նոր հատորը ներկայացնում է հայ-իտալական հնագիտական համագործակցության չորս տարվա արդյունքները և առաջարկում հնավայրի համապարփակ վերագնահատում՝ որպես միջնադարյան Հայաստանի քաղաքական, մշակութային և տնտեսական նշանակալի կենտրոն: Ուսումնասիրության առանցքը միջնադարյան ամրոցն է, որը ներկայացվում է Արուճի ավելի լայն կառուցապատված և մշակութային լանդշաֆտի համատեքստում՝ վերակառուցելով դրա ճարտարապետական հորինվածքը, ֆունկցիոնալ տարածքները և բնակեցման, վերօգտագործման և փոխակերպման երկարաժամկետ հաջորդականությունները միջնադարից մինչև վաղ ժամանակակից շրջանը: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Արուճը, համատեղելով կրոնական և աշխարհիկ իշխանությունը և ունենալով զարգացած ամրաշինական և ենթակառուցվածքային համակարգ, ոչ միայն բնակավայր կամ ճանապարհային կանգառ էր, այլև միջնադարյան կյանքի բազմաֆունկցիոնալ և աշխույժ կենտրոն: Գրքի երկրորդ բաժինն անդրադառնում է մշակութային ժառանգության դերին՝ որպես գյուղական զարգացման կայուն շարժիչ ուժ, և ներկայացնում Արուճի պահպանման, վերականգնման և արժևորման ընթացիկ ծրագրերը՝ նպատակ ունենալով ներառել հնագիտական հետազոտությունները ժառանգության կառավարման և էկո-հնագիտական պուրակի զարգացման մեջ: Ներկայացման ընթացքում էկրանին ցուցադրվում էին կատարված աշխատանքին վերաբերող լուսանկարներ։ Վերջում եղավ քննարկում հետագա ծրագրերի, միասին աշխատելու վերաբերյալ։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ