/գրքի շնորհանդես/
Ես հայ չեմ, բայց ես ինձ ղարաբաղցի եմ համարում…

Սերգեյ Օգոլցով
,,Հայոց աշխարհաժողով,, շարժումը մի հրաշալի նախաձեռնություն էր կազմակերպել Երևանի ,,Թեքեյան,, մշակութային կենտրոնում՝ ընթերցասեր հասարակության ուշադրությունը հրավիրելով ռուս գրող Սերգեյ Օգոլցովի՝ վերջերս հրատարակած <<Реквием по корневой системе>> գրքի շնորհանդեսին:

Սերգեյ Օգոլցովը այն քչաթիվ ղարաբաղցիներից է, որը մնաց ապրելու 2023 թվականի Արցախի հայաթափումից հետո:
Ինչու՞ և ի՞նչ նպատակով նա մնաց Ստեփանակերտի իր տանը, ինչպե՞ս էին նրան վերաբերվում ադրբեջանցիները, ու արդյո՞ք քաղաքն իրոք բնակեցրել էին. այս և այլ հարցերի պատասխանում է հենց ինքը՝ ականատեսը:
Երեսուներեք տարեկան էր, որ Արևմտյան Ուկրաինայից՝ Իվանո-Ֆրանկովսկից, տեղափոխվեց Արցախ և 1987 թվականին բնակություն հաստատեց Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում, որն իր համար ամենադրախտային անկյունն էր: Հայրը ռուս էր, մայրը՝ ուկրաինացի: Սովորել է մանկավարժական ինստիտուտի անգլերենի բաժնում: Ընդդիմադիր հայացքների համար հետապնդվել է խորհրդային տարիներին: Հետո դարձել է քարտաշ, որմնադիր՝ չորրորդ կարգի: Ճակատագրի բերումով է հայտնվել Ղարաբաղում ու վկա դարձել այդտեղ կատարվող իրադարձություններին:
2020-ից առաջ Քաշաթաղի Եզնագոմեր գյուղում իր ձեռքով տուն է կառուցել ու ապրել այնտեղ: Ընկերների ու հարազատների հորդորով՝ 2020-ից հետո տեղափոխվել է Ստեփանակերտ ու միացել իր ընտանիքին: Օգոլցովի գլխով շատ բաներ են անցել, բայց որ կտեսներ Արցախը հայաթափված, մտքով անգամ չէր անցել: Ինչ տեսել ու զգացել էր Ղարաբաղում, այն էլ գրել է այն ժամանակ, երբ այլևս այնտեղ հայ չէր մնացել: Հայաթափումից հետո՝ ութ ամիս շարունակ, գրողը ապրել է այնտեղ: Լսել է հայրենի գյուղը լքողների ողբը ու տեսել գաղթի ճանապարհը բռնած անվերջանալի քարավանները, զգացել է հայաթափված գյուղերի անշնչությունը ու վերապրածը հանձնել թղթին՝ վերնագրելով այն <<Реквием по корневой системе>> /,,Արմատային համակարգի եղերերգը,,/ խորհրդանշական անվանումով:
,,Հայոց աշխարհաժողով,, հայրենատիրական շարժման անդամ Արտաշես Բախշիյանը պատմում է, որ պատահական է հանդիպել ազգությամբ ռուս Սերգեյ Օգոլցովին, լսել նրա պատմությունը և աջակցել գրքի հրատարակությանը: Սերգեյի ճակատագիրը նման է արցախցի 120 հազար հայերի ճակատագրին: Գիրքը նրա անձնական վկայությունն է հայրենազրկված արցախցիների ապրած ցավի ու դաժան իրականության մասին, որը փաստում է այն ճշմարտությունը, որ ադրբեջանցիների հետ հնարավոր չէ բարիդրացիությամբ ապրել: Համակեցությունն անհնարին է:
Արտաշես Բախշիյանն ավելացրեց, որ շատերն այն կարծիքին էին, որ նման գրքի ժամանակը չէ, սակայն ինքը համառել է ու պնդել հակառակը: Գիրքը շուտով լույս կտեսնի նաև հայերեն ու անգլերեն:
Գիրքը եռամաս է. առաջին մասը պատմում է Արցախի շրջափակման, սովի, հացի հերթերի մասին… Երկրորդում մինչև 2023-ի տեղահանությունը եղած իրադարձություններն են՝ մարդկանց ապրումները, ինչպես են իրերը դասավորում, նկարներն այրում, մտորում կատարվածի մասին: Երրորդ մասը պատմում է ադրբեջանցիների հետ շփումների մասին:
,,Ես հայ չեմ, բայց ես ինձ ղարաբաղցի եմ համարում,- արցախյան անվարժ բարբառով ասում է Սերգեյ Օգոլցովը երդումի նման,- Արցախը իմ սրտում է…,,:
Գրողը խոստովանում է, որ դժվար էր և՛ շրջափակման, և՛ պատերազմի օրերին, բայց ամենացավոտը Երևան մեկնող վերջին ավտոբուսը ճանապարհելուց հետոն էր: Նա այդ ավտոբուսներից մեկով ճանապարհել էր կնոջը՝ Սաթիկին, ու քայլում էր ուրվական դարձած քաղաքով:
Հայաթափումից ամիսներ անց՝ 2024-ին, երբ ադրբեջանցիներն առաջարկել են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել, իրեն ղարաբաղցի համարող գրողը հրաժարվել է ու տեղափոխվել Երևան՝ միավորվելով ընտանիքի հետ:
,,Հայոց աշխարհաժողով,, շարժման անդամ Արտաշես Բախշիյանն այն կարծիքին է, որ գրքի նարատիվները համահունչ են այսօրվա հայ քաղաքական իրականության մեջ շրջանառվող այն տեսակետներին, թե կարելի է ադրբեջանցիների հետ ապագա կառուցել: Գրքի հրատապ տպագրությունը նպատակ ունի մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ խորհելու հնարավորություն տալ ընտրություններից առաջ և լուրջ քայլեր կատարել:
,,Կաճառ,, գիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան Մհեր Հարությունյանը նշեց, որ գիրքը հեշտությամբ չի կարդացվում՝ ոչ թե ժանրային առանձնահատկություններով պայմանավորված, այլ նրա համար, որ նորից պահանջվեց վերապրել այն ծանր իրականությունը, որ պատել էին արցախցիներին, որոնք թողնված էին բախտի քմահաճույքին: Գիրքը բարդ է այն առումով, որ շատերս դեռ չենք հասցրել կատարվածը անցկացնել մեր սրտի պրիզմայով ու լրիվությամբ գիտակցել եղածը: Այն ստեղծագործական կամ հուշագրական երկ չէ. գիրքը միաժամանակ վկայություն է, հոգեբանական փաստաթուղթ, մարդկային դիմադրության յուրօրինակ տարեգրություն: Արցախի մասին շատ պատմություններ են գրվել, սակայն Օգոլցովի գրքի արժեքն այն է, որ չի պատմում պատերազմի կամ դիվանագիտության մասին: Այն պատմում է մարդու մասին, որը կանգնած է հացի հերթում, մարդու, որը շրջափակման պայմաններում փորձում է մի կտոր հացը բաժանել երկու օրվա միջև: Մարդու, որը հասկանում է, որ փլուզվում է իր աշխարհը, բայց շարունակում է մտածել ու գրի առնել: Գիրքը թույլ է տալիս մեզ տեսնել շրջափակումը ոչ թե վիճակագրությամբ, այլ մարդկային ճակատագրերի մակարդակով:
Հեղինակը գրքում շատ է օգտագործել հեգնանքը, սարկազմը՝ որպես թեմայի անցումների միջոց, որով էլ պահպանել է մարդու ազատ մտածելու կարողությունը անգամ այդպիսի անմարդկային պայմաններում: Սրանք հոգեբանական պաշտպանության ձևեր են: Կարծես հեղինակը փորձում է ասել. ,,Դուք կարող եք վերցնել իմ քաղաքը, իմ տունը, բայց դեռ չեք վերցրել իմ մտածելու իրավունքը,,: Գիրքը գրվել է ոչ թե խաղաղ, հանգիստ պայմաններում, այլ օկուպացված քաղաքում, որտեղ ամեն ինչ անորոշության մշուշով է պատված: Նման պայմաններում գրելը դիմադրության ու գոյատևման միջոց է, հոգեկան հավասարակշռությունը պահպանելու հնար:
Իսկ ի՞նչ կատարվեց գաղթից հետո… Դրա պատասխանը ևս տալիս է Օգոլցովի գիրքը, որը հետագայում ծառայելու է որպես պատմական սկզբնաղբյուր:
,,Եթե փաստաթղթերը պատմում են գաղթի վիճակագրությունը, ապա նման գրքերը պատմում են, թե ինչ է զգացել մարդը: <<Реквием по корневой системе>>-ը ոչ միայն Արցախի կորստի, այլև հայրենիքի մասին է, գիրք՝ մարդկային արժանապատվության մասին, գիրք՝ ներքին ազատության մասին, այն մասին, թե ինչպես կարելի է կորցնել ամեն ինչ, բայց չկորցնել մտածելու, հիշելու և պատմելու կարողությունը,, ,- իր խոսքն այսպես ավարտեց Մհեր Հարությունյանը:
Անդրանիկ Ռոմանովը հատվածներ կարդաց Օգոլցովի գրքից:
Ելենա Շուլաևան շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք աջակցեցին գիրքը տպագրելու գործընթացին:
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ