ԱՐՑԱԽՑԻ ՄԱՐԶԻԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՐԶՎԵԼ ՆՈՐ ԹԱՓՈՎ

Մինչեւ 2023 թ. չարաբաստիկ սեպտեմբերը «Լուսարար»-ը պարբերաբար անդրադառնում էր Արցախի մարզաշխարհի լուրերին, մեր մարզիկների կյանքին ու գործունեությանը, հետեւում նրանց մարզական անցուդարձին: Բռնի տեղահանվելուց հետո մեր մարզիկներից ու մարզիչներից շատերը տեղավորվել են Հայաստանի տարբեր մարզերում եւ փոքր-ինչ դադարից հետո փորձում են վերամիավորվել ու վերսկսել մարզական գործունեությունը: Առաջիկայում անդրադառնալու ենք նրանց՝ փորձելով պարզել, թե ինչ ճակատագրեր ունեցան մեր մարզիկներն ու մարզիչները եւ ինչպես են պատրաստվում վերականգնել մարզումները նոր պայմաններում: Նախաձեռնությունը ողջունվեց, եւ առաջինը մեզ հետ զրուցեց ավանդական կարատե-դոյի մարզիկ Նարեկ Բարսեղյանը:

Նարեկ Բարսեղյանը ծնվել է 2007թ. օգոստոսի 28-ին Արցախի Այգեստան գյուղում: Սովորել է Ասկերանի Էդ. Բարսեղյանի անվան դպրոցում, հետո ընդունվել Շուշիի տեխնոլոգիական քոլեջը: Նարեկը վեց տարեկան էր, երբ Ասկերան քաղաքում բացվեց ավանդական կարատե դո մարտարվեստի խումբ: Նա տեսավ այդ մարտարվեստի պարապմունքները, ցանկացավ, որ ինքն էլ մարզվի: Շուտով սկսեց հաճախել պարապմունքների մարզիչ Տիգրան Գեւորգյանի մոտ, որը հանձն էր առել Ստեփանակերտում պարապմունքներ անցկացնելուց բացի Ասկերանի երեխաների եւ պատանիների համար եւս ավանդական կարատեի մարզումներ անցկացնել:

Մարզիչը, ինչպես որ վայել է Սենսեյին,  սիրով ու հարգանքով է բնութագրում իր լավագույն սաներից մեկին. «Նարեկը պարտաճանաչ ու կարգապահ իմ այն մարզիկներից է, որոնք վաղուց ինձ մոտ գոհունակության ու հպարտության զգացումներ են առաջացնում: Երբ Ասկերանում ավանդական կարատե-դոյի խումբ բացվեց, Նարեկը եղավ ոչ միայն պարապմունքի հաճախող առաջին աշակերտներից մեկը, այլեւ  իմ առաջին այն աշակերտը, որը հանձնեց  սեւ գոտու քննություն եւ ստացավ առաջին դան: Սա առիթ էր, որ առանձնացնեի նրան,  մեծավարի վերաբերվեի նրա հետ, այսինքն՝ ոչ միայն որպես սանի, այլեւ պահեի կողքիս, որ նա  ինձ օգնի պարապմունքների ժամանակ եւ այդպիսով ավելի լավ սովորի ու տիրապետի ավանդական կարատեն: Տեսնելով նրա մեջ մեծ սեր եւ նվիրվածություն մարտարվեստի հանդեպ՝ մարզչական գործով զբաղվելու հեռանկարներ էի նկատում նրա մեջ, այդ պատճառով էլ ձգտում էի, որ  սովորի, թե ինչպես է պետք  բացատրել սկսնակներին, և նրա համար հասանելի էի դարձնում կարատեի մարզչական նրբությունները: Ինքն էլ դրանով ավելի էր պատասխանատու դառնում: Եղել է դեպք, որ չեմ կարողացել ներկայանալ պարապմունքի հարգելի պատճառով, կամ մինչեւ պարապմունքի հասնելու երկար ճանապարհն էի հաղթահարում՝ տեսնում էի, որ Նարեկն արդեն մարզադահլիճի դուռը բացել է, խումբը շարվել է, նախավարժանքն սկսել է: Կարատեում մարզչի օգնականը կոչում է, որին ոչ բոլոր մարզիկները կարող են արժանանալ, իսկ Նարեկը լիարժեք կարող էր կրել Սեմպայի կոչումը: Մեր մարզիկների ծնողներից հաճախակի էի գոհունակության խոսքեր լսում՝ Նարեկին ուղղված: Շրջափակման ժամանակ Ասկերանից բացի նաեւ Ստեփանակերտի իմ խմբերում էր որպես սեմպայ աշխատում մարզիկների հետ: Շուրջ հիսուն մարզիկ ենք միասին մարզել Ստեփանակերտում: Վառելիքի բացակայության պայմաններում, երբ սուղ էին տրանսպորտային միջոցները, Նարեկը կարողանում էր մի ելք գտնել ու Ասկերանից գալ Ստեփանակերտ՝ իր մեծ ցանկությամբ մարզիկների հետ աշխատելու համար»:

Նարեկ Բարսեղյանը   ավանդական կարատե դո մարտարվեստի  Արցախի չեմպիոն է, մեդալակիր ու գավաթակիր, ՀՀ երկակի չեմպիոն, մեդալակիր, գավաթակիր:

Մարզիչն ասում է, որ Հայաստանում մասնակցած մրցաշարերից Նարեկը վերադառնում էր որեւէ մրցաձեւում եթե ոչ առաջին, ապա անպայմանորեն մրցանակային տեղով: Ե´վ որպես կարատեիստ է լավը՝ համեստ, հավասարակշռված, ե´ւ որպես շփման կուլտուրա ունեցող, մարզիկների եւ նրանց ծնողների հետ հեշտ լեզու գտնող մարդ: Կարելի է ասել, որ Նարեկն իսկական կարատեիստի կերպար ունեցող անձնավորություն է:

Նարեկի հետ զրույցի ժամանակ պարզեցինք, որ բռնի տեղահանվելուց հետո բնակվում է Հայաստանի Գեղանիստ գյուղում, որտեղից հնարավորություն է գտնում գնալ մարզումների «Մալաթիա»-ում Տիգրան Գեւորգյանի կողմից բացված ավանդական կարատե դոյի նոր խմբում: Շարունակելու է օգնել մարզչին սկսնակ մարզիկներին ավանդական կարատեի հնարներն ու նրբությունները փոխանցելու հարցում, ինչպես նաեւ նոր թափով է վերսկսելու իր մարզումները: Այն հարցին, թե ինչ խնդիրների է հանդիպում սպորտի ոլորտում, նպատակասլաց մարզիկը պատասխանում է, որ խնդիր չկա, հակառակը՝ կարատեն ու դրանով պարապած լինելն օգնում են, որ ավելի հեշտ հասնի իր առջեւ դրված նպատակներին:  Ցանկանում է քոլեջն ավարտելուց հետո մտնել ծառայության որպես փրկարար: Մարզված լինելը թույլ է տալիս լավագույնս դրսեւորել իրեն փրկարարական բարդ ու պատասխանատու գործում: Իսկ որպես նպատակների համագումար՝ Նարեկը նշում է համախմբվածությունն ու միասնականությունը, որի շնորհիվ կհաջողվի ջախջախել թուրքին ու հնարավորություն կլինի վերադառնալ մեր տները:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ