ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՍՏԱՑՈՒՅՑ 1988թ․ՄԱՅԻՍԻ մայիսի 25-ԻՑ

1988թ մայիսին Արցախյան շարժումն անկում էր ապրում։ Հայկական պատվիրակությունը Մոսկվայից վերադարձել էր ձեռնունայն։ Ցերեկը միտինգ եղավ օպերայի հրապարակում, ելույթ ունեցողներից ոմանք հավաստիացրին, որ Արցախի հարցը դեռ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի ու Կենտկոմի Քաղբյուրոյի կողմից քննարկվում է։ Սակայն իրականում Գորբաչովն ասել էր՝ վերջ․ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում։ Եվ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի 220 լսարանում, ոտեղ 88-ի փետրվարից շատ ժողովներ էին լինում, հերթականում որոշվեց օպերայի շենքի աստիճաններին իրականացնել Նստացույց։ Երեկոյան մի քանի տասնյակ ուսանողներով, նաև դասախոսներ, սկսեցինք նստացույցը։ Սկզբում ոստիկանության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները մոտեցան, իմացան մեր անելիքը։ Սկսեցին համոզել, որ տուն գնանք, իրենք էլ՝ իրենց գործին։ Բայց մենք վճռել էինք՝ պետք է կրկին ոտքի հանել մեր ժողովրդին, այլապես Արցախը մնալու է Ադրբեջանի իշխանության տակ։ Ու մնացինք գիշերը օպերայի հրապարակում, որ արդեն Ազատության հրապարակ էինք կոչել։ Երեկոյան բանասիրական ֆակուլտետի բուֆետապան Ֆելոն հավաքել էր բուֆետի խաչապուրիներն ու բերել էր հրապարակ: Մնացինք մինչ լուսաբաց։ Մեզ հետ մնացին նաև ոստիկանները և, ի պատիվ իրենց, մնացին որպես հսկիչ։ Գիշերը հնչում էին ռազմահայրենասիրական երգեր, Շիրազի ու Սևակի գործերից։ Առավոտյան նույն ոստիկանները նաև սնունդ բերեցին, ասացին՝ ճիշտ է մեր արարքը։ Մեր գործողությունն արդյունք տվել էր Կրեմլին տեղեկացրել էին արդեն։ Շուտով մեզ միացան նաև երևանյան այլ բուհերի, տեխնիկումների ուսանողներ։ 2-3-րդ օրերին արդեն բազմամարդ էր Ազատության հրապարակը, սկսվեցին միտինգներ։ Այդ օրերին մեզ՝ ուսանողներիս, մենակ չթողեցին նաև մեր դասախոսները՝ Հովհաննես Բարսեղյանը, Վազգեն Գևորգյանը, Գուրգեն Մելիքյանը, Վազգեն Սաֆարյանը, Յուրա Հովսեփյանը, շատերը։ Հրապարակ էին գալիս նաև Գառնիկ Անանյանը, Սեյրան Ամիրյանը, այլք։ Այդ օրերին նաև պատրաստվում էինք քննություններին, հաճախ տեղում քննություն ու ստուգարք հանձնում։ Նստացույցին միացան նաև շատ երիտասարդներ տարբեր վայրերից։ «Աշխարհազոր» կոչեցինք ոչ ուսանողներին։ Ընթացքում ծանոթացանք, ընկերացանք։ Հետագայում արդեն շատ «աշխարհազորայիններ» և ուսանողներ ստեղծեցին ռազմական միասնական խմբեր, որոնք էլ դարձան Հայոց վերակազմավորվող բանակի ծիլերը։ Ուսանողական առաջին նստացույցը Խորհրդային Միությունում մեծ արձագանք գտավ։ Նույն նստացույցի օրերին արդեն սկսվեց  ազգային ազատագրական շարժում։ Բացի «Արցախ-Ղարաբաղ», «Միացում» կանչելուց, հրապարակում լսվեցին «Ազատություն», «Անկախություն», «Ազգային ինքնորոշում» և նման այլ խոսքեր։

Նույն օրերին՝ մայիսի 28-ին, առաջին անգամ Երևանում նշվեց նաև Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրը։ Մովսես Գորգիսյանի կողմից Ազատության հրապարակում ծածանվեց Հայոց Եռագույնը՝ առավել ոգեշնչելով մեր ժաղովրդին։ Նստացույցի 20-րդ օրը՝ հունիսի 15-ին, ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը, միլիոնի հասնող ցուցարարների ճնշմամբ, միաձայն որոշում ընդունեց՝ կատարելով նստացույցի պահանջները։ Այդ օրը ցուցարարների հիմնական մասը շարժվեց Բաղրամյան փողոցով դեպի ներկայիս Ամերիկյան համալսարանի շենք, որտեղ կայանում էր նիստը։ Նստացույցի առաջին օրվա մասնակիցների մեծ մասը մնացինք տեղում։ Իմանալով Գերագույն խորհրդի որոշման մասին՝ տոնական խմբով շարժվեցինք դեպի պետական համալսարան։ Հիշում եմ՝ երգում էինք

Ով որ Քաջ է, ինչ կսպասե,
Արդեն ժամանակն է, թող գա,
Մահ – պատերազմի օրհաս է,
Ազատություն սիրող թող գա
․․․»։

Երևանի պետական համալսարանի կենտրոնական մուտքի մոտ՝ դարձյալ քարե աստիճաններին, նստեցինք, տոնեցինք մեր հաղթանակը։

Անցել է ուղիղ 35 տարի այդ օրերից, որոնք վճռական եղան մեր պատմության ընթացքում։ Իհարկե, Արցախն ազատագրեցինք երկարատև ու ծանր պատերազմի շնորհիվ։ Հաղթեցինք թշնամուն, պարտադրեցինք զինադադար, սակայն մինչև վերջ տեր չմնացինք մեր հաղթանակին։ Նույն նստացույցի մասնակից հազարավոր տղաներ դարձան զինվոր ու կերտեցին հաղթանակ, շատերը՝ իրենց կյանքով, շատերը՝ դառնալով խեղանդամ, շատերը՝ մաքառումով։ Այսօր էլ շատերը, նաև իմ մարտական ընկերները, թեկուզ ժամանակին վիրավորվել են, կորցրել են առողջություն, հայրենիքի պաշտպան են մասնակից եղանք 2016-ի Ապրիլյան, 2020-ի 44-օրյա պատերազմներին։ Նաև նահատակվեցին շատերը։ Այսօր  դարձյալ Արցախը փրկելու ժամը հասունացել է, քան երբևէ։ Իսկ դրա միակ երաշխավորը դարձյալ մենք ենք՝ հայերս։

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Նստացույցի մասնակից