«Այս մի կատարյալ անձնազոհություն էր: Շաբաթներով
նա ապրել է այնպիսի սարսափների մեջ, որոնց
չոր ու ցամաք թվարկումն անգամ մարդու արյուն էր սառեցնում»։
Լեո

1915 թ․ համազգային աղետը ժամանակակիցներից յուրաքանչյուրը յուրովի է ապրել: Այդ չտեսնված սոսկալի աղետը մահաստանի էր վերածել ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանը, որտեղ գաղթականության կենտրոն էր դարձել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Ժամանակակիցների վկայությամբ՝ Էջմիածինն էլ այն ժամանակ մահաստան էր դարձել, և որևէ մշակութային գործիչ այդտեղով չէր անցնում: Հանճարեղ Սարյանը, որ դրամական օգնություն էր Էջմիածին հասցրել, մի քանի րոպե այնտեղ գտնվելով՝ ուշաթափվել է: Համատարած տառապանքի, թշվառության, սովի, համաճարակի, մահվան ու թաղումների մեջ, սակայն, կար մի լուսավոր կերպար, որին խոչընդոտ չէին ո՛չ համաճարակը, ո՛չ քաղցը, ո՛չ հոգեկան տառապանքն ու հոգնածությունը, ո՛չ իր իսկ վատառողջ լինելը․ «Հովհաննես Թումանյանն այդ դժոխքի մեջ է գործում, բարեբախտաբար չի գժվում»,— գրում է Լեոն:
Ժամանակակիցները տարբեր կերպ են ներկայացրել Հովհաննես Թումանյանի՝ 1915 թ․ որբախնամ գործունեությունը, բայց այսօր վերաիմաստավորելով ու վերարժևորելով դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերը, որ հոր հետ Էջմածնում էր՝ որբերի կողքին, վերլուծելով արխիվային նյութերն ու փրկված որբերի հուշերը՝ գալիս ենք այն համոզման, որ որբերին ապաստան տալուց, կերակրելուց, կարիքները հոգալուց բացի՝ Ամենայն հայոց բանաստեղծը նաև հոգեամոքող դերակատարություն է ունեցել գաղթական հազարավոր երեխաների ու պատանիների համար: Ավելին՝ նրա գործունեության մեծ մասն ակամայից ուղղված էր որբերի ու գաղթականների հոգեկան վերքերի ու հարվածների խմբային հաղթահարմանը: Նրա հոգատարությունն օգնում էր երեխաներին վերականգնել անվտանգության զգացումը, վերակառուցում էր վստահությունը մարդկանց և աշխարհի նկատմամբ, հնարավորություն տալիս արտահայտելու ճնշված հույզերը՝ առանց բառերի, ստեղծում խմբային ջերմ մթնոլորտ: Այս մոտեցումը շատ մոտ է ժամանակակից հոգեբանության մեջ կիրառվող մեթոդներին, օրինակ՝ խաղային բուժմանը: Կարելի է ասել՝ Թումանյանը ներըմբռնողական ձևով կիրառում էր այն, ինչ այսօր գիտականորեն հիմնավորված է։ Ավելին՝ նա կարևորում էր ոչ միայն անհատի, այլև ամբողջ համայնքի հոգեկան վերականգնումը։
Ժամանակակիցների հուշերի մեծ մասը վկայում է բանաստեղծի ապրումակցման բարձր մակարդակը: Զապել Եսայանը գրում է. «Ոչ ոք այդ շրջանին այնքան խոր հասկացողությունով իր սրտագին և հուզիչ բարեկամությունը չէր ընծայեր ինձ, որքան Հովհ. Թումանյանը: Իմ առաջին տպավորությունները այդ
մեծ պոետեն գլխավորապես կը կայանան այն բանին մեջ, որ կը զգայի իր
պաշտպանությունը, իր հովանավորությունը և սրտակցությունը, որոնք միշտ
շնորհեր է ինձ ինքնաբերաբար: Եվ անիկա այդ նույն վարմունքը ունեցած
է բոլոր անոնց նկատմամբ, որ հրաշքով ազատված էին պատերազմի
աղետներեն»:

Թումանյանը հավաքագրում և որբանոցներում տեղավորում էր բազմաթիվ որբ երեխաների: Գթության քույրերից մեկը գրում է. «…․Այդ օրն ինձ հետ էր Հովհաննես Թումանյանը, որ բավականին ժամանակ Վաղարշապատում էր: Մի արտի մոտով անցնելիս նա սայլապանին խնդրեց, որ կանգնի ու ինձ ցույց տվեց արտի մեջ: Նայեցի, իրոք, կարծես թե երեխա կար: Գնացի: Կմախքացած երեխա էր՝ արտի մեջ նստած: Ինձ չնայեց: Բոլորովին հյուծված էր, մահվան մոտ: Մեքենան ձեռքիս մոտեցա, որ գլուխը խուզեմ ու սարսափեցի: Ամբողջը ոջիլ էր՝ մազերին, հագուստին: Վխտում էին, ազատ տեղ չկար: Այնպիսի զզվանք զգացի, որ ետ դարձա սայլի մոտ: Թումանյանը հարցական նայեց:
— Չեմ կարող, պարոն Թումանյան, անհնար է:
Ու պատմեցի: Թումանյանը թե՝
— Հա, հասկանում եմ: Տո՛ւր մեքենան:
Առավ ու մտավ արտը: Խուզեց երեխայի գլուխը, հետո գրկեց, բերեց դրեց սայլի մեջ…»: Իսկ դուստրը՝ Նվարդ Թումանյանը, որ այդ ծանր ու դժնդակ օրերին հայրիկի հետ էր և որպես գթության քույր՝ խնամում էր որբերին, գրում է. «Հայրիկը, թիկնոցի մեջ փաթաթված, տեղատարափ անձրևի տակ առաջ էր գնում, նրան հետևում էր հազարավոր գաղթականությունը` իրենց կապոցներով, երեխաներով` նույնիսկ հարազատների դիակներով…․ Սարսափելի տեսարան էր…․ Այդ միջոցին հայրիկը հիշեցնում էր «Աղավնու վանքի» հայր Օհանին»:
Թումանյանի ինքնաբուժող, ինքնամոքող գործունեության հատկություններից էին որբերի նկատմամբ տածած հոգևոր ու բարոյական աջակցությունը, անսահման մարդասիրությունը, բարությունը, արժեքների սերմանումը բռնագաղթի ենթարկված երեխաների հոգիներում: Թումանյանի կերպարի սքանչելիությունը, հոգեկան մեծ ուժը արտահայտվել են նաև նրանում, որ որբերին ընդունելուց, տեղավորելուց ու նրանց առաջին անհրաժեշտության խնդիրները լուծելուց հետո (նրա անմիջական ղեկավարությամբ բացվել է 5 հիվանդանոց` 500 մահճակալով, որբանոց` մոտ 3000 երեխայի համար) նա ձեռնամուխ եղավ նրանց զբաղեցնելու ուսուցողական խաղերի ստեղծմանը: Իրականում դա խմբային հոգեկան վերքի հաղթահարման միջոց էր․ «…․էս խառը ժամանակը ես էլ, ի միջի այլոց, զբաղված եմ և՛ հայրենագիտական, և՛ ուրիշ տեսակի խաղալիքներով — ասում եմ՝ գուցե դրանով էլ մեր մանուկներին մի բանով օգնած լինենք — հայանալու և մարդանալու…. Էսպիսի ժամանակներում ոմանք իրենց գինուն են տալիս, ոմանք՝ լռում ու ինքնամփոփ դառնում, ես որոշեցի էս տեսակ մի բան անեմ, օգուտ որ չլինի, վնաս հաստատ չի լինի»,— գրում է սեփական ժողովրդի նկատմամբ անսահման սիրով և լավատեսությամբ տոգորված բանաստեղծը: Դա որբերի մանուկ հոգեաշխարհը վերականգնելու, վախն ու լարվածությունը մեղմելու, ջերմ, հոգատար մթնոլորտ ստեղծելու խմբային աջակցության մեթոդ էր, որը, անշուշտ, թողել է իր հոգեամոքիչ ազդեցությունը: Որբերը միավորվեցին խաղային գործունեության շուրջ, և խաղը դարձավ խմբային հոգեհարվածի հաղթահարման թումանյանական նախօրինակ: Ստեղծված խաղերը հայրենաճանաչողական էին: Բանաստեղծը գրում է. «…․Կաշխատենք․… ծանոթություն տալ թե՛ Հայաստանի, թե՛ Կովկասի ջրերից, լեռներից, լճերից, կենդանական ու բուսական աշխարհից…․ որ մեր երեխաներն ու պատանիները ճանաչեն ու սիրեն իրենց հայրենիքը: Սիրեն ոչ թե կույր ազգասերի սիրով, այլ գիտակից, ինտելիգենտ մարդու սիրով, որ սերն ազնիվ լինի, առողջ ու բովանդակալի»:
«Հայոց գետերը», «Թանկագին քարեր», «Հայկական առածանի», «Աստղերի խաղ», «Հայկական հանելուկներ». այս խաղերը դարձան որբերի հոգեամոքման և մղձավանջային հիշողության հաղթահարման մի միջոց:
«Հայոց գետերը» խաղի շնորհիվ, օրինակ, երեխան 69 գետի անուն էր սովորում` թե՛ պատմական, թե՛ ժամանակակից Հայաստանի գետերից: 69 խաղաթղթերը բաժանվում էին խաղացողների միջև, որոնք պետք է հավաքածուներ կամ ավազաններ կազմեին: Խաղացողներից մեկը, ով սկսում է խաղը, խաղընկերոջից խնդրում էր համապատասխան խաղաթուղթը: Եթե վերջինս ունենում էր, ապա տալիս էր ընկերոջը, հակառակ դեպքում խաղը շարունակում էր հաջորդը: Հաղթում էր նա, ով առաջինն էր հավաքում տվյալ ավազանին պատկանող գետերի խաղաթղթերը:
Խաղն ունի նաև հավելված-գրքույկ, որտեղ Թումանյանը մեծագույն սիրով, խնամքով ու հոգածությամբ հավաքել-զետեղել է համապատասխան հատվածներ տարբեր հեղինակների գեղարվեստական գործերից, ինչպես նաև հետաքրքիր պատմություններ, ավանդազրույցներ այս կամ այն գետի վերաբերյալ: Գրքույկում տեղ են գտել գետերի լուսանկարներ, գետերում և շրջակա միջավայրում առկա կենդանական ու բուսական աշխարհ, ջրի մակարդակը պատկերող գծապատկերներ և այլն: Խաղն ունի նաև քարտեզ, որը Թումանյանը հատուկ պատվիրել էր մասնագետի: Քարտեզն օգնության էր հասնում այն պահին, երբ մասնակիցներից մեկը պարտվում էր: Եթե վերջինս անսխալ ցույց կտար պահանջվող գետը, կշարունակեր խաղը: Ինքը՝ բանաստեղծը, իր իսկ ստեղծած խաղերի միջոցով հաղթահարեց այն արհավիրքը, որին ականատես էր ամեն օր: Դա ինքնաամոքման յուրատիպ դրսևորում էր նաև:
Խաղերի ստեղծման հոգեբանական ներքին պատրաստությունը զարմանալի է նաև նրանով, որ բանաստեղծն անձամբ էր մասնակցում մանուկների հուղարկավորությանը: Նա դատապարտված է եղել տեսնելու որբերի տառապանքը, անձամբ ցուցակագրելու հիվանդ և առողջ երեխաներին, մասնակցելու նրանց թաղմանը, ամեն պահի առերեսվելու նրանց անզոր և քարացած հայացքներին:
Թումանյանի որբախնամ գործունեությունը շարունակվում է երկար՝ կազմակերպչական հարցերից մինչև բարոյական ու հոգևոր աջակցություն: 1918-ին նա լրագրից պատահաբար կարդում է Վանում որբահավաք գործունեությամբ զբաղվող որդու՝ Արտավազդի գազանաբար սպանվելու բոթը: Հաջորդ օրը նրա տանը պետք է գումարվեր ՀՀՄՄ կենտրոնական խորհրդի նիստը, և նա նիստը ոչ միայն չի հետաձգում, այլև «․․․․նիստին միայն մի առաջարկ է անում՝ գումարներ հայթայթել նոր որբանոցներ բացելու համար՝ հենց այն որբերի, որոնց կյանքի ապահովության համար իր երիտասարդ կյանքը զոհեց 24-ամյա որդին»:
Թումանյանի հոգեամոքող և որբերին կյանք վերադարձնող նախաձեռնություններից մեկն էլ տաղանդաշատ որբերին հայտնաբերելն ու խրախուսելն էր: Նա «Հայ գրողների կովկասյան միության» նախագահն էր և դեմ գնալով միության սահմանադրությանն ու վարչության անդամներին՝ ստիպեց, որ միությունը որդեգրի երեք շնորհալի երիտասարդների՝ Միհրան Թութունջյանին, Նորայր Դաբաղյանին և Վաղարշակ Նորենցին: Ավելին՝ նա կազմակերպում է հիմնապաշարի հայթայթման աշխատանքներ, որպեսզի նրանք կարողանան կրթություն ստանալ: Վաղարշակ Նորենցի համար Հովհաննես Թումանյանը դարձավ «մարմնավորված երազ»՝ ոչ միայն գրական իդեալ, այլև բարոյական կատարելության մարմնացում, և նրա մոտ գնալը հետզհետե դարձավ «ներքին բուռն պահանջ»: Նորենցը գրում էր, որ Թումանյանի մեջ ինքը գտել էր այն հարազատությունը, որ որդին զգում է միայն ծնողի հանդեպ։ Այս խոսքերը լավագույնս բացահայտում են Թումանյանի դերը՝ որպես ազգային հոգևոր հոր:
Միհրան Թութունջյանի պարագայում ևս Թումանյանի աջակցությունը դարձավ գրական ինքնության ձևավորման կարևոր պայման։ Նա պատկանում էր այն երիտասարդ գաղթականների շարքին, որոնց Թումանյանը ոչ միայն փրկեց մահից ու անկումից, այլև տվեց ստեղծագործական կյանք՝ սերմանելով հավատ: Հոգեբանության լեզվով սա կոչվում է դիմակայունություն (ռեզիլիանս), այսինքն՝ ներքին՝ բանական, բարոյական և հոգևոր ուժերի մեկտեղում։ Կարելի է ասել, որ նա գործնականում ստեղծել ու կիրառել է այն, ինչ գիտությունը ձևակերպել է ավելի ուշ՝ տալով խմբային հոգեհարվածի հաղթահարում ձևակերպումը։
Այս քառյակը թերևս Ամենայն հայոց բանաստեղծի ներաշխարհի ամբողջական արտապատկերումն է.
Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել՝ լույս տըվել,
Լույս տալով եմ ըսպառվել:
Գթության քույրերի և որբերի հետ լուսանկարներում 46 տարեկան բանաստեղծը զառամյալ ծերունու տպավորություն է թողում: Նա ծերանում է ամիսների ընթացքում, մազերը ճերմակում են, բայց հոգին զարմանալիորեն պահում է անհուն լավատեսությունն ու հավատը ապագայի նկատմամբ․ «Ես համոզված եմ, որ սա վերջին ոճրագործությունը պետք է լինի էս համաշխարհային ճիվաղի, բայց թե մեզ համար էլ սոսկալի հարված կարող է լինել։ Խորհրդակցություն ունեցանք վերերի հետ, հաղորդագրություններ ու կարգադրություններ եղան արտակարգ, տեսնենք ինչ դուրս կգա։ Ամեն օր, ամեն օր նիստերի ենք, ջղային, հուզված, հոգնած։ էսօր էլ ահա երեք նիստ ունեմ։ Սպասում եմ մի մասնաժողովի, որ գալու է մոտս՝ խմբագրենք Գրողների ընկերության կոչը — հեռագրով դիմումը աշխարհքի գրեթե բոլոր ազգերի Գրական ընկերություններին, մեծ թերթերին ու նշանավոր գրողներին։
Ինձ ուզում էին ուղարկել Ռուսաստան շրջագայելու, խոսելու և նաև հանգանակության մասին հոգալու, կազմակերպելու, պիտի գնայի և Մոսկվա, բայց իմ անձնական մեղքերը ինձ հնարավորություն չեն տալիս տանից շատ հեռանալու․․․․»:
Հովհաննես Թումանյանը գթության քույրերի և որբերի հետ. Թումանյանից ձախ՝ Նվարդ Թումանյանը, Էջմիածին, օգոստոս, 1915 թ.
Լուսանկարներում՝ Սուրբ Էջմիածին, 1915 թ․
Հ․ Թումանյանը և որբերը մահացած որբի դագաղի մոտ, Սուրբ Էջմիածին, 1915 թ․
Լուսինե ՂԱՐԱԽԱՆՅԱՆ, հ․ գ․ թ․, դոցենտ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն