ԿԱՐԵՎՈՐ ՔՆՆԱՐԿՈՒՄ՜  ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ  ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ

1972թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսն ընդունել է «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պահպանման կոնվենցիան»։ Իսկ 1982 թ․ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը (ՀՏՎՄԽ անգլ.՝ ICOMOS), կարևորելով հուշարձանների ու տեսարժան վայրերի դերն ու պաշտպանությունը, ապրիլի 18-ին արել է առաջարկություն հատուկ օր ընդունել այդ առթիվ։ Մեկ տարի անց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ նույն օրը՝ ապրիլի 18-ը, հայտարարել Հուշարձանների ու տեսարժան վայրերի պահպանման միջազգային օր։ Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան վավերացրել է 1993 թ. սեպտեմբերի 5-ին: Օրվա առթիվ Հայաստանի պատմության թանգարանի(ՀՊԹ) դահլիճում տեղի ունեցավ «Հուշարձան-համայնք փոխհարաբերությունները․ հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով պանելային քննարկում։ Բանախոսությամբ հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմաբան, մշակութաբան, հնագետ, պ․ գ․ դ․, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։ Քննարկումը վարեց ՀՊԹ գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը։ Ներկա էին ՀՊԹ տնօրեն Դավիթ Պողոսյանը, աշխատակիցներ, հնագետներ, զբոսավարներ, ուսանողներ, թեմայով հետաքրքրվողներ։ Ողջունելով ներկաներին՝ Ն․ Երանյանն ասաց․ «Մշակութային ժառանգության պահպանության ոլորտը գտնվում է շարունակական փոփոխության մեջ` արձագանքելով թե՛ ժամանակակից մարտահրավերներին, թե՛ նոր հնարավորություններին։

Հայաստանում վերջին տարիներին համայնքների դերակատարման զգալի ակտիվացում է նկատվում` հատկապես ժառանգության պահպանության և հանրահռչակման գործընթացներում։ Սա կարևոր զարգացում է, սակայն միևնույն ժամանակ առաջ է բերում համակարգման, մասնագիտական ուղղորդման և կառավարման նոր խնդիրներ»։ Նշեց նաև՝ հաճախ պատմական հուշարձանների խնդիրներով զբաղվող գերատեսչությունների աշխատանքը, հատկապես վերականգնողական, վերակառուցման, նորոգման, ամրակայման և այլն, տեղի է տալիս քննադատությունների, հատկապես սոցիալական ցանցերում։ Բերեց օրինակ Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող ռուսական եկեղեցու վերականգնումը, որն իրականացել է 2025-ին։ Իր խոսքում Հ․ Վանյանը, շնորհավորելով ներկաներին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ, կարևորեց համայնքի և տեղի պատմական ժառանգության փոխհարաբերությունները։ Ասաց․ «Համայնքներում բնակչության կողմից հուշարձանների նկատմամբ հոգատար վերաբերմունք ձևավորելու, այդ ժառանգությունը գնահատելի դարձելու նպատակով կարիք կա, որ մարդիկ նախևառաջ ճանաչեն հուշարձանն ու իրազեկ լինեն դրա պատմական արժեքի մասին։ Այս առումով շատ կարևոր է, որ հատկապես երիտասարդ սերունդը գիտակցի պատմամշակութային ժառանգության պահպանության կարևորությունը»:

Անդրադառնալով Ամրակիցի հարցին՝ նշեց՝ այստեղ մոտեցումների հետ կապված՝ իրար հետ հարաբերելու հարց ունենք։ Այսինքն՝ նույն համայնքում նախ պետք է ճանաչեն ժառանգությունը։ Շատ հաճախ նույն համայնքում ապրողը չգիտի գիտական առումով ինչ կարևոր հուշարձան ունեն․ ենթադրենք՝ դամբարանադաշտ, բնակատեղի․․․ «Այս առումով որոշակի աշխատանքներ արվում են ԿԳՄՍ նախարարության կողմից համայնքներում։ Իրականացվում են աշխատանքներ երիտասարդների, դպրոցականների հետ։ Մի քանի տարի առաջ կազմակերպվել էին օլիմպիադաներ պատմական ժառանգության թեմաներով։ Վերջին փուլին Լոռու մարզից մասնակցել են ավելի քան 200 աշակերտ, Տավուշի մարզից՝ 100-ից ավելի։  Դրանք հաղթողներն էին, իսկ մասնակիցներն ավելի շատ էին։ Կա մեկ այլ կարևոր նախաձեռնություն «Եվրոպական ժառանգության երիտասարդ ստեղծագործողների մրցույթ»-ը, որի շրջանակներում արդեն երրորդ տարին մասնակցելով՝ Հայաստանը հաղթանակ է գրանցում Եվրոպայում անցկացվող փուլում: Այս մրցույթում Հարություն Վանյանը կարևորել է պատանիների ընտրության ազատությունն ու հուշարձանների ընկալումը, դրանց վերաբերյալ նրանց յուրօրինակ մեկնաբանությունները: Երիտասարդներին տրվում է առաջադրանք՝ ներկայացնել իրենց շրջապատի ժառանգությունը՝ նյութական, ոչ նյութական, այսինքն՝ այն, ինչ նրանք համարում են ազգային ժառանգություն»։ Հավելեց նաև՝ արդեն մեկնարկել է նոր ծրագիր․ յուրաքանչյուր դպրոցի կցվել են իրենց տարածքի հուշարձանները, որի նպատակն է հուշարձանի պահպանությանն աջակցումը, տարածքի մաքրումն ու բարեկարգումը։

Համլետ Պետրոսյանը կարևորեց այն, որ համայնքներում արդեն գիտեն՝ մշակութային արժեք ներկայացնող նորահայտ գտածոների համար ում դիմեն։ Փաստացի օրինակով ներկայացրեց  Լեռնահովիտ գյուղում գտնված քառակող քանդակազարդ կոթողի մասին, որն արդեն պատմության թանգարանի ցուցանմուշ է։ Համայնք-հուշարձաններով զբաղվող իրավասու կամակերպություն կապի համար կարևորեց նաև այն, որ նույն կոթողի ցուցադրության բացմանը ներկա էր լեռնահովիտցի կինը, ում բակում գտնվել էր կոթողը։ Կարևորեց նաև այն, որ տարածքներում աշխատող հնագիտական արշավախմբերը համագործակցեն տեղի երիտասարդության աշակերտների հետ։ Օրինակ բերեց, որ այժմ Տավուշի մարզի Առաքելոց վանքում աշխատում են հնագետները, և նրանց հետ հաճախ համագործակցում են տարածքի աշակերտներն ու երիտասարդները։ «Ժառանգությունը միայն հուշարձանը չէ. այն մարդ-հուշարձան հարաբերություններն են, որոնք ձևավորում են նաև այդ հուշարձանի մասին պատկերացումները»,- ասաց Հ․ Պետրոսյանը: Բանախոսության վերջում եղավ քննարկում։ Ներկաները տարբեր խնդիրներով դիմեցին իրավասու անձանց՝ մեր երկրի տարածքում գոյություն ունեցող հազարավոր հուշարձանների խնդիրներին վերաբերող։ Կարևորվեցին հուշարձանների մոտ ցուցանմուշների տեղադրելը, հները նորով փոխելը, առավել կարևոր հուշարձանների պահպանությունը, տեղացիների կողմից հուշարձանների վերանորոգումը, բարեկարգումը, այլ հուշարձանների տեղադրումը, որոնք խաթարում են հուշարձանի կարևորությունը և այլն։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ