Աբովյանը հայոց գրերի գյուտի ու Ավարայրի ճակատամարտի
շարունակությունն էր նոր ժամանակներում:
Սոսկ անհատ չէր նա, ժողովրդի հոգեկան ներքին ուժերի խտացումն էր,
որ բռնկվեց, բոցավառվեց ու դարձավ
մեր պատմության աստեղային ժամերից մեկը:

Վահագն Դավթյան
Երևանի Խ.Աբովյանի տուն թանգարանը հերթական ազգանվեր նախաձեռնությամբ հանդիսատեսին հրաշալի անակնկալ մատուցեց՝ նվիրված Մեծ լուսավորչի առեղծվածային անհետացման 178 և ,,Վերք Հայաստանի,, պատմավեպի ստեղծման 185-ամյակներին: Ծրագիրը ներառում էր բազմապիսի միջոցառումների շարք. ,,Վերք Հայաստանի,, պատմավեպի ձեռագիր տարբերակի ցուցադրություն՝ Գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ, գրական դատ՝ Աբովյանի անհետացման վարկածների բացահայտում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության հետ համագործակցությամբ:

Շեմքից ներս մտնողը չէր կարող չնկատել թանգարանի աշխատակիցների ջանքերը, որ ներդրվել էին այդ օրերին՝ նոր ու թարմ շնչով ներկայանալու հանդիսատեսին:
Ժամանակավոր ցուցադրության ցուցասրահում ներկայացված էր հայ գրականության մեծերի խոսքերը՝ ձոնված Աբովյանին և նրա ,,Վերք Հայաստանի,, վեպին: Ցուցադրության գլխավոր առանցքում 185-ամյա ,,Վերք,,-ի բնօրինակ ձեռագիրն էր՝ որպես պատմական հիշողություն և սրբազան մասունք:

Հյուրերը ուշադրության պակաս չունեցան մշակութային այդ հյուրընկալ օջախում:
Տուն-թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ այդ օրը իրենք նվիրական երկու առիթ ունեն՝ Խ.Աբովյանի առեղծվածային անհետացման 178-րդ տարին և ,,Վերք,,-ի ստեղծման 185-ամյակը, որի մեկնարկը տրվում է հենց այդ պահից:
Այդ օրը՝ հին տոմարով ապրիլի 14-ին՝ 178 տարի առաջ, անհասկանալի հանգամանքներում անհետացավ հայ ժողովրդի երախտավոր զավակ Խաչատուր Աբովյանը: Այդ անհետացումը առայսօր շարունակում է մնալ մեր գրականության, մշակույթի պատմության ամենաառեղծվածային ու ցավալի էջերից մեկը: Ինչպես Նիկողայոս Ադոնցն էր ասում, այն մարդը, որը խաղաղ պիտի հանգչեր փառքի թավշյա բարձերին, կորավ անհայտության մեջ՝ անասելի մորմոք թողնելով հարազատների ու բարեկամների սրտերում: Շատերը փորձեցին լուծել այս խորհրդավոր անհետացման կնճիռը, սակայն իզուր, նույնիսկ մի ամբողջ կյանք նվիրեցին ոմանք՝ լուծելու, բացահայտելու առեղծվածը, բայց անարդյունք:

Տնօրենը միաժամանակ շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանին՝ նրա աջակցության ու պատրաստակամության համար: Այնուհետև ներկայացրեց ցուցասրահում դրված ,,Վերք Հայաստանի,, վեպի ձեռագիր օրինակը, որը իր հեղինակի պես ևս շատ դժվարին ճանապարհ է անցել: Առաջին անգամ տպագրվել է անհետացումից 10 տարի անց՝ նրա աշակերտ Գևորգ Աքիմյանի կողմից, իսկ հետագայում՝ խորհրդային գրաքննության պայմաններում, հնարավոր չէր վեպն ամբողջական տեսքով տպագրել: Ահա թե ինչ գորովանքով է իր վարժապետի մասին պատմում Գևորգ Աքիմյանը. ,,Վարժապետս շատ դասեր չուներ Գավառական դպրոցում. ազատ ժամերին մեզ հետ էր պարապում՝ իրա օթևանում: Աշակերտներս ճաշում էինք նրա տանը, կերակուր եփողը, հացի պատրաստություն տեսնողը Էմիլիա կինն էր: Ինքը Աբովյանցը մեզ հետ ճաշի չէր նստում: Նրա մոտ գնացող առաջին աշակերտը ես էի: Նրանից հետո, իրար նայելով, Թիֆլիսի ունևոր անվանի գերդաստաններն իրենց զավակներին ուղարկում էին Աբովյանցի մոտ՝ Ներսիսյան դպրոց կամ գիմնազիա տալու փոխարեն: Աշակերտներս թվով 20-26 հոգի կլինեինք: Նրա օթևանը մեզ հազիվ էր տեղավորում. ողջ օրը լինում էինք Աբովյանցի տանը…

… Աբովյանցը պանսիոնի աշակերտներիս անվանում էր որդեգիր: Բոլոր աշակերտներս նրա Թիֆլիսից հեռանալուց ետն էլ առանձին քաղցրությունով էինք հիշում նրան՝ նրա զարմանալի բարեսրտության համար, ամենիս վրա հոր տպավորություն էր թողել: Նա ամեն ջանք թափում էր, որ աշակերտներս ուսման մեջ թերի չմնանք, որևէ բարձր տեղ շարունակելու գնանք, մանավանդ եթե հնար ունենք, գնանք Դորպատ, ուր իրեն լավ ընդունել, պահել էին: Իր սուղ միջոցներից անգամ չէր խնայում ճանապարհածախս տալ, եթե աշակերտներից մեկը գնում էր Մոսկվա կամ Պետերբուրգ: Նրա պաշտոնակից ուսուցիչների չար նախանձն իրանն արեց և սիրելի վարժապետիս ոտի տակը փորեց, մնում էր նրան Թիֆլիսից հեռանալ, ուր այնքան քրտինք էր թափել: Նա մեկնեց Երևան 1843թ. օգոստոսին՝ հետը տանելով մեր սերն ու արտասուքը: Սիրելի Աբովյանցի խրատն աշակերտներիս միշտ այն էր, որ պիտանի լինենք մեր խեղճ ազգին, այսինքն՝ ժողովրդին: Մեզանից ամեն մինը յուրովի ձգտել է հետևել այդ խրատին-վարժապետի ցուցումին: … Հետագայում քանի՜-քանի՜ պարտաճանաչ, բարեխիղճ դասատուների պաշտպանել եմ, քանի՜-քանի՜ աղքատ ընդունակ պատանիների օգնել եմ՝ թոշակ նշանակել տալով: Այդ ե՛ս չեմ արել, այլ Աբովյանցի ներշնչած ոգին…,,:
Հետագայում, Գևորգ Աքիմյան երախտագետ աշակերտը, Դորպատից վերադառնալով, պատվական հայ Ֆոնդոյան Հովսեփի հետ միասին, Աբովյանի հեռանալուց 10 տարի անց՝ 1858թ., տպագրում է իր վարժապետի ,,Վերք Հայաստանի,, վեպը: Միայն 1984 թվականին գրականագետ Պիոն Հակոբյանի ջանքերով լույս տեսավ վեպը՝ ամբողջական տեսքով, որում ներառվեցին նաև ընծայականը և ,,Զանգի,, հավելվածը:
Վեպի հիմնական ուղերձը հավիտենական, հավերժող Հայաստանն է: Այն Խ.Աբովյանի լուսավորական ծրագրերի խտացումն էր: ,,Վերք,,-ը մեր նոր քաղաքակրթության շրջանի բացառիկ դրսևորումներից է, որով ներշնչվեցին մր հետագա գրողները: Աբովյանի դպրոցը շատ բեղմնավոր հետևորդներ ունեցավ:

Օրվա միջոցառման ամենատպավորիչ մասը գրական դատն էր՝ նվիրված Աբովյանի առեղծվածային անհետացման խնդրին, որը մեծ պատասխանատությամբ ու հիմնավոր առարկումներով, փաստարկներով ներկայացրին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության անդամները /ուսանողները տարբեր կուրսերից էին/: Դատը վերաբացվում է հայ ժողովրդի պահանջով: Դատին ,,ներկա,, էին Նիկողայոս Ադոնցը, Ակսել Բակունցը, Պիոն Հակոբյանը, Եղիշե Չարենցը, Վարշամ Ավետյանը, Աբովյանի կինը՝ Էմիլիան և այլք: Դատն ընթանում էր դատական գործընթացի բոլոր կանոններով: Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում էր իր վարկածն ու փաստարկները: Հիանալ կարելի էր նրանց խոսքի ու լեզվամտածողության դրսևորումներով: Վարկածները բազմաթիվ էին: Մեկը փորձում էր ապացուցել, որ Մեծ լուսավորիչը գաղտնի մեկնել է Եվրոպա, տարվել Գարիբալդու ազատագրական պայքարով, մեկը առաջ է քաշում այն վարկածը, որ գրողը դարձել է դավադիր սպանության զոհ, մյուսը թե՝ աքսորվել է Սիբիր, քանզի նրա անունը կար ցարական չինովնիկների ցուցակում, մեկն էլ այն համոզման է, որ Աբովյանը գիտակցված հեռացել է դեպի անհայտություն…
Գիտական հիմնավորումներով ու փաստարկված հակադարձումներով կազմակերպված դատական գործընթացը այդպես էլ չկարողացավ տալ գլխավոր հարցի՝ Խ.Աբովյանի անհետացման առեղծվածի ճիշտ պատասխանը, որովհետև ոչ մի փաստարկ նրա անվանը չէր հարմարվում: Ի վերջո, դատավորը փակեց ,,գործը,, և Աբովյանին ճանաչեց Հավերժ ներկա:
Պատահական չեն Ավետիք Իսահակյանի խոսքերը՝ նրա անհետացման հետ կապված. ,,Ժողովրդի իմաստուն բնազդը նրան չի մեռցրել: Քարաշատ Հայաստանը նրա վրա քար չգցեց, որովհետև նա չի մեռել. նա գերեզման կունենա միայն հայ ժողովրդի հետ, իսկ հայ ժողովուրդը, ինչպես ամեն մի ժողովուրդ, հավիտենապես անմահ է: Նա երբեք չի մեռնի,,:
Դատն ավարտվելիս Աբովյանի դերակատարը հայտարարեց. ,,Ինչքան հայորդին հայերեն խոսի, այնքան իմ խիղճը արթուն կմնա…,,:
Թանգարանի տնօրենությունը, բարձր գնահատելով ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողների կազմակերպած ներկայացումը, բոլոր մասնակիցներին պարգևատրեց շնորհակալագրերով և հուշանվերներով:
Իրենց գնահատանքի խոսքն ասացին նաև ԵՊՀ դասախոսներ Արծրուն Ավագյանը և Սամվել Մուրադյանը:
Արծրուն Ավագյանը, դիմելով ներկաներին, մասնավորապես նշեց, որ հիացած է ուսանողների ներկայացրած դատի գաղափարով ու բովանդակությամբ, ինչն էլ իրեն մղեց արտահայտվելու ուսանողների և ընդհանրապես օրվա միջոցառման կազմակերպիչների ներդրած տքնաջան աշխատանքի վերաբերյալ: Ուսանողները ցուցաբերեցին խոսքի բարձր կուլտուրա և իրենց նպատակին հասնելու մեծ պատասխանատվություն, ինչն էլ գնահատելի էր դահլիճի կողմից: Ուրախությամբ արձանագրեց, որ մեր երկրում աճում է խելացի ու կիրթ երիտասարդություն:
Ուսանողների հասցեին իր հիացմունքն արտահայտեց նաև Սամվել Մուրադյանը՝ առանձնացնելով հատկապես նրանց գրագետ խոսքը Աբովյանի առեղծվածային անհետացմանը նվիրված դատավարության ընթացքում: Այո՛, Աբովյանը մեր գրականության անչափելի մեծությունն է, որին անդրադարձել են մեր մյուս մեծերը՝ Եղիշե Չարենց, Ակսել Բակունց, Հովհաննես Շիրազ, Կոստան Զարյան, Վահան Տերյան, Նիկողայոս Ադոնց, Պիոն Հակոբյան, Վարշամ Ավետյան… Արարատը մեր հավերժության խորհրդանիշն է, և պատահական չէ, որ Չարենցը նրան ուղեկցեց դեպի մեր սուրբ լեռը /,,Դեպի լյառը Մասիս,,/.
… Գիշերը չէր քնել:- Քրքրել էր
թղթերը,
Երկար թերթել թերթերը
բազմաթիվ.-
Օրագրեր, գրքեր, ձեռագրեր,
Գրություններ՝ մնացած դեռ
Դորպատից:
Կյանքի նման իր բարդ,
խառնիխուռը, լիքը,
Իր խոհերի նման բազմապիսի,
Խոհեր՝ ուղղած դեպի
սերունդները գալիք,
Ծրագիրներ՝ կիսատ, կամ
սկսված հազիվ,-
Ու՞մ էր թողնում բոլորը, ո՞ր
սիրեցյալ սանին,
Որպեսզի վաղը նա այդ
թերթերից
Գուրգուրանքով հաներ իր
խոսքը կենդանի
Եվ խնամքով հանձներ
տպագրյալ գրին…
…………………
Եվ այժմ, մենավոր
նա գնում էր կրկին, դեպի հեռուն
այն լուրթ,
Դեպի լյառը անհաս ու
վեհանիստ,-
Դեպի գագաթը բարձր, որ իր
ժողովուրդը
Համարել է հավետ իր գոյության
խորհուրդը,-
Որ ճաշակի այնտեղ
հավերժական հանգիստ …
Վահան Տերյանի գնահատականը ևս հաստատում է, որ Աբովյանը հայ ժողովրդի հավերժահոս պատմության քաղցր ու անլռելի կարկաչն է. ,,Մի՞թե Արարատյան դաշտը Հայաստան չէ, և նրա ոգին՝ Աբովյանը, այդ Հայաստանի ամենալուսեղեն մի բեկորը չէ: Որպիսի՞ Հայաստան եք ուզում կառուցել դուք, որ չեք ուզում ճանաչել այդ հոգեղեն Հայաստանը,,:
Միջոցառմանը մասնակցում էին նաև Աբովյանի շառավիղներից Ջուլիետա Սահակյանը, Աբովյանի կոռը՝ Սոֆյա Պեպլոզյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը, որը շնորհակալություն հայտնեց տուն-թանգարանի աշխատակիցներին՝ ջերմ ու բովանդակալից համագործակցության համար:
Թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանն էլ իր երախտագիտությունը հայտնեց և՛ ուսանողներին՝ գեղեցիկ ներկայացման համար, և՛ Գրականության ու արվեստի թանգարանի աշխատողներին՝ ,,Վերք Հայաստանի,, պատմավեպի բնօրինակ ձեռագիրը տուն-թանգարանին ժամանակավորապես տրամադրելու համար:
Այսօրվա խառնիճաղանջ իրականության պայմաններում, երբ շատերը հոգևոր սննդի քաղց են զգում, շատ պահանջված են դառնում այսպիսի միջոցառումները, որոնք որոշ չափով մեղմում են ոգու սովը:
Այսպես շարունակում են Աբովյան մեծության առեղծվածային կյանքի բացահայտմանը միտված քննարկումները:
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ