ԱՐՑԱԽՑԻ ՄԱՐԶԻԿ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑ

Վերջերս Մոսկվայում կայացած «Սամբոյի հիմնադիրների գավաթի» խաղարկության ժամանակ ոսկե մեդալ է նվաճել Հայաստանը ներկայացնող, մեծահասակների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Աշխարհի գավաթի հաղթող, միջազգային մրցաշարերի մրցանակակիր, արցախցի մարզիկ Կարեն Սարգսյանը:

Կարեն Սարգսյանը Հայաստանի հավաքականի միակ մարզիկն է, ում հաջողվեց մեդալ նվաճել այս միջազգային մրցաշարում, այն էլ բարձր կարգի՝ ոսկե մեդալ: Նա հանդես եկավ 58 կգ քաշային կարգում մարզական սամբոյի կազմում: Անցկացրել է երեք գոտեմարտ: Մեկնարկում 5:0 հաշվով հաղթել է ռուս մրցակցին: Հետո, վաղաժամ ձեռքի կոտրող հնարք կիրառելով, պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցչին: Եզրափակչում էլ կրկին վաղաժամ, ոտքի ցավեցնող հնարքով հաղթեց մյուս՝ ռուս մրցակցին: Նրա խոսքով՝ ամենաբարդը առաջին գոտեմարտն էր: Ուրախ է, որ կարողացավ հաղթել ու բարձր պահել մեր երկրի պատիվը: Հայաստանի հավաքականը նրա այդ մեկ ոսկե մեդալի շնորհիվ զբաղեցրեց երկրորդ պատվավոր տեղը թիմային առաջնությունում: Առաջին տեղը գրավեց ՌԴ-ն, իսկ երրորդը՝ Ղազախստանի հավաքականը:

Այս հաղթանակը պատահական չէր, սա բավականին երկար ու ծանր պարապմունքների արդյունքն է: Յուրաքանչյուր օր մարզիկը մի փոքր ավելի ուժեղ էր դառնում: Հատուկ շնորհակալություն է հայտնում անձնական մարզչին՝ Արմեն Ադամյանին՝ իրեն հավատալու, աջակցելու, ճիշտ ուղու վրա պահելու համար: Այս մրցաշարը առաջինն էր այս տարվա մեջ, որին մասնակցեց Կարենը ու հաղթեց, եւ հույսով լցված է, որ ամբողջ տարվա ընթացքում էլ նրան կհաջողվի հաղթել:

Կարենը կիսվում է, որ այս հաղթանակը նրան նոր մոտիվացիա տվեց: Այս մրցաշարը շատ կարեւոր էր ոչ միայն իր, այլեւ սամբոյով զբաղվողների համար, քանի որ այն նվիրված էր մարզաձեւի հիմնադիրների պայծառ հիշատակին: Կարենի համար շատ մեծ պատիվ էր մասնակցել այս մրցաշարին ու հասնել ոսկե մեդալի: Նա համարում է, որ շատ կարեւոր է ունենալ մեծ կամքի ուժ եւ համառություն մինչեւ վերջ պայքարելու համար:

Կարեն Սարգսյանը Արցախի Շուշի քաղաքից է: 2023 թվականի սեպտեմբերին նա էլ ստիպված եղավ տեղահանվել ու բնակվել Երեւանում: Կարենն ասում է, որ ինչ էլ լինի, նա երբեք չի կարողանա համակերպվել այս դաժան իրողությանը՝ մեր դարավոր բնօրրանի կորստի հետ: Մինչդեռ հպարտ է, որ ներկայացնում է Հայաստանը եւ նրա պատվին միջազգային մրցահարթակում հնչում է հայկական հիմնը: Ամեն ծանր մարզում, ամեն մի կաթիլ քրտինք մի նպատակ ունի՝ մի օր կանգնել պատվանդանին ու լսել քո երկրի հիմնը: Այդ պահին դու այլեւս միայն մարզիկ չես, դու քո դրոշն ես, քո պատմությունն ու քո ուժը,- ասում է Կարեն Սարգսյանը:

Մոսկվայում կայացած «Սամբոյի հիմնադիրների գավաթի» մրցաշարին հաջորդեց Երեւանում կայացած «Սամբոյի աշխարհի գավաթի» խաղարկության մրցաշարը, որտեղ Կարեն Սարգսյանը նույնպես հանդես եկավ 58 կգ քաշային կարգում եւ կրկին նվաճեց ոսկե մեդալ: Իսկ մինչ այս երկու բարձրագույն մրցաշարերը Կարենը մասնակցել էր ՀՀ սամբոյի առաջնությանը եւ նույնպես ոսկե մեդալի արժանացել: Փաստորեն հաշված օրերի ընթացքում Կարենը դարձավ եռակի ոսկեմեդալակիր իր փայլուն հաղթանակների շնորհիվ:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ