ԱՐԴԵՆ  10 ԱՆԳԱՄ

«Ճիշտն ասած, ինձ համար ամենահիշվող Աշոտ Նավասարդյանը ոչ թե խորհրդարանում էր կամ ՀՀԿ գրասենյակում՝ հարցազրույց տալիս, այլ «Էրեբունի» օդանավակայանում: 1992-ի գարունն էր՝ Աշոտն իր ընկերների հետ պատրաստվում էր ուղղաթիռով մեկնել ռազմաճակատ: Զինվորական համազգեստով էր, ինքնաձիգը՝ ձեռքին: Ուժեղ էր, ինքնավստահ, հպարտ: Եվ՝ ուրախ․․․»:

Արամ Աբրահամյան 29 03 2005թ


Նույն պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի անվան Երևանի թիվ 196 հիմնական դպրոցում ավանդույթ է դարձել «Նավասարդյանական ասպետ» մրցույթ-խաղը՝ 5-րդ դասարանցիների մասնակցությամբ։ Մեր ժողովրդի լավագույն զավակներից Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրվան նվիրված մրցույթ-խաղը և իր անվան կրթօջախում անցկացնելը նախաձեռնել է նույն դպրոցի տնօրենի տեղակալ Աննա Դավթյանը 2016 թվականին։

Քաղաքական, պետական գործիչ, ՀՀԿ հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանը ծնվել է 1950թ մարտի 28-ին։ Ազգային միացյալ կուսակցության անդամն ազգային ազատագրական ու անկախության գաղափարների համար ԽՍՀՄ տարածքում համարվել էր այլախոհ, երեք անգամ կալանավորվել և ընդհանուր դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի։ Կալանավայրերում անց է կացրել շուրջ 12 տարի, այդ թվում՝ 7 տարի բանտային և հատուկ ռեժիմի պայմաններում։ Վերադառնալով աքսորից՝ 1989թ «Ազգային ինքնորոշում միավորում» կազմակերպության խորհրդի անդամների հետ հիմնադրել ու ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը։ Մինչև մահը մեծ աշխատանքներ է կատարել նորանկախ հայրենիքի կայացման շեմին։ Սրտի իշեմիկ հիվանդության պատճառով մահացել է  1997թ նոյեմբերի 3-ին՝  47 տարեկանում։

Մրցույթ-խաղին մասնակցեցին դպրոցում գործող 7 հինգերորդ դասարանների աշակերտները՝ յուրաքանչյուր թիմում՝ 6 հոգի։ Թիմերը կոչվում էին հայ արքայական տոհմերի անուններով։ Երվանդունիներ արքայական տոհմի անունը կրում էր 5-րդ Ա դասարանը, դասղեկ՝ Հասմիկ Ղազարյան։ Մասնակիցներ՝ Ալեն Մանուկյան, Գոհար Քցյան, Նարե Կիրակոսյան, Դավիթ Կարապետյան, Էվա Պետրոսյան և Ռոբերտ Հակոբյան։ Արտաշեսյանների տոհմը ներկայացնում էր Իրինա Գրիգորյանի 5-րդ Զ դասարանը՝ Աշոտ Մանուկյան, Ինգա Սարգսյան, Ռուզաննա Հովսեփյան, Մհեր Ալեքսանյան, Նատալի Գրիգորյան և Մարինա Քուրդօղլյան։ Արշակունիներ անունով հանդես եկավ 5-րդ Դ դասարանը, դասղեկ՝ Արփի Ասրյան, մասնակիցներ՝ Հասմիկ Հայրապետյան, Արիանա Բաբայան, Գագիկ Մարգարյան, Ավետիք Չոլոյան, Նարեկ Կոշտոյան և Սամվել Ավուշյան։ Հայոց Բագրատունի արքայական տոհմը ներկայացրին Աշոտ Նավասարդյանի դստեր՝ Արուսյակ Նավասարդյանի դասարանի սաները՝ Մարկ Մարգարյան, Միկա Ստեփանյան, Մարիա Օհանյան, Արեգ Լեո Գրիգորյան Արինա Հայրապետյան, Լինա Փարեմուզյան։ Կիլիկյան Հայաստանի 2 արքայական տոհմերից Ռուբինյանների անունով հանդես եկան Ռեգինա Մարգարյանի  5-րդ Գ դասարանի սաները՝ Ալեքս Սիրականյան, Միքայել Պեպանյանը Արտակ Գալստյանը Վարդուհի Բաղիյան, Գրիգոր Հայրապետյան, Միքայել Ճշմարիտյան։ Հեթումյան տոհմի հետնորդները Կ Ավետիսյանի 5-րդ Ե դասարանցիներն էին՝ Նելլի Արաբաջյան, Կարինա Բարոյան, Խաչատուր Խաչատրյան, Արեգ Հայրումյան, Նատալի Հովսեփյան, Քրիստիան Մելիքյան։ 5-րդ Բ դասարանը կոչվում էր օրվա հերոսի՝ Աշոտ նավասարդյանի անունով՝ «Նավասարդյանականներ»։ Իր դասարանից Մարգարիտա Ղազարյանը թիմի կազմ էր վերցրել Աշոտ Ավետիսյանին, Գայանե Ասրյանին, Արսեն Հովսեփյանին, Սեդա Գալստյանին, Էլիզա Խաչատուրյանին և Ռաֆայել Միրզոյանին։

Մրցույթ-խաղը վարեց նախաձեռնող ու հեղինակ Աննա Դավթյանը։ Սկզբում Ա Դավթյանն անդրադարձավ արդեն ավանդույթ դարձած մրցույթ-խաղի 10-ամյա պատմությանը՝ տեղեկացնելով, որ դահլիճում ներկա է մրցույթի առաջին մասնակիցներից Ա Նավասարդյանի թոռնուհին, տատի՝ Ա Նավասարդյանի կնոջ՝ Հասմիկ Նավասարդյանի ուղեկցությամբ։ Հանձնախմբի կազմում էին մրցույթի հարցերի հեղինակները՝ դպրոցի ուսուցիչներ։ Թիվ 196 հիմնական դպրոցը տնօրինում է Ա Նավասարդյանի ավագ դուստրը՝ Անուշ Նավասարդյանը, որը նաև մրցույթ-խաղի հանձնախմբի նախագահն էր։

Խաղը բաղկացած էր վեց ոլորտից՝ «Աշոտ Նավասարդյան», «Կերպարվեստ», «Երաժշտություն», «Մայրենի», «Սպորտ» և «Իմ հայրենիք»: ՀՀ օրհներգը հնչելուց հետո սկսվեց մրցույթը, որն անցավ բավականին աշխույժ, լարված։ Աշակերտները հատկապես լավ էին պատասխանում «Աշոտ Նավասարդյան» և «Իմ հայրենիք» ոլորտների հարցերին։ Մոտ 3 ժամ տևած մրցույթ-խաղն անցավ, ինչպես հնչեց դահլիճում՝ խելքի, մտքի, գիտելիքի, անխախտ հավատի և հաղթանակի շնչով։ Հաղթանակի, որին շատ էին ուզում հասնել մասնակից դպրոցականները։ Դպրոցի ֆեսբուքյան էջում ասված է «Արդար, ազնիվ ասպետական սերունդն է երջանիկ կյանքի երաշխավորը, Հայաստան աշխարհի և հայի հարատևման առհավատչյան: Արդեն ավանդույթ դարձած «Նավասարդյանական ասպետ» խաղ-մրցույթը բացի գիտելիքի դրսևորումից, իր մեջ անսահման հուզմունք, սեր, հավատ, հույս և լույս է ամփոփում, որը յուրատեսակ հարգանքի տուրք է բոլոր նրանց, ովքեր ապրեցին, չվախեցան, պայքարեցին ու նահատակվեցին հանուն հայրենյաց և հանուն արդարի»: Մրցույթ-խաղի վերջնամարտում բոլոր թիմերը հաղթեցին կարևորը՝ լավ էին պատասխանում հարցերին։ Յուրաքանչյուր աշակերտ պատասխանատու էր մի ոլորտի համար, սակայն կարևորվում էր ընդհանուր կարծիքը, միասնական միտքը։ Ինչպես ընդունված է մրցույթ-խաղի վերջում, երբ ամփոփվում են արդյունքները, դպրոցականներին իր մայրական օրհնանքն է տալիս Ա Նավասարդյանի կինը՝ Հ Նավասարդյանը, որը մշտապես եղել է ամուսնու աջակիցը, գաղափարակիցը, տարիներով սպասել է նրա վերադարձին։ Իր խորհուրդը տվեց նաև աշակերտների ծնողներին, որոնք ներկա էին և հետևում էին իրենց երեխաների խաղին։ Իր սաներին շնորհավորեց ու բարին մաղթեց կրթօջախի տնօրեն Ա Նավասարդյանը։

Կայացավ հիշարժան ևս մեկ միջոցառում, որի մասին դեռ շատ կհիշեն հատկապես մասնակից դպրոցականները, ովքեր «Կողքինդ ո՞վ է» հարցին արդեն գիտեն պատասխանել «Ես եմ․․․»։

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ