Մեր երկրի ամեն մի անկյուն պատմական մեծ անցյալ ունի, ամրոց ու տաճար՝ նախաքրիստոնեական ու քրիստոնեական, այլ սրբավայրեր, կամուրջ ու բնակատեղիներ․․․


Կան առավել հայտնի վայրեր, որոնցում տեղի են ունեցել մեր պատմության առանցքային իրողություններ։ Օշական. գյուղ է Հայաստանի Հանրապետությունում՝ Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակից քիչ հարավ՝ Քասախ գետի ափերին։ Ինչպես բոլոր բնակավայրերը, Օշականն էլ ունի իր պատմությունը, պատմական ու ժամանակակից հուշարձանները։ Հաճախ ենք լսում կամ կարդում, այսպես կոչված, «Օշականի ճակատամարտը» պատմական իրողության մասին։ 336 թ․ տեղի է ունեցել ճակատամարտ Մազքթաց Արշակունիների և Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության բանակի միջև։ Ճակատամարտն ավարտվել է հայոց զորքի հաղթանակով։ Այս առթիվ 5-րդ դարի պատմիչ Փավստոս Բյուզանդը գրում է․ «․․․Երբ թշնամիները տեսան նրա հարձակումն իրենց վրա, քաղաքից (Վաղարշապատից․ Զ․ Ը․) դուրս եկան, փախան դեպի առապարը, Օշական բերդի կողմը՝ ապավինելով այն անապատին ու քարքարուտ տեղերին։ Սաստիկ պատերազմ եղավ։ Եվ Հայոց զորավարի (Վաչե Մամիկոնյան Զ․ Ը․) նիզակակիցները, որ էին Բագրատ Բագրատունին, Մեհունդակ և Գարեգին Ռշտունիները, Ամատունյաց տոհմի նախարար Վահանը, Վարազ Կամինականը, հասան, խփեցին, կոտորեցին ալանների, մասքութների, հոների ու մյուս ազգերրի զորքերը․․․» (Փավստոս Բյուզանդ «Պատմություն Հայոց»․ էջ՝ 76-77։ Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1968թ․)։ Օշականը հայտնի է նաև Ռուս-պարսկական 1826-28 թթ․ պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձություններով։ Գյուղի տարածքում ռուս-հայկական զորքերը, Աֆանասի Կրասովսկու գլխավորությամբ, 1828թ․ օգոստոսի 17-ին հաղթեցին պարսիկ Աբաս-Միրզայի բանակին։


Բայց և՛ մեր ժողովրդին, և՛ շատ օտարների Օշականը հայտնի է՝ կապված Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հետ։ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որը 1996 թվականից Արագածոտնի թեմի առաջնորդանիստն է, գտնվում է գյուղի մեջ՝ Քասախ գետի ձախ ափին՝ հնգաթռիչք կամրջի հարևանությամբ։ Ըստ պատմական մի շարք աղբյուրների՝ ժամանակակից եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում Վահան Ամատունի իշխանի կողմից կառուցված եկեղեցու տեղում։ Հայոց Քերթողահայրը՝ Մովսես Խորենացին, որը եղել է Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից և նրա հանձնարարականով ընկերների հետ ուսման է գնացել Բյուզանդիա, երբ վերադառնում է, արդեն մահացել էին Ամենայն Հայոց 10-րդ կաթողիկոս Սահակ Պարթևը և Մաշտոցը։ Խորենացին իր «Հայոց պատմություն» մատյանի ԿԸ «Ողբ» գլխում գրում է․ «․․․Եվ մինչ նրանք սպասում էին մեր դարձին, որ փառավորվեին իմ անիմաստ գիտությամբ և լիակատար պատրաստությամբ, և մենք էլ Բյուզանդիայից շտապ-շտապ դիմելով, հույս ունեինք հարսանիքներում պարել, խիզախ և արագ շարժումներով, և առագաստի երգեր երգել, -այժմ, այդ ուրախության փոխարեն, գերեզմանի վրա ողբեր եմ ասում, ողորմելի հառաչելով, նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին ձայնն ու օրհնությունը․․․» (Երևան, 1990թ․, «Հայաստան» հրատարակչություն, Էջ՝ 236)։ Իսկ Մաշտոցի մահվան մասին Խորենացին գրում է․ «Սուրբ Սահակի վախճանվելուց վեց ամիս հետո, մեհեկան ամսի տասներեքին, երանելի Մեսրոպն էլ այս աշխարհից փոխվեց Վաղարշապատ քաղաքում, գերազանցելով բոլոր առաքինի մարդկանցից, որպիսիք այն ժամանակ կային։ Որովհետև ամբարտավանությունը և մարդահաճությունը նրա վարքում երբեք տեղ չգտան, այլ հեզ, բարյացակամ և բարեմիտ լինելով, երևում էր բոլորին՝ երկնայինների սովորությամբ զարդարված։ Որովհետև նա հրեշտակի տեսք ուներ, ծննդական միտք, պայծառ էր խոսքով, գործերով ժուժկալ, մարմնով փառահեղ, սովորություններով աննման, խորհրդակցությամբ մեծ, հավատով ուղիղ, հուսով համբերող, սիրով անկեղծ, ուսուցանելիս անձանձրույթ» (Էջ՝ 243)։ Ինչպես գիտենք՝ Սուրբ Սահակ Պարթևը մահացել է 439 թ. սեպտեմբերի 7-ին, Բագրևանդի Բլրոցաց գյուղում, իսկ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը՝ 440թ. փետրվարի 17-ին (մեհեկան 13)՝ Վաղարշապատում։ Ե՛վ Խորենացին, և՛ Մաշտոցի կենսագիր Կորյունը հետաքրքիր երևույթի մասին էլ են նկարագրում։ «Ինչպես լսեցի բազմաթիվ և արժանահավատ անձերից, խաչի ձևով աղոտ լույս էր շողում այն տան վրա, որտեղ երանելին հոգին ավանդեց։ Եվ շուտով չանհետացավ այս շողքը, քչերին տեսանելի չեղավ, այլ՝ բոլոր բազմությանը, այնպես որ շատ անհավատներ մկրտվեցին» (Մ․ Խորենացի «Հայոց պատմություն» էջ՝ 234-235)։ Կորյունը գրում է․ «Եվ մինչդեռ Սրբի ձեռքերը կարկառված էին դեպի երկինք, խաչանման, լուսավոր շողավոր ձևով սքանչելի տեսիլ երևացայն ապարանքի վրա, ուր վախճանվում էր երանելին․ և ամեն մարդ ինքը տեսավ այդ, և ոչ թե ընկերը պատմեց։ Եվ նա սրբերին սեր ու միաբանություն ավանդեց, մերձավորներին ու հեռավորներին օրհնությամբ պսակեց և հաճոյական աղոթքը Քրիստոսին հասցնելով՝ հանգավ» (Կորյուն «Վարք Մաշտոցի» Էր 96-97, Երևան 2005, ԵՊՀ հրատարակչություն)։ Կորյունը, որը ներկա է եղել, հիշատակում է՝ այդ օրը Սրբի մոտ են եղել նրա աշակերտներից հոգևորականներ Հովսեփը, Թադիկը, զինվորականներից՝ Վահան Ամատունին՝ Մեծ Հայքի հազարապետը, Հմայակ Մամիկոնյանը (Վարդան Մամիկոնյանի եղբայրը), այլք։ Պատմիչները նաև նկարագրում են՝ ինչպես են ներկա իշխաները որոշել՝ որտեղ հուղարկավորեն Սրբին։ Գրում է․ «Վահանն ու Հմայակը, աշխարհական բազմության հետ, վերցրեցին նրան վախճանվածի պատրաստությամբ, սաղմոսներով և օրհնությամբ ու հոգևոր ցնծություններով, վառած կանթեղներով ու․․․ բարձրացան Օշական և այնտեղ մարտիրոսարանի մեջ դրին․․․» (էջ՝ 97)։ Սա վկայում է՝ դեռևս այն ժամանակ Օշականում եղել է Սուրբ-Մարտիրոսների հանգստարան։ Խորենացին գրում է, որ կար 3 կարծիք՝ Սրբին հուղարկավորել կամ Տարոնում՝ իր ծննդավայրում, կամ Գողթնում, կամ Վաղարշապատում՝ սրբերի հանգստարանում։ «Բայց հաղթեց քաջ Վահան Ամատունին, որ ավելի ջերմեռանդ էր հավատով և հզոր էր մարմնով, քանզի պարսիկներն այդ ժամանակ նրան էին վստահել մեր Հայոց աշխարհի հազարապետությունը: Նա մարմինը վերցրեց և արժանավայել հուղարկավորությամբ տարավ իր գյուղը՝ Օշական: Եվ նույն լուսեղեն խաչի երևույթը դագաղի վրա գնում էր դեմ հանդիման բոլոր ժողովրդին, մինչև նրան հողին հանձնեցին Վահանը և նրա սպասավոր Թաթիկը, ինչից հետո նշանն աներևույթ եղավ: Իսկ եպիսկոպոսապետության աթոռին իբրև տեղապահ նստեց երանելի Մեսրոպի հրամանով նրա աշակերտը՝ Հովսեփ քահանան, որ Վայոց ձորից էր՝ Հողոցիմ գյուղից․․․» (Էջ՝ 235)։ Հնարավոր է՝ Վաղարշապատից մինչև Օշական, որ իրարից շատ հեռու չեն, Սրբի մարմինը, մեծ թափորի ուղեկցությամբ, տարել են ձեռքի վրա։ Երկնային շողքն ուղեկցել է թափորին։ Արագածոտնը վաղ միջնադարում եղել է Ամատունի նախարարական տան եպիսկոպոսների տեսչության ներքո։ Իսկ Օշականն Ամատունի նախարարների կենտրոն է դարձել Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու օրոք՝ 330-338 թվականներին։ Նույն պատմիչները տեղեկացնում են՝ 3 տարի անց՝ 443թ․, Վահան Ամատունին Մաշտոցի գերեզմանի վրա եկեղեցի է կառուցում։ Կորյունը գրում է․ «Իսկ երեք տարի անցնելուց հետո՝ Վահան Ամատունուն հաջողվեց՝ քրիստոսասեր ջանքով սքանչելի տաճար կանգնել տաշած քանդակած քարերով և տաճարի ներսում շինեց Սրբի գերեզմանը։ Նա Քրիստոսի կենդանարար մարմնի ու արյան սեղանի համար վայելուչ, գույնզգույն ոսկով, արծաթով ու քարերով պայծառափայլ անոթներ պատրաստեց՝ ի հիշատակ, և մի տեղ հավաքված բոլոր սրբերի հետ Քրիստոսի խաչակրոն վկայի՝ երանելի Մաշտոցի մարմինը փոխադրվեց տաճարի գերեզմանը: Եվ նրա Թադիկ անունով աշակերտին՝ մի զգաստ ու բարեպաշտ մարդու, եղբայրների հետ, երանության հասած Սրբի համար սպասավոր կարգեցին՝ ի փառս Աստծո» (Էջ՝ 97)։ Սուրբ Մաշտոցի մահվան հաջորդ տարին իսկ սահմանվեց հատուկ տոն նրա հիշատակին. Սրբի գերեզմանը դարձել է ուխտատեղի:



Օշականի ներկայիս Սուրբ Մաշտոց եկեղեցու մասին հիշատակություններ են թողել նաև հետագա դարերի պատմիչները։ Թովմա Արծրունի և Անանուն «Պատմություն Արծրունյաց տան» գրքում (Երևան 1985թ․ ԵՊՀ հրատարակչություն) կարդում ենք․ «Երբ այս ամենը կատարվեց, Սուրբ Սահակը, 120 տարի ապրելուց հետո, այս աշխարհից փոխվեց հրեշտակների կարգը։ Սրբի մասունքները տարան ամփոփեցին Տարոնի Աշտիշատ ավանում, Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինես նահատակի վկայարանի տեղում։ Վեց ամիս անցնելուց հետո, նույն տարում վախճանվեց նաև Սուրբ Մաշտոց վարդապետը։ Հայոց նախարարների բազմությունը, Վահան Ամատունու ղեկավարությամբ, որն այդ ժամանակ Հայոց սպարապետն էր, խաչի ձև ունեցող լույսի ուղեկցությամբ տարան և թաղեցին Արագածոտն կոչվող գավառի Օշական գյուղում» (էջ 121)։ Առաքել Դավրիժեցի պատմիչը «Պատմություն» գրքում հիշատակում է․ «Նաև Աստծու փառքի հոյակապ, լայնանիստ, բարձրապերճ տաճարը՝ Սուրբ Մեսրոպ մեծ վարդապետի հանգստարանը, այն Մեսրոպի, որ Հայոց գրերը գտավ․ ինչպես որ նրա պատմության խոսքերն են ասում, թե նրան տարան ամփոփեցին այն գյուղում, որ անվանվում է Օշական։ Արդ՝ Սուրբ Մեսրոպ վարդապետի այս տաճար-հանգստարանի ողջ տանիքը վաղ ժամանակներից փլվել, նստել էր, միայն ավագ խորանն էր մնացել ծածուկ։ Եվ Սուրբ հայրապետ Փիլիպոսն իր կաթողիկոսության ժամանակներում սկսեց այն ևս նորոգել, որ և արեց մեծ ծախսերով և աշխատանքով, մշակված քարով, մածուցիկ կրով մինչև ամբողջն ավարտեց մեր թվականի 1094 (1645թ․) տարում՝ ի փառս Աստծո» (Առաքել Դարվիժեցի «Պատմություն» 1988-«Սովետական գրող», էջ՝ 277)։ Օշականի եկեղեցու ներսում եղել է արձանագրություն, որը Հովհ․ Շահխաթունյանցի ընդօրինակմամբ այսպես է․ «Ի թվականին ՉԼԷ(737+551=12882), ես՝ Գեշմարդս էի ամիրայ եւ Հաւիկս ձեռնաւոր թողաք զցբ Կարապետին այգեացն զԱւշականու, զՄիրինու զձեռնաւորին զհարկն, զինչ որ կայր․․․» (ՇՍ 79, ՎՏ 130․ Ա․ Ա․ Ավագյան․ Վիմական արձանագրությունների բառաքննություն․ ԵՊՀ 1978 Երևան էջ՝ 164)։ 19-րդ դարում Գևորգ Դ կաթողիկոսը (1813-1882) ծավալել է շինարարական լայն գործունեություն։ 1868-ին Վաղարշապատի Մայր Տաճարի արևելյան կողմում կառուցել է կցաշենք, որտեղ կազմակերպել է եկեղեցապատմական թանգարան, նորոգել է տվել Սուրբ Գայանե վանքը, այնտեղ կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, կառուցել է Մայր Աթոռի միաբանների բնակելի շենքերը, Բյուրականի կաթողիկոսական ամառանոցը, 1875-1879թթ․ վերակառուցել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին և այլն։ Այժմ Օշականի եկեղեցու արևմտյան գլխավոր մուտքի վերին հատվածում սպիտակ մարմարե քարին կա հետևյալ արձանագրությունը․ «ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏԾՈՅ ՍՐԲԱԶԱՆԱԿԱՏԱՐ ՀԱՅՐԱՊԵՏ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ Տ․Տ․ԳԵՈՐԳ Դ․ ԿԱԹՈԻՂԻԿՈՍ ՎԵՐԱԿԱՌՈՒՅՑ Ի ՀԻՄԱՆՑ ԶԱՅՍ ԵԿԵՂԵՑԻ ՕՇԱԿԱՆ ԳԵՂՋՍ ԵՒ ԶԴԱՄԲԱՐԱՆ ՍՐԲՈՅՆ ՄԵՍՐՈՊԱՅ ԹԱՐԳՄԱՆՉԻ ՄԵՐՈՅ ՈՐ Ի ԱՄԱ․ ՏՐՈՔ ՀԱՅՈՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՅԱՄԻ 1879 ԵՒ ՀԱՅՈՑ ՌՅԻԹ»։ 1879 թ․ հոկտեմբերի 21-ին Օշականի եկեղեցին օծվել է։ Ամիսներ անց՝ 1880 թվականին, եկեղեցու հարավային կողմում, Վահան Ամատունու գերեզմանի վրա, կանգնեցվել է հուշակոթող՝ «ՎԱՀԱՆ ԱՄԱՏՈՒՆԻ՝ ԻՇԽԱՆ ՀԱՅՈՑ» գրությամբ։ Իսկ 1884 թ․ եկեղեցուն արևելքից կցել են երկհարկ, 8-սյունանի ռոտոնդայով պսակված զանգակատուն՝ գլանաձև ծավալով և Ավագ խորանից բացվող մուտքով։ Մասնագետները գտնում են՝ սա բացառիկ է հայ եկեղեցաշինական ճարտարապետության մեջ։ Այժմ եկեղեցու հարևանությամբ կա դպրատուն, որը կառուցվել է 1913 թվականին և հիմնանորոգվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի առաջնորդությամբ՝ 1996-ին։ Եկեղեցու ետնաբակում է գտնվում նաև հայ գրերի պուրակը և Մաշտոցի արձանը։ Ամբողջը քանդակված է կարմիր տոֆից։ 1997 թ․ եկեղեցու արևմտյան կողմում Ժ. և Հ. Գաբրիելյանների բարերարությամբ կառուցվել է առաջնորդարանի շենքը (ճարտարապետ՝ Հ. Բաբախանյան)։ Սուրբ տաճարի պատերը ներքուստ նկարազարդվել են։ Արևմտյան պատին Հ․ Մինասյանի և Հ․ Մամյանի «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարն է։ Հարավային պատին կանգուն և ծնրադիր նետաձիգ զինվորներն են, նրանց գլխավերևում՝ ուժի, հայրենիքի կենսունակության խորհրդանիշ թևատարած արծիվը։ Հյուսիսային պատին պատկերված է Հայաստանի գարունը՝ ծաղկած ծառերով, զվարթ աղջիկներով և այլն։ 1995թ․ եկեղեցու արևմտյան կողմում կանգնեցվել է քառակող հուշակոթող՝ արևելյան կողին հայոց այբուբենն է քանդակված՝ տակը՝ Աստվածաշնչյան հայտնի «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանչճարոյ» խոսքը՝ հայերեն գրված առաջին նախադասությունը։ Հարավային կողմում արևային ժամացույց է և այլ գրություններ ու քանդակներ։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ