Լևոն Խեչոյանը նորօրյա հայ արձակի բացառիկ և ինքնատիպ դեմքերից է, թերևս իր տեսակի մեջ միակն ու անկրկնելին, քանի որ նրա թողած գրական ժառանգությունը, մինչ իրեն ապրած մեր բոլոր մեծերի զորության կնիքը կրելով հանդերձ, տարբեր է ու նոր: Նրա գրչին հատուկ դիցաբանականասքային ոճը, մարդկային հոգու, իրերի և երևույթների խորքը պեղելու ու անսպասելի բացահայտումներով ընթերցողին անակնկալի բերելու ունակությունը, որպես հոգեմտավոր հաղորդակցման յուրուրույն ձև ընտրված խորհրդանիշծածկագրերի փիլիսոփայությունը, քաղաքացիական հաստատուն կեցվածքը նրան դարձնում են մեր ժամանակի ամենաառեղծվածային ու մինչև վերջ չբացահայտված արվեստագետը: Այս առումով մեր գրականության մեջ նրան կարելի է կոչել «չասվածի վարպետ», ով մղում է ընթերցողին դառնալու համահեղինակ՝ ապավինելով սեփական երևակայության ուժին ու կենսափորձին: Նրա պատմվածքները կարելի է անվերջ ընթերցել ու ամեն անգամ դրանք նորովի հայտնագործել, իսկ կարևորն այն է, որ տարաբնույթ այդ զգացողությունները օգնում են քո տեսակը հասկանալու և ինքդ քեզ ավելի լավ ճանաչելու: Երիցս իրավացի էր նա, երբ ասում էր․ «Ինչպես Աստծո կողմից ուղարկված առաքյալները, այդպես էլ արվեստագետներն են գալիս, գալիս են` երկրագնդի վրա իրենց աղոթքը անելու, որպեսզի մահկանացուի կյանքը թեթև, հեշտ, գեղեցիկ լինի»: Մեզ մնում է խոստովանել․ «Դու աղոթել ես, Դու աղոթել ես ծնկաչոք, և Քո աղոթքը Աստծուն է հասել»…

Արցախյան պատերազմի բովով անցած ազատամարտիկգրողի «Սև գիրք, ծանր բզեզ» գիր քը և մի շարք պատմվածքներ այդ դաժան տարիների արձագանքներն են, մեծ հայրենասերի ու համամարդու ընդվզումը մարդկության հորինած ամենամեծ չարիքի` պատերազմի դեմ: Նա այն տարիքում էր, երբ, ինչպես ինքն էր ասում` «ծունկդ չի ծալվում հայրենիքիդ ծանրության տակ», բայց, արի տես, որ դարեր շարունակ պարտվելուց հետոյի հաղթանակը չկարողացանք արժևորել և օգտվել նրանից: Նրա քաղաքացիական հաստատուն կեցվածքը անխախտ մնաց մինչև վերջ, քանի որ «միակ բանը, որ գրողը կարող է անել` ազնիվ խոսք ասելն է»: Գրողի զենքը իր ազնիվ խոսքը համարող արվեստագետը անվրեպ օգտագործեց այն: Մեր պատերազմի օրինակով մարդկության պատմությանը հայտնի հազարավոր պատերազմներն ասես սրբագրել էր ուզում` մի կողմ թողնելով թշնամուն նսեմացնելով հաղթելու ցանկությունը: «Անգամ թշնամու գերի ընկած զինվորը մարդ է, որի մահը կամ խաթարումը ցավ է պատճառում: Ես որևէ մեկի մահով չեմ ուրախանում», հարցազրույցներից մեկում ասել է Խեչոյանը: Գրողի անժամանակ մահը անլցնելի կորուստ եղավ ոչ միայն մեր գրականության, այլև հայրենիքի համար, նրա տաղանդի բազմաթիվ երկրպագուների համար: Նա համոզված էր, որ «գրելը կորուստների վերադարձն է․ երբ որ հայրենիքից, երկրից մի գույն է կորչում, դու քո գրելով վերադարձնում ես այդ գույնը»: Այս հարցազրույցը, որն արվել է 2013ի ամռանը Ստեփանակերտում՝ գրողի մահից մի քանի ամիս առաջ, և որից, խոստովանեմ, դժվարությամբ եմ բաժանվում, թող լինի կորստի վերադարձ… Նաև` գրողի ուղերձը հայ կնոջը, չէ՞ որ «ի վերջո, կնոջ համար է, որ տղամարդը գնում է զոհվելու»…
– Հայուհին` ըստ Լևոն Խեչոյանի:
– Հայուհին, առաջին հերթին, ընտանիքն է, հայի հարատևող օջախն է: Ի տարբերություն ուրիշ ազգերի կանանց` հայուհին հատուկ կերպար է, տեսակ: Որ այսքան ողբերգությունների միջով ազգը, պետությունը անցնելուց հետո չի փլուզվել, դա հենց հայուհու շնորհքն է, այդ ամենը պահվեց հայուհու տեսակի շնորհիվ: Հայ կինն արժանի է մեծ հարգանքի, որովհետև առաջին հերթին այդ կինն է, որ կարողանում է մեզ պատերազմ տանել, այդ կինն է, որ մեզ մղում է ստեղծագործելու, մեզ ռոմանտիկ ոգի է տալիս: Սա է հայուհու առանձնահատկությունը, և սա պիտի կարողանանք պահպանել:
– Հայուհու տեղն ու դերը ընտանիքում և հասարակական կյանքում ինչպե՞ս եք գնահատում: Արդյո՞ք կնոջ տեղը միայն խոհանոցն է:
– Ես կարծում եմ` ոչ: Մեր քաղաքական գործիչները պիտի այնքան խելացի լինեն, որ կնոջը տեղ տան նաև իշխանության, կառավարման համակարգում: Հայ կինը շատ իմաստուն է, դարեր շարունակ ինքն է պահել մեր օջախը, ուրեմն նրան նաև իշխանության մեջ պիտի տեղ տալ, որովհետև նրա իմաստությունն ավելի խելացի կդարձնի կառավարումը: Մենք չպիտի մոռանանք, որ հայուհի էր նաև Խանդութ խաթունը «Սասունցի Դավիթ» էպոսում, նույնիսկ էպոս չէի ասի, «Սասունցի Դավիթը» մեր Աստվածաշունչն է, որտեղ ի՜նչ հերոսական կերպար է Խանդութը` օջախ պահելու, ամուսնուն ոգևորելու, նորանոր գործերի մղելու առումով: Այս կտրվածքով պիտի գնահատել հայ կնոջը: Ես չեմ ասում, որ հայ կինը բոլորից լավն է, բայց որ հայ կինը տարբերվում է ուրիշ ազգերի կանանցից, փաստ է, լավ թե վատ` դրա մասին չէ խոսքը, նա յուրահատուկ տեսակ է, նրան դարերի ընթացքում մեր պատմությունն է այդպիսին դարձրել: Հիմա, երբ խաղաղ ժամանակներ են, հայ տղամարդուց պահանջվում է այդ էակին ավելի խնամքով ու քնքշորեն մոտենալ:
– Որքան հասկացա` Խանդութի կերպարի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ունեք: Վերհիշենք մի դրվագ Էպոսից, երբ նա գուսաններ է ուղարկում Դավթի մոտ, որ իր գովքն անեն, և Դավիթը սիրահարվի իրեն: Արդյո՞ք հայ իրականությանը հարիր էր կնոջ նման քայլը, և ինքներդ ընդունո՞ւմ եք, երբ կինն է նախաձեռնում ծանոթությունը, կամ սիրո ու ընտանիք կազմելու գաղափարը:
– Նախ ասենք, որ Խանդութն ինքն էլ թագավորի աղջիկ էր, գիտեր` տոհմական թագավորությունն ինչ է, և նա դա արեց այն ժամանակ, երբ Դավիթը Մսրա Մելիքին հաղթել էր: Դավիթը երկիր պահողի, զինվորի, դյուցազնի կերպար է: Դա արվեց այն ժամանակ, երբ նա ծառայություն ուներ երկրի, հայրենիքի առաջ, այսինքն` արժանի էր դրան: Այս դեպքում` իհարկե:
– Ինչպե՞ս եք նայում, եթե մեր օրերում աղջիկն առաջինը խոստովանի իր զգացմունքների կամ սիրո մասին:
– Կարծում եմ` դրանում ոչ մի վատ բան չկա, ճիշտ է, ավանդական ինչոր բաներ խախտվում են, բայց դա այն դեպքը չէ, որից կործանում է գալիս: Ի՞նչ է պատահել որ, այո, կարելի է:
– Այսօր շատ է խոսվում գենդերային խտրականության, ֆեմինիզմի, կնոջ և տղամարդու իրավահավասարության մասին: Ինչի՞ց կուզենայիք զերծ պահել հայուհուն և հայ ընտանիքը:
– Ես կարծում եմ` այդ ֆեմինիզմը, գենդերային հավասարությունը և այլն, մեզ համար չեն, բայց միաժամանակ գիտեմ, որ ամեն ինչ հարթ չէ մեր իրականության մեջ: Բնությունից այնպես է տրված, որ կինն ավելի թույլ է, տղամարդը` ավելի ուժեղ: Երբեք բնությանը դեմ գնալ պետք չէ: Կնոջը պիտի հարգել որպես թույլ էակի: Մեզ մոտ հիմնական խնդիրն այն է, որ տղամարդը պիտի կնոջը հարգի: Երբ նա կնոջը հարգում է, չեմ կարծում, թե այդ դեպքում չարաշահումներ կլինեն: Իրեն հարգող որևէ տղամարդ կնոջ վրա ձեռք չի բարձրացնի, կնոջ իրավունքները չի ճնշի: Հարգանքի խնդիր կա հայ ընտանիքներում, մնացած ամեն ինչը բխում է սրանից:
– Կա՞ կնոջ կերպար, որ Ձեզ ոգևորել է, ներշնչանքի աղբյուր է Ձեզ համար:
– Այո, իհարկե: Դա հայոց Աստվածաշնչի` «Սասունցի Դավիթ»ի մեջ Խանդութ խաթունի կերպարն է, Դեղձուն Ծամի կերպարն է, շատ մեծ կերպարներ են, որոնք մեզ ուսուցանում են, և որոնց հետևից հայ կինը պիտի կարողանա գնալ: Երբ Դավիթը գալիս է Խանդութին ուզելու, հոր այգում Խանդութը ապտակում է Դավիթին` իրեն համբուրելու համար: Դավիթի քիթբերանից արյուն է հոսում, և նա խռովում է, ձին հեծնում ու գնում է: Մեկ էլ արևամուտին հետ է նայում, տեսնում` Խանդութը ոտաբոբիկ գնում է իր հետևից` ասելով․ «Ուր էլ գնաս, ես գալու եմ քո հետևից»: Սա է ինձ ոգևորողը, ինձ համար հետաքրքիրը․ կնոջ կերպար, որ տղամարդուն տեսել էր, որ գիտի` զորությունը տղամարդու մեջ է, որ հայրենիքը պահելու ուժը տղամարդու մեջ է, և չի լքում նրան:
– Իսկ Ձեր գերդաստանի կանանցից ո՞ւմ կառանձնացնեիք:
– Մերոնք տոհմիկ էրզրումցիներ են և այդ սև գաղթի արդյունքում եկել ու վերաբնակվել են Ջավախքում: Նման դեպքերում տոհմիկ սովորույթները պահվում էին: Շատ հետաքրքիր էր Հայկուշ տատիս կերպարը, որ մեզ դաստիարակում էր իր իմացած ձևով, իր հեքիաթներով: Նրա դաստիարակության, նրա հեքիաթների մեջ միշտ ներկա էր հայրենիքի կերպարը, ամեն ինչ դրա շուրջն էր կառուցում` հեքիաթն էլ, կենցաղն էլ, հողի հետ հարաբերվելն էլ:
– Ի՞նչն եք անհամատեղելի համարում հայուհու կերպարի հետ:
– Ինձ միշտ ցավ է պատճառել դավաճանությունը․ ընտանիքում միշտ էլ դավաճանությունն անընդունելի է եղել` ինչպե’ս և ի’նչ շեշտադրությամբ ուզում եք հասկացեք: Երբեք ես չեմ ներել նաև մեր իշխանություններին․ երբ ես լսում եմ, որ հայ կինը Թուրքիայում է, հայ կինը մեր` համար մեկ թշնամու դուռը գնում է աշխատելու: Ես չեմ ներում դա, չգիտեմ` լավ է, վատ է… Ես չեմ ներում, երբ հայ կինը գնում է արաբական աշխարհներ` փող վաստակելու, ընտանիք պահելու: Սա ամենաանթույլատրելի բանն է մեզ համար, մեր իշխանությունների համար: Ես չեմ ներում, երբ տեսնում եմ` հայ կինը սրճարաններում մատուցողուհի է: Նա մեր մայրական գենոֆոնդն է, ինչպե՞ս կարելի է ամբողջ 18 ժամ թողնենք, որ մեր կինը սրճարաններում մատուցող աշխատի, երբ նա պիտի պատրաստվի երեխա ունենալու: Չեմ ներում, և անընդունելի է ինձ համար:
– Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել 21րդ դարի հայուհուն:
– Կուզենայի տեսնել ուժեղ, խնդալից աչքերով, հավատով` իր տղամարդու և իր երկրի հանդեպ, պատրաստ` ծաղկեցնելու օջախը:
– Ձեր ստեղծագործություններում պատկերված կանանցից ո՞ւմ մեջ փնտրել կնոջ Ձեր իդեալը:
– Ե՛վ պատմվածքներում, և՛ վեպերում, և՛ հեքիաթների մեջ, բոլոր գործերում եղած կերպարների մեջ դրված է իմ հավատի կինը, իմ պատկերացրած կնոջ կերպարը: Նրան մեկի մեջ չպետք է փնտրել, բոլորի մեջ կա: Ես աշխատել եմ միշտ ուժեղ կին ստեղծել` իր ուժով, իր հավատով․ թեկուզ ինքը թույլ է, բայց իր ուժով ու հավատով` տղամարդուն հավասար: Այսինքն` հավասար` փորձանքին դեմ գնացող, հավասար` դժվարություններին դեմ գնացող, երբեք չդավաճանող իր ընտանիքին, իր հայրենիքին, իր օջախին:
– Ձեր ամենօրյա «Հայր մերը»:
– Հենց ինքը «Հայր մերն» է` եթե չեմ մոռանում, երբեմն տկարություն եմ ունենում և մոռանում եմ, որ պիտի այսօր աղոթեի…
Հարցազրույցը`
Մելանյա ՄԻԼՈՆՅԱՆԻ
՚ԼՈՒՍԱՐԱՐՙ հ.3 – 2026
www.lusarar.info