ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱՆ ՎԱԿՈՒՆԻՍ

Սա Հայաստան է, և վերջ․․․

 Լեոնիդ Ազգալդյան

Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք գավառը գտնվում է ՀԱԿԱՐԻ գետի Շալուա վտակի ձախակողմյան մասում` համեմատաբար բարձր դիրքում: Գյուղի թիկունքում՝ արևելյան կողմում, լեռներ են, որոնց ձնհալքերից ու աղբյուրներից առաջանում են Շալուայի ձախակողմյան վտակները, դրանցից՝ Վաղազնոգետը։ Միջնադարում, դրանից բազում դարեր առաջ մշտապես հայաշատ ու շեն այս գավառը, որը նաև հայ մշակույթի կենտրոն էր, 18-20-րդ դարերում ամբողջությամբ հայաթափվեց ու վերաբնակեցվեց մահմեդական ցեղերով: Խորհրդային կարգերի օրոք տարածքը բռնակցվեց Ադրբեջանի Լաչինի նորաստեղծ շրջանին: Արցախյան շարժումը, որ վերածվեց ազատագրական պատերազմի, հնարավորություն տվեց ազատագրել նաև մեր հայրենիքի այն հատվածները, որոնք դուրս էին մնացել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կազմից: 1993թ մարտ-ապրիլ ամիսներին հայոց հաղթական ջոկատները շարժվեցին Լաչինի միջանցքից դեպի հյուսիս և ազատագրեցին պատմական Սյունիքի ու Արցախի՝ Հակարիի ավազանի տարածքները: Նույն ժամանակահատվածում ազատագրվեց նաև Քարվաճառի շրջանը: Հերոսական այս մարտերի ընթացքում հաղթանակի հասանք նաև տասնյակ քաջորդիների արյան գնով: 93-ի մարտի 31-ին Սիսական ջոկատի մի վաշտ՝ մայոր Վուրգ Ոսկանյանի գլխավորությամբ Լաչինից շարժվեց դեպի հյուսիս՝ հասնելու Քարվաճառի ազատարարներին: Սիսիանցիները պետք է անցնեին Վակունիս (նախկինում՝ Բիչանիս) գյուղով, որը, ըստ տեղեկությունների, պետք է ազատագրված լիներ: Սակայն 31 հոգուց բաղկացած մարտական ջոկատն ընկնում է շրջապատման մեջ: Մեր մեքենաները շարժվում էին բաց դաշտով դեպի գյուղ։ Սակայն դիմացից սկսում է աշխատել թշնամու հրետանին։ Առաջինը խոցվում է տղաների ռազմական մեքենան: Հայոց քաջերը կռվում են հերոսաբար, սակայն ոչ հարմար դիրքում գտնվելով՝ ընկնում են ուղիղ նշանառության տակ, վիրավորվում, նահատակվում: Ծանր վիրավորվում է նաև հրամանատարը, արյունաքամ լինում, սակայն իր զինվորներին կարգադրում է՝ իրեն այնպես պառկեցնեն, որ շարունակի մարտը ղեկավարել: Մարտի 31-ին Վակունիսի այս դաշտում մարտիրոսվում են հրամանատար, մայոր Վուրգ Ոսկանյանը (ծնված՝ 1941թ.), լեյտենանտ Վոլոդյա Կարապետյանը (1953թ.), Մելսիկ Աթանեսյանը (1954թ.), Գևորգ Ավետիսյանը (1970թ.), Վահան Սիմոնյանը (1971թ.), Վարդան Բաբայանը (1953թ.), Ալբերտ Ազարյանը (1963թ.), Հրայր Եղիազարյանը (1971թ.), Վալերիկ Ավետիսյանը (1973թ), Լավրենտ Նազարյանը(1948թ.), Զոհրակ Գևորգյանը (1971թ.)։

1993-ի դեկտեմբերին կազմավորվեց Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը: Երկարատև գերությունից հետո ազատագրված հայոց շատ բնակավայրեր վերստին հայացան: Վուրգ Ոսկանյանի անունով էր կոչվում Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորից մոտ 40կմ հարավ ընկած գյուղերից մեկը՝ Վուրգավանը: Գրեթե նույն հեռավորությամբ հյուսիսում է Վակունիս գյուղը, որտեղ հանրակրթական դպրոց սկսեց գործել 1996 թվականին:

Հինգ տարի անց Վակունիսի դպրոցը կոչվեց Վուրգ Ոսկանյանի անունով։ Անվանակոչությունը կայացավ մեծ շուքով։ Ներկա էին «Սիսական» գնդի մարտիկներ՝ հրամանատար Աշոտ Երկաթ Մինասյանի գլխավորությամբ, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարությունը՝ Ալեքսան Հակոբյանի ղեկավարությամբ, նահատակ-հերոսների հարազատներ, Վակունիսի և հարևան բնակավայրերի բնակիչներ, հյուրեր։ Դպրոցի անվանակոչությանն օժանդակել էր դերասանուհի Զառան՝ երջանկահիշատակ Զառա Արամյանը, որը նույնպես ներկա էր արարողությանը։ Գյուղի մոտակա բաց դաշտում, որտեղ կայացավ հերոսամարտը, դեռ պահպանվում էր Սիսական ջոկատի ռազմական վառված մեքենան, որը դարձավ որպես հուշարձան, իսկ մոտը կանգնեցվեց խաչքար՝ նահատակ տղաների անունով։ Խաչքար-հուշակոթողը բացեց, եթե չեմ սխալվում՝ Վուրգի մայրը: Խաչքարի մոտ ելույթներ ունեցան ու նահատակ տղաների մասին խոսեցին Ա Հակոբյանը, Ա Մինասյանը, մարտական ընկերներից, հարազատներից։ Այնուհետև տեղի ունեցավ Վակունիսի դպրոցի ցուցանակի բացումը և սաների ելույթը, որը դարձավ ավանդույթ ու շարունակվեց մինչև 2020 թվականը։ Այդ օրվանից ամեն տարի մարտի 31-ին մարդաշատ էր դառնում Վակունիսը: Այստեղ են գալիս Վուրգի զինակից-ընկերները, հարազատներ, մշակութային խմբեր, Քաշաթաղի շրջվարչակազմի ներկայացուցիչներ, հարևան բնակավայրերի բնակիչներ, դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ: Անվանակոչության 10- ամյակի առթիվ Վակունիսում ելույթ ունեցան ճանաչված երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, ուրիշներ։ Այդ օրը Վուրգի և իր Անմահ հերոս ընկերների մեծադիր լուսանկարները փակցվեցին դպրոցի պատերին՝ դրսի կողմից։ Հերոսների լուսանկարները փակցված էին նաև դպրոցի միջանցքում, և ամեն դպրոց մտնելիս ուսուցիչներն ու աշակերտները ողջունում էին Հերոսներին, ոգեկոչվում նրանց քաջությամբ։ Տարիների ընթացքում Վակունիսի դպրոցի շրջանավարտ տղաները դարձան հայրենիքի զինվոր ու մշտապես աչքի էին ընկնում զորամասերում։ Ծնողները հաճախ էին հպարտությամբ ցույց տալիս զորամասերի հրամանատարների կողմից տրված շնորհակալագրերը։

Հերոսների ոգով մեծացավ նաև Վակունիսի բազմազավակ ընտանիի միակ որդին՝ Ժիրայր Գագիկի Մարգարյանը՝ 6 քույրերի ավագը։ Երբ զորակոչվում է Հայոց բանակ, շրջանային զինկոմիսարիատում զրուցեցի հետը։ Հպարտ էր՝ արդեն զինվոր է և իր քույրերի, ողջ հայ աղջիկների պաշտպան է դառնալու, ու ժպիտը դեմքին մնացած զորակոչիկների հետ նստեց դեպի Ստեփանակերտի հավաքակայան մեկնող մեքենան։ Նույն օրն էլ մասնակցեց վիճակահանության և ծառայության անցավ Ջրականի զորամասում։  2020թ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը շատ զինվորների կյանք խլեց, շատերը դարձան հաշմանդամ, եղան անհետ կորածներ։ Ընդամենը 2 ամիս ծառայած Ժիրայրն էլ մասնակցեց պատերազմին ու թրծվում էր ռազմի դաշտում։  Հոկտեմբերի կեսերից ծնողներն այլևս չկարողացան կապ հաստատել իրենց միակ որդու հետ։ Բայց հույս ունեին՝ միգուցե տուն կգա։ 9 ամսվա սպասումները չարդարացրին ծնողների ու քույրերի հույսը։ Բանակ զորակոչվելուց մեկ տարի անց գտնվեց քաջորդու աճյունը։ 2021 թ հուլիսի 21-ին զինվորական կարգով Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի գերեզմանոցում հուղարկավորեցին Անմահ հերոսին։ Նույն դպրոցի շրջանավարտ, այնուհետև ուսուցչուհի Դանա Ալեքսանյանը Ժիրայրի մասին պատմում էր «Ժիրայրը շատ ակտիվ ու աշխույժ աշակերտ էր, իմ դասղեկական դասարանում էր սովորում։ Մեր հերթական զրույցից հետո դասարանի հետ այցելեցինք հերոս տղաների (Վուրգի և ընկերների Զ Ը) հուշարձանին և իմ խրատական խոսքով Ժիրայրին ասացի. «Մոտեցիր և խոնարհվիր մեր հերոսների հիշատակի առջև, նրանք արյուն են թափել, որ մենք հանգիստ ապրենք մեր հայրենիքում»։ Ժիրայը շատ սուր ընկալեց այդ պահը մոտեցավ խոնահվեց, իր ջինջ աչքերով կարդաց տղաների անուններն ու ասաց, որ միշտ պահապան կլինի իրենց կողմից ազատագրված հայրենիքին»։ 2002թ հունվարի 7-ին Վահրամաբերդում է ծնվել հերոսը։

Վակունիսի դպրոցում որպես զինղեկ էր աշխատում Ստեփանակերտում 1990թ փետրվարի 6-ին ծնված Հարութ Ալեքսանդրի Պետրոսյանը։ 2007թ ընդունվել է Արցախի պետական համալսարանի Նախնական զինվորական պատրաստության և ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետ(հեռակա)։ 2008 թզորակոչվել է Հայոց բանակ։ Ծառայել է «Արա Լեռ» հրետանային զորամասում։ Ծառայության 2 տարիների ընթացքում զորամասի հրամանատարության կողմից ծնողներն ստացել են շնորհակալագրեր։ Համալսարանում ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Մարտունու շրջանի Ննգի գյուղի դպրոցում՝ որպես ՆԶՊ ուսուցիչ։  Ամուսնացել է Հադրութի շրջանի Տումի գյուղից Նունե Գրիգորյանի հետ, որն ավարտել է ԱրՊՀ բանասիրական բաժինը։ 2016-ի օգոստոսին միասին տեղափոխվել են Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղ, որտեղ կինը սկզբում աշխատում էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, իսկ 2019 ից՝ տնօրեն։ Այդ ժամանակ Քաշաթաղի շրջվարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն էի և աշխատանքի բերումով լինում էի նաև Վակունիսում։ Դպրոցում հաճախ էին կազմակերպվում տարբեր միջոցառումներ՝ հիմնականում ռազմամարզական։ Հարութն էլ իր տեղն ուներ այդ միջոցառումների ժամանակ կազմակեպիչների, մասնակիցների հետ։ Երիտասարդ զինղեկն իր սաների համար ընկեր էր և ուսուցիչ, խորհրդատու զինվորական։ Հաճախ էր իր սաներին տանում այն վայրը, որտեղ Հերոսների վառված մեքենան էր, որի մոտ հողը տղերքի արյունն էր իր մեջ առել։ Հուշակոթողի մոտ բաց դաս էր անում՝ ինքն էլ ոգեշնչվելով նրանց քաջությամբ։ Սակայն եղավ պատերազմ, և ամեն ինչ փոխվեց։ Պատերազմի առաջին օրից մինչև վերջին օրը լեյտենանտ Հարութը մարտադաշտում էր, եղել է դասակի հրամանատար ու իր զինվորների հետ հերոսաբար մարտնչում էր, մեծ վնաս հասցնում թշնամուն։ 2020թ նոյեմբերի 9-ին կնքվեց հրադադար, սակայն նույն օրը Մարտունու շրջանում հերոսաբար նահատակվեց Հարութը՝ հավերժ մնալով Վակունիսի դպրոցի զինղեկ ու Հայոց բանակի սպա։ Կինը՝ Նունեն, պատմում է՝ մշտապես կապի մեջ են եղել։ Վերջին անգամ զանգել է նոյեմբերի 8-ի երեկոյան։ «Շատ տխուր էր, վերջին բանը, որ ասաց՝ ոչ մի բանից չեմ վախենում, մենակ վախենում եմ ձեզ էլ չտեսնեմ․․․ ,ու կապը ընդհատվեց․․․», -ասաց Նունեն;   Հուղարկավորված է Եռաբլուրում։ Հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով և «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

Նույն օրը Մարտունիում հերոսաբար նահատակվեց նաև Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի բնակիչ, Հայոց բանակի գնդապետ Վահագն Բաբայանը։ Այս պատերազմը շատ բան փոխեց։ Ցավալի պարտությունը մեզանից կրկին խլեց հայրենիք, հայաթափ է նաև ողջ Արցախը։ Հիշողությունները, իրադարձությունները, Քաշաթաղի շրջանի ազատագրման համար մղված ռազմական պայքարը, հետագա կայացման համար կատարված աշխատանքները աչքիս առաջ են։ Իսկ Վակունիսի հազարամյա եկեղեցին, որ խոնարհվել էր գերության տարիներին և որը դարձել էր վակունիսցիների ու հյուրերի աղոթատեղը, նույնպես կանչում է․․․  

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ