«Հայտնություն, որովհետև պատահաբար է գտնվել վաղ միջնադարյան քրիստոնեական գլուխգործոցը մեզ համար․․․». Դավիթ Պողոսյան

Մարտի 24-ին Հայաստանի պատմության թանգարանում(ՀՊԹ) տեղի ունեցավ «Լեռնահովիտի բացառիկ կոթողը․ հայտնություն սերունդների համար» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը։ 2025 թ․ Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքում պատահաբար հայտնաբերվել է բացառիկ քանդակներով ու մշակմամբ քառանիստ կոթող, որը թվագրվում է 5-7-րդ դարերով։ Այն տեղափոխվել է Հայաստանի պատմության թանգարան, որի ցուցադրության բացմանը ներկա էին թանգարանի աշխատակիցներ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ՝ տնօրեն Արսեն Բոբոխյանի գլխավորությամբ, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, լրագրողներ, Լեռնահովիտ գյուղի ներկայացուցիչներ, հյուրեր։ ՀՊԹ տնօրեն Դավիթ Պողոսյանը ողջունեց ներկաներին, կարևորեց նորահայտ կոթողի թանգարանում ցուցադրվելը՝ որպես մեծ ձեռքբերում, մեր երկրի, ժողովրդի ու թանգարանի համար։ Ներկայացրեց նաև Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ Նվարդ Գալստյանին, որի տան բակում պատահաբար հայտնաբերվել էր կոթողը։ Այս առումով կարևորեց մեր երկրի համայնքների բնակչության դերը, որ շուտ են տեղեկացնում նման գտածոների մասին, պահպանում են, մինչև մասնագետների տեղ հասնելը։ «Կարելի է ասել՝ առաջին պահպանողներն իրենք են, և նման գտածոները կարևոր են նաև իրենց ու բնակավայրի, համայնքի առումով։ Այդպես նվիրումով է տիկին Նվարդը պահպանել կոթողը, սկզբում նույնիսկ կասկածել է մեր աշխատակիցներին։ Ուրախ եմ, որ միասին տեր ենք այս կոթողին, որն արդեն ցուցադրվում է թանգարանում, և կներկայացնենք մեր ժողովրդին ու հյուրերին․․․», -հավելեց Դ․ Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին և Լեռնահովիտ համայնքի բնակիչներին` արագ արձագանքելու և մշակութային ժառանգության պահպանմանն աջակցելու համար։ Գոհունակություն հայտնեց նաև, որ կարճ ժամանակում քառանիստ կոթողը, որ վնասվել էր գտնվելու պահին, մշակվեց, վերականգնվեց և պատրաստ է ցուցադրվելու։

Ն․ Գալստյանը շնորհակալություն հայտնեց, որ հրավիրված է կոթողի ցուցադրման բացմանը և ուրախ՝ գտնված քարն արդեն իր տեղում է և ապահով։ Տեղեկացրեց՝ քառանիստ կոթողը գտնվել է, երբ իրենց տան բակում գազի խողովակի համար տրակտորով փոս են քանդել։ Սկզբում մտածել է,որ սովորական քար է, բերել են բակ, որ օգտագործեն, բայց, երբ տեսել է դրա վրայի քանդակները, արդեն տեղեկացրել է մասնագետներին։ Շնորհակալություն հայտնեց հնագետներին, ՀՊԹ տնօրենին, աշխատակիցներին, որ շուտ արձագանքեցին իր տեղեկությանը։

Կոթողի հիմնական առանձնահատկությունը հստակ, մանրամասն և ճշգրիտ քանդակված հորինվածքներն են՝ սուրբ զինվորը, Աստվածամայրը մանուկ Հիսուսի հետ և Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում։

Կոթողի ինքնատիպ քրիստոնեական պատկերագրությունը ներկայացրեց պեղումների ղեկավար, պ․ գ․ դ․, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը: Նշեց՝ կոթողի հետախուզական պեղումներն իրականացվել են 2025թ․ նոյեմբերին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից։ Պեղումներից հետո կոթողը տեղափոխվել է Հայաստանի պատմության թանգարան և վերականգնման աշխատանքներից հետո համալրել թանգարանի հավաքածուն՝ դառնալով դրա արժեքավոր և ուշագրավ նմուշներից մեկը։ Կարևորեց հատկապես այն, որ առաջին անգամ են վաղ քրիստոնեական ժամանակների կոթողի վրա տեսնում Սուրբ մկրտության տեսարանի քանդակ․ սա եզակի երևույթ է։ Կոթողի յուրաքանչյուր կող 28 սանտիմետր է, և այդ կողերին շատ նուրբ աշխատանք է կատարվել։

Ելույթներից հետո ներկաները թանգարանի երրորդ հարկում ծանոթացան նոր ցուցանմուշին, որը, հիրավի, մեր ժողովրդի ստեղծած մշակութային ժառանգություններից մեկն է և պատկանելու է սերունդներին։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ