ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

2026թ․ մարտի 24-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային Ժառանգության գիտահետազոտական կենտրոն» (ՊԺԳԿ) ՊՈԱԿ-ի դահլիճում տեղի ունեցավ 2025թ․ կատարված հնագիտական պեղումների մասին հաշվետվություն։ Ներկա էին ՊԺԳԿ տնօրեն Խաչիկ Հարությունյանը, կենտրոնի աշխատակիցներ, հնագետներ, ճարտարապետներ, թեմայով հետաքրքրվողներ։

«Երևանի Սիլիկյան թաղամասի նոր քարի դարի նորահայտ բնակատեղիի պեղումների արդյունքները» զեկուցումը ներկայացրեց պեղումների ղեկավար, հնագետ, պատմաբան, արվեստագիտության դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյանը։ Տեղեկություններ տվեց 2025թ․ ընթացքում Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող քարաշար պատերով շուրջ 34 պեղածո սենյակներից կազմված ճարտարապետական համալիրի և հայտնաբերված քարե ինդուստրիայի նմուշների մասին։ Ընթացքում էկրանին ցուցադրվում էին նշված հուշարձանում կատարված աշխատանքների մասին լուսանկարներ, համալիրի դրվագներ։

Ըստ հնագետի՝ իրականացված պեղումների ընթացքում տեղի է ունեցել պատմական բացահայտում. Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է տարածաշրջանի ամենահին բնակավայրը, որը կարելի է թվագրել շուրջ 15 հազար տարեկան։ Հ․ Սիմոնյանը ներկայացրեց նաև «Աղավնատան դամբարանադաշտի 2025թ․ պեղումների արդյունքները» զեկուցումը։ Տեղեկացրեց՝ Արագածոտնի և Արմավիրի մարզի մի քանի բնակավայրերի՝ Ոսկեհատ, Լեռնամերձ, Աղավնատուն, հարևանությամբ է մոտ 300 հա տարածությամբ «Ղռեր» դամբարանադաշտը, որտեղ առկա են նաև ժայռապատկերներ։ Ըստ հնագետի՝ դրանք խալկոլիթյան, վաղ բրոնզի դարի, ուշ բրոնզի դարի և հելլենիստական դամբարաններ են, որոնց պեղումների արդյունքում հայտնաբերվել են հնագիտական հետաքրքիր նյութեր՝ կավանոթներ, արծաթե դրամ, գավազանի կրաքարե գլխիկ, բրոնզե 3 դաշույն, ոսկյա ուլունքներ, ուշ բրոնզի դարի բրոնզե պաշտամունքային իրեր, պերճանքի առարկաների հավաքածու, սարդինե և պղնձե ուլունքներ, վանակատե բազում իրեր և այլն։ Տեղեկացրեց, որ 2025թ․ հունիս-նոյեմբեր ամիսներին պեղումներ է իրականացրել դամբարանադաշտի տարածքում։ Ուսումնասիրվել և պեղվել են ավելի քան 80 հնավայր՝ 60-ից ավելի դամբարան, 4 պաշտամունքային ժայռ, 50մ երկարությամբ ճանապարհի հատված, ծիսական քարեր և այլն։ Նշված հնավայրի մասին նույնպես կայացավ լուսանկարների ցուցադրություն։

Կենտրոնի գիտաշխատող Մհեր Խեչոյանը հանդես եկավ «Օհանավանի ժայռափոր համալիրը» զեկուցումով։ Ներկայացրեց Արագածոտնի մարզում՝ Քասախ գետի ավազանում հայտնաբերված վաղ միջնադարյան ժայռափոր քրիստոնեական համալիր-հուշարձանի տարածքում իրականացված պեղումների արդյունքները։ Քասախի կիրճի այս հատվածը, որն ընկած է միջնադարյան 2 կարևոր վանական համալիրների՝ Հովհաննավանքի և Սաղմոսավանքի միջև, հարուստ է ժայռափոր հոգևոր կառույցներով։ Այս հատվածում են գտնվում Սուրբ Աստվածածին, տեղացիների ասելով՝ Կարմիր վանքի ժայռափոր համալիրը, Գրիգոր Լուսավորչի անապատը, նորահայտ ժայռափոր համալիրը և մի քանի քարայրներ, որոնք նույնպես ժամանակին ծառայել են մարդուն։

Հնագետ Արման Նալբանդյանի զեկուցումը Լոռու մարզում՝ Ստեփանավան քաղաքի հարևանությամբ գտնվող Լոռեբերդում իրականացրած պեղումների մասին էր։ «Լոռե բերդաքաղաքի 2025թ. պեղումները» զեկուցումով ներկայացրեց միջնադարյան հզոր ամրոցի տարածքում մի քանի հատվածներում իրականացվող վերականգնման աշխատանքների շրջանակում կատարված փրկարարական պեղումների արդյունքները։ Ձորագետի խոր կիրճի հենց եզրին է գտնվում ամրոցի երկրորդ կամ Փոքր, նաև Արքայական կոչված բաղնիքը։ Սրա լողասրահի՝ ձորին հարող հատվածը, կիրճի եզրին գտնվելու պատճառով, կիսով չափ քանդված էր, նաև վտանգավոր էր աշխատելու համար։ Պեղումների արդյունքում բացվել են պատերի հիմքեր, երկու ջրավազան՝ ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերով։ Ա Նալբանդյանը նշեց՝ գտնվել են մեծ թվով ջնարակված և հասարակ խեցեղենի բեկորներ, և որպես բացառիկ նմուշ՝ սիրամարգի՝ դեղին մակերեսի վրա պատկերով շքաղյուսը, որից մի քանի բեկոր պահպանվել են, և այն կվերականգնվի։ Պարսպի մուտքի պեղումներից բացվել է սալաքարերով, տապանաքարերով քայլուղի (միջնադարյան ճանապարհ), իսկ ճանապարհի եզրաքարերի համար օգտագործված են տարբեր կոթողների, այդ թվում՝ որմնակամարներով պատվանդանի հետաքրքիր բեկորներ և այլն։

 Ընթացքում ներկաները հարցեր էին ուղղում զեկուցողներին։ Լոռեբերդում իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին հանդես եկավ նաև վերականգնողական աշխատանքների ճարտարապետ Հովհաննես Սանամյանը։ «Պատմամշակութային Ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խ․ Հարությունյանը  տեղեկություններ տվեց ՊՈԱԿ-ի ճարտարապետների հեղինակային հսկողությամբ ամրոցի տարածքում իրականացված և շարունակվող վերականգնման աշխատանքների մասին:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ