ԲԱԶՄԱՏԱՂԱՆԴ ԱՐՑԱԽՑԻՆ ՉԻ ԹԵՎԱԹԱՓՎՈՒՄ

Արցախի հոգեւոր կենտրոն եւ քրիստոնեական սրբավայր՝ Գանձասար այցելած շատ-շատերը տեսել են Վանք գյուղի մոտակայքում գտնվող հայտնի քարե առյուծը, որը փորագրված է անմիջապես ժայռի մեջ:  Քարե առյուծի հեղինակը Արամ Ավագյանն է, որի մասին պատմելու համար մեկ հոդվածը թերեւս չբավականացնի, բայց նրա հայրենասեր ու բազմատաղանդ էությանը մեր ընթերցողներին ծանոթացնելու հնարավորությունը բաց չենք թողնի:   

Ծնվել է Ստեփանակերտում 1967 թ. հուլիսի 8-ին: Վաղ մանկությունն անցել է Ասկերանի շրջանի Ռեւ գյուղում տատի մոտ, որտեղ էլ նա սովորել է սիրել իր երկիրը, գնահատել Արցախի գեղեցկությունը: Սովորել է Ստեփանակերտի հ.10 միջնակարգ դպրոցում: Նա հեշտությամբ էր յուրացնում բոլոր առարկաները, բայց ամենից շատ սիրում էր ստեղծագործել, թղթի վրա կամ քանդակներով արտացոլել իր երկրի գեղեցկությունը: Նաեւ հիանալի մարզիկ էր: Դպրոցական տարիներին պարապել է թեթեւ աթլետիկայով, մասնակցել է մրցաշարերի եւ հաղթել: Հետագայում ավագ եղբորից կարատե մարտարվեստ է սովորել եւ վարպետացել մարտարվեստներում: Ձեռնամարտում էլ ուժեղ էր:

Ինչպես նրա հասակակից շատ տղաներ, Արամը հասկանում էր, որ պետք է ինքն իրեն մարտիկ դաստիարակի՝ իր եւ Արցախի պաշտպան: Մասնակցեց «Զարնիցա» եւ «Օրլյոնոկ» մանկապատանեկան ռազմամարզական խաղերի: Նրա թիմը՝ շնորհիվ Արամի, ուժի, ճարպկության, սպորտային վարպետության՝ դարձավ ուժեղագույնը տարածաշրջանում: 1985 թվականին Արամը զորակոչվեց խորհրդային բանակ: Հենց այստեղ նրան առաջին անգամ վիճակվեց բացատրել մարդկանց, որ Արցախը հայկական հող է: Նա տեսնում էր ու հասկանում, որ Արցախը չէր կարող մնալ Ադրբեջանի կազմում: 1987-ին Արամը վերադարձավ Ստեփանակերտ: Նա ցանկանում էր ստեղծագործել եւ ընտրեց լուսանկարչի մասնագիտությունը: Բուհ ընդունվեց, սակայն արդեն մեկ տարի անց՝  88-ին հասկացավ, որ իրեն այլ ճանապարհ է սպասվում. պայքար հանուն Արցախի ազատության: Նրա կողմից բացված նկարչատան գործունեությունը ստիպված է լինում դադարեցնել, երբ սկսվում է 88-ի շարժումը:

Ինքնապաշտպանության առաջին ջոկատներից մեկի հրամանատար, «Ուրագան» ջոկատի եւ 10-րդ վաշտի մարտիկ, ԿՊՇ հետախույզ, ձեռնամարտի վարպետ եւ հատուկ ստորաբաժանումների հրահանգիչ Արամ Ավագյանին շատերը ճանաչում են որպես հայրենասեր եւ քաջարի մարտիկի, որը մասնակցել է Արցախի պաշտպանության համար մղված բոլոր պատերազմներին եւ քաջաբար պայքարել հայրենիքի ազատության համար: Արամ Ավագյանը աշխարհազորի հիմնադիրն ու հրամատարն էր: Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայության համար պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Դրաստամատ Կանայան» եւ «Արիության համար» մեդալներով:

Ինչպես բոլոր արցախցիները, Արամ Ավագյանը նույնպես վերապրել է Արցախի շրջափակումը, 2023 թվականին ստիպված թողել իր տունը, ծննդավայրը, գերեզմանները, իր բազմամյա աշխատանքը եւ ամենաթանկ հիշողությունները:

Արամ Ավագյանը պատմում է Արցախի, իր ընկերների եւ գործընկերների, իրականացված եւ չիրականացված երազանքների մասին, Ասկերանի շրջանի իր հայրենի Ռեւ գյուղը էկոտուրիզմի, հայտնի ղարաբաղյան ցեղատեսակի ձիերի բուծման կենտրոնի վերածելու իր գաղափարի մասին:

Արամն ամաչում է իր նախնիների գերեզմանները լքելու համար, բայց իր երեխաների եւ թոռների կյանքը փրկելու համար նա ստիպված է եղել հեռանալ, ինչպես ամբողջ Արցախի բնակչությունը: Արցախը լքել է իր մեքենայով՝ ընտանիքի հետ: Իր հետ վերցրել է ընտանեկան ալբոմներն ու լուսանկարները, բայց բոլոր մրցանակները թողել տանը:

 Բռնատեղահանվելուց հետո նա տեղափոխվել է Հայաստան, ներկայում ապրում է Շիրակում՝ Գյումրիում, որտեղ շարունակում է ստեղծագործել՝ երբեք չկորցնելով կապը անցյալի հետ:

Տարբեր արհեստների տիրապետող Արամի ձեռքով ամեն ինչ գալիս է՝ ինչպես ասում են ժողովրդի լեզվով: Նա կարողանում է գեղեցկություն գտնել բազմազան նյութերի մեջ եւ իր գաղափարները կյանքի կոչել: Նա ստեղծում է ձիերի արձանիկներ: Դա երկար եւ աշխատատար գործընթաց է: Սկզբում նա ֆիգուրները ձուլում է պլաստիլինից, ապա դրանք տեղափոխում է կարծր նյութերի վրա՝ բրոնզ, ձուլածո մարմար, կերամիկա եւ այլն: Նրա նրբագեղ ձիերը շարժման մեջ են: Յուրաքանչյուր մանրուք՝ սկսած ծածանվող բաշից մինչեւ ուժեղ, մկանուտ ոտքերը, պատրաստում է սիրով եւ ուշադրությամբ:

 Արցախում նրա տաղանդավոր ձիրքն արտահայտված էր նկարչության, քանդակագործության, դիզայնի, եւ հիպոթերապիայի ոլորտներում: Գեղեցկության հանդեպ նրա կիրքը դրսեւորվեց լանդշաֆտային դիզայնի եւ ճարտարապետության ուսումնասիրության մեջ, մինչդեռ գործնական միտքը թույլ տվեց նրան իրացնել իր ներուժը ինժեներական ոլորտում: Բույսերի յուղերով եւ սեփական ֆերմայի ավանակների կաթով օճառի արտադրություն էր սկսել: Արամի ավանակների կաթի համբավը, բուժիչ օճառի տեսքով, կարճ ժամանակում Արցախից դուրս էր եկել, հասել Հայաստան եւ արտերկիր:

Արամը պատմում է, որ բռնի տեղահանությունից հետո, երբ բնակություն հաստատեց Գյումրիում, ծանր հոգեկան ապրումների մեջ էր: Այն ամենը, ինչ տեսել ու ապրել են արցախցիները, հանգեցրել է առողջական խնդիրների, շատ արցախցիներ տառապում են բազմազան հիվանդություններով: Մեկ օրում նրա մազերը գրեթե ամբողջությամբ թափվեցին: Արամն օգտագործեց իր սեփական մեթոդները՝ իրեն բուժելու եւ նյարդային համակարգը հավասարակշության բերելու համար:

2006 թվականին Վանք գյուղ հերթական այցելություններից մեկի ժամանակ մերձակայքում նկատեց այն ժայռը, որը հետագայում քարե առյուծ դարձրեց:  Ժայռակերտ առյուծ ստեղծելու գաղափարը դուր եկավ բարերար Լեւոն Հայրապետյանին, որի աջակցությամբ էլ կյանքի կոչվեց ժայռից առյուծ ստանալու գաղափարը: 2007-ից Արամը սկսեց աշխատել իր հայտնի ստեղծագործության՝ Վանքի առյուծի քանդակի վրա, որը խորհրդանշում էր ուժ, եւ դարձել էր ոչ միայն արցախցիների, այլեւ բազմաթիվ զբոսաշրջիկների համար Արցախի տեսարժան վայրերից ու կոթողներից  մեկը:

Պատվերներ է ստանում աշխատանք կատարելու համար: Նրան խնդրել են Ախուրյանում ստեղծել օբյեկտ՝ ջրվեժով, արհեստական սահանքներով: Հետո հրավիրել են Աբովյան՝ առյուծի ժայռաքանդակ ստեղծելու՝ Վանքում պատրաստածի նման: Նա ասում է, որ Վանքի առյուծը ուժի եւ հպարտության խորհրդանիշ էր իր համար, հայրենիքն էր հիշեցնում: Բայց Աբովյանում նույն մասշտաբի ու ձեւի ժայռ չկար, ինչ Արցախում, ուստի նա ստիպված էր մի քիչ տարբերվող բան ստեղծել: Իհարկե, դա նույնը չէ, ինչ բնական քարի հետ աշխատելը, ու թեեւ ժայռ չկար, նա փորձեց փոխանցել նույն ուժն ու վեհությունը:

Բազմատաղանդ արցախցին՝ Արամ Ավագյանը, չի թեւաթափվում, շարունակում է ապրել ստեղծագործ կյանքով՝ ընթացք տալով իր փայլուն գաղափարներին: Նա համոզված է, որ արցախցիները վերադառնալու են իրենց բնօրրանը, ապրելու եւ արարելու են Արցախի սուրբ հողում: Սոնյա ԱՎԱԳՅԱՆ