«Կան դատեր, որոնց վճիռները չպետք է վստահել դատարաններին»
Սողոմոն Թեհլերյան


Հայոց Մեծ Եղեռնից հետո եղան մի շարք վրեժառման գործողություններ, որոնց իրականացողները, հիրավի, Ազգային արժանապատվության ասպետներ են։ «Նեմեսիս» ծրագրով իրականացվեցին Մեծ Եղեռնի կազմակերպիչ ու սպանդներ իրականացնող դահիճների սպանություններ աշխարհի տարբեր վայրերում, և սա խոսում է այն մասին, որ գալու է նաև չարի հատուցման պահը։ 105 տարի առաջ մարտի տասնհինգին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում 25-ամյա Սողոմոն Թեհլիրյանն սպանեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ ամենամեծ դահիճ Թալեաթին: Իրականացրեց հայ ժողովրդի պատիվը փրկելու մի գործողություն, որին բոլորը սպասում էին։ Այս գործողության առթիվ մարտի 16-ին Երևանում՝ «Ազգային արժանապատվության ասպետներ» հուշակոթող-աղբյուրի մոտ տեղի ունեցավ ծաղիկների խոնարհում։ Միջոցառումը կազմակերպել էր Համահայկական Հասարակական Դաշինքը(ՀՀԴ)։ Հուշարձանի մոտ «Նեմեսիս» ծրագրի մասին խոսեց ՀՀԴ համահիմնադիր Թաուլ Մանասերյանը։ Ասաց՝ «Նեմեսիս» գործողությունը պատվաբեր առիթ էր հայորդիների համար։ Թաելաթին սպանելու համար վիճկահանությամբ ընտրվել է Սողոմոնը։ Իհարկե, նույն ցուցակում եղել են այլք, բայց, ինչպես երգում է հնչում՝ «Թեհլիերյանի բախտը բացվեց․․․»։ Թ․ Մանասերյանը կարևորեց այն, որ 105 տարի անց էլ չմոռանանք այս հերոսների մասին, որոնք իրականացրին նման գործողություններ։ Միջոցառմանը ներկա էին նաև այլ կառույցների ներկայացուցիչներ, որոնք համագործակցում են ՀՀԴ-ի հետ։



Հուշակոթողի վրա գրված է բոլոր վրիժառուների, այդ թվում 1894թ․ ծնված Արտաշես Գևորգյանի անունը։ Նա 1922թ․ հուլիսի 21-ին Թիֆլիսում ընկերների՝ Պետրոս Տեր-Պետրոսյանի և Ստեփան Ծաղիկյանի հետ սպանել է Օսմանյան կայսրության ռազմածովային նախարար, Մեծ Եղեռնի գլխավոր հանցագործներից մեկին՝ Ջեմալ փաշային։ Ստալինյան բռնատիրության տարիներին ձերբակալվում է նաև Արտաշեսը և 1937թ․ օգոստոսի 14-ին գնդակահարվում Ջեմալին սպանելու մեղադրանքով։ Ինչ խոսք, դաժան է՝ Գերմանիայում ճիշտ գնահատեցին Թեհլերյանի գործողությունը և ճանաչեցին անմեղ, իսկ հայրենիքում գնդակահարեցին Հայոց դահիճին սպանածին։ Իհարկե, հետագայում արդարացվեց Արտաշեսը, բայց․․․ ՀՀԴ կառույցի հետ համագործակցող անհատներից է նաև Արտաշեսի թոռը՝ Արմեն Գևորգյանը, որն իր խոսքում շնորհավորեց ներկաներին մարտի 15-ի առթիվ։ Ասաց․ «Աշխարհում 3 կարևոր բան կա՝ Արժանապատվություն, Պատժի անխուսափելիություն և Արդարադատություն։ Ոչ մեկը չի կարող այդ երևույթներից խուսափել․․․»։ Անդրադարձավ նաև Թալեաթի դիվային որոշումներին՝ ոչնչացնել նաև հայ երեխաներին։ Այսինքն՝ աշխարհը գործ ուներ համամարդկային դահիճ-հանցագործի հետ, որը եղել է Թուրքիայի կառավարության անդամ՝ ներքին գործորի նախարարը։
Միջոցառմանը ներկա էին իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանը, նախկին զինվորականներ, քաղաքական գործիչներ։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ