Ազգային պարծանք, հպարտություն, հերոս ու ազգի պատիվ պահող կերպար է Սողոմոն Թեհլերյանը՝ 105 տարի առաջ իրականացրած գործողությամբ։ Հայոց Մեծ Եղեռնից հետո երիտթուրքերից շատերը, որոնք նախաձեռնել էին ու իրականացրին մեծ ոճիրը, փախել էին Թուրքիայից։ 1919թ․ գումարվեց Թուրքիայի զինվորական դատարանի նիստ, և հեռակա մահվան դատապարտվեցին Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները, բայց․․․ Պարզ է՝ ձևականություն էր հեռակա դատավարությունը, և դատարանի վճիռը պետք է կատարվեր ցեղասպանված ժողովրդի զավակների կողմից։ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը կազմակերպեց «Նեմեսիս», գործողությունը՝ հունական Նեմեսիս-վրեժխնդրության աստծու անունով։ 1921թ. մարտի 15-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլիրյանն իրականացրեց «Նեմեսիս»-ի հերթական դատավճիռը՝ գնդակահարեց երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներից, 1913–1918 թթ․ Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթին։ Նույն վայրում էլ ձերբակալվում է Սողոմոնը, սակայն 1921 թ․ հունիսի 2-ին գերմանական դատարանն արդարացնում է նրան։ Թեհլերյանին պաշտպանել են դոկտոր Թեոդոր Նիմայերն՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից, Ադոլֆ ֆոն Գորդոնը՝ իրավական գաղտնի խորհրդական, և Յոհաննես Վերթաուերը՝ իրավական խորհրդական։ Շահան Նաթալին հրահանգել էր Սողոմոնին․ «Կպայթեցնես գանգը թիվ մեկ ազգասպանին և չես փորձել փախչիլ, կկանգնիս տեղդ ոտքդ սատակին վրա ու կհանձնվիս ոստիկաններուն, որոնք կգան ու կձերբակալեն քեզ»:

Դատի ժամանակ դատարանի նախագահը Սողոմոնին հարցրել է․ «Դուք Ձեզ ինչո՞ւ հանցավոր չեք համարում, Թեհլիրյանը պատասխանել է․ «Ես ինձ հանցավոր չեմ համարում, որովհետև խիղճս հանգիստ է․․․ Դեպքից մոտ երկու շաբաթ առաջ ինձ շատ վատ էի զգում, ջարդերի պատկերներն աչքերիս առաջ էին: Մորս դիակը տեսա: Այդ դիակը ոտքի ելավ, կանգնեց առջևս և ասաց ինձ՝ դու տեսար, որ Թալեաթն այստեղ է, ու անտարբե՞ր ես մնում: Հանկարծ արթնացա և որոշեցի այդ մարդուն սպանել»:
Այս հերոսական գործողության 105-ամյակի առթիվ Երևանում՝ Աջափնյակ թաղամասում, որտեղ կանգուն է Թեհլերյանի կիսանդրին, կայացավ ծաղիկների խոնարհում ու ոգեկոչում։

Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1896 թ․ Արևմտյան Հայաստանի Երզնկայի գավառի Բագառիճ բնակավայրում։ Ծննդավայրում ստացել է նախնական կրթությունը, ապա ուսումը շարունակել Երզնկայի Կեդրոնական ուսումնարանում։ 1912 թ․ ավարտել է ուսումը, մեկ տարի անց տեղափոխվել է Սերբիա։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես վերադարձել է Հայաստան, մասնակցել կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թ․ նրա ընտանիքը նույնպես ենթարկվել է ցեղասպանության։
Հուշակոթողի մոտ այցելեցին, ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին նաև ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամները։ Պ․ գ․ դ․, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանն անդրադարձավ այդ գործողության պատմությանը՝ ասելով․ «Սողոմոն Թեհլերյանն իրականացրեց հայ ժողովրդի պատիվը փրկելու մի գործողություն, որին բոլորն սպասում էին։ Դրանից առաջ թուրքական պետությունը նախաձեռնել էր զավեշտալի մի ծրագիր՝ հայ ժողովրդին բնաջնջել իր հայրենիքում։ Եվ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը չկարողացավ պատշաճ դիմադրություն ցույց տալ․․․»։ Թուրքիայից դուրս տարբեր երկրներում իրենց հանգիստը վայելող թուրք դահիճներին պատժելու գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թ․ Երևանում՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում։ Մասնավորապես, որոշում է ընդունվել ի կատար ածել երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ դատավճիռը։ Նշվել է Ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները։ Թալեաթի անունը ցանկում առաջին համարի տակ էր գտնվում։ «Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծված պատասխանատու մարմինը ղեկավարել են ԱՄՆ-ում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Գարոն և հատուկ Ֆոնդի ղեկավար Ահարոն Սաչագլյանը։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումն իրագործում էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը։ Խ․ Ստեփանյանը նշեց նաև․ «Սողոմոնը միակն էր, որ փրկվել էր Եղեռնին զոհ գնացած իր ընտանիքից և իր կատարած ակտով փրկեց ոչ միայն իր ընտանիքի, այլև հայ ժողովրդի հավաքական վրեժը․․․ նա փրկել է հայ ժաղովրդի հավաքական պատիվը»։ Այս առումով տեղին է հիշել նաև հայ ժողովրդի բարեկամ, գերմանացի գրող և հասարակական գործիչ Արմին Թեոֆիլ Վեգների խոսքը․ «Այդ պահին, երբ ամբաստանյալը (Սողոմոն Թեհլերյանը) փողոց իջավ և ատրճանակն ուղղեց իր զոհի դեմ … այդ ինքը չէր, որ փողոց էր իջնում, նրա միջով իջնում էին դարերը, միլիոնավոր սպանվածները: Կարելի է ասել, որ նա իր առջևից տանում էր իր ամբողջ ժողովրդի պատվի դրոշը, դրոշը խոշտանգվածների, դրոշն իր սպանված ընտանիքի …»։ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի երիտասարդ ներկայացուցիչը 105 տարի առաջ իրականացված գործողության առթիվ ասաց․ «Սողոմոն Թեհլերյանի ամենակարևոր դասը՝ իր քայլով և առհասարակ «Նեմեսիս» գործողությունն այն են, որ ցույց տրվեց աշխարհին ու Թուրքիային՝ մեր թշնամուն, հայ ժողովրդի պայքարի ոգին չի մահացել»։ Ռազմական կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանն իր խոսքում կարևորեց այն, որ Սողոմոն Թեհլիրյանի խորհուրդը հավերժական է։ Անդրադառնալով Ս․ Թեհլիրյանի կերպարին մշակույթում՝ ասաց․ «Վերջերս ավարտել եմ «Նեմեսիսը մշակույթում» ֆիլմը, որը խորհրդանշում է Նեմեսիսը երեկ, այսօր և վաղը «Ազգային արժանապատվություն ասպետներին». աղբյուր-հուշակոթողի վրա գրված են վրիժառուների անունները։ Կան նաև սյուներ, որոնց վրա անուններ չկա։ Դա վաղվա և այսօրվա շնորհալիների համար է թողնված։ Մշակույթը նույնպես զենքի տեսակ է։ Շատ են դեպքերը, որ արվեստի մի խոշոր գործ հավասար է դիվանագիտական մի ամբողջ խմբի արածի»։

Զրույցների ընթացքում անդրադարձ եղավ նաև «Նեմեսիս»-ի այլ քաջամարտիկների մասին։ Ս․ Թեհլերյանը վախճանվել է 1960թ․ մայիսի 23-ին՝ ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ