…Մեկ ազգի պահողը, իրար միացնողը լեզուն ա ու հավատը:
Լեզուդ փոխի՛ր, հավատդ ուրացի՛ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՞ր ազգիցն ես:
Խաչատուր Աբովյան
Աբովյանական այս ձևակերպմանը հավելենք նաև մշակույթը, որով էլ ամբողջանում է մեր ազգային դիմագիծը: Հենց մշակույթով է բնութագրվում ու առանձնանում ամեն մի ազգ: Կարծում եմ՝ մեղանչած չենք լինի ոչ ոքի դեմ, եթե խոստովանենք, որ հայ ազգը աշխարհի մասշտաբով շատ հարուստ մշակույթ է ունեցել, և օտարներն ավելի բարձր գնահատանքի խոսքերով են հաստատել դրա իրավացիությունը:
Դարերի ընթացքում բազմիցս ասպատակությունների ենթարկված Հայոց աշխարհը կանգուն է մնացել իր ավանդույթներով, մշակութային կոթողներով, նաիրյան արքայական լեզվով ու քրիստոնեական հավատով՝ հավերժորեն շարժելով վաչկատուն ցեղերի նախանձը:
Իրականությունն այն է, որ այսօր մենք կանք մեր գոյաբանական հիմնասյուների շնորհիվ:
Ներկա աշխարհի գլոբալիզացիայի ու աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների պայմաններում մեր գերխնդիրն է՝ պահել-պահպանել ազգայինը, այսինքն՝ այն ամենը, ինչ կենդանի է պահում ազգը:
ՀՀ-ում գործում են կառույցներ, որոնց գերնպատակը հենց այդ գաղափարի հարատևությունն է հետապնդում: Նրանց գործունեության ուղնուծուծը կազմում է ազգային գաղափարախոսությունը, մատաղ սերնդի հիշողության մեջ ազգային դիմագիծը միշտ վառ պահելու միտումը:

Այդ կառույցներից մեկը ,,Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ,,-ն է, որի համակիրների թիվն օր օրի ավելանում է, որովհետև չքաղաքականացված այս կազմակերպությունը նպատակ է հետապնդում՝ ազգային արժեքները դարձնել շատերի սեփականությունը: Նրա ձեռնարկած տարաբնույթ միջացառումները, մրցույթները, կյանքի կոչված բոլոր ծրագրերը փաստում են նրա հետևողական պայքարի մասին՝ այդ արժեքները պահպանելու գործում:
Վերջերս Թեքեյան կենտրոնի ընդարձակ դահլիճում կայացած բազմաբովանդակ միջացառման համար, թվում էր, դահլիճը շատ նեղ էր, քանզի հանդիսատեսի սրտին շատ մոտ ու հաճելի թեմաներ էին քննարկվում, ու մարդիկ ներկայացել էին՝ վայելելու կենսաթրթիռ այդ պահերը:

Տեղի էր ունենում հիմնադրամի՝ նախապես հայտարարած երկու՝ ,,Հայ ազգի առաքելությունը,, , ,,Իմ բանակը,, խորագրերով ստեղծագործական մրցույթների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որ համընկնում էր մեր ժողովրդի փառապանծ զավակ Անդրանիկ զորավարի ծննդյան տոնին:

Միջացառմանը ներկա էին նաև Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, որովհետև մրցույթի մասնակիցների զգալի մասը Արցախից էր:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Չիլինգարյանը, ողջունելով ներկաներին, շեշտեց, որ իրենց կառույցի գործունեությունը բացառապես գաղափարախոսական է և բխում է ,,Արարատյան պետություն,, գրքի պահանջներից, ու որդեգրել են այն գաղափարախոսությունը, որ ուժեղ պետություն ունենալու համար պիտի ունենալ ուժեղ արժեքներ՝ լեզուն, մշակույթը, պատմական հիշողությունը, ժառանգության պահպանությունը, հայրենիքի հանդեպ պատասխանատվությունը: Նման միջոցառումները բխում են հիմնադրամի գաղափարախոսությունից ու նրա գործունեությունից, և դրանք առաջին անգամ չեն կազմակերպվում /,,Արցախը վերադարձի ճանապարհը,, , ,,Իմ երկրի սահմանները,,/: Մրցույթներին մասնակցել են 100-ավոր մարդիկ՝ առանց տարիքային սահմանափակության, ու կազմակերպությանը հաջողվել է դրանցում վեր հանել շնորհալի երեխաների ու չափահասների: Մասնակիցներին հնարավորություն է տրվել ինքնարտահայտվելու, իրենց սերը առ հայրենիք դրսևորելու համար: Այդ միջոցառումները միաժամանակ նրանց համար մեծ հարթակ են նոր հնարավորությունների համար:

Օրվա առաջին մրցանակաբաշխությունը՝ ,,Հայ ազգի առաքելությունը,, մրցույթի հետ էր կապված: Ունենալ ուժեղ պետություն, ուժեղ բանակ, կայուն տնտեսություն, ամուր սահմաններ. այս բոլոր արժեքները տեղ են գտել մասնակիցների ստեղծագործություններում, ինչն էլ շատ ուրախալի փաստ է: Այո՛, հայ ժողովուրդը, որտեղ էլ որ լինի՝ Սփյուռքում թե Հայրենիքում, եթե միասնական է և ունի ազգային տեսլական, միշտ էլ կարողանում է դիմակայել բոլոր տեսակի մարտահրավերներին:
Տնօրեն Աննա Չիլինգարյանը միաժամանակ նշեց, որ մասնագետների համար դժվար է եղել որոշում կայացնելը, որովհետև աշխատանքները մեկը մյուսից լավն էին:

Այնուհետև քահանա տեր Միխիթար Հարոյանը, շնորհակալություն հայտնելով հիմնադրամի տնօրենությանը՝ իրեն ևս այդ հրաշալի միջոցառմանը մասնակից դարձնելու համար, աղոթքով սկսեց իր խոսքը, օրհնեց ներկաներին ու հիշեց մեծ Հայդուկապետի խոսքը. ,,Թողեք, որ ես անհաշտ մնամ թուրքի հետ,, /ինքը ևս նրա համակիրն է/, կոչ արեց միասնական լինել ու սիրել հայրենիքը: Թող Անդրանիկի ոգին փոխանցվի մեր բոլոր սերունդներին, ու վառ մնա նրա պատգամը, որում ասվում է, որ եթե սերունդներն ուզում են իրեն նվեր մատուցել, ապա այնպես անեն, որ Առաքելոց վանքում հնչեն հայկական ծեսեր, կնունքներ ու հարսանիքներ:
Շնորհակալություն հայտնելով մեծարգո հյուրերին, որոնք ամեն պահի իրենց կողքին են ու հավատարիմ բարեկամներ են՝ հիմնադրամի խորհրդի նախագահ Նաիրի Հոխիկյանը համառոտ անդրադարձ կատարեց ազգային գաղափարախոսությանը՝ պետության ու ազգի անցնելիք ճանապարհին, ու թվարկեց նրա բաղադրիչները.
-ազգային ինքնություն
-պետության տեսլական
-հայրենիքի նկատմամբ պատասխանատվություն և արժեքներ
-ազգային շահի առաջնահերթություն
-նպատակ և առաքելություն /ինչպիսին պիտի լինի Հայաստանը 10, 40, 100 տարի հետո/:
Աշխարհում գոյություն ունի ժողովուրդների երկու տեսակ՝ արարող և գողացող: Մեր ժողովուրդն արարող է, իսկ թուրքը՝ գողացող: Եվ որպեսզի մեր ժողովուրդը հնարավորություն ունենա հանգիստ արարելու, անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ, որ ստեղծում է միայն ուժեղ պետությունը: Իսկ թե որոնք են ազգային գաղափարախոսության հիմնասյուները, Նաիրի Հոխիկյանը ընդգծեց դրանց կարևորությունը:
ա/ Մովսես Խորենացի՝ մեր պատմահայրը, որ աշխարհին պարզեց մեր ինքնության երեք կարևոր հատկանիշները. ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և դեպի ու՞ր ենք գնում:
բ/ Գրիգոր Նարեկացի՝ համաշխարհային նշանակության կերպար, որը 2015-ին հռչակվեց 36-րդ Տիեզերական վարդապետ ու սրբադասվեց:
գ/ Խրիմյան Հայրիկ, որ քրիստոնեությունը ավելի մոտեցրեց հայ ազգին: Ըստ նրա՝ հայ աղջիկը դեմքը բաց պիտի լինի ու կրթված: Այդ մասին նա հայտարարել է, երբ Վանում հանդիպել է փակ դեմքով հայուհիների:
դ/ Րաֆֆի, որը հիմք դրեց մեր ազգային-ազատագրական պայքարին՝ ստեղծելով քաղաքական մտածողություն:
ե/ Անդրանիկ զորավար՝ արդար ուժեղի այն կրողը, որը կյանքում երբեք պարտություն չի կրել: Նա ազատագրել է Բուլղարիան, Պարսկաստանի հյուսիսային շրջանները, հասել մինչև Բերձոր…
զ/ Գարեգին Նժդեհ՝ մեր ժողովրդի նվիրյալ զավակ, որի հավատամքն էր՝ ,,Արժանի չես հայրենիքիդ, եթե այն չես դավանում իբրև գերագույն նպատակ, իսկ անձդ՝ իբրև միջոց,,:
է/ Հովհաննես Թումանյան, որը մեր մշակույթը ժողովրդից քամեց-քամեց, հանեց ու հանձնեց թղթին:
ը/ ,,Սասնա ծռեր,, . էպոսը այն ազգային արժեքն է, որը լավագույնս ներկայացնում է մեր ժողովրդի դրական ու բացասական գծերը:
Այս ամենից ելնելով՝ մշակվել են ութ նպատակները՝ ուղենիշները.
1/ ազգային պետություն, որտեղ որոշողը էթնիկ ազգությունն է:
2/ հայրենաճանաչում
3/ քրիստոնեական արժեքներ /եկեղեցին է մեր պետականության պահպանողը/
4/ ազգային առաջադիմական կրթություն, այսինքն՝ քաղաքացիները լինեն ազգային մարդիկ, այլ ոչ թե գլոբալիստներ:
5/ նախաձեռնողականություն /բոլոր հարցերում լինել հարձակվող, ոչ թե պաշտպանվող, իսկ հարձակվել նշանակում է՝ տեր լինել իր ունեցածին/
6/ արդար ուժեղի սկզբունք, որը մեզ ավանդել է Անդրանիկ զորավարը:
7/ հայրենիքի ազատագրում գերությունից /Հյուսիսային Արցախ, Լեռնային Արցախ, Նախիջևան, Արևմտյան Հայաստան/
8/ գալիքի եռափուլ ճանապարհ /ինչպիսին պիտի լինի Հայաստանը 10 տարի հետո, 40 տարի հետո և 100 տարի հետո/.
ա/ Գարդմանի և Արցախի վերադարձ, Արևմտյան Հայաստանի հայերի ազգային ինքնության հարց
բ/ հայկական բանակի վերազինում և հզորացում /,,Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը,, տարիներ շարունակ իրականացնում է այդ գործընթացը
գ/ Հայաստանն ապագայում:
Մրցանակաբաշխության ընթացքում մեկընդմեջ հնչում էին Մեծ զորավարի մարգարեական խոսքերը, պատգամները և լսվում երաժշտական համարներ՝ ազգային երգիչ Արսեն Գրիգորյանի /Մրո/ և մասնակիցների կատարմամբ: Մրցանակակիրները պարգևատրվեցին հատուկ անվանակարգերով /մեր մեծերի անուններով/, Գարեգին Նժդեհի ,,Բանտային գրառումներ,, գրքով և հայրենաճանաչողական՝ ,,Ծովից ծով հայրենիք,, խաղով, որը փոքրերին ու մեծերին սովորեցնում է ճանաչել Հայրենիքը՝ Տրապիզոնից մինչև Շուշի ու Պարտավ:
,,Իմ բանակը,, խորագրով մրցույթի հաղթողների մրցանակները սահմանված էին մեր անվանի ռազմական գործիչների անուններով: Նոր անվանակարգեր էին սահմանված նաև այսօր հարևան երկրի բանտերում անմարդկային պայմաններում հայտնված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներ Ռուբեն Վարդանյանի, Լևոն Մնացականյանի և Դավիթ Բաբայանի անուններով:
,,Արարատյան արժեքների կրթական հիմնադրամն,, իրականացրել է մի շարք նախագծեր.ստեղծագործական մրցույթներ, հայրենաճանաչողական խաղեր, գունազարդման և գաղափարական տետրեր: Կազմել և տպագրել է Հայկազունիների թագավորական տոհմածառը, ինչպես նաև իրականացրել է հայրենաճանաչողական արշավներ: Հիմնադրամը կազմակերպել է ,,Հայոց Արևելից կողմեր, Գարդման. պատմություն և իրականություն,, խորագրով խորհրդաժողով, որը նպատակ ուներ վեր հանել Գարդմանից բռնի տեղահանված հայերի իրավունքների և ունեցվածքի պաշտպանությունը ու քայլեր ձեռնարկել նրանց անվտանգ վերադարձի համար:
Առաջիկայում հիմնադրամը նախատեսում է ,,1604-ի առեղծվածը,, խորագրով խորհրդաժողով և Ազգային կրթական կենտրոնների բացում Հայաստանի շուրջ 77 բնակավայրերում:

Օրվա միջոցառումն այնքան հետաքրքիր էր ու բովանդակալից, որ ավարտից հետո հանդիսատեսները չէին ուզում հեռանալ: Բոլորը ջերմ շնորհակալական խոսքեր էին հնչեցնում կազմակերպիչների հասցեին:
Ամեն ինչ՝ հանուն հայրենիքի ու ազգային ինքնության, հանուն ազգային վեհ արժեքների պահպանության ու երկրի հզորացման. այս գաղափարախոսությամբ են առաջնորդվում ,,Արարատյան արժեքների կրթական հիմնադրամի,, բոլոր աշխատակիցները:
,,Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերնդի և նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: …Արժանի չես հայրենիքիդ, եթե այն չես դավանում իբրև գերագույն նպատակ, իսկ անձդ՝ իբրև միջոց,, ,- ասել է Գարեգին Նժդեհը:
Թող բոլորը հետևեն նժդեհյան այս իմաստուն խոսքերին, այնժամ մեր հայրենիքը կլինի հզոր ու անպարտ:
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ