«Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի նստավայրում մարտի 9-ին տոնական էր։ Կանանց տոների միամսյակի առթիվ կազմակերպվել էր ցերեկույթ։ Ինչպես գիտենք, արդեն 32 տարի է՝ Երևանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» հիմնադրամում գործում է «Գթության խոհանոց» ծրագիրը, որի շահառուներն են տարեց ու միայնակ, հաշմանդամ մեր հայրենակիցները, որոնք ամեն տարի՝ հոկտեմբերից մայիսն ընկած ժամանակահատվածում, հիմնադրամի տարածքում օրական մեկ անգամ ստանում են տաք, որակյալ սնունդ, ինչպես նաև սննդի փաթեթներ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ: Նույն ծրագրի շրջանակներում «Հուսո տուն»-ը 2004 թվականից մայրաքաղաքում իրականացնում է նաև «Տնային խնամք» ենթածրագիրը, որի շահառուները Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների միայնակ տարեցներ են, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն հոգալու իրենց առօրյա հոգսերը: 2022թ․ հուլիսից կենտրոնում գործում է նաև «Հույսով լի և առողջ մանկություն» ծրագիրը, որի շրջանակներում շուրջ 170 երեխա՝ հիմնականում Արցախից բռնի տեղահանվածներ, սիրիահայեր, ծնողազուրկ ու սոցիալապես անապահովներ, այստեղ ստանում են արտադպրոցական կրթություն։ Նրանց հետ աշխատում են արհեստավարժ խմբավարները։



Մարտի 9-ին «Գթության խոհանոց»-ի ճաշարանում մշտական և «Տնային խնամք»-ի շահառուներն էին։ Հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց տոների առթիվ, բոլորին բարին մաղթեց։ Դահլիճում էին նաև «Հույսով լի և առողջ մանկություն» ծրագրում ընդգրկված երեխաները, հիմնականում՝ արցախցիներ։ Մեր երխաները տարեցների համար հանդես եկան երգ ու ասմունքով, պարով՝ այսպես ուրախ տրամադրություն հաղորդելով նրանց։ «Գթության խոհանոց» ծրագրի շահառու կանայք հիմնադրամի կողմից նաև ստացան ծաղիկներ, որոնք հանձնեցին նույն երեխաներն ու կամավորները։ Օրվա ընթացքում «Հույսով լի և առողջ մանկություն» ծրագրում ընդգրկված երեխաների հյուրեն էին հիմնականում իրենց մայրերը, տատիկները՝ արցախցի կանայք։ Երեխաները նույն երգ ու ասմունքով, պարերով շնորհավորեցին իրենց մայրերին, հանձնեցին հիմնադրամի կողմից տրված ծաղիկ-նվերները։ Ցերեկույթին ներկա էին նաև հյուրեր, այդ թվում՝ Երևանի քաղաքապետի կինը։


Ընթացքում զրուցեցի հիմնադրամի տնօրենի հետ։ Խոսեց հետագա ծրագրերի մասին, ասաց՝ նման օրերին հիմնադրամի մեքենաներով տարածք են բերում «Տնային խնամք»-ի շահառուներին։ Ինչ վերաբերում է «Հույսով լի և առողջ մանկություն» ծրագրում ընդգրկված երեխաներին, Մ․ Պողոսյանը մեծ սիրով ու գովեստով ներկայացրեց նրանց։ Արցախցի շնորհաշատ մանուկները հիմնադրամի տարածքում նաև նկարել ու կավագործություն են սովորում։ Բոլորի գործերում Արցախն է՝ իրենց տունը, որը կրկին տեսնել ու այնտեղ ապրելը բոլորի երազանքն է։
Ցերեկույթի ընթացքում, վերջում ծնողներն իրենց շնորհակալությունը հայտնեցին «Հուսո տուն» կենտրոնի տնօրենին, աշխատակիցներին։ Բռնի տեղահանումից հետո այստեղ իրենց երեխաները, բացի արտադպրոցական կրթությունից, նաև հոգեբանական աջակցություն են ստանում։ Ծնողների համար էլ «Հուսո տուն»-ը դարձել է իսկական հույսի ու հավատի տարածք՝ հարազատ օջախ։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ