Բռնի տեղահանվելուց հետո փոխվեց մեր կյանքը: Շրջում ենք Հայաստանի քաղաքներով, անցնում ենք տարբեր փողոցներով՝ կարծես փնտրելով, բայց կարոտ մնալով մեր քաղաքի հարազատ ճանապարհներին: Դժվար է հարմարվել նոր միջավայրի հետ, ոմանց համար՝ անհնար: Կարոտում ենք ոչ միայն մեր տունն ու տեղը, փողոցն ու գյուղը կամ քաղաքը, այլեւ մեր առօրյան, աշխատանքն ու զբաղմունքը, աշխատավայրն ու մեր հանգստի վայրերը:
Լինելով Արցախի վինգչուն-քունգֆուի ֆեդերացիայի անդամ-մարզիկ, իսկ վերջին շրջանում ֆեդերացիայի ներքո նաեւ մարզչական գործունեությամբ զբաղվելով ՝ Արցախում հարազատ վայրերիցս մեկը դարձրել էի վինգչուն-քունգֆուի մարզադահլիճը, որը մեզ՝ անդամներիս, համար աշխատանքի ու հանգստի վայր էր միաժամանակ կամ ինչպես ընդունված է ասել արեւելյան մարտարվեստների մեջ՝ մեր մարզադահլիճն իսկական դոջո էր մեզ համար:
Դոջոն այն վայրն է, որտեղ մենք կարգի ենք բերում մեզ եւ կատարելագործվում ենք ավելի լավը դառնալու համար: Այդ հասկացության համաձայն՝ դոջոն կարող է լինել ցանկացած տեղում: Տունը որտեղ ապրում ես նույնպես կարող է դոջո լինել: Եթե պարապում ենք մարզադահլիճում եւ անվանում այն դոջո, ուրեմն պետք է հատկացնել այդ վայրին պատշաճ հարգանք: Պետք է մաքուր պահել, հետեւել ու պահպանել ներքին կանոնները, ինչն էլ անում էինք մեր մարզադահլիճում: Մինչդեռ Արցախից բռնի տեղահանվելուց հետո դժվար է գտնել դոջո:
Դոջոն միայն տարածքը չէ, այն նաեւ մարզիչն ու մարզիկներն են եւ այն բոլոր ուղեկիցները, որոնք պատահում են կատարելագործվելու ճանապարհին: Հանգամանքների բերումով ցրվել ենք Հայաստանի տարբեր տեղերով, միասնական մարզում անելու հնարավորություն դեռ չունենք, իսկ գլխավոր մարզիչ Սայաթ Բաղդասարյանը Երեւանում սպասում է կառավարության աջակցության՝ մարզադահլիճ ունենալու հարցը լուծելու, ապա մարզիկներին համախմբելու համար: Աջակցություն կլինի՞, թե՞ ոչ, պարզ չէ: Հիշելով ու կարոտելով մեր մարզադահլիճը, որի պատերը ներծծված են արցախցի մարզիկների քրտինքով, համառությամբ, կամքով՝ հիշում ենք նաեւ դրա ստեղծման ու բովանդակալից պատմության մասին:
Ստեփանակերտի վինգչուն-քունգֆուի մարզադահլիճն իր գոյություն ունենալու կարճ ժամանակահատվածում դիմակայել ու հաղթահարել է շատ դժվարություններ:
2017թ. մարտին Արցախի վինգչունի ֆեդերացիան պաշտոնապես հիմնելուց հետո մարզիչ Սայաթ Բաղդասարյանն իր շուրջը համախմբեց մարզիկներ՝ սկսած 5 տարեկանից եւ համախոհներ տարբեր ոլորտներից ու սկսեց կյանքի կոչել ժամանակահունչ ծրագրեր ու նպատակներ: Իրականացման ճանապարհին հանդիպած խոչընդոտ էր մարզադահլիճի բացակայությունը, որի համար անձնական միջոցներով ձեռք բերեց տարածք: Համախոհներով մինչ այդ էլ պարապում էինք ուրիշ մարզադահլիճներում, հաճախ ոչ այնքան հարմարավետ պայմաններում ու երազում էինք ունենալ մեր սեփականը:
Ակադեմիկոս, բարերար Գրիգոր Գաբրիելյանցի անվան «Ապագա սերունդների հիմնադրամի» հովանավորությամբ Ստեփանակերտի Թումանյան փողոցում գտնվող նկուղային տարածքը վերանորոգվեց եւ ժամանակակից մարզադահլիճ դարձավ՝ անցյալում թողնելով անբարենպաստ պայմաններում մեր մարզվելն ու գործունեություն ծավալելը: Դրան հաջորդեց վինգչուն-քունգֆուի մարզադահլիճի պաշտոնական բացումը, որը տեղի ունեցավ 2020թ. սեպտեմբերին…
Հարմարավետ եւ նոր վերանորոգված մարզադահլիճի բացման համար ֆեդերացիան երախտապարտ էր «Ապագա սերունդների հիմնադրամի» հիմնադիր, բարեգործ Գրիգոր Գաբրիելյանցին: Աջակցությունը խթան էր Արցախում վինգչուն եւ թայչի մարտարվեստները զարգացնելու, մասսայական դարձնելու, մատաղ սերունդը ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու, ֆիզիկապես եւ հոգեպես առողջ մարզիկներ կոփելու համար: Սակայն մարզիկները դեռ չկարողացան մարզվել նոր վերանորոգված ու ժամանակակից նորմերին համապատասխանող մարզադահլիճում: 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետեւանքով վրա հասած չարաբաստիկ պատերազմը նոր մարտահրավեր նետեց մարզադահլիճի գործունեությանը: Նոր վերանորոգված մարզադահլիճը պատերազմի առաջին իսկ օրվանից տրամադրվեց բնակչությանը՝ ապաստարանելու համար: Պատերազմի օրերին մարզադահլիճում պատսպարվել էին շուրջ 30-40 բնակիչ: Մարզումները, բնականաբար, դադարեցվել էին: Բայց հուրախություն բոլորիս՝ կարողացանք հաղթահարել պատերազմի եւ հետպատերազմյան ծանր փորձությունները եւ, վերամիավորվելով, կրկին շարունակել ֆեդերացիայի աշխատանքը բնականոն հունով: Աստիճանաբար մարզադահլիճը համալրվեց մարզագույքով՝ ապահովելով պատշաճ մարզումներ մարզիկների համար:
Հայտնի է, որ մարզումները բարենպաստ են ազդում մարդկանց բարոյահոգեբանական վիճակը բարելավելու վրա, իսկ հետպատերազմյան ծանր շրջանը հաղթահարելու համար դա ուղղակի անհրաժեշտ էր բնակչությանը:
Թվում էր, թե արհավիրքն անցյալում է, իսկ մարզադահլիճը վերջապես կծառայի իր նպատակին, մարտերն էլ կընթանան միայն ռինգում կամ մրցագորգին, սակայն փորձությունները շարունակական դարձան: 2022թ. դեկտեմբերին Արցախը շրջափակվեց: «Հավերժ հիասքանչ գարուն» ընտրած մարզիկներս շարունակում էինք մարզումները շրջափակման պայմաններում, հաղթահարում էինք ցրտաշունչ ձմռան սառնամանիքին չջեռուցվող մարզադահլիճում պարապելու դժվարությունը, սովորեցինք մարզվել լույսի բացակայության դեպքում, շարունակեցինք հավատարիմ մնալ մեր ընտրած մարտարվեստին:
Շրջափակման պատճառով մարզիկները չկարողացան գնալ եւ մասնակցել դրսում կազմակերպվող միջոցառումներին, որոնց մասնակցելը շատ կարեւոր է մարզիկների զարգացման համար: Մարզիչները չկարողացան ներկայանալ ու մասնակցել դրսում կազմակերպվող որակավորման դասերին: Մարզադահլիճում ունեցած մարզագույքի որոշ տեսակներ պատռվում կամ մաշում էին, իսկ նորը ձեռքբերելու հնարավորություն չկար: Թեպետ այդքան դժվարություն կար, բայց մարզադահլիճ հաճախող մարզիկների թվի նվազում չկար, հակառակը, նոր մարզիկներ սկսեցին հաճախել վինգչունի պարապմունքների շրջափակման օրերին նույնիսկ տրանսպորտի բացակայության ժամանակ եղանակային վատ պայմաններում: Շրջափակումն էլ չէր վերջին մարտահրավերը. ահա նորից սեպտեմբեր եկավ ու կրկին պատերազմ:
Սեպտեմբերի 19-ին մարզադահլիճը կրկին դարձավ ապաստարան բնակչության համար, իսկ հետագա օրերին հանդիսացավ նաեւ որպես կացարան շրջաններից եկած քաղաքացիների համար, որոնք մնալու տեղ չունեին:
Հաճախ երեւում է աչքիս մեր խնամված ու մաքուր պահած դահլիճը, մտածում եմ՝ տեսնես ի՞նչ վիճակում է հիմա, արդյոք երբեւէ կունենա՞մ հնարավորություն նորից մարզվելու իմ սիրելի դահլիճում: Գիտեմ, որ ուր էլ գնամ մարզվելու, հիշելու ու կարոտելու եմ իմ դոջոն:
Դոջոն այն տեղն է, որտեղ սովորում ես: Այնքան տեղը չէ, որքան ուսուցանող իրավիճակները եւ մարդիկ, որոնք դա ստեղծում են, սովորում են դրանցով ու զարգանում են: Կյանքը մեզ տալիս է բավական այդպիսի փորձ ու հնարավորություն, մնում է նկատել դա եւ օգտագործել: Բայցեւ հասկանում եմ, որ իմ դոջոն Արցախն է, իսկ ուրիշ ոչ մի տեղ Արցախ չեմ գտնելու:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ