Բարբարոսներ շատ կգան ու
կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կմնա
հավետ…
Վահան Տերյան


Նաիրյան երգչի այս ձևակերպումը, անշուշտ, ապացույցն է այն իրողության, որ պատմության ընթացքում վայրի ցեղերը հաճախ են փորձել ջնջել Հայաստան երկիրս աշխարհի քարտեզից, վերացնել մոլորակի քաղաքակրթական օրրանը, սակայն փոշի են դարձել, ու հետքն անգամ չկա նրանց:
Հայոց աշխարհը քրիստոնյա առաջին երկիրն էր, որ աշխարհին ներկայացավ իր ուրույն դեմքով և իր ուղին հարթեց աշխարհի ազգերի ներկապնակի մեջ՝ դարերի մեջ պահպանելով իր բացառիկ ու տպավորիչ գույնը, որը դեռ աշխարհի ոչ մի նկարիչ չի կերտել իր կտավներում:
Հրոսակներ եկան տափաստաններից ու անապատներից, ջունգլիներից ու մացառուտներից, եկան յաթաղաններով ու սվիններով, եկան բելերը, թուրք-սելջուկները, մոնղոլ-թաթարները, արաբները, եկան սուլթան համիդներն ու թալեաթները, էնվերներն ու ջեմալները… Եկան ու փորձեցին մի ողջ ժողովուրդ արյան մեջ խեղդել ու ջնջել աշխարհից, սակայն Նաիրյան երկիրս հարատևեց Հայկի ու Արայի, Տիգրանի ու Արտաշեսի, Սասնա ծռերի ու Գևորգի, Անդրանիկի ու Սերոբի, Աշոտի ու Ավոյի, Պետոյի ու Լեոնիդի, Տարոնի ու Թաթուլի /անթիվ են նրանք/ համառ պայքարով՝ մնալով միշտ անբիծ ու անխառն, միշտ պարզ ու անապակ, միշտ հպարտ ու աննկուն:
Մենք աշխարհ եկանք աստվածատուր շնորհներով՝ ոչ թե ջնջելու ու հատելու, ջարդելու ու մորթելու, հոշելու ու կողոպտելու համար: Ոչ թե կեղծելու ու պղծելու համար:
Մենք ազատատենչ ու խաղաղասեր Հայկով աշխարհ եկանք, որ չհանդուրժի բռնակալության լուծը: Սասնա ծռերով եկանք, որ աշխարհում թագավորի արդարությունը:
Մենք Ոսկեդարով եկանք, որ աշխարհում գիրն ու իմաստությունը իշխի: Սրի դեմ գրիչ հանեցինք ու ,,Աստվածաշունչ,, թարգմանեցինք՝ թարգմանությունների թագուհի:
Աստվածապարգև սուրբ Մաշտոցով եկանք, որ աշխարհում հաստատվի մեր ազգի ու մեր հարևանների ինքնությունը: Այր մի, որ ապացուցեց.
Թե մի տեղ Վերջը դառնում է Սկիզբ…
…Որ այնտեղ է լոկ սխրանքն
սկսվում,
Ուր վերջանում է ամեն մի
հնար:
Քերթողահայր Խորենացիով եկանք, որ աշխարհին պարզենք մեր ազգի անձնագիրը, որը ուսանում է՝ հարգալից վերաբերվել այլ ազգերի, գնահատել սեփական արժեքները՝ զերծ մնալով ազգային սնապարծությունից: Նա եկավ, որ իր քերթված ,,Հայոց պատմություն,,-ով տեղեկատու աղբյուր դառնա այլոց համար:
Եկանք աստվածընծա Գրիգոր Լուսավորիչով, որ քրիստոնեական լույսը սփռենք աշխարհով մեկ՝ անտեսելով անլուր տառապանքները:
Աշխարհի կողմից Տիեզերական վարդապետ հռչակված Նարեկացիով եկանք ու օրինակ ծառայեցինք աշխարհին, որ մարդն իր մեղքերը թոթափելու, Աստծո հետ երկխոսելու ու կատարյալ դառնալու հնարավորություն ունենա:
Եկանք Ներսես Շնորհալիով, որ շնորհն ու տաղանդը տիրական դառնա երկրագնդի վրա, որ հավատը ամուր բույն դնի մարդկանց հոգիներում:
Աշխարհի յոթ իմաստունների խրթին գաղտնագրերը վերծանող ու մրցույթում հաղթող Դավիթ Անհաղթով եկանք՝ աշխարհի զարմանքը շարժելով:
Մատենադարանի դարակները զարդարող գեղագիր, ձեռագիր մատյաններով եկանք, որ մարդկանց հաղորդակից դարձնենք գեղեցիկ արվեստի հզոր ուժին:
Համամարդկային արժեք ներկայացնող հայ ճարտարապետության բացառիկ կոթողներով ներկայացանք, որ արվեստն ավելի խոսուն դարձնենք /ինչ փույթ, թե այսօր վաչկատուններն անխնա ավերում են դրանք/:
Աշխարհի հետ աստղերի լեզվով խոսող անմահ Համբարձումյանով եկանք, որ պեղենք Տիեզերքը:
Երկրի անհաս խորշերը հասնող որոտընդոստ հնչյունների փառահեղ արքաներով եկանք, որ աշխարհն ամեն օր հնչեցնի նրանց երաժշտության՝ ազգային հպարտություն պարգևող ելևէջները. Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան:
Հայաստանի գույներով աշխարհը զարդարող Սարյանի կտավներով եկանք, որ ավելի գունեղ դարձնենք աշխարհի կյանքը:
Կոմիտասի հոգեպարար երգերով աշխարհ եկանք, որ ,,մաքրենք,, մեր ազգային երգը ու մարդկանց հոգում միշտ վառ պահենք լույսը, բարին ու սերը:
Թումանյանի զարմանահրաշ հեքիաթներով ու խոհափիլիսոփայական քառյակներով ներկայացանք աշխարհին, որ ամենուր հաղթի բարին, ու տիեզերական Անհունի հետ շփվելու հնարավորություն ունենանք:
Եկանք անվանի զորավարներով, մարշալներով ու զորահրամանատարներով. Բալթիկայի արծվի թռիչքով եկանք, որ ֆաշիզմը իր որջում խեղդվի:
Թիկնեղ ու հաստաբազուկ մարզիկներով ներկայացանք աշխարհին, որ ի ցույց դնենք հայի գենետիկ ուժն ու կորովը:
Գիտնականների մի վիթխարի աստղաբույլով եկանք, որ բացահայտենք աշխարհի հրաշալիքները, առեղծվածներն ու մութ խորշերը:
Այսպես անսպառ է ու անհատնում Հայոց աշխարհի հոգևոր շտեմարանը, և հնարավոր չէ բոլորը թվել:
Մի խոսքով, համամարդկային արժեքներ ստեղծելու, միմիայն արարելու համար աշխարհ եկանք, որ չպակասի բարին, լույսն ու հավատը, որ հավերժի արդարությունը, չմեռնի խիղճը:
Ահա սա է հայ ազգի առաքելությունը:
Սակայն պիտի խոստովանել, որ այս բոլոր առաքելություններով հանդերձ՝ մենք միայն չարամիտ հարևանների ու դարավոր ոսոխների խանդն ու նախանձն ենք շարժել, որ անընդհատ հետապնդել ու հալածել են մեզ, իսկ առաջադեմ աշխարհի գութը շարժել մեզ չհաջողվեց: Այս ամենի արդյունքում մենք անընդհատ ,,սեղմվեցինք,, ու ադամանդացանք: Ի հեճուկս մահի՝ մենք միշտ փյունիկի պես հառնեցինք նորից:
Ինչքա՜ն իմաստուն էր Նաիրյան երկրի երգիչը.
Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի,
արջի ցեղերին,
Մեր երկիրը ավերված, բայց
սուրբ է և հին:
Անշուշտ, չար մշուշի պես կանցնեն բոլոր ոսոխները, բայց երբեք չի ավարտվի հայ ազգիս սուրբ առաքելությունը:
Պատահական չէ, որ այսպիսի գնահատականներ են տվել օտարները հայերի ու Հայաստանի մասին.
Հայաստանը գիրք է, որով սովորել են առաջին մարդիկ…
Օսիպ Մանդելշտամ
Հայ ժողովուրդը հին ժողովուրդներից մեկն է, որը մեծ ներդրում ունի համաշխարհային քաղաքակրթության մեջ:
Մ.Դուդին
Հեղինակ՝ Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ