Հայաստանի ավանդական ուշուի հավաքականի առաջատար մարզիկ, երիտասարդների աշխարհի չեմպիոն, մեծահասակների աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր եւ Եվրոպայի չեմպիոն Արսեն Բաղրյանը Ուշուի միջազգային ֆեդերացիայի (IWUF) վարկածով օրերս ճանաչվել է 2025 թվականի լավագույն ուշուիստ՝ սանդա մրցաձեւում:

IWUF-ի հայտարարության մեջ նշվում է, որ Արսեն Բաղրյանը համարվում է Հայասատանի ամենաուժեղ մարզիկներից մեկը՝ աչքի ընկնելով բացառիկ ֆիզիկական տվյալներով, բարձր կարգապահությամբ եւ օրինակելի մարդկային հատկանիշներով: Նա սկսել է զբաղվել ուշուով վաղ տարիքից եւ իր կարիերայի ընթացքում բազմիցս դարձել է Հայաստանի չեմպիոն, ինչպես նաեւ հաղթանակներ է տարել ազգային, եվրոպական եւ միջազգային մրցաշարերում:

2025 թվականին Արսեն Բաղրյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, ինչը եւս մեկ անգամ հաստատել է նրա կայունությունն ու բարձր դասը: IWUF-ի կողմից տրված այս ճանաչումը դարձավ փայլուն մրցաշրջանի տրամաբանական եզրակացությունը եւ ամրապնդեց հայ մարզիկի դիրքը՝ որպես համաշխարհային ուշուի առաջատարներից մեկը: Արցախցի մարզիկին հարգում են ոչ միայն հայրենիքում, այլեւ միջազգային հարթակում՝ ինչպես մրցակիցները, այնպես էլ մարզիչները:
Արսեն Բաղրյանը ծնվել է Ստեփանակերտում 2001 թվականի սեպտեմբերի 13-ին: Փոքր տարիքից ավագ եղբոր՝ Աշոտի հետ սկսել է հաճախել ուշուի մարզումների: Ի տարբերություն եղբոր, որը նախընտրեց սիրողական մարզվել, Արսենը ավելի խորն էր ընկղմվել սանդա ուշուի մարզական աշխարհ եւ տարիների ընթացքում հասել լուրջ արդյունքի: 2023 թվականի սեպտեմբերին Արսենն իր հայրենակիցների նման դաժան ճակատագրից խուսափել չկարողացավ. ընտանիքի հետ ստիպված տեղահանվեց Արցախից՝ սրտում կրելով եղբոր կորստի դառը ցավը: Աշոտ Բաղրյանը զոհվել էր բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:

Մեզ հետ զրույցում Արսենը ցուցաբերեց մարտարվեստների իրական հետնորդին վայել՝ անկոտրում կերպարի վառ օրինակ, ինչն էլ թերեւս օգնեց նրան չկոտրվել կյանքի դժվարագույն իրավիճակում:
– Արսե´ն, ինչպե՞ս սկսվեց Ձեր մարզական ճանապարհը, ինչո՞ւ ընտրեցիք սանդա ուշուն:
– Փոքր տարիքում հայրս ինձ ու եղբորս տարավ սպորտով պարապելու, բայց ոչ թե ակնկալելով, որ հետագայում մարզական կարիերա կստեղծենք կամ սպորտային մեծ հաջողություն ու մեդալներ կունենանք, այլեւ ցանկանալով, որ ֆիզիկապես ուժեղ ու լավ մարզավիճակում լինենք: Մարզվելու ժամանակ ինձ մոտ սեր առաջացավ դեպի սպորտն ու սանդա ուշուն, սկսեցի ավելի ոգեւորված պարապել եւ հասա արդյունքի:

– Բազմաթիվ մեդալներ, պատվոգրեր ունեք, հավանաբար դժվար է առանձնացնել կամ թվարկել բոլորը, այնուամենայնիվ, նշեք սպորտում ունեցած Ձեր ձեռքբերումները:
– 2018 թվականի Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն եմ, նույն թվականի աշխարհի երիտասարդների չեմպիոն: 2019 թվականի աշխարհի մեծահասակների բրոնզե մեդալակիր եմ: 2024 թվականի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն եմ: 2025 թվականի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն եմ: 2026 թվականի աշխարհի մեծահասակների բրոնզե մեդալակիր եմ:
– Բոլորը՝ սանդա ուշու մրցաձեւում, իսկ երբեւէ մտածե՞լ եք այլ մարզաձեւով մարզվելու մասին:
– Անկեղծ՝ ոչ: Երբեւէ ուրիշ մարզաձեւով չեմ հետաքրքրվել:
– Արցախից բռնատեղահանվելը ինչպե՞ս անդրադարձավ Ձեր մարզական կարիերայի վրա, ի՞նչ դժվարությունների եք հանդիպում:
– Արցախից տեղահանումը շատ ծանր ազդեցություն ունեցավ թե սպորտային կարիերայիս վրա եւ թե անձնական կյանքում: Շատ դժվարությունների հանդիպեցի՝ կորցնելով հարազատ եղբորս: Բայց ես մտածեցի, որ պետք է շարունակել ապրել եւ իմ ծնողներին ամեն ձեւ ուրախության ու հպարտության պահեր պարգեւել: Շատ դժվար էր, բայց ամեն մի դժվարություն հաղթահարելով՝ նորից սկսեցի մարզվել:
– Միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից տարվա լավագույն ուշուիստ ճանաչվելը ի՞նչ նշանակություն ունեցավ Ձեզ համար:
– Շատ ուրախ եմ դրա համար ու նաեւ շատ ոգեւորված: Լավագույն ուշուիստ ճանաչվելը ավելի շատ է նպաստում թե իմ եւ թե Հայաստանի ուշուի ֆեդերացիայի համաշխարհային ճանաչմանը:
– Ձեր խորհուրդը սկսնակ մարզիկներին՝ ինչպե՞ս դառնալ լավ մարզիկ:
– Խորհուրդ եմ տալիս զերծ մնալ ամեն մի վնասակար սովորությունից եւ դրսեւորել բարձր կամք, չնահանջել դժվարությունների առջեւ եւ հավատարիմ մնալ սկզբունքներին:
Արսեն Բաղրյանի մարզական հաջողությունները ոչ միայն ձեռքբերում են հայկական սպորտի, այլեւ ոգեշնչող օրինակ պատանի սաների եւ ապագա չեմպիոնների համար: Գործադրած ջանքերի եւ անձնվեր աշխատանքի համար շնորհակալանքի է արժանի Բաղրյանի անձնական մարզիչ Վարդգես Մանասյանը:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ