ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Արցախում, նախքան շրջափակումն ու բռնի տեղահանումը, սպորտի ոլորտը տարբեր մարզաձեւերից աշխարհին տվել է բազմաթիվ չեմպիոններ, Եվրոպայի եւ միջազգային մրցաշարերում գրանցել բազմաթիվ հաջողություններ: Շրջափակման հետեւանքով առաջացած խնդիրների ու սահմանափակումների պատճառով մարզաշխարհը հետընթաց ունեցավ: Արցախում նվազել էր տեղական մարզական միջոցառումների թիվը, հնարավոր չէր արցախցի մարզիկների մասնակցությունը արտերկրում կայացող մրցաշարերին: Այս ամենը հաշվի առնելով՝ բռնի տեղահանված մեր մարզիչներից ոմանք նպատակաուղղված մարզական գործունեություն են ծավալում Հայաստանում, պայմաններ են ստեղծում աշխատելու  նոր սերնդի հետ՝ կրթելու, կոփելու,  ուժեղ սերունդ դաստիարակելու համար: Այդ են վկայում ճապոնական մարտարվեստների մեր մարզիչների ջանքերով նոյեմբերին Հայաստանում բացված մարզական ակումբները:

Արցախի կիոկուշինկայ կարատեի ֆեդերացիայի համահիմնադիր, վաստակավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը հայտարարել է, որ Արցախի կիոկուշին կարատեի ֆեդերացիան հասարակական հիմունքներով գործում է Հայաստանի Հանրապետությունում: Նա ասաց. «Արցախից բռնի տեղահանվելուց հետո ես իմ առջեւ նպատակ եմ դրել նորից իմ շուրջը համախմբել Արցախի երեխաներին եւ պատանիներին եւ որպես միջոց ընտրել եմ կարատեն: Արցախի կիոկուշին կարատե դոյի ֆեդերացիան գործելու է Հայաստանի Հանրապետությունում որպես առանձին միավոր: Ես իմ առջեւ դրել եմ  մարզական նպատակ. այն է՝ կոփել երեխաներին, զարգացնել նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, ուսուցանել ինքնապաշտպանության՝ հարձակողական եւ պաշտպանողական հնարքներ, եւ ընդհանրապես կարատեի էթիկան հասցնել մարզիկներին: Բացի դրանից ունեմ նաեւ ոչ մարզական նպատակ. համախմբել մեր երեխաներին, պահպանել Արցախի բարբառը: Պարապմունքների ժամանակ ճապոնական տերմինների եւ հնարքների բացատրությունն իրականացվելու է արցախյան բարբառով: Իմ շուրջը համախմբել եմ նախկին մարզիկներին, ինչպես նաեւ արցախցի այն մարզիկներին, որոնք մոտ են ապրում այս տեղամասից եւ հեշտությամբ կարող են հաճախել մարզումների: Մեծ սիրով ընդունում եմ բոլորին: Պարապմունքներն ընթանում են անվճար հիմունքներով՝ շնորհիվ իմ ընկերների: Պետական աջակցություն չկա: Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն ընդառաջեց մարզադահլիճի հարցում: Պարապմունքներն անց ենք կացնում Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցի մարզադահլիճում»:

Արմեն Պետրոսյանն անդրադարձել է նախքան բռնի տեղահանվելը Արցախում կատարած գործունեությանը.«Արցախում մենք հզոր թիմ էինք՝ 7 մարզիչ ու 300-ից ավելի աշակերտներ: Մեր մրցումներն ու առօրյա մարզական գործունեությունը ոչնչով չէին զիջում Հայաստանում այլ ֆեդերացիաների կազմակերպած միջոցառումներին ու գործունեությանը, առավել եւս, որ Արցախի կիոկուշինկայ կարատեի ֆեդերացիան Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի հիմնական մատակարարն էր: Մենք մեր մարզական բոլոր նպատակներն իրականացրել ենք թե´ աշխարհի, թե´ Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ տալով, ինչպես նաեւ կարողացել ենք մեծ համբավ ու անուն ձեռք բերել ոչ միայն Արցախում, այլեւ ՀՀ սահմաններից դուրս»:

Արցախում ֆեդերացիայի կողմից կազմակերպվել են մի շարք մեծ միջոցառումներ: Կարատեի միջոցով բարձրաձայնվում էին հուզող խնդիրները: Շրջափակման ժամանակահատվածում կազմակերպվել են պարապմունքներ ու ֆլեշ-մոբեր: Խավար ու ցուրտ մարզադահլիճներում, էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում մարզվելով, 700 կարատեիստների մասնակցությամբ կազմակերպել են ֆլեշ-մոբ, որի նպատակն էր կոչ անել աշխարհի բոլոր հանրահայտ հայազգի մարզիկներին ու մարզիչներին՝ օգտագործել մարզական հարթակն ու իրենց ձայնը հասանելի դարձնել աշխարհին, որ Արցախում 30 000 երեխա գտնվում  է շրջափակման մեջ, որից 700-ը կարատեով է զբաղվում:

Կոտայքի մարզում եւս նոր ակումբ է գործելու, որտեղ երեխաներն ու պատանիները հնարավորություն են ունենալու կոփվել ու ծանոթանալ ավանդական կարատե դո մարտարվեստի հետաքրքրաշարժ հնարքներին:

 Աբովյանում (Էլարի 21(23) հասցեում) բացվեց ավանդական կարատե-դո մարզաձեւի նոր՝ առաջին ակումբը, որի նախաձեռնությունն Արցախից բռնի տեղահանված՝ Արցախի ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիչ, բազմակի չեմպիոն եւ տարբեր մրցաշարերի մրցանակակիր Տիգրան Գեւորգյանինն է: Նորաբաց ակումբում մարզվում է դեռեւս 7 մարզիկ: Դահլիճը կահավորվել է Տիգրան Գեւորգյանի ջանքերով Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթեւոսյանի օգնությամբ: Մարզադահլիճը ձեռք է բերվել վարձակալական հիմունքներով:

Տիգրան Գեւորգյանն ասում է, որ ակումբի դռները բաց են բոլոր ցանկացողների համար: Նա մեծ ներուժ է տեսնում երեխաների մեջ հետաքրքրություն սերմանելու եւ այս մարզաձեւը զարգացնելու համար, իհարկե արհեստավարժ մոտեցմամբ, որպեսզի նրանք կարողանան մասնակցել ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան մրցաշարերի: Այս պահին նորաբաց ակումբում մարզվում է 7 մարզիկ, որոնցից մի մասը տեղահանվել է Արցախից: Նպատակ կա ակումբում ընդգրկել նաեւ Աբովյանի ու հարակից համայնքների պատանիներին, քանի որ դահլիճն ունի այդ հնարավորությունը, թեպետ ամբողջությամբ կահավորված չէ:

Մարզչի ձեռքբերումների մասին Արցախում մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է: Ունեցել են ինչպես մանկապատանեկան՝ մինչեւ 14 տարեկան սաների, այնպես էլ մեծահասակների խմբերում Եվրոպայի, միջազգային մրցաշարերի եւ աշխարհի չեմպիոններ ու մրցանակակիրներ: Տիգրան Գեւորգյանը հավաստիացնում է, որ այսուհետեւ էլ շարունակելու են պահպանել բարձր նշաձողը:

Հաշվի առնելով, որ սպորտը նաեւ ազգային անվտանգության խնդիրներ է լուծում, Տիգրանն իր ունեցած ողջ գիտելիքներն ու փորձը պատրաստ է փոխանցել պատանի մարզիկներին: Ունեն աջակցության կարիք մարզադահլիճն ամբողջությամբ գույքով կահավորելու, պայմանները բարելավելու, այն ժամանակակից չափորոշիչներին հասցնելու համար: Չեն հուսահատվում, հուսով են, որ կլինեն մարդիկ, ովքեր ձեռք կմեկնեն:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ