Համացանցից տեղեկացանք, որ արցախցի պատանի Սանասար Սարգսյանը քիմիայի համառուսաստանյան օլիմպիադայում դարձել է մրցանակակիր: Դա սպասելի էր․ Սանասարը ՌԴ-ում է հայտնվել հարազատ դպրոցում ստացած գիտելիքների ամուր հիմքով: Նա սովորել է Ասկերանի շրջանի Նախիջևանիկի միջնակարգ դպրոցում: Դեռևս 6-րդ դասարանի աշակերտ էր, երբ մասնակցեց մաթեմատիկա և աշխարհագրություն առարկաների ԼՂ հանրապետական օլիմպիադային, ընդ որում, աշխարհագրություն առարկայից մրցակցել է 9-րդ դասարանցիների հետ: Մաթեմատիկայից գրավել է 2-րդ, աշխարհագրությունից` 1-ին տեղը:

ՀՀ եզրափակիչ փուլում այս առարկաներից համապատասխանաբար զբաղեցրել է 2-րդ և 3-րդ տեղերը: Դեռ չէր որոշել, թե ապագայում ինչ ուղղությամբ է շարունակելու: Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Գալինա Մեժլումյանն ասաց, որ Սանասարը հավասարապես ուժեղ է բոլոր առարկաներից: Շատ է սիրում գրքեր կարդալ։ «Բազմակողմանի հետաքրքրություններ ունեցող աշակերտ է: Նա հետագայում նույն հաջողություններն ուրիշ առարկաներից կարող է ունենալ, դրա համար էլ չի կողմնորոշվում: Նրա հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն է. տղա երեխաների մոտ հազվագյուտ երևույթ է գեղարվեստական գրքերի ընթերցանությունը: Նա արդեն պատմավեպեր է ընթերցում, հանրագիտարաններ: Եթե մյուս երեխաներին ուսուցիչները համոզում են, որ գրքեր կարդան, Սանասարին հորդորում են, որ քիչ ընթերցի» /հղումը՝ lusarar info, 2022, 12-13/:
․․․Սա դեռ սկիզբն է: Հավատում ենք, որ մի քանի տարի հետո աշխարհը կիմանա արցախցի տաղանդավոր գիտնականների, երաժիշտների, արվեստագետների, մարզիկների, ինչո՞ւ չէ՝ Նոբելյան մրցանակակիրների մասին: Ձեզ ո՞վ էր ասել աշխարհով մեկ ցրել արցախցիներին։

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի