Այս հարցազրույցը Արցախյան շարժման առաջամարտիկ, գրող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, երջանկահիշատակ Վարդան ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ արվել է 2016 թվականին` ապրիլյան պատերազմից հետո: Ցավոք, 2016թ. «Լուսարար»-ի էլեկտրոնային տարբերակը չի պահպանվել թերթի կայքում, բայց բարեբախտաբար նյութերի մի մասը մնացել է մեր արխիվում, որոնցից մեկն էլ հիշյալ հարցազրույցն է: Կարծում ենք` նրանում բարձրացված հարցերը չեն կորցրել իրենց այժմեականությունը:

– Պարոն Հակոբյան, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտության տևական «սառեցման» ֆոնին քառօրյա պատերազմը օրինաչափությո՞ւն եք համարում, թե՞ դա արտաքին ուժերի հրահրումով էր:
– Թշնամու պահվածքը, բնույթը, որակը, տեսակը մշտապես մեզ պահում են այն մտքի վրա, որ ուր որ է` հարձակումը պետք է տեղի ունենա: Խորհրդային տարիներին, երբ կեղծ բարեկամության քարոզներով էինք «կապված», թուրքը դարձյալ սպանում էր, գողություն էր անում: Դա նրա էությունն է: Այս առումով ապրիլյան ահաբեկչությունն օրինաչափ երևույթ եմ համարում: Իսկ ինչ վերաբերում է արտաքին հրահրմանը, հորդորներին, ապա դա ևս չի բացառվում: Ադրբեջանի բերանում լեզու դնողը Թուրքիան է, մուսուլմանական մի շարք պետություններ, որոնք դրդում են նրան նման քայլերի:
Ռուս-թուրքական հարաբերությունները լարված են հիմա: Սիրիայում Ռուսաստանը վերջերս մեծ դերակատարություն ունեցավ: Թուրքիան, որ Սիրիան դիտում է որպես իր սահմանների ծավալման պոտենցիալ տարածք, Ռուսաստանից վրեժ լուծելու նոր ճակատ է Արցախում բացում, և Ադրբեջանի ղեկավարությունը ենթարկվում է այդ սադրանքներին` չմտածելով իր ժողովրդի մասին:
Փաստորեն ապրիլի սկզբին նոր եղեռնի փորձ էր մեր ժողովրդի նկատմամբ, որի ակունքում դարձյալ Թուրքիան է: Միայն մեզ հետ չեն այդպես վարվել: Այսօր քուրդն է զոհ գնում այդ երկրում: Վուդրո Վիլսոնը անցյալ դարի 20-ական թթ. իր Իրավարար ծրագրով հանդես գալով` թուրքերին անվանել է ավազակախմբեր: Եվ հիմա, երբ արդեն Իսլամական պետությունն է Սիրիայի դեմ պատերազմ սկսել` ցանկանալով նրա հողերում պետություն հիմնել, առաջնորդվում է թուրքերի օրինակով: Չէ՞ որ երեկ էլ, նրանից առաջ, նույն ձևով թուրքերն են վարվել, ամրացել մեր հողերում: Նրանք հիմա և՛ պետություն են, և՛ անգամ ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ են: Անցյալ դարի 18-20-ական թվականներին էլ Ադրբեջանն է իբրև պետություն կազմավորվել Լենինի թեթև ձեռքով: Ազերիները սկզբում ներկայանում էին իբրև Կովկասի թաթարներ: Եվ միայն 1936թ.` Ստալինի հատուկ հրամանով կոչվեցին ադրբեջանցիներ… Այն ժամանակ Ադրբեջանը մի շարք ազգեր միավորող «պետություն» էր:
Մի «ազգ», որի անվան կնքահայրը Լենինն ու Ստալինը լինեն, նրա տեղը միայն դամբարանն է. Լենինի մոտ:
– Ամեն մի իրադարձություն, հատկապես եթե այն ծանր հետևանքներ է թողել, որոշակի դասեր է պարունակում: Ո՞րն է, Ձեր կարծիքով, ապրիլյան պատերազմի գլխավոր դասը:
– Ապրիլյան ահաբեկչությունը (այո՛, պատերազմ չէր դա) մեկ անգամ ևս մեզ ապացուցում է, որ մեր ժողովուրդն անպարտելի է: Սա ես չեմ ասում որպես ինքնագովություն մեր ազգի, մեր ժողովրդի: Սահմանի վրա կանգնած մեր 18-20 տարեկան տղաները հերոսություն են կատարել: Նրանք մինչև իրենց արյան վերջին կաթիլը պայքարել են: Անգամ եթե փամփուշտը չի հերիքել, նրանք գոտեմարտի են բռնվել, թշնամուն տապալել: Եվ եթե նրանք իրենցով կենդանի պատ չստեղծեին, մեծ ավերներ կլինեին: Փառք մեր զինվորին: Բայց կա նաև հարցի մյուս կողմը: Ինչո՛ւ մենք անակնկալի եկանք` անակնկալի չգալով հանդերձ: Ինչո՛ւ չկանխվեց դա ժամանակին:
Այո, մեր առավելությունները մենք լավ գիտենք, բայց առավել հստակ պիտի տեսնենք նաև մեր այն բացասական կողմերը, բացթողումները, որոնք պետք է շատ արագ վերացնել: Ուրիշի չդիմեմ: Թույլ տվեք ինքս ինձ հետ մի քիչ խոսել: Որտե՞ղ ես անզգույշ եղա, որ նենգաբարո թշնամին երես առավ, ինչո՞ւ միայն ժամեր հետո սահմանապահի ահազանգը տեղ հասավ, ինչո՞ւ բոլորս պատրաստ չէինք նման սադրանքի, չէ ո՞ր դա սպասելի էր ամեն վայրկյան…Ինչու՞ ես չեմ կարողացել, թերևս, անկախության տարիներին, իմ պետությունը, իմ երկիրը գերժամանակակից միջոցներով զինել այնպես, որ նրա հետ ստիպված լինեն հաշվի նստել և՛ նենգ թշնամին, և նույնիսկ մեծ տերությունները: Թեև, ի վերջո, մեր ունեցած սպառազինությունն այսօր էլ հերիք է ամբողջ Ադրբեջանը հողի երեսից ջնջելու համար:
Որպես դաշնակից՝ Ռուսաստանն իրեն վերստին չդրսևորեց արժանի ձևով, նա մեր պատմության քառուղիներում մշտապես տմարդի է գտնվել մեր հանդեպ, ինչպես, ասենք, Արևմտյան Հայաստանի հարցում, և նորից նույն վերաբերմունքը դրսևորում է: Եվրասիական տնտեսության անդամ երկրների վարչապետների հերթական նիստը պիտի լիներ Երևանում, չեղավ, վայրը, իբր ապրիլյան ահաբեկչությունների պատճառով, տեղափոխվեց Մոսկվա, որ Ադրբեջանը հանկարծ այդ հավաքին «ծուռ աչքով» չնայի, չնեղանա, մանավանդ այդ հարցում կարևորվեց հայերիս հանդեպ միշտ «ձախ» տրամադրված Ղազախստանի ձայնը: Այսինքն` նորսուլթանիզմը: Եվ մի քանի օր դրանից հետո Ռուսաստանի և Հայաստանի անվտանգության ոլորտի ղեկավարների նիստը, որ կայացավ Երևանում, որևէ հայտարարությամբ հանդես գալուց հրաժարվեց: Ասել է թե` քամահրանքով են մոտենում Հայաստանին, որը, ինչ խոսք, շատ վիրավորական է: Եվ ահա որոշ ժամանակ անց Բաքվում կայանում է քաղաքակրթությունների ընդլայնված ֆորում: Թե վայրենաբարո Ադրբեջանն ի՞նչ կապ ունի քաղաքակրթության հետ, մնում է աբսուրդ: Երբ ԻՊ-ն է ահաբեկչություններ կատարում, աշխարհի մեծ տերությունները միաբանվում են այդ պետությունը ոչնչացնելու համար, երբ այդ ահաբեկչությունը Ադրբեջանն է անում, բավարարվում են լավագույն դեպքում մեկ-երկու հայտարարությամբ:
Մենք պիտի այս ամենից ճիշտ հետևություններ անենք` դառնանք այնպիսի տերություն, որ ստիպված լինի աշխարհը մեզ հետ հաշվի նստել: Եվ մեզ կհարգի նաև մեր դաշնակից Ռուսաստանը: Բայց մեզ ո՞վ է ասել, թե այնքան շատ հավատանք ռուսին, որ հիմա այսքան խորը հիասթափվենք: Թուրքիան զենք է մատակարարում ԻՊ-ին` այդ ավազակախմբերին, որպեսզի նրանք պայքարեն Սիրիայի դեմ, Ռուսաստանը Թուրքիային մեղադրում է դրա համար, սակայն նույն ձևով Ռուսաստանն ինքն է զենք մատակարարում Ադրբեջանին, և Ադրբեջանը կռվում է մեր դեմ: Ի վերջո, պարզ է, իհարկե, որ Թուրքիայի և Ադրբեջանի սադրանքն ավելի շատ ուղղված է Ռուսաստանի դեմ: Ռուսաստանը մոռացե՞լ է, որ թուրքերը կես միլիոնից ավելի ռուսների մեկ հարվածով կոտորել են հենց միայն Շամխորում՝ անցյալ դարում: Որպես Ռուսաստանի դաշնակից` ներքին ցավ ենք ապրում, որ նա չի տեսնում, թե ինչպես է իր հետ Ադրբեջանը «խաղ խաղում»:
Ե՛վ քառօրյա ահաբեկչության, և՛ Եղեռնի, և՛ մեր բոլոր մյուս ողբերգությունների գլխավոր դասն այն է, որ մենք պետք է հավատանք ինքներս մեզ և պետք է զինվենք ավելի, ավելի ու ավելի:
Երբեմն սնապարծության հասնող մեր ինքնահավանությունը մեզ ավելի է վնասում, քան թուրքը: Ոգին` ոգի, ուժը` ուժ, սերը երկրի հանդեպ, մեր հողի հանդեպ` սեր, բայց մեր ժամանակներում պատերազմի Աստվածը զենքն է: Զենք, որ մենք ունենք: Եթե մենք զգոն ու պատրաստ լինեինք, այնքան ջահելներ չէին զոհվի: Աշխարհագրական այսպիսի պայմաններում, թուրքերով շրջապատված, այսպիսի լարվածության մեջ գերժամանակակից զենք չկիրառել՝ նշանակում է դատապարտված լինել ոչնչացման: Սա արդեն օրվա հրամայականն է: Այլապես անդառնալի կորուստներ կունենանք:
Այլ ելք չունենք: «Մուրճ ու զնդան պիտի լինես, ճշմարտություն չկա ուրիշ»: Սա Իսահակյանի խոսքն է: Մեր այսօրը մեր արյունոտ պատմության բոլոր օրերի կրկնությունն է, ցավոք. նույն յաթաղանը միշտ բարձրացված է մեր գլխին: Իսկ մեր փրկությունը մեր միջուկային զենքն է: Դեռ մեր պապերն են ասել` թուրքի հետ ընկերություն արա, բայց մահակը ձեռքիցդ մի գցիր: Մահակը որ ձեռքիդ լինի, թուրքը լավ «ընկերություն» կանի, ոտնամատներդ էլ կլիզի:
Մենք պիտի լինենք ամբողջական, միասնական: Էլիոթը մի լավ խոսք ունի, ասում է` բարոյականության մասին շատ ենք խոսում, ինչո՞ւ, որովհետև ամենաշատ բացակայողը բարոյականությունն է: Հիմա միասնականության մասին շատ ենք խոսում, բայց շատ խոսելը դեռևս միասնականություն ապահովել չէ: Ինչո՛ւ պիտի միայն ծանր պահին միավորվենք: Միասնականությունն այն է, որ և՛ սահմանի վրա կանգնած զինվորը, և՛ այստեղ` Ստեփանակերտում, և՛ մեկ ուրիշ երկրում ապրող հայը, բոլորս նայենք մի ուղղությամբ: Ես կարծում եմ` ժամանակն է, որպեսզի և՛ Ամերիկայում, և՛ Ֆրանսիայում, և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում, և՛ Ղարաբաղում, ամենուրեք, ուր կա թեկուզ տասը հայ, նրանց համար պետք է անպայման դասընթացներ կազմակերպվեն ռազմական գործի, զենքի օգտագործման:
Մենք բոլորս պիտի լինենք նախ և առաջ զինվոր` զինվոր-բանաստեղծ, զինվոր-շինարար, զինվոր-բժիշկ, զինվոր-գիտնական, այո՛, առաջին հերթին` զինվոր, այլապես մենք գոյություն չենք ունենա: Միակ ելքը սա է: Մենք օր օրի նվազում ենք ցորնահասկի պես, քոչվորները մոլախոտերի նման բազմանում ու մեզ օղակում են բոլոր կողմերից: Շատ էական ու բացառիկ կարևոր է ծնելիության մակարդակի շեշտակի բարձրացումը` պլանավորված ձևով:
Ապրիլյան ահաբեկչությունը պիտի հստակ ուղղումներ մտցնի մեր պահվածքի, անհետաձգելի անելիքների մեջ: Ես, բնականաբար, չեմ կարող ռազմական գործի վերաբերյալ դատողություններ անել, բայց գտնում եմ, որ այդ ասպարեզում Արցախն ունի պատերազմի բովով անցած երևելի մասնագետներ, բանակը ղեկավարող ու ընդհանուր գործընթացներին ուղղություն տվող տաղանդավոր ու փորձառու գեներալներ` հրամանատարից մինչև գերագույն հրամանատար: Նրանք, պարզ է, արդեն արել են համապատասխան վերլուծություններ ու անհրաժեշտ հետևություններ:
Մենք` ՀՀ և Արցախի գրողների միությունները, Հայաստանի և Արցախի նկարիչների միությունները, Արցախի ժուռնալիստների միությունը և «Կաճառ» գիտական կենտրոնը, հանդես ենք եկել հիմնադրամ ստեղծելու առաջարկությամբ: «Ազգային տուրք` հայոց զինուժին», ինչպես ժամանակին հրեաներն են արել: Աղբյուր Սերոբն է ասել, որ ավելի լավ է սոված մնանք, քան թե զենք չունենանք: Մենք ունենք զենք, բայց գերժամանակակից զենքը միշտ էլ պիտի լինի ավելի, քան կա… Մեր օրինակը մեզ նման Եղեռն տեսած, մեզ նման բնական ռեսուրսներից «երես չառած», այսօր արդեն հզորացած Իսրայելը պիտի լինի, որին ոչնչով չի զիջում հայերիս արարման հանճարը:
Անվիճելի փաստ է, որ մեր ժողովրդի նվաճումները անկախության շրջանում մեծ են ու անուրանալի: Դա բոլորն են տեսնում: Մանավանդ վերջին տարիներին կատարվածն աննախադեպ է: Սակայն անցյալ դարի 90-ական թվականներին Հայաստանում և Արցախում ռազմավարական նշանակության շատ օբյեկտներ, ինչպես և հողի հարուստ ռեսուրսները ոչ միայն պետությանը չմնացին կամ ժողովրդին, այլ բաժին դառան մի շարք անհատների ու իշխանավորների: Արդյունքում ստացվեց այնպես, որ ունենք ոչ հարուստ հասարակություն, ոչ անհրաժեշտ չափով հարուստ պետություն:
Հարուստ է լինում այն պետությունը, որ ունենում է հարուստ և ունևոր հասարակություն: Բայց եթե ունևորների մեջ ամենահարուստը պետությունը չէ…
Արևմտյան Հայաստանում են ժամանակին եղել ամենահարուստ հայերը: Նրանցից մեկի տուն-ապարանքը հիմա Էրդողանի համար նախագահական նստավայր է: Բայց ժամանակին այդ հայերը, ինչպես կարգն է, փամփուշտով չեն ապահովել Անդրանիկին, Նժդեհին, մյուսներին: Առաքելոց վանքում Անդրանիկն իր զինվորներով ամրացավ, պայքարեց, և երբ փամփուշտները վերջացան, ստիպված հեռացավ: Այսինքն` մեր հարստությունը, ինչպես ժամանակին Ռաֆայել Պատկանյանն է նշել իր բանաստեղծության մեջ, կորած է, եթե դա չի ծառայում մեր ժողովրդին:
Մենք պետք է ունենանք նաև ազգային ծրագիր: Յուրաքանչյուր գործողություն պիտի համաձայնեցված լինի հայերիս մեջ, այդ գործողություններում անհրաժեշտ է, որ լինի ներքին համերաշխություն, ներդաշնակություն: Եվ այս դեպքում մենք բավականին կշահենք:
– Այն կարծիքի՞ն եք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառել է իր հնարավորությունները լիարժեք միջնորդական առաքելություն իրականացնելու համար:
– Ես խորապես հիասթափված եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, որովհետև նա ստանձնել է մի դերակատարություն, որը չի կատարում: Վերջերս, ճիշտ է, կարծես ինչ-որ տեղ փորձում է հասցեական դարձնել իր խոսքը, բայց ոչ այնքան շեշտված ձևով: Բանակցային գործընթացը տիկնիկային թատրոն է հիշեցնում՝ բեմից դուրս: Կարծես միայն գալիս-գնում են:
Դեռևս խորհրդային տարիներին համաժողովրդական քվեարկությամբ մենք դուրս եկանք Ադրբեջանից: Սովետն էր, որ Արցախը կցեց հայերի, թալիշների, լեզգիների, ուդիների հողերի վրա հորինված Ադրբեջան պետությանը: Դաշտային Ղարաբաղն ամբողջապես հելուզվեց ազերական օղակների մեջ, մեր պատմական տարածքները կուլ գնացին քոչվոր ցեղերին: Լենինյան կուսակցության գլխավորությամբ կատարվեց սպիտակ եղեռն: Իսկ հիմա, երբ սովետը չկա, էլ ի՞նչն է մեզ «կապում»: ժողովրդավարական բոլոր քայլերը մենք պահպանել ենք: Եվ Ղարաբաղն այժմ կայացած պետություն է: Երբ նայում եմ աշխարհի պետությունների համաստեղությանը, տեսնում եմ, որ ԼՂՀ-ն շատ ավելի ժողովրդավար է:
– Կիսու՞մ եք այն կարծիքը, որ Արցախի և Հայաստանի, առհասարակ, անվտանգության միակ երաշխավորը բանակն է:
– Ես միշտ մտածել եմ, որ մենք ոչ միայն ուժեղ ենք, այլ ավելի քան ուժեղ ենք: Այսօր էլ ես այդ հավատը պահում եմ: Հայաստանի, Արցախի ոչ միայն անվտանգության, այլև գոյության միակ, կրկնում եմ՝ միակ, երաշխավորը հայոց բանակն է, որով հպարտանում ենք: Ռազմական սխրագործությունը հայի գենի մեջ կա ի սկզբանե: Մեր բանակում ընդգրկված են բավականին բարձրակարգ մասնագետներ: Ե՛վ զինական կարողություններով, և՛ ներքին ներուժով, և՛ տաղանդով, իսկապես, հայերը առանձնացել են բոլոր ազգերի մեջ: Սա մեր առավելությունն է: Հայոց հանճարը հիմա մեր շարքային զինվորների ու գեներալների մեջ է: Մենք պիտի այդ առավելությունն օգտագործենք ի շահ մեր ժողովրդի: Պիտի մեր բանակն ավելի ու ավելի պաշտպանունակ դարձնենք: Ամենաբարձր աշխատավարձը մեր երկրում պետք է ապահովենք առաջին հերթին զինվորականների համար: Նրանց պիտի տալ բարձր արտոնություններ: Մարդիկ իրենց կյանքն են տալիս հայրենիքի համար, սա մեր ժողովրդի, հայի ամենամեծ հատկանիշն է, մեր փոքրիկ ազգի որակական ոսկե միջուկը: Մենք սա պիտի պահպանենք, սնենք նոր երակներով, շատ ավելի հզորացնենք:
Մեր հայրենիքը պիտի լինի աշխարհի ամենաարդար երկիրը:
Մենք, այո՛, փոքր երկիր ենք հիմա: Մեր երազած Հայաստանը ունենալու համար պետք է առաջին հերթին երաշխավորը լինենք մեր ժողովրդի անվտանգության: Եթե մենք չկարողացանք դա անել, ապա մեր մնացած զարգացումները` շենքեր կառուցել, մշակույթ ստեղծել և այլն, և այլն, անօգուտ բաներ են: Գերժամանակակից զենքն է բոլոր հարցերի լուծման բանալին:
Անկախ նրանից, թե քո դաշնակիցն ինչպիսին է, դու պիտի հույսդ քեզ վրա միայն դնես: Դարերի ընթացքում մենք այնտեղ, որտեղ մեր հույսը, ապավենը մենք չենք եղել, տանուլ ենք տվել, հիասթափվել ենք: Վերջում հասկացել (հայի ետի խելքով), որ որտեղ էլ նայում ենք, մեր բարեկամը միայն մեր ներսում է, ինքներս ենք մեր բարեկամը:
– Ո՞րն եք տեսնում մտավորականության դերը իրադարձությունների ներկա և հետագա զարգացումներում:
– Ես կարծում եմ, որ երկրի սերուցքը մշտապես դիտվել է մտավորականությունը: Թուրքիան, երբ 1915թ. սկսեց իրագործել հայերիս Ցեղասպանությունը, իր գործը ավարտին հասցնելու համար միանգամից մտավորականներին ոչնչացրեց: ժողովրդի գլուխը մտավորականն է, եթե գլխատվում է ազգը, նրանից հետո ժողովրդի հետ ինչ ուզում են` անում են: Արցախի, Հայաստանի, Սփյուռքի հայ մտավորականությունը ազգային հարցում, կարելի է ասել, մշտապես իր բարձրության վրա է եղել: Վերջերս մեծ հպարտություն ապրեցի, երբ Կարո Փայլանը թուրքական խորհրդարանում Վարուժանի, Զոհրապի և եղեռնազոհ մեր մյուս երևելիների հարցը բարձրացրեց, նկարները ցուցադրեց և միաժամանակ առաջարկեց, որ հանձնաժողով ստեղծեն ու քննեն, թե ինչ պայմաններում նրանք սպանվեցին: Դա, իհարկե, խիզախություն է:
Մենք միշտ խոսում ենք մեր ոգու մասին: Մեր մեծագույն հարստությունը մեր աննկուն ոգին է: Ոգին, խիզախման փիլիսոփայությունը մեր մեջ մաքրագործվելով, սերնդեսերունդ գնում են` գրականության, դպրության, մշակույթի, գիտության միջոցով, փոխանցվում են դարերին:
Մտավորականը ուղեղն է երկրի: Անուղեղ երկիրը միշտ դատապարտված է լինում կործանման: Մենք սովորաբար խոսում ենք հայկական հատկանիշների մասին, բայց ես շատ տխրում եմ, երբ տեսնում եմ, որ մեր ազգային արժեհամակարգը ամբողջացնող այն գծերը, որոնցով առանձնանում է հայ մարդը, այս պարագայում` արցախցին, կորցնում ենք. երկիրն ասես տրվել է փողի, հարստության կուրացնող մոլուցքին: Եվ այդ մրցավազքում կորցնում ենք ամենագլխավորը` ինչով շահեկանորեն առանձնանում ենք:
Մտավորականությունը երկրի ռազմավարության շարժիչ ուժն է:
ԱՄՆ-ի կյանքում եղավ մի պահ, երբ այդ երկրի տնտեսությունը զրոյական էր: Եվ պետության կից ստեղծվեց ուղեղի կենտրոն (мозговой центр): Յուրաքանչյուր ոլորտ համախմբեց իր կենտրոնական դեմքերին, խելացի, տաղանդավոր մարդկանց, խորհուրդներ կազմավորվեցին, և առանց այդ խորհուրդների որոշման, ոչ մի հարց չէր լուծվում երկրում: Երկիրը միանգամից դարձավ իրավական պետություն` և՛ հզոր, և՛ ուժեղ: Իսկ մենք ո՞ւմ ենք սպասում: Արկադի Տեր-Թադևոսյանը հայտարարեց մեր բոլոր գեներալներին հավաքվելու մասին: Անհրաժեշտությունից ծնվեց այդ գաղափարը: Սևակն ասում է` ելքը գտնվում է այնտեղ, ուր վերջանում է հնարը: Իսկ ինչո՞ւ չհավաքել նաև մեր բոլոր գիտնականներին, բոլոր ավիակոնստրուկտորներին, ռազմագործներին, մշակութաբաններին, մյուսներին… Համապատասխան խորհուրդները պիտի գործեն պետական կառույցներին կից, որ հայ գիտնականը, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, ոչ թե իրեն պարապուրդի մատնի, այլ իմանա, թե հայ ժողովրդի ռազմավարության մեջ կարևոր ուղիները որոնք են, որն է զարգացման ճշմարիտ ճանապարհը, որը պետք է մեր ժողովրդին փրկի: Պետք է վերջ տալ այն մոտեցումներին, որոնք քանդում, ավերում են հայ մարդու ներքին աշխարհը: Աստված մարդու մեջ է: Ամենամեծ և ամենասուրբ եկեղեցին մարդն է: Եկեղեցում մոմ չվառելը մեծագույն մեղք է: Բայց մենք որքա՜ն եկեղեցիներ ունենք (շատ հաճախ՝ ավերված), որոնցում տարիներ շարունակ մոմավառություն չի լինում: Քանակի մեջ չէ հավատը, այլ… կառուցվածին տեր կանգնելու, պահպանելու մեջ: Քանի՛ եկեղեցի ունենք աշխարհում, որ արդեն մզկիթի են վերածվել… Մտածե՞լ ենք այդ մասին, թե ինչու է այդպես լինում…
Վերացնենք պատճառը:
Հպարտանում ենք, որ երկրագնդի ամենատարբեր ծագերում հայն աչքի է ընկնում իր ինքնատիպ կառույցներով, որոնք, ի վերջո, մնում են ուրիշին, մենք մեր շինարարական հանճարը պիտի ներդնենք հայի` որպես տիեզերական սուբյեկտի, կառույցի մեջ, փոխենք մեզ դարեր շարունակ ուղեկցող, ուրիշների կողմից «փառաբանվող» գծերը:
Մեր աշխարհագրական դիրքը երբեք չի փոխվելու. սա պիտի լավ հասկանանք, վերջապես ինչքա՞ն պիտի մենք կառուցենք, թուրքը քանդի: Մեր երկիրը պիտի դառնա աշխարհում ամենաժամանակակից զենք արտադրող կենտրոններից մեկը: Տերը լինենք մեր ոճի, մեր զարգացման, մեր բազմացման, մեր լինելության, մեր կորած հողերի վերադարձման: Կենտրոնանանք մեծապես ռազմագործության վրա: Մեր դանդաղկոտությունը, մեր հապաղումն այս գործում նշանակում է թուրքին օգնել, որ մեզ ոչնչացնի:
– Իննսունականների Արցախյան պատերազմը պատշաճ գեղարվեստական արտացոլում գտե՞լ է հայ գրականության մեջ, թե՞ գրողական երևակայության գզրոցներում դեռ անմշակ նյութ շատ կա, մանավանդ եթե նկատի ունենանք, որ ապրիլյան պատերազմի իրողությունները ևս գեղարվեստագրման կարիք ունեն:
– Ես, իհարկե, կխուսափեմ անուններ տալուց: Իսկապես ստեղծվել են գործեր, որոնք ուշադրության արժանի են: Բայց եթե ասեմ, որ Ազատամարտը լիարժեք արտացոլում է գտել մեր գրականության մեջ, ճիշտ չի լինի: Գեղարվեստական գրականությունն ակնարկ չէ, նստես ու թարմ տպավորությունների տակ գրես, պետք է տարիների նստվածք լինի: Հայ գրողը, ցավոք, զրկված է գեղարվեստական խնդիրներին ամբողջական նվիրվելուց: Մենք առավոտից մինչև ուշ գիշեր մշտապես խրված ենք այլ գործերի մեջ` ոչ մեր մեղքով: Մեր կռած, մեր կոփած, մեր արյան մեջ թրծված հաղթանակին համարժեք բառը պիտի գտնվի: Մենք դեռ չենք ստեղծել այդ բառը և որոնման ճանապարհին ենք: Իսկ գրականությունը սկզբից մինչև վերջ (այդ վերջը հարաբերական է, չկա), որոնում է: Ես ուղղակի ողջունում եմ, որ մեր գրողները ճշմարիտ ու հետաքրքիր որոնման մեջ են:
Հարցազրույցը` Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԻ