Բանակի օրվան համահունչ

«Զորակա՛ն, կռվիր այնպես, որ կարողանաս ասել զենքի ընկերներիդ՝ ինձ պես կռվեցեք»։

 Գարեգին Նժդեհ

Հունվարի 26-ին Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցում մեծ ոգևորությամբ նշվեց Հայոց բանակի օրը։ 34 տարի առաջ, երբ տարբեր կամավորական ջոկատներ, խմբեր մարտնչում էին արցախում, ՀՀ սահմաներն էին պաշտպանում, կարևորվեց պետական բանակ ունենալը։ Հայոց հազարամյա պատմությունը հարուստ է մեր բանակի սխրանքների, հաջողությունների, անհաջողությունների մասին հիշողություններով։ Եվ նույն հիշողություններով էլ վերածնվեց, վերակազմավորվեց նորանկախ Հայաստանի Հանրապետության բանակը՝ հիմք ունենալով երկրապահ ջոկատները, «Անկախության բանակ»-ը, Հայոց ազգային բանակը և այլ ռազմական միավորումներ։ Եվ օրվա խորհրդին համահունչ՝ դպրոցի բակում, չնայած ցրտին, շարված էին կրթօջախի սաները՝ դասարան-դասակ կազմերով, իրենց հրամանատարներով։ Դպրոցի զինղեկ, պահեստազորի գնդապետ Հովհաննես Քերոբյանը տնօրեն Անուշ Նավասարդյանին զեկուցեց՝ աշակերտները պատրաստ են երթի՝ ինչպես զինվորը։ Հնչեց Հայոց Օրհներգը, այնուհետև Ա․ Նավասարդյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց Հայոց բանակի օրվա առթիվ՝ իր սաներին մաղթելով բարին։

Դպրոցի ռազմամարզական և դաստիարակչական գծով ուսուցիչների օգնական Գոռ Մանուկյանի հրահանգով սկսվեց զինվորական երթը՝ դրոշակակիր դասակի առաջնորդությամբ։ Հանդիսավոր երթին ներկա էին Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ՝ տեղակալ Մ․ Ասլանյանի գլխավորությամբ, ուսուցիչներ, ծնողներ, բազում հյուրեր։ Ոգևորությամբ էինք հետևում մեր երեխաների երթին․ բոլորը սիրով ու պատասխանատվությամբ էին քայլում որպես զինվոր՝ հայրենիքի ապագա պաշտպան՝ անկախ տղա էին, թե աղջիկ։ Նույն օրը դպրոցի միջանցքում՝ հասարակական ու քաղաքական գործիչ, «Անկախության բանակ»-ի համահիմնադիր, Հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանի կիսանդրու դիմաց բացվեց տողերիս հեղինակի՝ Հայոց բանակի օրվան նվիրված լուսանկարների ցուցահանդես։

Լուսանկարներում մեր բանակի պատմությունն է՝ սկսած 1989 թ․ Բերդաձորից, երբ Հայ դատի կողմից ստեղծված Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի առաջին ջոկատներն անցան Արցախի Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջան՝ պաշտպանելու բոլոր կողմերից օղակված հայոց 4 փոքր գյուղերի բնակչությանը։ Կան լուսանկարներ, որոնցում արդեն 1990-ական թվականների պատմությունն է․ Շուշի, Լաչին, Վահան գյուղ, Արցախի Մարտունի, Ավետարանոց և այլն։ Այդ տարիներին, մասնակցելով մարտական գործողություններին, նաև լուսանկարում էի, լրատվությամբ հանդես գալիս ՀՀ մամուլում։ Սրբությամբ պահել եմ արխիվս։ Հետագայում, երբ բնակություն հաստատեցի Արցախի Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում, աշխատանքի բերումով հաճախ էի շփվում Արցախի պաշտպանական բանակի տարբեր զինվորական կառույցների հետ։ Բնական է՝ նաև լուսանկարում էի։ Քաշաթաղի շրջանը համագործակցում էր տարբեր Արցախի ՊԲ զորամասերի հետ։ Լինում էին փոխայցեր, մեր շրջանի մշակութային խմբերը համերգներով էին հանդես գալիս զորամասերում։ Հաճախ լինում էի նաև առաջնագծում․ տոնական օրերին մեր զինվորներին նվերներ, աշակերտների նամակներ էինք տանում։ Առաջնագծում ու զորամասերում եղա նաև ռազմական գործողությունների ժամանակ՝ 2014թ․ օգոստոսին, 2016 թ․ ապրիլ-հուլիս ամիսներին, հետագայում։ Եվ այդ ժամանակների լուսանկարներ շատ են։ Ցավ է՝ լուսանկարներում եղած հերոսներից շատերը, հատկապես 2020 թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում, մնացին հավերժ զինվոր։ Արդեն հավերժի ճամփորդ են նաև 90-ականների շատ հերոսներ։ Ցուցահանդեսին ներկա էին նաև նույն Հերոսների հարազատներ, մարտական ընկերներ, քաշաթաղցիներ։ Ինձ համար առավել կարևոր է, որ մեր մատաղ սերունդը ծանոթանա Հայոց բանակի պատմությանը, ճանաչի իր իսկական հերոսներին, ովքեր ոտքի ելան, պաշտպանեցին ու ազատագրեցին Արցախը, ովքեր հերոսաբար պաշտպանում էին մեր հայրենիքը։ Ու լուսանկարները միջանցքում դասավորելիս օգնում էին աշակերտները, հետաքրքրվում, հարցեր ուղղում։ Քաշաթաղ շրջանի Մշենի համայնքի կազմում էր պատմական Արվական գյուղը, որն ուներ փոքր դպրոց՝ խալխուլ շենքում։ Դպրոցը տնօրինում էր նույն Մշենի դպրոցի նախկին շրջանավարտ Աստղիկ Նազարյանը։ 2020թ․ ամռանը սկսվեց դպրոցի հիմնանորոգումը, որն ստանձնեց Աստղիկի ամուսինը՝ Հրաչյա Գալուստի Մարտիրոսյանը, ով 2016 թվականին, երբ սկսվեց Ապրիլյան քառօրյա կոչվող պատերազմը, ապրիլի 2-ին առաջնագիծ մեկնողներից էր ու մինչև մայիսի վերջը մասնակցեց մարտական գործողություններին, տուն եկավ։ Ջրականի դիրքերում 2016-ին հանդիպեցի Հրաչին, Հակարի գյուղի դպրոցի տնօրեն Արսեն Հայրապետյանին, ում ճակատագիրը մինչ օրաս անհայտ է։

Լուսանկարեցի տղերքին իրենց խմբի հետ։ Այդ ժամանակ Հրաչյան իր պարտքը հայրենիքի հանդեպ նվիրված կատարելու համար պարգևատրվեց պատվոգրերով և «Մարտական ծառայություն» մեդալով։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին նույնպես առաջիններից էր, որ դարձյալ կամավոր մասնակցեց, բայց 3 զավակների հայրն այսօր հանգչում է Եռաբլուրում։ Ցուցահանդեսին ներկա էր նաև Աստղիկը։ 2019թ․ Մայիսյան եռատոների առթիվ մայիսի 7-ին Ջրականի առաջնագծում էի՝ թիվ 1 մարտական հենակետում՝ Արաքսի ափին։ Քաշաթաղի շրջվարչակազմի պատվիրակներով դարձյալ նվերներ էինք տարել տղերքին։ Հանդիպեցի, զրուցեցի դիրքի պատասխանատու, լեյտենանտ Սևան Ղազարյանի հետ, լուսանկարեցի։ 2020թ․ 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհվեց նաև Սևանը, ում հրամանատարությամբ էր ծառայում Քաշաթաղի Վակունիս գյուղից ժամկետային զինծառայող, 6 քույրերի ավագն ու միակ եղբայրը՝ Ժիրայր Գագիկի Մարգարյանը, ով նույնպես միացավ հավերժի ճամփորդ Լուսե բանակի շարքերին։ Հետո ժիրայրի մայրն ասաց, որ իր որդու հրամանատարն է եղել Սևանը և նահատակվել հերոսաբար։ Ցուցահանդեսին Սևանի մայրը՝ Կարինեն, չկարողացավ գալ, սակայն եկել էր մյուս որդու կինը՝ փոքր դստեր հետ։ Աղջնակը տեսավ հորեղբոր լուսանկարը, ավելին իմացավ նրա մասին։

Լուսանկարներում շատ են նաև քաշաթաղցիները՝ կամավորականներ, ովքեր անմիջապես Առաջնագիծ էին հասնում, երբ կար անհրաժեշտություն։ Ու այժմ նրանց մի մասը Եռաբլուրում է։ 2020թ․ պատերազմում քաշաթաղի շրջանից զոհվեցին 75-ից ավելի զինվորներ՝ ժամկետային, կամավորական, պահեստազորային, աշխարհազորային։ Կան նաև անհայտ կորածներ, որոնց մասին պատմող լուսանկարներ էլ կան ցուցադրված։ Հետագայում էլ Արցախում և Մեծ Իշխանասարում, Ջերմուկում քաշաթաղցիներ նահատակվեցին։ Քաշաթաղի առաջին զինկոմ, ազատամարտիկ Սայաթ Լոքյանը նայում է նկարները, հիշում շատերին։ Ցուցադրությունը թիվ 196 հիմնական դպրոցում կշարունակվի մինչև հունվարի 30-ը ներառյալ։ Լինելու էշրջիկ։ 

 Զոհրաբ Ըռքոյան