«Քաջերի սերունդները քաջեր են»
Մ․ Խորենացի
Հազարամյակների պատմություն ունեցող հայոց բանակը վերակազմավորվեց Արցախյան շարժմանը զուգահեռ։ 1988 թվականից սկսած՝ կազմավորվեցին կամավորական երկրապահ ջոկատներ և որոնք էլ դարձան վերակազմավորվող պետական բանակի հիմքը։ Անցել է 34 տարի, որի ընթացքում բազում հաղթանակներ է տոնել մեր բանակը, ունեցանք դառը պարտություն, Արցախի կորուստ։ Սակայն պետք է մշտապես լինենք մեր բանակի հետ, ու հատկապես դպրոցականները լավ իմանան նրա պատմությունը, արժեքը։


Օրվան նվիրված ցերեկույթ կայացավ Կոտայքի մարզի Քանաքեռավանի միջնակարգ դպրոցում։ 9-րդ Ա դասարանի դասղեկ Իրինա Արսենյանի և զինղեկ, պահեստի մայոր Արկադի Սարգսյանի համատեղ կազմակերպմաբ բաց դասին ներկա էին կրթօջախի տնօրենությունը, համագործակցող զորամասի լեյտենանտ Արման Վարդանյանը, ավագ Հայկարամ Մնացականյանը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ։ Դասարան-դասակը բաժանված էր 3 ջոկերի՝ յուրաքանչյուրն իր հրամանատարով։ Սկզբում հնչեց Հայոց օրհներգը, այնուհետև սկսվեց դասը։ Աշակերտ-զինվորները ներկայացրին աշխարհի տարբեր երկրների բանակների մասին, ներկայացվեց նորանկախ Հայաստանի Հանրապետության բանակի ստեղծման պատմությունը, ու նորից ընդգծվեց հայ զինվորի հաղթական կերպարը։ Կատարեցին «Տղերքը, որոնք չկան» երգը, որը հիշեցում է՝ խաղաղությունն ունի գին, այն էլ` չափազանց թանկ։ Այնուհետև յուրաքանչյուր դասակ անդրադարձավ ռազմական տեխնիկայի խնդիրներին՝ նշելով դրանց հնարավորությունները, կարևորությունը, խնդիրները։ Խոսք հնչեց նաև Հայոց բանակում մեծ դեր ունեցած Անմահ Հերոսների՝ Մովսես Գորգիսյանի, Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի և Մոնթե Մելքոնյանի՝ Ավոյի մասին։ Վերջում տեղի ունեցավ վիկտորինա։


Նույն դասարանի «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան» և «Արարատ» թիմերը մրցեցին 3 «Ռազմարվեստի պատմություն», «Հայ ազատագրական պայքարը 19-րդ դարավերջին, 20-րդ դարասկզբին» և «Հայրենական Մեծ պատերազմ» թեմաներով։ Տնօրեն Գոհար Կարապետյանի նախագահությամբ էր մրցույթը գնահատող հանձնախումբը։ Վերջնական արդյունքում հաղթեց «Դրաստամատ Կանայան» թիմը՝ արժանանալով առաջին տեղի պատվոգրի։ Գ․ Կարապետյանը, շնորհավորելով օրվա առթիվ, իր սաներին մաղթեց բարին, հայտնեց շնորհակալություն կազմակերպիչներին, ներկա զինվորականներին։ Շնորհակալագրեր հանձնեց դասակի հրամանատար Հրաչ Եդիգարյանին և ջոկերի հրամանատարներ Արամ Սարգսյանին (1-ին ջոկ), Արեն Սարգսյանին (2-րդ ջոկ) և Գրիշա Հազարապետյանին (3-րդ ջոկ)։ Կայացած բաց դասը կարևորեցին զինվորականները՝ հավատով, որ մեր աշակերտները միշտ են լինելու Հայոց բանակի կողքին։ Իսկ տղաների համար առավել է կարևոր լավ ուսումնասիրել ռազմի պատմությունը, ծանոթ լինել զինատեսակներին․ որը պետք է գալու բանակ զորակոչվելու և ծառայելու ընթացքում։


Ցերեկույթից հետո զրուցեցի դպրոցի տնօրենի հետ։ Գոհար Կարապետյանը կրթօջախի տնօրենն է 2003 թվականից, մինչ այդ աշխատել է որպես դասվար։ Ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։ Այս ուստարում դպրոցն ունի 522 աշակերտ, 36 ուսուցիչ։ Մասնագետի կարիք չունեն։ Անդրադառնալով դպրոցի շրջանավարտներին՝ տեղեկացրեց, որ տարիների ընթացքում իրենց նախկին աաշակերտներից շատերն ընդունվել ու ավարտել են բուհեր, ստացել են միջին մասնագիտական կրթություն, ունեցել են ավանդ մեր երկրի համար։ Ցավով հավելեց՝ 2020թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ դպրոցի 4 շրջանավարտ անմահացել է։ Արսեն Եղոյանի, Արսեն Սարգսյանի, Մհեր Փոթոյանի և Էդիկ Կիրակոսյանի անուններով դպրոցում գործում են դասարաններ։ Արցախյան առաջին գոյամարտում դպրոցից Գետաշենում զոհվել է Յապոն Խեչոյանը։ Կրթօջախն ապահովված է գույքով, դասագրքերով, գրադարանով, առարկայական լաբորատորիաներով, ռազմագիտության կահավորված դասասենյակով։ Գործում է նաև «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիա։ 1-9-րդ դասարանները երկուական են, իսկ ավագ դպոցը՝ 1-ական։ 12-րդ դասարանում 2025-2026 ուստարում սովորում է 20 աշակերտ։ Ունեն նաև 15 սաներով նախակրթարան։ Դպրոցական առարկայական օլիմպիադաներում 3 աշակերտ մասնակցել է հանրապետական փուլերին, արժանացել պարգևների։ Իսկ օրվա բաց դասի մասին նշեց․ «Համատեղ բաց դասը դարձավ դպրոցում իրականացվող նպատակային և համակարգված կրթական աշխատանքների ևս մեկ հաջողված օրինակ»։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ