Ինչքան էլ դժվար՝ մանկապարտեզները գործում են

Որ ամիսներ շարունակվող պաշարման պայմաններում Արցախի բնակչությունը գերմարդկային ճիգեր է գործադրում գոյությունը պահելու համար,  ոչ մեկի համար գաղտնիք չէ: Բայց այսօր պաշարման մեջ գտնվող մարդկանց ավելի շատ հետաքրքրողը և օգտակարը ոչ այնքան պակասության մասին  խոսելն է, այլ թե ով ինչպես է կարողանում հաղթահարել այն:

Ուսուցիչների օգոստոսյան առցանց խորհրդաժողովում ԱՀ ԿԳՄՍ նախարար Ն. Մկրտչյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 1-ից կդադարեցվի մանկապարտեզներին սննդամթերքի հատկացումը: Բայց չպետք է հասկանալ, որ  փակվում են մանկապարտեզները, և նրանք դադարեցնում են իրենց գործունեությունը: Այն մանկապարտեզները, որոնց պահեստներում սննդի որոշակի քանակություն կա, և նաև կա հասարակության կողմից աջակցություն, կարող են շարունակել աշխատել: Այս վերջին մտքի համար հիմք են հանդիսացել նախադեպերը:

Նախ նշենք, որ Ստեփանակերտի և շրջանների մանկապարտեզները մինչ այդ Արցախի սոցապնախարարությունից ստացել էին սննդամթերք և ըստ իրենց՝ կարող են գոյատևել մինչև սեպտեմբերի կեսերը, որոշները՝ մինչև ամսվա վերջ: Մանկապարտեզներն ամենից շատ դժվարանում են հացի խնդրում, սակայն դա էլ որոշակի լուծում ստացավ ծնողների կողմից: Նրանք առաջարկեցին իրենց երեխաների հետ հաց դնել: Մայրաքաղաքի որոշ մանկապարտեզներ այդ ձևով կարողացան պահել երեխաների օրվա ռեժիմը, ոչ, իհարկե, սննդի կալորիականության տեսակետից:  Սակայն արդեն վերջացել կամ վերջանալու վրա են մյուս սննդամթերքները: Եվ չնայած դրան՝ դարձյալ չեն փակվել: Մանկապարտեզների անձնակազմը՝ տնօրենից սկսած, ներկայանում է աշխատանքի: Ծնողը, որն այսօր հանապազօրյա հաց գտնելու փնտրտուքների մեջ է, կարիք ունի երեխային պապահով տեղ թողնելու, որն էլ մանկապարտեզն է: Ծնողի հայեցողությանն է թողնված՝ երեխային տանե՞լ  մանկապարտեզ, թե՝ ոչ:

Ի դեպ, նախարարի նույն հրահանգը վերաբերում է նաև դպրոցներին կից նախադպրոցական խմբերին: Այստեղ միակ զիջումն այն է, որ 9-ժամյա գործող նախադպրոցական խմբերը չկան, բոլորը հիմա դարձել են 6-ժամյա ռեժիմով: Երեխաները դպրոցում մնում են մինչև կեսօր և ստանում մեկանգամյա սնունդ, որը ձավարեղեն կամ մակարոնեղեն է՝ առանց հացի: Բայց ինչպես տեղեկացանք, շուտով այստեղ էլ սնունդը կհատնի, և դարձյալ ծնողը պետք է հոգա այդ մասին: Ինչքան հետաքրքրվել ենք Ստեփանակերտի նախադպրոցական խմբերի կյանքով, ամեն տեղ ասացին, որ ծնողներն իրենց երեխաների պայուսակում դնում են ուտելիք, մի բան էլ ավել՝ նաև բաժին կողքի նստածի համար: Հետաքրքիր իրողությունների ենք ականատես լինում. դժվար ապրուստը արցախցիներին ոչ թե հեռացնում, այլ մոտեցնում է միմյանց:  Երեխան փոքրուց սովորում է իր պաշարը  կիսել ընկերոջ հետ:

Ավելի հետաքրքիր օրինակներ են ցույց տալիս գյուղական համայնքները:

Այսպես, Շոշի մանկապարտեզը գործում է բնականոն հունով՝ առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 5-6-ը: Երեխաները ստանում են երեքանգամյա սնունդ: Օգտագործում են սոցապնախարարությունց, բայց ավելի շատ՝ համայնքի ուժերով ստացած մթերքը: Իսկ հացը ծնողներն են դնում երեխաների հետ:

Ինչպես տեղեկացանք մանկապարտեզի տնօրեն Նաիրա Առստամյանից, համայնքը հատկացնում է՝ ինչ արտադրում է. կարտոֆիլ, բազուկ, գազար, սոխ, պոմիդոր, վարունգ, պղպեղ, միս, կաթնամթերք, ձու, մրգեր: Ընդ որում, դրա համար հատուկ ժողով չեն արել, որոշում չի կայացվել: Դա կատարվել և շարունակվում է ինքնաբուխ կերպով:  Եվ մասնակցում են ոչ միայն այն ընտանիքները, որոնք երեխա ունեն մանկապարտեզ հաճախող: Բոլորը ներքին պատասխանատվություն են կրում օգնելու մանկապարտեզին: Իրենց համար դա պատվի և արժանապատվության հարց է: Մանկապարտեզի միակ խնդիրն այն է, որ հարևան Մխիթարաշեն գյուղի երեխաները չեն կարողանում գալ տրանսպորտ չլինելու պատճառով: Մինչ այդ ավտոբուս կար, որը Մխիթարաշենից դպրոցականներին և մանկապարտեզի երեխաներին բերում էր: Հիմա դպրոցահասակ երեխաները ոտքով են գալիս Շոշի դպրոց, իսկ փոքրիկները բնականաբար չեն կարողանում:

Մանկապարտեզը դարձել է համայնքի համերաշխության հայելին:

Դրվատանքի օրինակ է ցույց տալիս Ասկերանի շրջանի Այգեստան համայնքը: Մանկապարտեզի տնօրեն Անահիտ Բարսեղյանը մեզ պատմեց, որ մանկապարտեզը գործում է բնականոն հունով: Կարտոֆիլը սեզոնին բարեգործական եղանակով տվել են գյուղացիները: Ձուն, կաթնամթերքը, բանջարեղենը, միսը մատակարարը ձեռք է բերում գյուղից հարմար/ոչ քաղաքի/ գներով: Ծնողները հանգիստ են, գիտեն, որ իրենց երեխաները իրավիճակի համեմատ նորմալ սնվում են, իրենք կարողանում են իրենց հոգսերով զբաղվել:

՚Ճիշտ է, սննդի պահանջվող կալորիականությունը լիարժեք չենք պահում, բայց հիմիկվա պայմաններում  ճոխութուն է, որ երեխան նախաճաշին ձու կամ կաթնամթերք, ջեմ, քաղցր թեյ է ստանում: Ծնողներ կան, որոնք  ասում են, որ իրենց տներում այդ սննդամթերքները չկան, լավ է, որ երեխան գոնե մանկապարտեզում ստանում էՙ,-ասում է տնօրենը:

Մանկապարտեզի գոյությունը շատ օգնում է ծնողներին: Նրանք ստիպված չեն լինում բլոկադային վերաբերող երեխաների բազում հարցերին պատասխանել:  Երեխան ամբողջ օրը զբաղված է լինում հետաքրքիր զբաղմունքներով և ուտելու մասին չի էլ մտածում: Մանկապարտեզն օգնում է, որ երեխաներն ուրախ անցկացնեն օրը:

Տնօրենը պատմեց, որ 17 երեխա են ճամփել դպրոց, հաջորդ օրը նույքան էլ ընդունել: Ըստ չափորոշիչների, օգոստոսի 1-ին պետք է երեխաներին  թողարկեին, բայց ընդառաջելով ծնողների խնդրանքին՝ նրանց պահել են մինչև օգոստոսի  25-ը և հաջորդ օրն էլ /առաջին անգամ առանց  մեկշաբաթյա դադարի/նորերին վերցրել՝դարձյալ ծնողների  խնդրանքով:

՚Այս իրավիճակը գյուղը ավելի միահամուռ է դարձրելՙ.-ասում է  Անահիտ Բարսեղյանը, որն ամբողջ օրը մտածում է, թե որ մթերք որտեղից ձեռք բերի: Մանկապարտեզի համար անգամ ավազից աղ են ստացել:

Բայց դժվարը այն մթերքները ձեռք բերելն է, որոնք չեն արտադրվում Արցախում: Խոսքը շաքարավազի, ձեթի, հնդկաձավարի մասին է: Այս խնդիրն ամենուրեք է և հույս ունեն, որ Արցախ մտած  հումանիտար բեռներից բաժին կհանեն նաև մանկապարտեզներին:

Այգեստանի մանկապարտեզը նախապատրաստվում է ձմռանը: Տնօրենն այստեղից -այնտեղից փայտ է մթերում, որ ձմեռը ցուրտ չլինի: Բայց ամենից կարևորը մարդկային ջերմությունն է որ մանկապարտեզը տալիս է իր սաներինՙ:

՚Ինձ միայն մի բան է մտահոգում. այսքանից հետո հանկարծ առանց հայրենիք չմնանքՙ,-ասում է Անահիտ Բարսեղյանը:

Մենք ներկայացրինք ընդամենը երկու մանկապարտեզ: Նման օրինակներ կան նաև Մարտունու, Մարտակերտի շրջաններում, որոնք պատվախնդրորեն պահվում են համայնքի ուժերով:

                                                                                                                                       Սվետլանա Խաչատրյան