ՄԵՆՔ ԿԱՆՔ. ՔԱՋԵՐԻ ՀՈՂԸ ՄԵԶ Է ՍՊԱՍՈՒՄ…

Մշակույթը ազգի հոգևոր հայելին է:

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ճանապարհները չէին բավականացնում՝ տեղավորելու մշակութային այդ կենտրոն շտապող մարդկանց ու մեքենաները:

Կեսօրից սկսած՝ մարդիկ շտապում էին այնտեղ՝ վայելելու արցախյան մշակույթի բացառիկությունները: Առավել անհամբեր էինք մենք՝ արցախցիներս:

Համալիրում տեղակայված տաղավարների սեղանները ճկվում էին մշակութային ցուցանմուշներից, իսկ պատերը հրճվում էին անուշահոտությունից:

Այդ օրը Արցախը ,,ծանր նստել էր,, համալիրում ու անհամբեր սպասում էր իր այցելու զավակներին, որ տարագիր էին դարձել հայրենի երկրում:

Չնայած սառնաշունչ եղանակին՝ բոլորը՝ ծեր ու մանուկ, կին թե տղամարդ, շտապում էին այնտեղ՝ տաքացնելու իրենց հոգիները հարազատ միջավայրում: Համալիրը դարձել էր հսկայական մի մագնիս, որը դեպի իրեն էր քաշում ոչ միայն արցախցիներին: Ո՛չ, արցախյան համեղությունների՝ փախլավայի, գաթայի, ժենգյալով հացի, կուրկուտի զգլխիչ բուրմունքը չէր մարդկանց գերել, որ շտապում էին այնտեղ՝ վայելելու այդ բարիքները: Ինչ-որ գերբնական, աներևույթ ու անբացատրելի մի ուժ հազարավոր թելերով նրանց ձգում էր դեպի իրեն: Այդ անտես ու աննկատ թելերն անցնում էին յուրաքանչյուրի սրտի ու հոգու միջով՝ հաճելիորեն շոշափելով նրանց նուրբ ու զգայական աշխարհը:

Այդ օրը Արցախը մարզահամերգային համալիրի հյուրն էր և սպասում էր իր հանդիսատեսին: Կարոտ, ցավ, վիշտ, հուզմունք, հույս, հավատ, սպասում, խնդում, ծանոթ ու հարազատ մարդկանց հանդիպելու բուռն մղումներ, մխիթարիչ ու սրտակից խոսք լսելու անհագուրդ ծարավ, երկարատև բաժանման ցավը, կարոտը մեղմելու փափագ, կորուստների ցավից դատարկված հոգիները ընկերակցությամբ թեթևացնելու ակնկալիքներ… Ի վերջո, մայրենի բարբառը վայելելու երջանիկ հնարավորություն: Հոգեկան այս բազմաշերտ տվայտանքների պատճառով էր, որ արցախցիները շտապում էին համալիր՝ հանգցնելու այն հոգեխորով կրակը, որ  երկու տարուց ավելի այրում էր նրանց սրտերը: Թվում էր՝ Վերադարձի հրահանգ էր տրվել Վերևից…

Մենք կանք: Այո՛, մենք կանք: Ոչ պատահականորեն ընտրված խորագիր, որ լավագույնս է ներկայացնում մեր հավաքական ու համախումբ կամքը: Մարզահամերգային համալիրում ,,Մենք կանք,, մշակութային միջոցառումն էր՝ Արցախի գրեթե բոլոր մշակութային կոլեկտիվների ընդգրկմամբ, որի նախաձեռնությունը պատկանում էր ,,Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն,, ՀԿ-ին և ,,Մունք,, տեխնոդպրոցին: Միջոցառմանը մասնակցում էին նաև հայաստանյան մշակութային կոլեկտիվներ:

Ժամեր շարունակ վայելում էինք Արցախի ներկայությունը՝ չնայած որոշ արգելքների:

Երբ հնչեց Արցախի երախտավոր զավակ Գուրգեն Գաբրիելյանի հանրահայտ ,,Հորովել,,-ը, արցունքի փոխարեն արյուն հոսեց մեր աչքերից ու անցավ մեր սրտերի միջով: Հուզմունքը զսպել հնարավոր չէր…

Իրիքնակը տյուս ա եկալ,

Տանս յրան լյուս ա եկալ,

Սօր մին կորե վեր վար անինքյ,

Գյիդա՝ սրտես հույս ա եկալ…

Հո ըրա, հո, ապուն մատաղ,

Ապուն դալու կուճիր հոտաղ,

Հո ըրա, հո, հո, հո, հո …

Արցախյան մի ողջ կոլորիտ, որ տարավ մեզ դեպի այն կարոտաբաղձ հեռուները, որի քաղցով տոչորվում են մեր սրտերը:

Ծերքետ ճպատը ճապկե ա,

Պենդ չի թխիս եզանը,

Բյուրդան մաշկեն ցավ կտա,

Էտ ա պահում խեզանը…

Ահա սա է արցախցու ողջ էությունը, որ խտացված է յուրաքանչյուր տողում, յուրաքանչյուր բառում: Սրտացավությունն է գլխավոր բաղադրիչը, որ հոսում է մեր արյան միջով: Հենց դրանով էլ մենք տարբերվում ենք ուրիշներից: Բոլորս սպասում ենք մի Հրաշքի, թե ,,հի՞բ տյուս կկյա էդ իրիքյնակը,, /ե՞րբ դուրս կգա այդ արեգակը/…

Մենք կանք: Բոլոր համարները համահունչ էին օրվա խորհրդին ու կատարվում էին բարձր վարպետությամբ:

Արցախցի Այաների իմաստուն մտքերով հասանք մեր դրախտային երկիրը, որ դարձել է ,,սուրբ նշխար՝ շան բերանում,,: Արթուր Խաչենցի երգով գնացինք Արցախ, որ ,,խմինք էն ճիրան, սերտս հուվանա, ցավես տիմանա…,,: Ցավ, որ բուժում չունի առայժմ: Ասում են՝ ժամանակը բուժում է վերքերը: Ժամանակը երբեք էլ լավ բժիշկ չի եղել ու չի էլ լինելու:

Լեփ-լեցուն դահլիճի որոտընդոստ ծափերը չէին դադարում: Կատարվող երգերի ու պարերի հետ միասին երգում ու պարում էին հանդիսատեսները՝ անկախ տարիքից /երբևէ այսքան ուրախություն չէր տեսել մեր ժողովուրդը տեղահանությունից ի վեր/: Հրճվանքը հաղթել էր ցավին: Ծածանվում էին ՀՀ և Արցախի դրոշները մանուկների բացականչություններով: Ապրում էր Արցախը Շուշան Պետրոսյանի, Ներսիկ ու Արաբո Իսպիրյանների, Դավիթ Ամալյանի, Արսեն Գրիգորյանի /Մրո/, Վարդան Բադալյանի, Լյոկայի և մյուսների երգերում, Արա Գևորգյանի ,,Արցախ,, երաժշտության անմոռաց նոտաներում, նաիրյան աղջիկների հեզաճկուն պարերում, սեգ ու խրոխտ երիտասարդների հայրենապաշտպան շարժուձևի մեջ:

Մենք կանք Հրաչյա Բեգլարյանի ,,Ղարաբաղցին,, երգի տողերում՝ միշտ հյուրասեր ու միշտ բարի, արդարադատ, աղուհացի գինը գնահատող: Մենք կանք փոքրիկ Միշայի /այժմ՝ արդեն մեծ/ կատարումներում /,,Փոքրիկ ղարաբաղցին,,/, Աշոտ Բաբայանի դպրոցի ավանդույթները շարունակող Ռաուլ Բաբայանի սաների՝ աշխարհ սասանող հպարտ պարերում: Մենք կանք նաև Արցախի խոհանոցի ավանդույթներում, արվեստի ու արհեստի տարբեր ճյուղերում:

Ուր էլ լինես, իմ բարեկամ,

Դու նրա հետ ընկերացիր,

Լավ ընկերոջ համար անգամ

Կյանքը կտա ղարաբաղցին…

Ճակատագրի քամահրանքով տունուտեղից զրկված բազմավաստակ ղարաբաղցին էլի կվերագտնի արարելու իր կամքը, կստեղծի նորը չնչին իսկ հնարավորության դեպքում:

Մենք կանք: Ժամերը առատորեն հոսում էին մեր արցունքների պես, ու վայելում էինք երեկոն՝ տեղահանությունից ի վեր երբևէ այսքան մոտիկ մարդկանց ներկայություն չունենալով: Այդ պահին բոլորս ուժեղ ու երջանիկ էինք զգում մեզ: Ահա թե ինչ գին ունի համախմբումը:

Ամիսներ շարունակ դա մեզ հզոր լիցքեր է հաղորդելու՝ բարձրացնելով մեր ընկճված ոգին:

Մենք կանք… Դա մշակութային մի հրավառություն էր, տոն, որն ուներ հստակ մի ուղերձ՝ Վերադարձ:

Մարզահամերգաին համալիրում տեղի ունեցածը երջանիկ առիթ էր՝ իրար զգալու, մոտ լինելու, իրար հետ շփվելու, Արցախը լիովին զգալու համար: Թերևս երախտագիտության բոլոր խոսքերը ի զորու չէին լինի՝ արտահայտելու արցախցիների հոգեկան այն բավարարվածությունը, որ ունեցան այդ երեկոյին:

Շնորհակալություն բոլոր երախտավորներին, որոնց շնորհիվ կազմակերպվեց ու իրականություն դարձավ այդ հրաշալի տոնը, որոնց շնորհիվ կորած սրտերը գտան իրար…

Մենք կանք ու լինելու ենք, ինչ էլ որ պատահի: Արցախը ավազ չէ, որ քշվի ամեն մի պատահական քամուց: Հազարամյակների պատմություն ունեցող Արցախը չի կարող ինչ-որ խաշնարածների կամքով ջնջվել պատմությունից: Մեր պատմության վայրիվերո ճամփաներով մենք հաճախ ենք անցել, սակայն երբեք չի մարել այն կրակը, որ տրված է մեզ ի վերուստ… Մենք կանք ու լինելու ենք պատմության շարունակականության բոլոր խաչուղիներում: Քանի կա արցախցու արարող կամքն ու ոգին, արհավիրքներն անզոր են նրա դեմ:

,,Մենք կանք,, տոնական օրվա պարգևած հաճելի տրամադրությունը նոր խոհեր ու մտորումներ է արթնացնում մեր հոգում: Ցավն ու վիշտն էլ հավերժական չեն, կան ավելի մնայուն արժեքներ, որոնց համար էլ մենք պիտի ապրենք: Այսօր չկա, գու՞ցե լինի Վաղվան Վաղը…

Մի բան պարզ է. մենք կանք, քանի դեռ չի մարել Վերադարձի հույսի կանթեղը, քանի դեռ թարմ են մեր նահատակների շիրիմները, քանի դեռ մեր հոգում վառ են հայրենական տան բոլոր հիշատակները, քանի դեռ կանչում են մեր ննջեցյալների հոգիները… Մենք կանք, քանի դեռ մայրենի բարբառով են կարկաչում մեր աղբյուրներն ու գետերը, քանի դեռ հարազատ հովերն են համբուրում մեր խրոխտ լեռները, քանի դեռ հայի հետքերն են կրում մեր լքված վանքերն ու եկեղեցիները, ձորերն ու անտառները, ճամփաներն ու դաշտերը, քանի դեռ մեզ կանչում է պապենական հողը: Մենք կանք, քանի դեռ կենդանի է մեր ոգին, ու հնչում է մեր երգը, քանի դեռ ապրում է մեր մշակույթը, մայրենի բարբառը:

Թող նման տոնախմբությունները հաճախակի կազմակերպվեն, ու աշխարհն իմանա, որ մենք կանք, եղել ենք ու կլինենք:

Երախտապարտ ենք այն մարդկանց, որոնց ջանքերով իրականություն դարձավ այդ գեղեցիկ տոնը: Ցրտաշունչ այդ օրը ջերմացան մեր պաղ սրտերը, ու հոռի մտքերը տեղի տվեցին:

Դա մեր պայքարի սկիզբն էր՝ մշակույթի միջոցով:

Սպասենք հաջորդ երանելի օրվան:

Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ