ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՀԵՔԻԱԹԻ ՀԱՆԴԵՐՁԱՐԱՆՈՒՄ

/Հեքիաթագիտական 15-րդ միջազգային գիտաժողով/

Հեքիաթները անդունդներ են՝ խորը, անծայր, անվերջ, հարուստ ու շքեղ աշխարհ:

Հեքիաթը ամենաբարձր ստեղծագործությունն է,

նույնիսկ հանճարները հեքիաթներ չեն կարողանում ստեղծել,

բայց հեքիաթների են ձգտում:

Հովհ. Թումանյան

Իրոք, հեքիաթներն ամենաշքեղ ու խորքային փիլիսոփայություն պարունակող ստեղծագործություններ են, այնքան բազմաշերտ, որ մարդկային մեկ կյանքը չի բավականացնի՝ պեղելու նրանց իմաստային բազմազանությունները: Հեքիաթներն են, որ փայլ են հաղորդում մռայլ ու գորշ իրականությանը, ապրելու ուժ ու կորով հաղորդում հուսահատության մեջ հայտնված հոգիներին: Հեքիաթը եղել, կա ու կլինի այն միակ հրաշագործ միջոցը, որով սերունդներ են կրթվել ու բարի դարձրել կյանքը:

Հեքիաթն ավելի իրապատում է դառնում մանավանդ այն դեպքում, երբ հայտնվում ես հեքիաթային մարդկանց շրջապատում:

Հովհաննես Թումանյանի թանգարանը հերթական հետաքրքիր գործն էր նախաձեռնել՝ հյուրընկալելով հեքիաթագիտական 15-րդ միջազգային գիտաժողովը, որը տեղի ունեցավ Մատենադարանի փոքր դահլիճում:

Հիմնական նախաձեռնությունը պատկանում է թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավար, բ.գ.դ., ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր, թարգմանչուհի Ալվարդ Ջիվանյանին: Գիտաժողովը իր երկօրյա գործունեության ընթացքում հետաքրքիր բացահայտումներ արեց աշխարհի հեքիաթների հանդերձարանում՝ հաճելի ու տպավորիչ պահեր պարգևելով նրա մասնակիցներին: Շատ դժվար էր հեքիաթային այդ աշխարհից բաժանումը, քանզի ներկայիս գորշ իրականության համատարած մշուշի մեջ լուսաշող ու ջերմացնող ակնթարթներ էինք ապրում:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը նշեց, որ թանգարանի գիտական առաջնահերթություններից շարունակում է մնալ հեքիաթների ուսումնասիրությունը, որն ամեն տարի նոր խորագիր է ունենում Ալվարդ Ջիվանյանի ջանքերի շնորհիվ, ու յուրաքանչյուր հաջորդ տարվա խորագիրը միշտ գերազանցում է նախորդին: Հեքիաթի իմաստաբանական խորհուրդը շատ մեծ է, և երկօրյա լսումները շատ մեծ արձագանք են ունենալու:

Տիկին Ջիվանյանի կարծիքով՝ ամեն տարի թվում է, թե անհնար է դառնալու հաջորդ գիտաժողովի կազմակերպումը, մանավանդ որ ինքը երկար ժամանակ բացակայում էր, և այդ ընթացքում ողջ հոգսը թանգարանի տնօրենի ուսերին էր, սակայն նրա խիզախումը թիմային աշխատանքի շնորհիվ բարեհաջող ընթացք ունեցավ: Նա նշեց, որ զեկուցումների շարքում կան նաև օտարազգի մասնակիցների ուսումնասիրություններ:

Թամար Հայրապետյանը /ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ/ ներկայացրեց ,,Առատության եղջյուրը՝ որբերի ստնտու և շքեղ հանդերձների հովանավոր,, նյութը: Ըստ հունական դիցաբանության՝ Զևսի ստնտու Ամալթեա այծի եղջյուրն ունեցել է մոգական հատկություն և ապահովել է տիրոջ փափագը: ,,Առատության եղջյուրը,, այլաբանորեն նշանակում է որևէ երևույթի, սննդի, հագուստի, եկամուտների առատություն, շռայլություն: Հայ բանահյուսության մեջ կենցաղավարել է ,,Կարմիր կովի խեքյաթը,, անվամբ հայտնի մի հեքիաթախումբ, որը համապատասխանում է Հանս-Յորգ Ութերի միջազգային դասակարգմամբ ,,Մոխրոտիկ,,  խորագիրը կրող հեքիաթների տիպին: Մեր հեքիաթների վերլուծությունից պարզ է դառնում, որ հանիրավի պատուհասված որբերին առատ սնունդ և պերճ հանդերձներ ու ոսկե մաշիկներ են պարգևել կովի կամ եզան ոսկորները, գլուխը և եղջյուրները, որոնք ծիսաառասպելական ակունքներ ունեն: Օրինակ՝ կովը կամ եզը խորթ մոր պահանջով մորթվում է, որպեսզի ամուսնու աղջիկը կամ երեխաները զրկվեն հովանավոր կենդանիների աջակցությունից: Որբերը պառավի խորհրդով կովի կոտոշները, ոտները, սմբակները և բոլոր ոսկորները հորում են գոմում, սնվում կոտոշների յուղ ու մեղրով, և նրանց մազերն ու դեմքը ոսկեզօծվում են…

Այդ խմբի հեքիաթներում շքեղ հանդերձանք /սոցիալական կարգավիճակի փոփոխություն/ ձեռք բերելու նախապայմանը կապված է մորթված կենդանու ոսոկորները ժողովելու, միացնելու, ամբողջացնելու ծիսական արարողության հետ, ինչն էլ վերականգնում է մարդու և տիեզերքի, միկրո և մակրո կոսմոսների խաթարված ներդաշնակությունը:

Նվարդ Վարդանյանը /ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ/ իր զեկուցման մեջ անդրադարձավ կոշիկների իմաստաբանությանը հայկական հրաշապատում սյուժեներում, և քանի որ սերտորեն փոխկապակցված է ոտքի իմաստաբանությանը, ոտք-գուլպա-կոշիկ իմաստաբանական շղթայում բացահայտեց ,,մի ոտքը այն աշխարհում,, արտահայտության իմաստը, թաղման ծեսի ժամանակ հանգուցյալի համար նոր կոշիկի առկայությունը, հարսնացուի կոշիկը գողանալու ծեսը, Նոր տարվա շեմին կոշիկի նետելը հակառակ ուղղությամբ, Ամանորին գուլպա կախելը երդիկից և այլն: Ոտք-կոշիկ-գուլպա այլաբանության ուշագրավ շերտեր են բացահայտում տարեպտույտի և հարսանեկան ծեսերից ծագած մի շարք խաղեր:

Վարդուհի Բալոյանի /ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ/ նյութը կապված էր ,,Փեշակը ոսկի ա,, արտահայտության հետ, որի վերլուծությունը նա կատարեց Ղ.Աղայանի ,,Անահիտ,, հեքիաթի հիման վրա, որը գրվել է Լոռիում տարածված ,,Փեշակը ոսկի ա,, ժողովրդական հեքիաթի մոտիվներով: Հեքիաթը ուշագրավ է նաև նրանով, որ դեպքերը ծավալվում են Արցախում: Հեքիաթի առանցքում մարդու աշխատանքով ձևավորվող ինքնությունն է. այստեղ արհեստը դառնում է ոչ միայն տնտեսական անհրաժեշտություն, այլև բարոյական արժանապատվության չափանիշ: Հեքիաթում հագուստի փոփոխությունը գործում է որպես կերպարների ներքին զարգացման նշան՝ բացահայտելով արժեքների իրական հաջորդականությունը. իշխանությունը չափվում է ոչ թե վախով և սին փառքով, այլ աշխատանքի, քաջության, բարոյականության և խոնարհության ունակությամբ:

Հայրապետ Հակոբյանը /Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ/ կարևորեց այն փաստը, որ հեքիաթների հերոսների հագուստից կարելի է պատկերացում կազմել ազգային նկարագրի, սոցիալական կարգավիճակի, բարեկեցության կամ չքավորության, սոցիալական պատկանելության մասին: Հայկական հեքիաթներում հաճախ են հիշատակվում կանացի զարդերից ուլունքներն ու մատանին: Ուլունքների հաճախակի հիշատակումը բացատրվում է դրանց կախարդական իմաստաբանությամբ. թագուհին կուլ է տալիս ուլունքը և հղիանում է, ձկան փորոտիքից դուրս եկած ուլունքը իրականացնում է ցանկացած երազանք, ուլունքի մեջ է աղջկա ուժն ու կյանքը: Իսկ ընդհանրապես հեքիաթի մեջ հագուստը յուրօրինակ կոդ է, որը պատկերացում է տալիս տվյալ ժամանակաշրջանի ,,նորաձևության,, , հագուկապի և նախասիրությունների մասին:

Օֆելյա Ազիզյանի /Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա/՝ հեքիաթից նորաձևություն թեզը հիմնականում վերաբերում էր բրիտանացի դիզայներ Ջոն Գալյանոյի կողմից 2009 թվականին ստեղծված ,,Սառցե գեղեցկուհիներ,, հավաքածուին, որը ոգեշնչված է սլավոնական և բալկանյան ազգային հեքիաթներից: Վերլուծությունը ցույց է տալիս, որ հեքիաթային մոտիվները ժամանակակից նորաձևության մեջ չեն սահմանափակվում միայն դեկորատիվ հղումներով, ավելին, դրանք ձևավորում են բարդ տեսողական մետաֆորայի լեզու, որը դիզայներներին հնարավորություն է տալիս դիմելու կոլեկտիվ երևակայությանը, վերաիմաստավորելու մշակութային ավանդույթները և ստեղծելու նոր երևակայական աշխարհներ:

Էսթեր Խեչումյանի /ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ/ անդրադարձը վերաբերում էր ,,Թագավորի զգեստափոխության ֆենոմենը հայ բանահյուսության շահաբասյան սյուժեներում,, թեմային: Հագուստը բնորոշող և տարբերակիչ դեր ունի: Հագուստով կարելի է որոշել մարդ-անհատի դիրքը և դերը տվյալ հասարակության մեջ: Շատ հաճախ մարդուն հարգանք էին մատուցում՝ ըստ թանկարժեք հագուստի: Հիշենք Խ.Աբովյանի ,,Հացակեր փեշը,,: Պատմավիպական բանահյուսական սյուժեներում հաճախ է հանդիպում ծպտվելու նպատակով թագավորի զգեստափոխության մոտիվը: Այդ սովորությունն ունեին հատկապես արևելյան միապետները: Օրինակ՝ անքնությամբ տառապող Հարուն ալ Ռաշիդը վաճառականի հագուստով և հավատարիմ ուղեկիցներով թափառում էր Բաղդադի փողոցներում և արկածներ որոնում: Ի տարբերություն Հարուն ալ Ռաշիդի՝ Շահ Աբասի և Սուլթան Մուրադի զգեստափոխված շրջագայությունը նպատակ ուներ վեր հանել երկրի անցուդարձը, օրինազանցությունները, ճշմարտությունը ժողովրդի կենսակերպի մասին և այլն: Նա խելամտորեն օգտագործում է ստորին խավի հագուստները՝ ի նպաստ պետական կարևոր եզրահանգումների:

Արմինե Դանիելյանի /ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարան/ ուսումնասիրությունն առնչվում էր պատկերային տեքստերում հագուստի գործառույթներին: Հագուստը նախևառաջ կերպարաստեղծ հնար է, որը դառնում է սյուժեի զարգացման կարևոր բաղադրիչ: Պահպանելով նորաձևության ոլորտում ձեռք բերած իր հատկությունները՝ զգեստը ստեղծում է հեքիաթային մի հերոսուհու, որի սոսկ արտաքին տեսքն արդեն իսկ բավարար է լուսանկարի կամ ցուցադրության հանդիսատեսին լիարժեք հաղորդագրություն փոխանցելու համար:

Լուսինե Մադաթյանի /ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Ռուս-հայկական համալսարան/ հետազոտությունը նպատակ ուներ ուսումնասիրել հագուստի նշանագիտական դերը Անջելա Քարթերի ,,Մարդագայլը,, , ,,Գայլերի ընկերակցությունը,, և ,,Գայլ Ալիսը,, ստեղծագործություններում: Հագուստն այս պատումներում դիտարկվում է ոչ թե որպես զարդ, այլ որպես առանցքային պատումային հնար, որը ձևավորում է Քարթերի վերապատումների ֆեմինիստական տեսակետը, ինչպես նաև հասարակության մեջ ամրակայված կարծրատիպերին ուղղված նրա ընդվզումները: Առաջին պատումում հագուստը գործում է որպես հրեշավորությունը քողարկող միջոց, երկրորդում հերոսուհու ինքնակամ մերկանալը ,,Կարմիր գլխարկը,, հեքիաթում տեղ գտած բարոյական նորմերի խաթարումն է. կարմիր շալը դառնում է սեռական հասունության նշան, այլ ոչ թե թուլության և խոցելիության: Երրորդ՝ ,,Գայլ Ալիսը,, պատումում Քարթերը զարգացնում է միտքը՝ հակասելով այն գաղափարին, թե հագուստը քաղաքակրթության մեջ մտնելու խորհրդանիշ է: Պատումների վերլուծությունները ցույց են տալիս, որ հագուստը երբեք պատահական ընտրված չէ, այլ առանցքային տեղ ունի Քարթերի ստեղծագործություններում. այն թաքցնում ու բացահայտում է, ճնշում ու ազատում է, սահմանափակում ու արտոնում:

Հեքիաթի տեքստում հագուստի տարրերի վրա հիմնված անտոնոմազիային անդրադարձավ Լուսինե Թովմասյանը /Սլավոնական համալսարան/, որը հեքիաթում կատարում է մի քանի կարևոր դեր. նպաստում է վառ կերպարների ստեղծմանը, նրանց էության բացահայտմանը, ուժեղացնում է պատմության պատկերավորությունը և հաճախ տալիս է հումորային ազդեցություն: Անտոնոմազիան թույլ է տալիս հերոսի անունը փոխարինել արտահայտիչ նկարագրությամբ, որը բացահայտում է նրա էությունը: Նրա միջոցով հեշտ է բնութագրել կերպարին՝ նշելով նրա գծերը, սոցիալական դերը, զբաղմունքը կամ վարքագիծը: Ն.Ա.Ակիմենկոն, ուսումնասիրելով հեքիաթային կերպարների անունների ստուգաբանությունը, առանձնացնում է այն անունները, որոնք լեզվում ունեն փոխաբերական անվանման հատկանիշներ:

Զարինե Սառաջյանը /ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան ինստիտուտ, ԵՊՀ/  բացահայտեց ,,Հազար ու մեկ գիշեր,, հեքիաթների տեքստերի հանդերձանքի սիմվոլիկան ու գործառույթը: Այս ժողովածուն արաբական, պարսկական, հնդկական և արևելյան այլ մշակութային տարածքներում ձևավորված պատմությունների ամբողջություն է, որն ունի բազմաշերտ կառուցվածք, խորհրդանշական բովանդակություն և գեղարվեստական տարբեր հնարանքներ: Հետազոտության առանցքում է հեքիաթների հանդերձանքը՝ իր տարբեր կիրառություններով, սիմվոլիկայով և գործառույթներով: Հագուստի բաղադրիչները՝ կտորների տեսակները, գույները, ձևերը, դետալները,  դառնում են կերպարների, գործողությունների ընկալման և բնութագրման հիմնական կոդերը: Շքեղ հանդերձանքները մատնանշում են իշխանություն, հարստություն կամ սոցիալական բարձր դիրք, մինչդեռ հնամաշ շորերն ու ցնցոտիները գործածվում են որպես աղքատության կամ սոցիալական ծանր վիճակը ներկայացնելու միջոց: Մոգական հագուստները հերոսներին օժտում են գերբնական կարողություններով, իսկ կերպարանափոխության հագուստները շեշտում են հեքիաթների սյուժետային անկանխատեսելիության բնորոշ հատկանիշները:

Դորպատի /Տարտու/ համալսարանի դասախոս Ջոնաթան Րոուփերը իր զեկուցման մեջ ընդգծեց անգլիական բանահյուսության մեջ հաճախակի հանդես եկող դերձակի կերպարը, որն ընդհանուր առմամբ բացասական գծերով է հայտնի: Դերձակի կերպարի բացասական գծերով պատկերումը շատ ընդհանրություններ ունի ջուլհակի ու ջրաղացպանի կերպարների հետ, որոնք հիմնականում պատկերվում են որպես խաբեբա, դերձակին էլ ներկայացրել են տղամարդուն ոչ հարիր զբաղմունքի կրողի ու վերագրել են կնաբարո բնություն:

Գառնիկ Գևորգյանը /ԵՊՀ/ ներկայացրեց հայկական և պարսկական ժողովրդական հեքիաթներում հերոսի հանդերձավորման որոշ ընդհանրություններ: 1000-ամյակների ակտիվ փոխշփումներն իրենց կնիքն են դրել հայոց և պարսից մշակույթների վրա: Հավանաբար տոտեմական շրջանի մնացուկներ են բուսեղեն հագուստների մեջ ծպտված հերոսների օրինակները, որոնց կարելի է հանդիպել հայկական և պարսկական հեքիաթներում:

Հասմիկ Մատիկյանի /ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական կենտրոն/ զեկուցման նյութը արտացոլում էր հայ մանկական բանահյուսության մեջ գործածվող մանկախնամ և մանկախաղաց երգերին, որոնցում գովերգվում են մանկան օրոցքն ու պարագաները /դոշակ, բարձ, բոխչա, շապիկ և այլն/: Ոսկեգույնը, արծաթագույն հագուստը կամ կարմիրը խաղիկների միջոցով ներկայացնում են մայրական սիրո և ապագայի երազանքը:

Բանասեր-հետազոտող Գոհար Մելիքյանը ԱՄՆ-ից առցանց միացավ գիտաժողովին և ներկայացրեց հագուստի խորհրդանշական ու կառուցվածքային գործառույթները ,,Հազարան բլբուլ,, հեքիաթախմբի շրջանակներում:

Օրբելի եղբայրների տուն-թանգարանից Մարիամ Օհանյանն անդրադարձավ 1911-1912թթ. Մոկսում Հովսեփ Օրբելու կատարած ուսումնասիրություններին, որոնք արտացոլում են մոկսեցիների սովորույթները՝ տնտեսական կենցաղը, զբաղմունքը, հագուստը, որոնք, ցավոք, այսօր գոյություն չունեն:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից Լուսինե Հայրիյանը ներկայացրեց Եվրոպայում ընդունված զգեստափոխության երևույթը դիմակահանդեսային կամ կառնավալային մշակույթում: Հեքիաթներում նույնպես թույլատրելի են շրջադարձերն ու կերպափոխությունները զգեստափոխության միջոցով /Ղազարոս Աղայանի ,,Արեգնազան կամ Կախարդական աշխարհ,,/:

Երիտասարդ ազգագրագետ Վահե Քոթանյանի ուսումնասիրության թեման՝ ,,Հեքիաթը որպես հայկական տարազի աղբյուրագիտական կարևոր հենք,, , բացահայտում էր, որ շատ հեքիաթներ հարյուրավոր ու հազարավոր տարիների ստույգ տեղեկություններ են իրենց մեջ պարունակում, ըստ այդմ՝ հայկական տարազը ոչ միայն զգեստ է, որ մարմին է ծածկում, այլև իր մեջ ամփոփում է մի ողջ ազգի հավատալիքային սովորույթներ և տեղային ավանդույթներ:

Երկօրյա գիտաժողովի վերջին զեկուցողի՝ Տաթևիկ Ավետիսյանի /հեղինակ, թարգմանիչ, Հաքաուաթի մշակութային ՀԿ/ հեղինակային ստեղծագործությունը շատ մեծ տպավորություն թողեց հանդիսատեսների հոգուն ու մտքին: Հեքիաթ-պատումի հերոսը՝ Հրե աղջիկը, արևի հրվիժակից անցնում է երկրային հրի, իսկ այնուհետև՝ սիրո լույսի փոխակերպմանը: Գիրքը նախատեսված է 7+ տարեկան երեխաների և մեծահասակների համար: Պատումը նպատակ ունի զարգացնելու երեխաների թե՛ ռացիոնալ, թե՛ զգայական ինտելեկտը, սովորեցնում է ճանաչել ներաշխարհը և արտաքին աշխարհը, խրախուսում է լինել հետաքրքրասեր և ապրումակցող:

Վերջում գիտաժողովն ամփոփեց իր աշխատանքը և հաջողություն մաղթեց հեքիաթագիտական հաջորդ գիտաժողովի իրականացման աշխատանքներին:

,,Այն ամենը, ինչին նայում ես, կարող է հեքիաթ դառնալ, և դու կարող ես պատմություն կերտել այն ամենից, ինչին դիպչում ես,, ,- ասել է Անդերսենը:

Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ