Ճապոնական կարատե մարտարվեստով պարապող կամ առհասարակ մարտարվեստներով հետաքրքրվող մարդկանցից շատերին է հայտնի Արցախում հարգված մարզիչ Ժիրայր Պետրոսյանը: Ծնվել է 1992թ. հուլիսի 15-ին Ստեփանակերտում: 5 տարեկանից սկսել է հաճախել ավանդական կարատե-դո մարտարվեստի պարապմունքների: Փոքր տարիքում, դեռ լրիվությամբ չհասկանալով կարատե մարտարվեստի դերն ու նշանակությունը, փորձում էր պատճառներ գտնել պարապմունքներին չհաճախելու համար: Ծնողների կողմից չէր ողջունվում մարզումներից բացակայելը, ինչն էլ պատճառ դարձավ, որ մարզիկը ոչ միայն չբացակայի պարապմունքներից, այլեւ ընկղմվի մարտարվեստի հետաքրքրաշարժ աշխարհ, հասնի հաջողության, ունենա ձեռքբերումներ, իսկ հետագայում մարտարվեստ ուսուցանելը դառնա նրա կյանքի գործը:

Արցախյան մարզաշխարհի փայլուն ներկայացուցիչ, նախկին զինվորական եւ մարզիկ Ժիրայր Պետրոսյանը ծառայել է բանակի հատուկ նշանակության ջոկատում, այնուհետեւ ազգային անվտանգության ծառայությունում: Պատերազմի մասնակից է: Զորացրվել է որպես պահեստազորի սպա: Ունի բարձրագույն կրթություն: Եվրոպայում՝ Չեխիայի Հանրապետությունում ավարտել է Բրիտանական ռազմական ակադեմիայի հրահանգչի դասընթացները:
Արցախում՝ լինելով «JKS» Շոտոկան ճապոնական կարատեի ֆեդերացիայի նախագահ եւ ունենալով հզոր թիմ, քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացել է իր թիմով մասնակցել արտերկրում կազմակերպվող տարբեր մրցումների , որոնց արդյունքում Արցախի դրոշը վեր էր ծածանվում, իսկ հայրենիք վերադառնում էին միայն հաղթական մեդալներով ու պարգեւատրումներով: Ներկայում Ժիրայր Պետրոսյանը շարունակում է մարզչական գործունեությունը Երեւան քաղաքում:
– Ինչպե՞ս առաջացավ ճապոնական շոտոկան կարատե-դո մարտարվեստով զբաղվելու եւ մարզիչ դառնալու միտքը:
– Մարտարվեստի ընտրությունը ծնողներինս էր, իսկ լինել մարզիչ՝ իմ ընտրությունն է: Դա իմ երազանքն էր, եւ ես հասա իմ նպատակին: Այն իրականացավ 2010 թվականին, երբ ես դեռ ժամկետային զինվորական ծառայության մեջ էի:
– Ի՞նչ խոչընդոտներ հաղթահարվեցին սենսեյ դառնալու եւ հարյուրավոր սաների անկեղծ սերն ու հարգանքը վայելելու ճանապարհին:
– Կարելի է սովորել լինել սենսեյ, լինել մարզիչ, բայց ես մտածում եմ, որ դա վերեւից պետք է տրված լինի մարդուն: Ինձ համար դա ուղղակի Աստծո պարգեւ էր: Իրականում երեխաներն ունեն այդ շնորհը՝ զգալ մարդուն, նրա դրական եւ բացասական էներգիան: Իհարկե, խոչընդոտներ լինում են, բայց երբ երեխան մինչեւ հարգելը, ինչու չէ նաեւ վախենալը, առաջնահերթ սիրում է իր մարզչին, ավելի է հեշտացնում ուսուցումը թե մարզչի, թե մարզիկի համար: Խոչընդոտները հաղթահարվում են, որովհետեւ չեմ վախենում պատասխանատվությունից: Գիտեմ յուրաքանչյուր երեխայի հետ անհատապես վերաբերվելու ձեւը, եւ որտեղ լինել խիստ մարզիչ, որտեղ՝ ավագ ընկեր, բարի ծնող: Դժվար է, բայց դա իմ ընտրությունն է:
– Արցախը ՝ Ձեր հիշողություններում:
– Արցախը իմ մեջ պահում եմ միայն լավ հիշողություններով, քանի որ իմ կյանքի ամենակարեւոր ու ամենագեղեցիկ իրադարձությունների սկիզբը դրվեց հենց Արցախում: Նախաբլոկադային շրջանի, շրջափակման օրերի մասին կարելի է ժամերով խոսել, պատմել, բայց եթե կարճ՝ մինչ բլոկադան ապրել ենք, բլոկադայի ժամանակ գոյատեւել ենք, բլոկադայից հետո փորձում ենք շարունակել ապրել:
– Եթե հնարավորություն տրվեր վերադառնալ հայրենիք՝ Արցախ, առաջինը ի՞նչ կանեիք:
– Մինչեւ տուն մտնելը կփնտրեի շանս:
– Կցանկանայի՞ք, որ Ձեր որդին լինի Ձեր հետնորդը:
– Ամենաքիչը՝ այո: Բայց կցանկանայի, որ նա լիներ ավելին, քան ես, ամեն առումով:
– Ինչպիսի՞ ապագա եք պատկերացնում Ձեր երեխաների համար:
– Իմ պատկերացնելը քիչ է: Լավ ապագա ունենալու համար պիտի լինեն աշխատասեր, խելացի ու հաջողակ: Իսկ այդ ամենին հասնելու համար ես նրանց համար կլինեմ լավագույն օրինակելի կերպարը:
– Ձեր կյանքի կարգախոսը:
– Կարգախոսներ շատ ունեմ՝ կյանքի տարբեր իրավիճակներում, բայց ամեն օրս ապրում եմ ինչ-որ մի բան փոխելով, ավելացնելով: Ուստի՝ եթե այսօր ինչ-որ բան չփոխեցիր, վաղվա օրդ երեկվա պես կլինի:
– Ասում են՝ տղամարդը չպետք է լացի, դա թուլություն է: Ի՞նչ կարծիքի եք:
– Արցունքները զգացողության արտահայտում է՝ տարբեր իրավիճակներից ելնելով: Իմ կարծիքով չկա այնպիսի տղամարդ, որ չլացի: Պարզապես այն մեկի մոտ արտահայտվում է արցունքի տեսքով, մյուսի մոտ՝ ներքուստ լացի: Դա թույլ կամ ուժեղ լինելու հետ առհասարակ կապ չունի:
– Ինչի՞ համար եք շնորհակալ:
– Առաջին հերթին Աստծոն եմ շնորհակալ ամեն իմ օրվա համար, եւ նրանց, ովքեր միշտ իմ կողքին են:
Նյութում օգտագործվել են մտքեր՝
վերցված Ժիրայր Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ