Ամանորին ընդառաջ՝ ,,Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը,, կազմակերպել է հետաքրքիր մշակութային բանախոսություն՝ բացահայտելու, թե որոնք են հայկական ազգային տոնական սովորույթները և խոհանոցը:

Ամանորը տարվա ամենագլխավոր տոնն է ու ամենասպասվածը: Նրա կարևորագույն պայմաններից մեկը խոհանոցն է, որը հայ իրականության մեջ հարուստ ու ազգային է եղել մշտապես:
Ի՞նչ են դրել ամանորյա սեղանին մեր նախնիները, ի՞նչ խորհուրդ է ունեցել յուրաքանչյուր ուտեստ, և ինչպե՞ս են դրանք պատրաստվել: Այս ամենի մասին ,,Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ,,-ի գրասենյակում հյուրընկալված մշակույթի գործիչ, բանասեր, զբոսավար Կարինե Փանոսյանը մանրամասնեց ներկաներին: Նրա բանախոսությունը մի նպատակ էր հետապնդում՝ վերադարձ ազգային տոներին:
Հիմնադրամի խորհրդի նախագահ Նաիրի Հոխիկյանը, ներկայացնելով Կարինե Փանոսյանին, շեշտեց, որ նա ոչ միայն ,,Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ,,-ի լավագույն բարեկամներից է, այլև այդ հիմնադրամի կրթական ու մշակութային բաժնի ակտիվ անդամներից:
Հիմնադրամը ոչ պաշտոնապես ստեղծվել է 2012 թվականին, իսկ պաշտոնապես հիմնադրվել է 2021 թվականին: Մշակել է ազգային գաղափարախոսական ծրագիր և իրականացնում է այն տարբեր ուղղություններով: Նրա գաղափարակիցների ակումբը շարունակաբար լրացվում է նոր անդամներով, որոնք տարբեր մասնագիտության տեր մարդիկ են: Վերջերս իրականացրած ծրագիրը հայրենաճանաչողական գաղափարախոսական տետրերի ստեղծումն էր, ինչը մեծ սիրով ու հետաքրքրությամբ ընդունվեց ժողովրդի կողմից: Այժմ ընթացքի մեջ է հիմնադրամի ազգային ուսումնական կենտրոնների համակարգող Աննա Գրիգորյանի հեղինակային գիրքը՝ ,,Արեգի արկածները Արցախում,, /ըստ շրջանների/, ,,Արեգի արկածները Հայաստանում,, /ըստ մարզերի/, որն ամբողջությամբ ձեռակերտ է և հետապնդում է հայրենաճանաչողական նպատակ: Այդ գրքերը խաղերի միջոցով երեխաներին կծանոթացնեն Արցախի բոլոր շրջանների և Հայաստանի բոլոր մարզերի պատմամշակութային արժեքների պատմությանը ու միշտ վառ կպահեն նրանց մասին հիշողությունները:

Բանախոս Կարինե Փանոսյանը, կարևորելով այն փաստը, որ ինչքան լավ ենք իմանում ու պահպանում մեր տոնածիսական ավանդույթները, այնքան ամուր ենք կանգնում մեր հողին /երկիրը մշակույթից է սկսվում/, անդրադարձավ ամանորյա ծեսերին: Նախ՝ ինչու՞ ենք Ամանորը նշում հունվարի 1-ին: Ըստ Հուլյան օրացույցի /Հուլիոս Կեսարի պատվին/՝ Հռոմում քաղաքական տարին սկսվում էր հունվարի 1-ին մ.թ.ա. 46 թվականից: Տարբեր ժամանակաշրջաններում այն վերամշակելուց հետո քրիստոնեական աշխարհում ստեղծվեց Գրիգորյան օրացույցը, որի համաձայն՝ Նոր տարին սկսում էին հունվարի 1-ին: Հայ իրականության մեջ ընդունված է եղել գարնանային ամանորը /գիշերահավասարի օրը՝ մարտի 22-ին/, աշնանային Նավասարդը՝ բերքահավաքից հետո…
Այսօր ունենք համաշխարհային մասշտաբով միասնական Ամանոր, որ տոնվում է հունվարի 1-ին:
1700-ական թվականներին է Պետրոս Առաջինը ռուսական մշակույթում հաստատել հունվարի 1-ը՝ որպես Նոր տարվա սկիզբ: Այդպես շարունակվեց մինչև խորհրդային բարքերի հաստատումը:
1920 թվականին, երբ Հայաստանը դարձավ խորհրդային պետության անդամ, պաշտոնապես Նոր տարին սկսվեց տոնվել հունվարի 1-ին:
Ամանորին հատուկ է մաքրվելը ու շրջապատի մաքրումը տոներից առաջ: Այդպես էր նաև հեթանոսության ժամանակ: Կարծես թե ծեսը թափառելով հասել է մինչև մեր օրեր: Դա գոյություն ուներ հնագույն ժողովուրդների մոտ հազարամյակներ առաջ և պահպանվել է մինչև այժմ, երբ մաքրում էին շրջապատը, հին իրերը դեն նետում և այլն…:
Բազմաթիվ ծեսեր բնորոշ են եղել Հայկական լեռնաշխարհի տարբեր տարածքների: Սկսենք Կենաց ծառից, որը նույն Կաղանդի ծառն է: Եթե ուսումնասիրենք տարբեր ազգերի մշակույթները, ապա կտեսնենք, որ շատերն են ունեցել իրենց Կենաց ծառը: Կենաց ծառը զարդարվել է Նոր տարում: Այն զարդարում էին տարբեր պտուղներով, որ տարին բերքառատ լինի և հաջողություններ բերի: Դրանք հիմնականում քաղցր պտուղների չրեր են, հատիկեղեն, ճյուղերը պատում են կանաչ-կարմիր թելերով, կախում են քաղցրաբլիթներ, ընկուզեղեն, նաև մաղթանքներ, տիկնիկներ, հետո լուսավորում այն ոչ թե առաջվա նման մոմի լույսերով, այլ ժամանակակից լույսերով, որ ավելի անվտանգ են: Պիտի ասել, որ Կաղանդի կամ Կենաց ծառը չի խանգարում, որ կողքին զարդարված լինի նաև տոնածառը:
Հնագույն շրջանում քաղցրաբլիթներով գուշակություններ էին անում, սակայն քրիստոնեական աշխարհին հատուկ չեն գուշակությունները: Ծառը զարդարում էին նաև խաչբուռներով, սերմերով, օրինակ՝ լոբի, որ նույնանում է սաղմի հետ: Կաղանդի ծառը իր շուրջը ստեղծում է բնության հետ ամբողջական կապ, իսկ երբ երեխաները օգտվում են այդ քաղցր պտուղներից, ապա դա շատ օգտակար է նրանց: Որոշ գավառներում ավանդույթ է եղել, երբ Կենաց ծառը տարել են եկեղեցի, որպեսզի հոգևոր հայրը օրհնի այն: Ամբողջ տարին պահել են այն և հաջորդ տարում վառել են, որ նախորդ տարվա չարը խափանվի: Կենաց ծառը շատ կենսունակ ծառ է և հաղորդակցվում է կարծես մարդկանց հետ: Եղևնին ավելի շատ դեկորի տպավորություն է թողնում:
Կաղանդի ծառ կարելի է ընտրել ցանկացած ծառի ճյուղ: Նախկինում ընտրոմ էին միայն ձիթենու ճյուղը: Մշակույթը կարծր չէ. այն ներդաշնակ է դառնում իր ժամանակաշրջանին:
Բանախոսն այնուհետև անցավ ազգային-ավանդական խոհանոցին, որ բնորոշ է Ամանորին: Ամանորի խոհանոցը շատ խորհրդանշական է: Պիտի նշել, որ Ամանորի սեղանը նախկինում եղել է պահքային /Սուրբ ծննդին նախորդող մեկ շաբաթը Պահքի շրջան է/. միս չէին դնում սեղանին: Խորհրդային շրջանում է ներմուծվել խոզի բուդը, բլինչիկը…Մեր ազգային Ամանորը ավելի շատ պահքային էր, և սեղանը լցված էր լինում պահքային կերակրատեսակներով: Այն սկսվել է հացաթխմամբ, որ սեղանին թարմ լավաշ ու հաց լինի: Գլխավորը Տարեհացն էր՝ չրերով, ընկույզով, չամիչով զարդարված, չորս մասի բաժանումով, որ տարվա եղանակներն էին խորհրդանշում: Նրա մեջ դնում էին լոբի կամ մետաղադրամ, և կիսվում էր ընտանիքի անդամների քանակին համապատասխան: Ում հասնում էր մետաղադրամը, նա ընտանիքի հաջողակն էր: Այնուհետև սեղանին դրվում էին պասուց տոլմա, աղանձ, գաթա, փախլավա, փոխինձ, առատ էր լինում մանավանդ քաղցրավենիքը, որ Նոր տարին քաղցր լինի: Դնում էին նաև մեղր ու չկոտրած ընկույզ, որը պիտի կոտրվեր Սուրբ ծննդին: Մուսալեռում ընդունված էր նաև իշլի քյուֆթան:
Նոր տարվա շեմին հաշտեցնում էին խռով բարեկամներին, ընկերներին, հարևաններին: Սեղանի պարտադիր բաղադրիչն էր նաև հատիկեղենը՝ ընդեղենը, աղցանները, որոնք պետք է ունենային յոթ տեսակներ /յոթը խորհրդանշական թիվ էր/: Ղափաման ևս կարող էին դնել սեղանին: Ավանդույթի համաձայն՝ երեխաները տոպրակներով շրջում էին տնետուն, իրենց պարկը կախում երդիկից, որ լցնում էին տարբեր քաղցրավենիքներով, հետո հավաքվում էին, սեղան բացում ու վայելու իրենց ,,ավարը,,:
Նախկինում տանտիրուհիները թեյնիկը դնում էին վառարանին ու անընդհատ եռացնում՝ դրանով խափանելով չարը: Եվ Ամանորի ամենագլխավորը՝ ընտանիքի, գերդաստանի գլխավորի /տատիկ, պապիկ/ տանն էին հավաքվում բոլոր հարազատները, առնում նրանց օրհնանքը: Այնուհետև այցելում էին հարևաններին, բարեկամներին՝ նրանց բաժին հանելով իրենց ունեցածից: Այցելում էին նաև նրանց տուն, ում ընտանիքում նոր մահացած մարդ էր լինում:
Պատասխանելով ներկաներին հետաքրքրող հարցերին՝ Կարինե Փանոսյանը հորդորեց բոլորին. ,,Ողորմությունն էլ սիրով արեք…,, , իսկ հիմնադրամի խորհրդի նախագահ Նաիրի Հոխիկյանը կոչ արեց. ,,Աշխարհին զուգահեռ քայլելով՝ միշտ ամուր պահեցեք մեր ավանդականը,,: Նա նշեց, որ ,,Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ,,-ը համահայկական կառույց է, նրանում որևէ կուսակցություն չկա ներգրավված, որևէ քաղաքական կառույցից ֆինանսավորում չկա, և բիզնես շահ չունի: Տարբեր մարզերում ստեղծվում են հիմնադրամի ներկայացուցչություններ: Առաջիկայում ներկայացուցչություն կստեղծվի նաև Իրանի Սպահան քաղաքում՝ իրանահայ համայնքում: 2026-ին գոյություն ունեցող 77 կրթական կենտրոնների թիվը նախատեսվում է հասցնել մինչև 250-ի:
Միջոցառման ավարտին հիմնադրամի տնօրեն Աննա Չիլինգարյանը ներկաներին հյուրասիրեց ազգային խոհանոցից փոխինձ, որը սիրով համտեսեցին բոլորը:
Շնորհակալություն հայտնելով հիմնադրամի անդամներին այդ հետաքրքիր քննարկման համար՝ ունկնդիրներից մեկը արտասանեց Կարինե Գևորգյանի ,,Ես իմ դարն եմ ուզում,, բանաստեղծությունից մի հատված.
…Ես իմ դարն եմ ուզում,
իմ մանկության դարը,
իմ մաքրության դարը,
անմեղության դարը…
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ