ՀՀ «Սպորտի կառավարման կենտրոն» մարզահամալիրում ավարտվել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունը: Հայաստանի հավաքականը բավականին լավ արդյունքներ ցույց տվեց՝ նվաճելով 38 մեդալ՝ 7 ոսկե, 17 արծաթե եւ 15 բրոնզե: Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է երկրորդ տեղը եւ արժանացել գավաթին, իսկ բռնցքամարտիկ Հարություն Հակոբկոխյանը արժանացել է «2025 թվականի լավագույն մարզիկ» մրցանակին: Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցել են 25 երկրների ավելի քան 250 բռնցքամարտիկներ:

Մինչեւ 23 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 63,5 կգ քաշային կարգի արցախցի բռնցքամարտիկ Մանվել Պետրոսյանը եզրափակիչում վստահ հաղթանակ տոնեց Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Եգոր Կոզորեզովի նկատմամբ եւ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Դահլիճը ցնծում էր: Դրամատիկ պայքար ծավալվեց ռուս մրցակցի եւ արցախցի մարզիկ Մանվել Պետրոսյանի միջեւ, որը հագեցած էր գեղեցիկ հարվածներով, էմոցիաներով, անգամ վնասվածքներով: Մարզիկները ցուցադրեցին դիտարժան պայքար: Առաջին երկու ռաունդներում Մանվել Պետրոսյանը առավելություն ստացավ եւ երրորդ ռաունդում, չնայած վնասվածքին, մենամարտը հասցրեց չեմպիոնական հաղթանակի:

«Եվրոպայի առաջնության եզրափակիչ մարտի մասին կարող եմ ասել, որ մրցակիցս շատ ուժեղ էր: Ոչ մի ջանք չեմ խնայել այս մենամարտի համար: Այս օրվան շատ էի սպասել եւ իմ ամբողջ ուժն ու էներգիան դրել եմ այս մենամարտի վրա, որ չեմպիոն դառնամ: Անբացատրելի ապրումներ ունեի պատվանդանին կանգնած: Շատ ուրախ եմ, որ իմ հաղթանակով կարողացա իմ եռագույնը ծածանել ու բարձր պահել: Տքնաջան պարապելուց հետո ես իմ վերջնական արդյունքը ստացա: Իհարկե, սրանով չի սահմանափակվում, ես դեռ արդյունքներ ունեմ ստանալու, որոնց ձգտում եմ, բայց հիմա, եվրոպայի չեմպիոն դառնալով, մեծ քայլ արեցի դեպի մեծ բռնցքամարտ: Ճիշտն ասած՝ շատ կուզեի իմ մեդալը տանել Արցախ: Բռնցքամարտի պատմության մեջ մինչեւ 23 տարեկանների միջեւ Եվրոպայի հաղթող դառնալը առաջին անգամ է լինում, ափսոս, որ չեմ կարող իմ մեդալը տանել հայրենիք: Բայց դա ժամանակավոր հարց է, եւ հույս ունեմ դա էլ կլուծվի: Շնորհակալ եմ իմ մարզիչներին, ընտանիքիս, ընկերներիս ու բոլոր նրանց, ովքեր հավատացել են ինձ ու սպասել հաղթանակիս: Մեծ հպարտություն է իմ երկրում դառնալ Եվրոպայի չեմպիոն: Շարունակելու եմ մարզվել ու գնալ դեպի նոր հաղթանակներ»,-ասում է Եվրոպայի չեմպիոն հռչակված՝ ոսկե մեդալակիր Մանվել Պետրոսյանը:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ