ՌԱԶՄԻԿ ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐՈՒՄ

Հրանտ Մաթևոսյանի անվան մշակութային կենտրոնում հավաքվել էին ԵՊՀ հումանիտար քոլեջի և Հայ-ամերիկյան համալսարանի ուսանողները՝ ունկնդրելու բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան, թարգմանիչ, հեքիաթների ուսումնասիրող Արմինե Դանիելյանի բանախոսությունը ,, ,,Թաքավորի ախչիկ ու ուր ասքյները,,. ռազմիկ կնոջ կերպարը հայ ժողովրդական հեքիաթներում,, թեմայի վերաբերյալ:

Անմիջական կապ ստեղծելով լսարանի հետ՝ հեղինակը հետաքրքրվեց, թե նրանցից յուրաքանչյուրը ինչքանով է կապված հեքիաթների աշխարհի հետ, ինչքանով է շփվում այդ հերոսների հետ, և արդյո՞ք նրանք կարդում են հեքիաթներ:

Նրա աշխատությունը նվիրված է կին հերոսի կերպարի ուսումնասիրությանը և բացահայտմանը պատերազմական համատեքստում՝ ըստ հայ ժողովրդական հեքիաթների:

Հեքիաթներն արտացոլում են մեր մտածելակերպը, սովորությունները, որում ապրել են մեր պապերն ու տատերը, ընդհանրապես մեր ժողովուրդը:

Կնոջ թուլությունը պատկերելը հայկական բանահյուսության հիմնական մոտիվներից է: Ռազմի դաշտում կինը ձայնազուրկ է, գրեթե միշտ հպատակվում է տղամարդուն: Կնոջ ուժը և հմտությունները հաճախ անընդունելի կամ աններելի են: Պատումի զարգացման ընթացքում նա կամ ստիպված է խորամանկել, կամ փոխակերպվել տղամարդու: Ժողովրդական պատումներում այս երևույթն ունի իր պատմամշակութային հիմքերը, որոնք պահպանվել են առայսօր: Միևնույն ժամանակ հայկական հեքիաթի հերոսուհին հաճախ խաղաղության հաստատման գրավականն է ու նախաձեռնողը:

Ժողովրդական բանահյուսությունն ընդհանրապես բոլոր ժամանակներում ծառայել է որպես տվյալ ազգության և մշակույթի ճանաչման բանալիներից մեկը: Հայկական հրաշապատում հեքիաթը բացառություն չէ: Բանահյուսությունը պատերազմի սարսափները քողարկում է սիրահար զույգերի, արբունքի տարիքի պատանիների, թագավորի քմահաճույքների հետևում՝ ընթերցողին թողնելով որոշ ծածկագրված հուշումներ, որպեսզի վերջինս վերծանի թաքնված նրբիմաստները: Այդ պատառիկներն են օգնում պատկերացում կազմելու հեքիաթը հեղինակած ժողովրդի մտածելակերպի, աշխարհայացքի, պատմական ու սոցիալական զարգացման, արժեհամակարգի  ձևավորման մասին:

Ըստ հետազոտական տվյալների՝ ամենահին հեքիաթը, որը մինչև օրս պատմում են, 6000 տարեկան է, այսինքն՝ հեքիաթները գոյություն են ունեցել այն պահից ի վեր, երբ հայտնվել են առաջին պատմողն ու առաջին ունկնդիրը: Մոգականի ու անհավանականի կողքին տեղ գտած առօրյա, սովորական տարրերի շնորհիվ հեքիաթները դառնում են հայ ժողովրդի ամենօրյա կյանքին համահունչ ու հարմար: Գուցե հենց դրա շնորհիվ է, որ հեքիաթները գոյություն են ունեցել 1000-ամյակներ շարունակ: Որոշ տեսաբաններ պնդում են, որ հեքիաթների երկարակեցությունը պայմանավորված է ոչ թե անցյալի փորձը պահպանելու ձիրքով, այլ ներկա ժամանակներում ընթերցողի պահանջները բավարարելու ճկուն հմտությամբ: Դրա համար էլ ամենևին զարմանալի չէ, որ ,,անհանգիստ ժամանակներում,, հեքիաթները հաճախ ծառայում են որպես քարոզչության հզոր գործիք: Դրանք միևնույն ժամանակ նաև անփոխարինելի սպեղանի են ետպատերազմական հետևանքներին ու վնասներին անդրադառնալիս: Հաճախ պատերազմը ստեղծում է իր ուրույն ,,դիցաբանությունը,,. հրաշապատում աշխարհը թույլ է տալիս, որ պատերազմի բռնությունը, հավաքական տառապանքը, վիշտը, տրավման ներկայացվեն հուզական ու կողմնակալ գունավորմամբ:

Հեքիաթները մեզ  կոդավորված ուղերձներ են հղում: Հրաշապատում աշխարհն ունի իր կանոնները. հեքիաթը պետք է միշտ երջանիկ ավարտ ունենա:

Բանախոս Արմինե Դանիելյանն անդրադարձավ կնոջ կերպարին այն հեքիաթներում, որոնք ունեն ,,ռազմական,, մոտիվ: Հայ ռազմիկ կանանց կերպարն ակնհայտ տարբերվում է, օրինակ՝ հնդկական կամ լատինամերիկյան բանահյուսություններում հանդիպող կին հերոսներից: Հայ ժողովրդական հեքիաթներում ռազմիկ կանայք օժտված են հրաշապատում հերոսին հատուկ բազմաթիվ հատկանիշներով: Նրանք քաջ են, հավատարիմ, ճարպիկ, հանուն իրենց երկրի ու թագավորի պատրաստ են անձնազոհության: Զինվորի կերպարն ամբողջական են դարձնում նրա ,,օգնականները,,՝ զորեղ թուրը, կացինը, հանդերձանքը /զրահ, վահան/, անդավաճան ձին և այլն: Կին հերոսին երբեմն կարող է հետևել նվիրյալ զինվորներից կազմված բանակը,  ընդ որում՝ մարտիկ կանայք:

ՀՀ ազգային ակադեմիայի հրատարակած ,,Հայ ժողովրդական հեքիաթներ,,-ի 14-րդ հատորում, որը նվիրված է պատմական Մեծ Հայքի Վասպուրական ազգագրական շրջանին, կարող ենք գտնել ,,Ջան-փոլատը,, հեքիաթը, որը պատմում է թագավորի  և նրա երեք դուստրերի մասին. ,,Էսա թագավորն ունի իրեյք խատ խուրն-խրեղեն աղջիկ…,,: Մի օր վեզիրները հայտնում են թագավորին մոտալուտ աղետի մասին: Ջան-փոլատ անունով թշնամու մասին, որ արդեն բնաջնջել է մյուս թագավորությունները և սպառնում է իրենց երկրին: Երկաթե հրեշը վերահաս պատերազմի փոխանվանական խորհրդանիշն է: Թագավորի ավագ և միջնեկ աղջիկները հրաժարվում են սատարել իրենց հորը, և ստացված լուրերը չեն մտահոգում նրանց: Օգնության է հասնում կրտսեր դուստրը, որը խոստանում է հորը հաղթել թշնամուն /,,աշխարհ կազատեմ…,,/: Դստեր պահանջով հայտարարվում է զորահավաք. ,,Թագավուրու հրամանն ի, ինչ կանդար որ խորոտ աղջիկ կա էսա քյաղաքյ՝ բյություն էլ թող գան, ժողովեն թագավուրու խաս-բաղջեն. չեկողի մախը մախ ի,,: Թագավորության 40 ամենագեղեցիկ աղջիկներից կազմված կամավորական ջոկատը՝ զինված թրերով, դաշույններով, դանակներով, տղայի զգեստներ հագած, մեկնում է ճակատամարտ: Սա հազվադեպ հանդիպող տեսարան է հայ ժողովրդական հեքիաթներում, որը թույլ է տալիս կռահել, որ հրաշապատում հնարքների միջոցով ակնարկում է կանանց ինքնապաշտպանական խմբերի մասին, որոնք ստեղծվում էին Վան-Վասպուրական և հարակից տարածաշրջաններում:

Տեղ հասնելուն պես՝ աղջիկը թրով մի հարված է հասցնում թշնամու վզակոթին, և տեսնելով, որ հակառակորդը փռվեց գետնին, կարծում է, թե սպանել է, ու համայն աշխարհին հայտնում է այդ ուրախալի լուրը: Ողջ թագավորությունը նշում է կնոջ հաղթանակը: Երեք օր անց Ջան-փոլատը ուշքի է գալիս և որոշում է՝ ինչ գնով էլ լինի, գտնել իր հակառակորդին ու վրեժ լուծել: Ամիսներ շարունակ որոնելով, հարցուփորձ անելով, ոսկի, արծաթ բաժանելով՝ երկաթե հրեշը վերջապես գտնում է իրեն հաղթած հերոսուհուն և փորձում խորամանկությամբ տիրանալ աղջկան: Նա հրապարակավ հայտնում է իր սիրո մասին և թագավորից խնդրում նրա դստեր ձեռքը:

Հեքիաթի սյուժեն նոր ընթացք է ստանում: Քաջ զինվոր, համարձակ առաջնորդ, կտրիճ հրամանատար աղջկա կերպարին գալիս է փոխարինելու թագավորի անտրտունջ, խոնարհ, հնազանդ աղջիկը, հենց ինչպիսին կանայք հաճախ պատկերվում են հայ բանահյուսության մեջ: Նրանց ճակատագիրը հաճախ որոշում են տղամարդիկ: Յոթ օր, յոթ գիշեր հարսանիք են անում, և թագավորն իր աղջկան ամուսնացնում է թշնամու հետ: Հերոսուհին այլևս անպաշտպան է ու ձայնազուրկ: Հրեշը տանում է աղջկան ծամերից կախում օճորքից, որ մեռնի, մարդ էլ չիմանա, որ ազատի: Երբ Ջան-փոլատը գնում է ցախ հավաքելու ու մենակ է թողնում մազերից կախված հերոսուհուն, հայտնվում է Չաչալ-բազրգյանը: Վաճառականը խղճում է աղջկան, կտրում է կապանքները և տանում իր տուն: Պարզվում է, որ տարածված ավանդույթի համաձայն՝ վաճառականի դուստրերը թաշկինակներ են գործում ու կախում են տան դարպասից: Անցորդ տղաները, եթե հավանում են թաշկինակը, ամուսնանում են այն գործած աղջկա հետ: Հեքիաթի հերոսուհին էլ է գործում չտեսնված մի հրաշալի թաշկինակ, որ գրավում է այդ քաղաքի թագավորի տղայի աչքը, և թագաժառանգը ընտրում է իր կողակցին: Չնայած աղջիկը պարբերաբար զգուշացնում էր նորաթուխ ամուսնուն իրեն հետապնդող թշնամու մասին, նրա հորդորները մնում են անարձագանք: Ու մի գիշեր էլ Ջան-փոլատը գտնում է հերոսուհուն: Նա արդեն մայր էր, հուր-հրեղեն լաճ տղա էր բերել, որը լալիս էր, և մայրն ուզում էր նրան կուրծք տալ: Հրեշը փորձում էր նրան տանել և գլուխը լվանալ: Մայրը խնդրում է երեխային կերակրել, նոր միայն գնալ: Միայնակ մնալով թշնամու դեմ՝ աղջիկը կրկին վերագտնում է իր ուժն ու համարձակությունը, սպանում երկաթե հրեշին, ամուսնուն պատմում իր հաղթանակի մասին, խոստովանում, որ ինքն էլ է թագավորի աղջիկ, և հեքիաթը ստանում է իր տրամաբանական երջանիկ ավարտը:

Նույնանման մոտիվ ունի նաև պատմական Հայաստանի Տուրուբերան /Տարոն/ նահանգի չորս գավառներից մեկի՝ Մշո դաշտի ժողովրդական հեքիաթներից ,,Յոթ գողեր և թագավորի ախչիկ,,-ը: Հեքիաթը պատմում է երեք որդի և մեկ դուստր ունեցող թագավորի մասին: Թագավորությանը սպառնում են գողերը: Որդիների ջանքերը՝ պաշտպանել երկիրը, չեն պսակվում հաջողությամբ: Դուստրը հասկանում է, որ միայն ինքը կարող է փրկել երկիրը: Հնարամիտ աղջիկը դարպասների մոտ փոս է փորում, ինքն էլ թաքնվում դռան ետևում, ու երբ հայտնվում են թշնամիները, մեկ առ մեկ հաշվեհարդար է տեսնում նրանց հետ: Ավազակների կրտսեր եղբայրը մազապուրծ փախչում է աղջկա թակարդից, խարդախության դիմում: Ծպտված, շքեղ հանդերձանքով գալիս է և խնդրում թագավորի աղջկա ձեռքը: Ինչպես միշտ, թագավորը տալիս է իր համաձայնությունը: Աղջիկը փաստացի երկրի պաշտպանն է միայն անհանգիստ ժամանակներում, իսկ խաղաղ ժամանակ վճռորոշ է տղամարդու խոսքը: Դուստրը ճանաչում է իր նոր ,,խնամակալին,, , բայց չի կորցնում իր համարձակությունը: Մի քանի օր ճամփա գնալուց հետո ավազակը որոշում է աղջկան կապել ծառին ու տիրանալ նրան: Սակայն թոհուբոհ է սկսվում, ձիերից մեկը փախչում է, ավազակը վազում է նրա ետեևից, ու հենց այդ պահին ճանապարհով անցնող քարավանի քարավանապետին աղջիկը խնդրում է փրկել իրեն: Քարավանապետը աղջկան թաքցնում է բեռների մեջ ու փրկում: Թագավորի տղան մոտակայքով անցնելիս տեսնում է աղջկան, սիրահարվում ու որոշում ամուսնանալ նրա հետ: Հերոսուհին մի քանի պայման է դնում թագավորի տղայի առաջ. կառուցի պողպատե ապարանք՝ պողպատե դռներով ու սանդուղքներով, բակում երկու գամփռ շուն կապի և առանց կնոջ համաձայնության ոչինչ տուն չբերի: Թագավորի տղան կատարում է սիրեցյալի բոլոր պահանջները: Ամեն անգամ շուկայից արված գնումները ստիպված էր վերադարձնել կնոջ պահանջով: Կինը ոչ մեկին չէր հավանում. նա դեռ սպասում էր ավազակի վրեժին:

Մի անգամ թագավորի տղան առանց կնոջը զգուշացնելու մի աքլոր է բերում ու թողնում բակում: Պարզվում է՝ կերպարանափոխված ավազակն է: Ամուսնու կյանքը փրկելու համար աղջիկը համաձայնվում է հեռանալ թշնամու հետ, սակայն բաց չթողնելով ոչ մի վայրկյան՝ դիմում է վերին ուժերի զորությանը, մեկ հարվածով ավազակին գլորում սանդուղքից ցած, որտեղ էլ գամփռ շները վրա են հասնում ու բզկտում նրան…

Բանախոսը վերջում կոչ արեց մատաղ սերնդին՝ շատ հեքիաթներ կարդալ, և շնորհակալություն հայտնեց հրավերի համար:

Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը բարձր գնահատեց նրա գործունեությունը հեքիաթագիտության բնագավառում՝ մտերմիկ տոնով նրան անվանելով ,,քայլող հեքիաթ,,:

Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ