
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Մառ մայրամուտին մի լույս է վառվել սառն հորիզոնում –
անծանոթ, հեռու, կայծկլտուն մի լույս,
թեպետ գիշերը դեռ չի հորդացել ծանր ու անհաղորդ,
մի լույս ինքնատուր շողում է արդեն կույր հորիզոնում.-
քո դեմքն եմ հիշում ու մի ջինջ երկիր,
քո ձայնն եմ հիշում ու մի լալ երկիր,-
ասես կյանքն իրեն դատապարտել է
անբեկանելի, ցմահ աքսորի…
Թող գա գիշերը՝ իր սեւ հայացքով,
իր նախահարձակ ոխաբանակով,-
ես կռահում եմ նրա մութ լեզուն,
նրա վարքը ինձ էլ չի՜ ընկճի:
Կկանգնեմ ճամփին, կսպասեմ կանչի,
ու թե լռության սամումը շաչի
դարձյալ իմ հոգու անբավության մեջ,
կքայլեմ, մեկ է, դեպի էն հեռուն,
ուր լույսն է անմեղ սրտի պես դողում,
վառվում հարազատ, մեղմ ու հուսարձակ,
երբ մայրամուտ է ամենուր ասես
եւ դու աշխարհում լքվածն ես միակ:
07.02.2025
ՑԱՍԿՈՏ ՈՒ ԽԱՆԴԱՀԱՐ
Կասեմ –
յոթ սարի ետեւից եկար՝
ժառանգորդի ու վտարակի պես,
ուրուների խշշուն, ներբաց կղզյակից,
անհուշությունից, փթթող ասքից եկար:
Ճանաչելին էիր անճանաչների թափորների մեջ –
ճաքած սրտով եկար, կարմրած աչք-մտոք:
Ձեռքերդ՝ մրոտ, նայվածքդ՝ մոխրոտ, հուսակտուր,
խնկահոտով եկար, վառոդաշունչ:
Արյունլվիկ, մզված ու տաժանլլուկ թեկուզ՝
ներհուն եւ իմաստուն, բայց դե
ցասկո՜տ եկար ու խանդահա՜ր:
Վրեժի մեջ կորած ու սիրո մեջ վառված,
չար ու բարին սերտած՝
անխա՜ռն եւ կու՜ռ եկար:
Կասեմ –
ներկայի մեջ կալանավոր եղար:
Աններկա ես կանգնած օրավաճառների շուկայի մեջ:
Անժամանակյա լուսնկա եղար օտարված երկնում:
Աններդաշնակ ես՝ սոնետների խախտված պսակի պես,-
եւ դու մտմտում ես փախչել ու ետ գնալ
էն կղզյակը խշշուն, ուր հալածվեցիր քո խայտանքի համար,
տապակվեցիր ներքուստ ճգնակյացի հրով,
բայց եւ ազա՛տ եղար ու ինքնապարտ,
էնտե՜ղ հոգուդ մուժում յոթը արեւ գտար,
Աստծու՜ն ու քե՜զ գտար:
Մի հայրենի չափ ես, մի կարճ շարականի,
զինքդ տվել ես, սակայն, էպոսներին,
եւ էդ խենթությամբ ես անմեռնելի,
եւ էդ կարոտով ես երկրամարմին:-
Դու կդառնաս կրկին քո շրջանը է-ի՝
ցասկոտ ու խանդահար,-
արյունլվիկ, մզված ու տաժանլլուկ թեկուզ՝
վրեժներով, անկոր ու սերերով բեռնված կդառնաս ետ:
12.02.2025
ԿՈՂՈՊՈՒՏ
(ճամփորդական)
Ինձ կողոպտեցին աշնան մի տաք օր
ելուզակները՝ ծանոթ ու դրսեկ, նրանց հետ էին
եւ ներսում ծլած, կամավորական գողեր ու գյադեք,-
քրթմնջում էին, բարբաջում անհերթ
դավահունչ տոնով, ժարգոնով տխեղծ,
գուժկան դաջվածքներ կային դիմազուրկ նրանց դեմքերին:-
Ես անցնում էի ժամանակների թավիշ փեշերով,
խարկված ու ճողված օրերի միջով քայլում էի ես,-
ուսապարկիս մեջ հաց ու ջուր էր եւ մի սրբանկար
ու մի հին մատյան.- կանգ էի առնում սիրո խորաբուխ
ակունքների մոտ, մինչեւ տենչանքիս ծայրը լվացվում
եւ նոր փայլակ ու վին էի փնտրում իմ ոգու համար,-
ճանապարհները ես զգում էի
իմ երակների ձգվածության չափ:-
Վաղուց միայնակ ճամփորդ եմ, մեկ-մեկ
տարածությունը ավտոկանգով եմ հատում ուղղակի,
բայց երանելի ափեր եմ հասնում քայլերով անբեկ:
Հիմա կանգնած եմ ավարված ու ցից,-
ու մե՜կ է, դարձյալ, աշխարհի համար, թե անարգները
ինչպես են կորզում ավյուն ու արյուն արդար Է-երից…
Վե՜րջ: Վիճակվա՜ծ է – ես ետ եմ դառնում՝
այնտեղ, ուր մի օր կողոպտեցին ինձ,
իմ բաճկոնի տակ դաշույն կա հիմա եւ մի արծաթ խաչ,-
էն վանդալներին հիշում եմ հատ-հատ, նաեւ՝ ընչաքաղց
շարժմունքը նրանց եւ ցնծությունը խավարասածիլ,-
վերադառնում եմ տեղն այն անմոռաց,
ուր պիտի սրբվեմ աշխարհի, Աստծո եւ հոգուս առաջ:
23.03.2025
ՏԵՐ ՈՒ ՍՊԱՍԱՎՈՐ
Ոչ հրաշք եղավ, ոչ Տերը հայտնվեց,
թեպետ հավատով առլեցուն էի,-
դավի կայծակն անխնա զարկեց
սիրո դաշտերն ու լեռները Է-ի:-
Եզերքը կծկվեց պարապի ծոցում,
շավիղներին շողք, շշուկ չմնաց,
եւ ոգիները քաշվեցին կամաց
անժամանակի ծերպերը ցցուն:
Լոկ դիմակավոր մի գուժկան է ժանտ
ուրվականի պես թափառում – կրկին
ազդարարելու գալուստը չարքի
եւ արդարության մահը վաղաժամ…
Կանգնել եմ հիմա անլեզու ճամփին,
ջանում եմ շարժվել առաջ, բայց մի ուժ
ինձ ետ է մղում, ակնարկում վերստին
գալիք Աստծուն, հրաշքները հույժ:
Ու ես քայլում եմ անցյալը դեպի,
ուր գալիքներ են ծնվում լուսերես,-
ես ժամանակի դեմքը երկակի
սրբում եմ տեր ու սպասավորի պես:
16.04.2025
ԱՄԱՐԱՍԻ ԶԱՆԳԵՐԸ
Եղանակներն անցնում են խառնակ՝
մի այլ աշխարհի խորթ օրենքներով,
այլ ժամանակի խրթին կարգով են
իրար ներհյուսվում մեղք ու տառապանք.-
իմ սրտի մեջ են հիմա կանաչում
թթենիները կորած այն երկրի,
իմ հոգու մարմար աշտարակին է
ղողանջում անքուն զանգն Ամարասի:-
Որքան հեռացանք հնչուն տեղերից,
այնքան համրացավ մեր լեզուն կայտառ,-
Քույր, մենք իրար էլ չենք շշնջում
մոգական խոսքեր ծիածանաբառ,
միմյանց ինքնասույզ լքում ենք հիմա՝
հանց մոլորակներ ուղեծրախախտ,
հույլ արեւի պես մայր մտնող երկրից
խռովում ենք մենք անհույս ու անբախտ:-
Քեզ նոր երազներ էլ չեմ ընծայի,
չեմ փնտրի հոգիդ՝ մեղմ ու դողդոջուն,
նա, որ անվրեպ ինձ ետ էր բերում
անկումներից ու մենահանդեսից.-
ասես խլության տարեգիր եմ լալ,
խմբավար՝ ծեծված դղիրդներով սին,
բայց լիահնչուն լսում եմ դարձյալ
քնած զանգերը սուրբ Ամարասի:
20.05.2025
ՀԱՅԱՍՏԱՆ -2025
/ակամա ներբող/
Քո դառնության ծովերն անցա,
ցամաքները սեւ ցավերիդ,
ապշած անցա թունելներով
քո հուրհրան կարոտների,-
ինչե՛ր ասես, որ չտեսա,
ի՛նչ զահրումար դեմք ու կերպար,-
ու քանի դեռ քո էության
ողջ ատլասը չեմ գծել, ես
պիտի հիմա նախաբանեմ
մի քարտուղար-դպիրի պես.-
Հազար ու մի բիճ ու լոթի քո հոգուց են քեզ օտարել,
խաչագողերն արեւմուտի տաճարներիդ լույսն են տարել:
Քեզ նայել են որձախառնաչ, վավաշարյուն, գոլ հայացքով,
քո ժպիտը՝ քամուն տվել, իսկ արցունքից թորել են ծով:
Հազար ու մի ներքինու հետ հազար ու մի .յոթ ես տեսել,
հաստել ես, թե ծախու գյադեք ոնց են դավից ոսկի դիզել:
Քեզ քաշել են խաղերի մեջ, մատնել անկապ, մութ կապերի՝
յոթը պորտը յադին տված՝ շնաբարո տեր ու փերի:
Հազար ու մի բոթ ես լսել քո երգեցիկ բաղերի մեջ,
քո ունկերն են հա՛ սղոցել բայղուշները, բոզ ու ստերջ:
Հազար աքլոր ու սինլքոր, հազար գուժկան ու դրուժան
թռվռացին դեմդ հարբած – հարամի ու գողի նման…
Բայց որքան էլ քեզ խարանեն,
զազրաբանեն ու ճանկռտեն,
էն ատյանում պիտի արդար ես վկայեմ.
Էս տեղերի արքան դու՜ ես,
թեպետ խաբված մանկան նման ու հարիֆի,
ներս ու դրսից քցվածի պես.-
կգա՜ օրը, եւ դու էլի ժիր-կորովի
ջանքդ խաչով կբուրվառես,
կարիանաս սիրո եռքով՝
զիլ տղերքիդ աջի ներքո,
ու կքայլես ոգեշնչված՝
վառ ծիրանին մեջքիդ առած –
արքա՜ Հայաստան:
08.06.2025
ՈՐՈՆՈՒՄ
Թե լույսերի մեջ քեզ չգտնեմ,
կգտնեմ սարսուռ խավարներում –
կլինես գունատ, անապավեն,
բայց եւ՝ հեռատես, զուսպ ու ներհուն:
Թե կրակներում չգտնեմ քեզ,
կգտնեմ սառչող մոխիրներում –
կլինես վառված հոգով ու հեզ,
բայց էլի՝ շնչեղ ու հրեղեն:
Թե երազներում քեզ չգտնեմ,
կգտնեմ էս բիճ օրերի մեջ,–
թող որ՝ տանջահար, մրոտ ու գեշ,
բայց եւ տենչալի՛ դու կլինես:-
Կորածների մեջ քեզ կորոնեմ,
բավիղներում ու ձյուների տակ,-
քո նշողումն իսկ կհուշի, թե
ինչ աստղի տակ եմ գտնելու քեզ:-
Ես միշտ փնտրողն եմ, թաքնվողը՝ դու,
թեպետ թվում է՝ կաս ամենուր
եւ կայծկլտում ես սիրազեղուն
անգամ անդինի մառախուղում:
04.07.2025
ԳԻՇԵՐՎԱ ԱՐՓԻՆ
Մրմուռ-մրմունջով կոպերն է փակում մարող երեկոն,
ասես լռվել է մի անմեռ նոթի կամ բոթի վրա,-
իր համակ լեզուն – տրտունջ ու շշունջ, ողոք ու բողոք,
բայց նրա կրծքին աճող գիշերը ուրիշ ոգի է առնում շարունակ
եւ հառնող դեմքեր ժողովում սատին իր պատանքի տակ:-
Իսկ դու ցերեկվա սիրելին էիր
եւ երկրատարած բերկրանքը նրա,
արեւատոնի ոսկե տենորը,
զեփյուռներ բերող հովվապետն էիր,
եւ սիլուետդ հուզում էր խորունկ
այն գաղտնախորհուրդ յոթ լուսիններին,
որ ցոլում էին գալիքի ծովում –
պատրաստ՝ յոթ քնար քեզ ընծայելու:-
Պառկած ես հիմա դառնության մահճում,
գիշերակեսը հատել ես վաղուց,-
անցած երեկոն կրկնակելով անցյալդ – կորավ
այն մշտաբաղձանք երկրից էլ հեռու,
եւ դու փակում ես կոպերդ՝ իբրեւ երազի ավարտ,
իբրեւ ծանուցված մի հրաշք ծեսի անխոս չեղարկում,
բայց նիրհուն անգամ, հազար պատնեշի ու սեւի միջով –
հոգիդ տեսնում է արփին գիշերվա,
որ խոնարհվում է մերթ խավար ծոցի,
մերթ լուսագանգուր եզերքի վրա…
29.07.2025
ԱՆԴԱՐՁ
1
Դեռ մատնիչներ կան բյուր,
ուրացողներ ու խաչողներ – Երկրում,
և վերադարձն իր հետաձգում է
Փրկիչը՝ լռված ինքնաքսորում,-
թե հայտնվեց հանկարծ –
Նրան մատնելու՜,
ուրանալու՜, անխիղճ
խաչելու՜ են դարձյալ:
2
Ես չեմ վերադառնում Տուն,
երբ կարոտից քար
ճռնչում են անգամ ոսկորներս.-
նույն դևերն են դեռ ասպատակում էնտեղ –
խլելու՜ են Տունս,
ավիրելու՜ նորից,
ատելության սյունի՜ն են ինձ խաչելու:
3
Չեմ վերադառնում Էն հուռթի սիրո
գիրկը վայելչագեղ,
նա եդեմի ազատ շունչն է ասես,
թե վերստին նրան ես ընծայվեմ –
լքելու՜ է կրկին,
միայնության վառվող
ծառի՜ն է խաչելու:
4
Թողած Փրկիչ ու հույս՝
ես շարժվում եմ անվերջ ետ ու առաջ –
անդարձության խաչե ուղիներով…
16.08.2025