«ԵՍ ԷԼ ԱՅՍ ՁԵՎՈՎ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԻՎԸ»

Ուսուցչի օրվա առթիվ «Լուսարար»-ը զրույց է ունեցել Արցախի կրթական ոլորտում ճանաչված մասնագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ: Աշխատելով Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում՝ որպես տեսուչ, նախարարության տեսչական խմբի կազմում նա տարիներ շարունակ եղել է Արցախում գործող ավելի քան 200 դպրոցներում, տեղերում մասնագիտական ու մեթոդական օգնություն ցուցաբերել դասվարներին: «Լուսարար» թերթում հաճախակի հանդես էր գալիս մասնագիտական նորույթների վերաբերյալ հոդվածներով: Գործնական դասեր էր վարում դպրոցներում: Դասավանդելով նաև Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում՝ ղեկավարում էր ապագա մանկավարժների փորձուսուցումը: Սովորելով սովորեցնելը նրա գլխավոր սկզբունքն էր:

    Բռնատեղահանությունից հետո ի՞նչ ճանապարհ է անցել հմուտ մանկավարժը,  կարողանո՞ւմ է դիմագրավել մարտահավերներին՝ փորձեցինք ներկայացնել ստորև:

    -Տիկին Պետրոսյան, չէի ուզենա անդրադառնալ 2023թ. սեպտեմբերի  19-ի պատերազմին, դրա հետևանքով Արցախի հայաթափմանը, բռնագաղթին, նորից վերապրել այդ ամենը: Ինչպես ժողովուրդն է ասում՝ սուգը սուգ է բերում: Եկեք պատմեք՝ ինչպե՞ս եք նորից սկսել ձեր կյանքը զրոյից:

    – Որքան էլ ուզենանք մեզանից վանել անցյալի հիշողությունները, մեկ է, ակամայից ուղեղումդ տրոփում է՝ ովքե՞ր ենք մենք՝ արցախցիներս  հիմա ․․.

    Մեծ  դժվարությունների, չարչարանքների միջով անցած, արդեն ինքնահաստատված, ինքնադրսևորում ունեցող  արցախցիներս, բռնելով  գաղթի ճանապարհը,  մտածում էինք  տեղի ունեցած արհավիրքի  մասին, վրդովվում, լցվում ցասումով,  կոկորդներիս կանգնած թուքը կուլ  չէր գնում․ գիտակցում էինք  տեսլականը՝ ի՞նչ է  սպասվում  մեզ․․․ , մինչև հոգու խորքը վիրավորված, անօթևան, անզոր․․․

     Իմ պարագայում  մտածում էի՝  կոնֆետ կփաթեթավորեմ կամ՝  երշիկ, կամ  էլ՝  փողոց  կմաքրեմ․ պատրաստ եմ  ցանկացած  գործ  անելու, միայն թե կարողանանք գոյատևել: Ինձ հույս էր տալիս այն միտքը, որ թունելի  վերջում միշտ լույսն է։

     Քանի որ շատ եմ սիրում մանկավարժի իմ մասնագիտությունը, սկզբում  ուզում էի  դասվարի աշխատանք գտնել որևէ դպրոցում: Մտնելով ցանկացած դպրոց՝  նախ տեղեկանում էի, թե Արցախից դիմումատու կա՞, թե՞ ոչ։  Երևանի՝  իմ  մտած բոլոր դպրոցներում բավականին  դիմումատու դասվարներ կային։  Ես  չէի կարող նրանց  անգործ  թողնել․ հեռանում էի այդ դպրոցներից, ինչքան էլ  տնօրենները  պնդում էին, որ  աշխատելու  նախապատվությունը  ինձ կտան ։

    Աշխատանքի արահետն  ինձ  տարավ  Արարատի մարզի  Ղուկասավանի   միջնակարգ  դպրոց, որտեղ ընդունվեցի որպես դասվար։ Աշխատավարձը  գայթակղիչ չէր․ 88000 դրամ, սակայն դա առավել էր տանը  պարապ  նստելուց։

    – Ինչպե՞ս ընդունեցին Ձեզ, Ձեր առաջին հանդիպումը աշակերտների հետ, առաջին դասը: Ի վերջո, ինչքան էլ փորձառու լինեիք, նոր միջավայրը հոգեբանական լարում էր պահանջում:

    -Շատ սիրով ու ջերմությամբ ինձ ընդունեցին այս դպրոցում՝ թե մանկավարժական կոլեկտիվը, թե աշակերտները: Չնայած սկսնակ չեմ, բայց կարևոր էր և աշխատում էի որ, եկվորի (չեմ ուզում ասել՝ գաղթականի) ճնշվածությունն իրեն զգացնել չտար:  Բայց հենց առաջին դասս՝   Պ․ Սևակի  «Քիչ ենք, բայց հայ ենք»  տապալվեց…  իմ հեղեղած  արցունքների  պատճառով։

    Առաջին գործս, որ արեցի իմ « Արցախի անկյունն» էր, որը  համալրվում է  առ այսօր։ Այն Հայրենի հողի վրա կանգնած լինելու զգացում է ստեղծում:

    Ինձ ոգևորում էր, որ աշակերտներս կարճ ժամանակում սկսեցին փայլել  իրենց  մաթեմատիկական  հմտություններով, քննադատական և ստեղծագործական  մտածողությամբ։  Մեկը  մյուսի հետևից նախագծային աշխատանքները, թանգարաններում  լավագույն ներկայացումները  կայծեր  էին, որ երբեմն  բռնկվում  էին  իմ հոգում։  Յուրաքանչյուր դասի՝ անկախ առարկայից,  բառերս, հուշերս,  երևակայությունս,  մտածողությունս  տանում են  ԱՐՑԱԽ,  ամեն  երևույթ կապում եմ  ԱՐՑԱԽԻ հետ։

    Ամենևին հեշտ չէ մասնակցել Վերջին զանգի, Առաջին զանգի,  Այբուբենի տոնի և այլ արարողություններին, առավել ևս՝ կազմակերպել։  Արցունքներս կոկորդումս խեղդելով, երբեմն՝ հեղելով, պատասխանատվությունս հաշվի առնելով՝  տիրապետում եմ ինձ․․.

     – Բայց հավանաբար դա նաև մղում է վերագտնել Ձեզ:

    – Աշակերտներս գիտեն, պատկերացնում են՝  որտեղ են իմ  հայրենի գյուղը, Ստեփանակերտը, Մարտակերտը, Ասկերանը, Մարտունին ու Հադրութը, Շուշին ու Քարին տակը (որպեսզի չասեն՝ արցախցիները Քարին տակից վառվող անիվներ էին գլորում դեպի Շուշի), Քաշաթաղն ու Շահումյանը։ Գիտեն արցախյան ավանդույթների, մշակույթի, եկեղեցիների, մեր հոգևոր հարստությունների  մասին: Ազգությամբ եզդի Թամոն ասում է՝  դե, դրա համար էլ վերցրել են ԱՐՑԱԽԸ։

    Ամեն երկուշաբթի բոլորը երգում են Հայաստանի Հանրապետության օրհներգը, ես երգում եմ  Արցախի օրհներգը։ Ամեն դասի ավարտին աշակերտներս ուխտ են անում  դառնալ  գյուտարարներ, ստեղծել գերհզոր զենքեր․․․ Սպասում եմ․․․․

    Այո, ճիշտ նկատեցիք, հավանաբար դրանից եմ ոգևորվում  և հետաքրքիր դասեր կազմակերպում։

    Հիմա աշխատում եմ Դարակերտի միջնակարգ դպրոցում։ Այն, որ հայեցի դաստիարակություն եմ  տալիս իմ աշակերտներին, հանգստացնող և մոտիվացնող է։

    -Լավատեղյակ լինելով Արցախում Ձեր եռանդուն, պրպտող, նորարական գործունեությանը՝ չեմ կասկածում, որ այստեղ նույնպես այդ հատկանիշներով աչքի չընկնեիք:

    -Հավանաբար այդպես է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նկատեց իմ պատասխանատվությունն ու նվիրումով աշխատանքը  և ընդունեց ինձ՝ որպես ԿԳՄՍՆ  փորձագետ։ Առաջարկեցին գրել  թեմատիկ մոդուլներ՝  հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման համար։  Մոդուլները հաստատվեցին ԿԳՄՍՆ կողմից, և ես հիմա վերապատրաստող մանկավարժ եմ   ՀՀ Գեղարքունիքի մարզի  Մարտունու Տիգրան Աբրահամյանի անվան  ավագ դպրոցում։ 

    Առաջարկեցին  մասնակցել  «Հոդված  3 ակումբ»  կազմակերպության կողմից  նախաձեռնված   մեդիագրագիտության  դրամաշնորհային  ծրագրի մրցույթին։  Շահել եմ մրցանակ, ինչի արդյունքում  Ղուկասավանի միջնակարգ դպրոցում կազմակերպության կողմից ստեղծվել և ժամանակակից սարքավորումներով  կահավորվել  է   մեդիագրագիտության կաբինետ։

    Մասնակցել  եմ  ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, վաստակել  բարձր  ցուցանիշ, ինչի արդյունքում բավականին բարձրացավ աշխատավարձս։  Ճիշտ է, Արցախից  բռնատեղահանված ուսուցիչները չունեն պարտադիր ատեստավորման վերապատրաստում, ինչն ապահովում է  11 միավոր տարակարգ ստանալու և  է՛լ ավելի աշխատավարձը  բարձրացնելու հնարավորություն։  Այդ պատճառով  ինձ  ընդամենը 3 միավոր պակասեց  4-րդ  աստիճանի տարակարգ ստանալու  համար։  Հիմա ունեմ  ուսուցչի 3-րդ աստիճանի տարակարգ։

    Որպես ուսումնաօժանդակ ձեռնարկներ իմ հեղինակությամբ,  նախարարության երաշխավորությամբ շուտով կհրատարակվեն  3-րդ  և 4-րդ դասարանների մայրենիի համար նախատեսված գիրք-տետրերը ։

    Աշխատում եմ նաև Վարդենիսի մանկավարժական համալսարանում։

    Ես էլ այս ձևաչափով եմ ուզում միշտ բարձր պահել ԱՐՑԱԽԻ պատիվը,  անունը։

     – Ինչ կմաղթեք ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:

    – Ուսուցչի   գործունեությունը  պատասխանատու և չարչարանքներով լի  աշխատանք է։  Տեղահանված՝ տնից-տեղից զրկված ուսուցչի աշխատանքը՝ առավել ևս, որովհետև զգացմունքները գերակայում են  գիտակցությանը:

    Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին՝ իրենց պայքարող տեսակի համար, իրենց ուժն ու եռանդը չխնայելու, իրենց  աննկուն կամքի  համար։

    Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավոր բոլորիդ մասնագիտական տոնը:

    Խոնարհումս ու խնկարկումս բոլոր մարտիրոսվածներին…                                                                                                                                                      

      Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ