Մենք այնքան ենք տրվել, այնքան ենք հարազատացել կեղծիքի հետ,
որ երբ ինչ-որ տեղ մի ճշմարիտ խոսք է հնչում, ուղղակի ցնցումներ է առաջացնում:
Սա այսօր չէ միայն, դարեր շարունակ ենք մենք հարազատացել կեղծիքի հետ:
Մենք կեղծիքի մեջ ենք ապրում: Մեր շրջապատում այսօր մենք ինչը որ գնահատում ենք,
անպայման պետք է օտար լինի, որ մեզ հարազատ լինի…

Հեռավոր՝ 2012-ին տված իր հարցազրույցներից մեկի ժամանակ էր այս միտքն արտահայտել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը: Արդարության ու ճշմարտության ջատագով այս քաղաքացին ապրել է միմիայն ազգային շահը վեր դասելով ամեն ինչից: Ժամանակի իրականությունը լավագույնս չի գնահատել երախտավոր ու նվիրյալ այս մարդու գործունեությունը:

Հովհաննես Թումանյանի թանգարանում տնօրեն Լուսինե Ղարախանյանի նախաձեռնությամբ կայացած Սամվել Կարապետյանի ,,Խոջիվանք,, գրքի շնորհանդեսին ներկա էին նաև հեղինակի այրին՝ Էմմա Աբրահամյանը, որը նաև գրքի գիտական խմբագիրն է, ճարտարագետ, վիմագրագետ, ՀՃՈՒ հիմնադրամի համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանը:

Աշխատությունը ներկայացնում է Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնված և այժմ ամբողջությամբ ոչնչացված հանրահռչակ Խոջիվանքի գերեզմանոցի պատմությունը:

Նախահրատարակչական աշխատանքները կատարվել են ,,Գալուստ Կիւլպէնկեան,, հիմնարկության և ՀՃՈՒ-ԱՄՆ-ի աջակցությամբ:
,,Խոջիվանք,,-ը տպագրվել է դեռևս 2019 թվականին, բայց ոչ հայերեն տարբերակով, այլ անգլերեն, որն այնքան էլ հեղինակի սրտով չէր /հովանավոր չկար՝ հայերեն տպագրելու համար/:

Բարեբախտաբար, այսօր ունենք հայերեն տարբերակը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, սակայն, ցավոք, մեզ հետ չէ հեղինակը:

Թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը հանգամանալից անդրադարձավ հայոց երևելիներին, որոնք ամփոփված են եղել Խոջիվանքի գերեզմանատանը, և մանրամասնեց Ամենայն հայոց բանաստեղծի հուղարկավորության դեպքը, որը տևել է մոտ մեկ ամիս, քանի որ նրա աճյունը Մոսկվայից պիտի տեղափոխվեր Խոջիվանք: Այդ տեղափոխության ընթացքում ռուսական տարբեր քաղաքներում ժողովուրդը հավաքվում էր ու վերջին հրաժեշտն էր տալիս սիրած բանաստեղծին: Մարտի 23-ին մահացած Թումանյանի աճյունը Ենիկալոպովի և Նվարդ Թումանյանի օգնությամբ միայն ապրիլի 15-ին է ամփոփվում Խոջիվանքում, որը համաժողովրդական ծեսի է վերածվում: Ժամանակին վրաց գրողներից մեկը նկատում է. ,,Երբեք չէինք տեսել, որ ժողովուրդը այսքան մեծ հոգածությամբ ու սիրով հրաժեշտ տար իր զավակին,,:

ՀՃՈՒ հիմնադրամի համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանը իր շնորհակալական խոսքում ընդգծեց հետևյալ միտքը. ,,Իրականում ինձ համար այս գիրքը, իր բովանդակությունից և հայագիտության համար բերած նորություններից բացի, հայերեն տարբերակով շատ կարևոր է նրանով, որ մենք վերջապես իրականացրինք իմ ուսուցչի՝ Սամվել Կարապետյանի ցանկություններից ևս մեկը, քանի որ 2019-ին տպագրված անգլերեն տարբերակով գիրքը նրա սկզբունքներին դեմ էր, և ասում էր. ,,Նախ մե՛նք պետք է իմանանք, հետո՝ օտարները, որովհետև մեր գրքերը միշտ հրատարակվել են նախ հայերեն, հետո՝ օտար լեզուներով,,:
Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն կառույցներին, որոնց աջակցությամբ իրականացել է Սամվել Կարապետյանի իղձը: Հայերեն տարբերակում ավելին են նյութերը, քան անգլերեն տարբերակում: Շնորհակալություն նաև տիկին Ղարախանյանին՝ այս շնորհանդեսը իրականացնելու համար,,:
,,Խոջիվանք,, աշխատության գիտական խմբագիր, Սամվել Կարապետյանի այրին, ողջունելով միջոցառման ներկաներին, շեշտեց, որ այսօր հավաքվելու առիթը ,,Խոջիվանք,, գրքի ծնունդն է, հավերժ փառք հեղինակի անմար հիշատակին: Իր խոնարհումը բերելով երջանկահիշատակ տփղիսագետ Սարգիս Դարչինյանի հիշատակին՝ նա ասաց, որ հենց նրա տրամադրած լուսանկարներով ու տեղեկություններով Սամվելը կարողացավ առավել հարստացնել գիրքը: ,,Խոջիվանք,, գրքի ստեղծման գաղափարը Սամվելն ուներ դեռևս 1990-ական թվականների կեսերին, այն ժամանակ, երբ ոչնչացված գերեզմանոցի տարածքում պետք է կառուցվեր վրացական առաջնորդանիստ եկեղեցին: Նա իր առջև նպատակ էր դրել նախ համառոտ ներկայացնել Խոջիվանքի պատմությունը, ապա ցույց տալ՝ գեղարվեստի և ճարտարապետության տեսանկյունից նյութական մշակույթի ի՞նչ հուշարձաններ կային գերեզմանոցում, մոտավոր հաշվարկներով որքա՞ն հանգուցյալ էր ամփոփված, և կազմել ամփոփվածների ցուցակը: Բնականաբար, գրքում ներկայացված ցանկը ամբողջական չի կարելի համարել, քանի որ նման աշխատանք իրականացնելու համար անհրաժեշտ էր տեղում կատարել հաշվառման և ուսումնասիրական աշխատանքներ, որը Խոջիվանքի գերեզմանոցի պարագայում հասկանալի պատճառներով հնարավոր չէր:
Այսպես, 1650-ական թվականների սկզբին դրամահատարանի արքունի տան պատասխանատու խոջա Բեհբուդը վրաց Ռոստոմ թագավորից իրավունք է ստանում Հավլաբար թաղամասի հարևանությամբ Մախաթ սարի ստորոտին գտնվող իրենց տոհմական գերեզմանոցում եկեղեցի կառուցելու, որն էլ կառուցվում է 1655 թվականին: Այդ է փաստում ոչնչացումից զերծ մնացած շինարարական արձանագրությունը. ,,Ի ԹՎԻՍ ՀԱՅՈՑ ՌՃԴ /1655/, ԿԱՄՈՔՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՍ՝ ԽՈՋԱ ԲԵՀՊՈՒՏԵՍ ԵՒ ԵՂԲԱՅՐ ԻՄ ԽԱՏԻՆ ԵՒ ԿՈՂԱԿԻՑ ԻՄ ԼԱԼԻՆ ՇԻՆԵՍՑԻՆՔ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՍ ԱՂՕԹԻՒՔ ԱՍԼԱՆԻՆ,,: Եկեղեցին ստանում է Ծիրանավոր ՍԲ. Աստվածածին անունը: Սակայն թիֆլիսահայությունը կոչում է Խոջիվանք՝ խոջայի կողմից կառուցված լինելու պատճառով, որն առ այսօր էլ հայտնի է ժողովրդի կողմից տրված անվանաձևով:
1780 թվականին Բեհբուդյան տոհմի մեկ այլ ներկայացուցիչ՝ Թիֆլիսի քաղաքագլուխ մելիք Ավետիքը, հոգևոր իշխանություններից թույլտվություն ստանալով, նորոգության կարոտ եկեղեցին վերաշինում է և երկու տարի անց ավարտում: Եկեղեցին ունեցել է նաև որմնանկարներ, որոնք, ըստ նկարիչ Գրիգոր Շարբաբչյանի, պատկանել են Նաղաշ Հովնաթանի վրձնին: Բացի Բեհբուդյան տոհմի հանգուցյալների և հոգևորականների շիրմաքարերից, հետագայում կատարվում են այլ թաղումներ ևս, որոնց թիվն ավելանում է հատկապես 1810-ական թվականներից հետո, երբ ցարական կառավարության հրամանով Թիֆլիսի մի քանի գերեզմանոցներ ոչնչացվում են, և Խոջիվանքը վերածվում է կենտրոնական հանգստարանի:
Մինչև 1934 թվականը գերեզմանոցը բարեկարգվել է և նորոգվել: Նշյալ՝ 1934-ից սկսած՝ քաղաքային իշխանությունները արգելում են թաղումները և որոշում գերեզմանոցը դարձնել փակ: Երկու տարի անց նոր որոշում է ընդունվում՝ տարածքը վերածել զբոսայգու: Սակայն հետագայում թույլ են տալիս որոշ թաղումներ: Օրինակ՝ 1937 թվականի նոյեմբերի 16-ին մեծ դժվարությամբ հաջողվում է իրականացնել բանաստեղծ Հ. Հակոբյանի ցանկությունը՝ ամփոփվել գերեզմանոցում:
1936-ից սկսվում է գերեզմանոցի ավերումը: Առաջին հերթին պայթեցվում է վանական համալիրը: 1715թ. ոմն Սանդուխտի հիշատակին կերտված խաչքարը երկատված վիճակում հայտնաբերվում է 1970-ական թվականներին հողային աշխատանքների ժամանակ: Բեհբուդյանների տապանաքարերից փրկվել է միայն 1832թ. վախճանված Դարչիի՝ երկու կես եղած շիրմաքարը: Գրիգոր Շարբաբչյանի ջանքերով հաջողվում է ոչնչացումից զերծ պահել մի քանի տապանաքարեր, այդ թվում՝ Գ. Սունդուկյանի աճյունն ու շիրմաքարը. ,,Դիակը տեղափոխելիս այն վնասվեց,- գրում է Կիմա Հակոբյանը,- իսկ իր այնքան սիրած ճտքավոր կոշիկը դուրս ընկավ: Սրբապիղծ ոճրագործները լկտիաբար հափշտակեցին մեծ գրողի սիրած ոսկե մատանին,,:
Մնացած տապանաքարերը ծառայում են որպես շինանյութ, և կառուցապատվում են պուրակների աստիճաններն ու եզրաքարերը, փողոցների մայթերի եզրաքարերը, ինստիտուտի որմերը, դպրոցի բակի շրջապարիսպը և այլն: Լավրենտի Բերիայի տներից մեկը կառուցելիս /բժիշկ Ա. Բեգիջանյանի վկայությունն է/ հենց իրենց տոհմի ներկայացուցիչների մարմարակերտ տապանաքարերով է երեսպատվել տան զուգարանը… ,,Փառաշուք շիրիմնաքաղաքը նման էր խորշակածեծ արտի… Ամեն ինչ հողին էր հավասարեցված,, ,- գրում է 1938-ին Թիֆլիս այցելած Գերունյանը:
Հրաշքքով փրկվում է միայն մեծն Րաֆֆու հուշակոթողը: Հենց այս մահարձանի շուրջն էլ հետագայում գոյանում է հայ մշակույթի գործիչների փոքրիկ պանթեոնը, որը ևս զերծ չի մնում վանդալիզմից /1994թ./: 2000թ. նոյեմբերին պանթեոնը նորից է ենթարկվում ոտնձգությունների:
Ոչնչացված գերեզմանոցի տարածքում /1995թ./ Իլյա Բ կաթողիկոսը նախագահ Շևարդնաձեի հետ կատարում է առաջնորդանիստ եկեղեցու հիմնօրհնեքը: Բողոքի ալիքը ժամանակավորապես կասեցնում է այն, բայց 1996-ին տարածքը պատվում է հողով կոծկված տապանաքարերով ու հանգուցյալների ոսկորներով: Անհարգալից վերաբերմունք է դրսևորվում ոսկորների նկատմամբ. դրանք չեն վերաթաղվում, այլ շինաղբի հետ խառնվելով՝ առաջացնում են աճյունախառն հողաբլուրներ…
Այս գերեզմանոցում են եղել ամփոփված ազգային-ազատագրական գործիչներ /Քեռի, Նիկոլ Դուման, Սեբաստացի Մուրադ, Խմբապետ Ավո…/, գրողներ /Գ.Ախվերդյան, Ծերենց, Պ.Պռոշյան, Ալ.Ծատուրյան, Մուրացան, Նար-Դոս…/, նկարիչներ, դերասաններ, երաժիշտներ, մշակույթի այլ գործիչներ:
Վկայություններ կան նաև հայ մանուկների բարեկամ Ղ.Աղայանի և հայոց մեծության՝ Հովհաննես Թումանյանի շիրմաքարերի նկատմամբ ցուցաբերված անհարգալից վերաբերմունքի մասին: Թումանյանի շիրմաքարը փրկվել է իր զավակների շնորհիվ:
Այսպիսով, երկրի երեսից ջնջվում է պաշտամունքային, ճարտարապետական և մշակութային մի արժեք՝ առանց ուսումնասիրական աշխատանքների: Շուրջ 10-11հա զբաղեցրած Խոջիվանքի գերեզամանոցի մի անկյունում ծվարել է Հայ մշակույթի գործիչների փոքրիկ պանթեոնը՝ հայության համար խորհրդանշական ու նվիրական վայրը:
Ներկաները վերջում դիտեցին Սամվել Կարապետյանի վաղամեռիկ որդու՝ ռեժիսոր Տիրան Կարապետյանի՝ 2008-ին թողարկած ,,Լռություն,, վավերագրական ֆիլմը, որում ներկայացված է Խոջիվանքի գերեզմանոցի ոչնչացման պատմությունը:
Այսպիսին էր Սամվել Կարապետյանը, որը ողջ գիտակցական կյանքն ապրել է՝ ազգային արժեքների փրկության բեռը ուսերին առած:
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆԻ