Փառապանծ մարմնամարզիկ, օլիմպիական եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի, ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն, «Օղակների արքա» Ալբերտ Ազարյան. մեծագույն հայ, որը գեղեցիկ էր ամեն ինչով՝ արտաքինով, ապրած կյանքով, կազմած ընտանիքով, համեստությամբ: Մարդ-լեգենդ, որ ոգեշնչող օրինակ և ուսուցիչ է եղել բոլոր մարզիկների համար:
Ապրեց երկար՝ 94 տարի և էլի կապրեր, եթե երկու տարի առաջ կյանքին հրաժեշտ չտար սիրելի կինը՝ Ելիզավետա Ազարյանը, որի հետ ամենուրեք միասին էին: «Լուսարար»-ին բախտ է վիճակվել մի քանի տարի առաջ՝ 2010թ. հանդիպել նրանց հետ Ջերմուկում և հարցազրույց ունենալ: Ստորև ներկայացնում ենք այն:
– Ինչպե՞ս սկսվեց հայկական սպորտի լեգենդ Ալբերտ Ազարյանի մարզական ուղին:
– 1944թ., երբ մահացավ հայրս, ես սովորում էի 6-րդ դասարանում: Երկու երեխա էինք: Մեր ընտանեկան պայմանները շատ ծանր էին: Եղբայրս վարորդություն էր անում: Մորս օգնելու համար ես թողեցի դպրոցը և դարձա դարբնի աշակերտ. մուրճ էի խփում: Նաև հաճախում էի երեկոյան դպրոց: Լավ վաստակում էի Կիրովականում /ծնվել եմ Գանձակում՝ 1929թ. փետրվարի 10-ին, բայց մեծացել եմ Կիրովականում/: Կիրովականի հրապարակում մի դահլիճ կար, որտեղ պարապում էին ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, մարմնամարզություն: Տղաներով այդտեղ հավաքվում, մեզ համար զբաղվում էինք սպորտի տաբեր ձևերով: Այն ժամանակ սովորություն կար թաղ-թաղ կռիվ անել, և որպեսզի ուժեղ լինեինք ու հաղթեինք, մարզվում էինք: Ես և՛ ըմբշամարտ էի պարապում, և՛ բռնցքամարտ, բայց մարմնամարզությամբ չեմ զբաղվել: Մի օր որոշում եղավ, որ լավ կազմվածք ունեցողներին, որոնք նաև սալտո անել գիտեն, հավաքել-բերել Երևան: Ինձ էլ ընդգրկեցին, բայց ես սալտո անել չգիտեի:
Մեզանից 100 հոգի պետք է մեկնեին Մոսկվա, այնտեղից էլ՝ Չեխոսլովակիա, որտեղ մեծ հավաք պետք է լիներ՝ համերգային ծրագրով և սպորտային վարժություններով:
Մոսկվայում փորձերի ժամանակ ովքեր սալտո անել չգիտեին, կամ հասակը չէր համապատասխանում, հետ էին ուղարկում: Երբ հերթն ինձ հասավ, նշան արին, որ ես էլ հետ դառնամ: Մոտեցա մեր կազմակերպչին ու հայտնեցի, որ ինձ էլ են գցել մերժվածների ցուցակի մեջ: Նա ասաց. «Աբո ջան, գնա մայկեդ հանիր, թող ֆիգուրադ տեսնեն»:Մայկես հանեցի, գնացի ղեկավարի մոտ, ասացի. «Товарищ Свиридов» և սալտո արեցի: Սալտոն ստացվեց: Ասաց. «Դու մնում ես այստեղ, բայց ոչ թե վարժություններ անելու, այլ դրոշը տանելու»: Բոլոր հանրապետությունների ներկայացուցիչները մոտոցիկլետի վրա կանգնած՝ տանում էին իրենց դրոշները: Հայաստանի դրոշը տարա ես: Դրանից հետո նպատակ դրեցի զբաղվել սպորտով: Ինձ խորհուրդ տվեցին սովորել Երևանի ֆիզկուլտուրայի տեխնիկումում:
Այդ ընթացքում մահացավ եղբայրս: Տանը մնացել էինք ես և մայրս: Մենք սեփականություն չունեինք: Եկանք Երևան, ընդունվեցի ֆիզկուլտտեխնիկում: Սիմոն Աբրամիչ Ղարագյոզյան ունեինք, մարմնամարզություն էր պարապում: Ասաց՝ Ալբերտ ջան, դու պիտի պարապես գիմնաստիկա: Ես համաձայնվեցի, որովհետև մեզ հետ Վրաստանից մի տղա կար, որը մարզադաշտում մարզվելուց հետո գալիս, օղակների վրա վարժություններ էր անում, դուրս շատ էր եկել: Սիմոն Աբրամիչին ասացի՝ հարց չկա, գիմնաստիկա կպարապեմ, բայց տարիքս արդեն մեծ է /16 տարեկան էի/, կարող է չստացվի: Նա ասաց՝ ոչինչ, մի բան կանենք: Քանի որ ֆիզիկապես շատ ուժեղ էի, ինչ վարժություն ասում էին, անմիջապես անում էի:
Դա 1949թվականին էր: Երկու տարի անց՝ 1951-ին, դարձա սպորտի վարպետ:
– Իսկ ինչպե՞ս հանդիպեցիք Ձեր ապագա կնոջ հետ:
– Այդ մասին ավելի լավ է Լիզան պատմի:
Ելիզավետա Ազարյան. – Ես Ախալցխայից եմ: Թբիլիսիում մասնակցում էի մարմնամարզության հանրապետական մրցումներին: Գրավեցի առաջին տեղը: Ւնձ մոտեցան լրագրողներ, նկարեցին, հարցրին ազգանունս: Երբ ասացի՝ Երեգյան, հարցրին՝ Էրիգիա±նի: Ասացի՝ ոչ, Երեգյան, Ելիզավետա Երեգյան: Նրանցից մեկը գնաց գլխավոր դատավորի հետ փսփսաց, չգիտեմ ինչ արեցին, ինչ չարեցին, մոտեցան և ասացին, որ ես երկրորդ տեղն եմ գրավել, ոչ թե առաջին: Ես այնպես վատ զգացի՝ ակնկալելով, որ պետք է պատեֆոն շահեի /առաջին տեղի մրցանակը/ ու հանկարծ՝ չպիտի ստանամ: Երեխա էի, 16 տարեկան: Գլխավոր դատավորն ինձ տվեց ճամպրուկ /երկրորդ տեղի մրցանակը/: Հաղթապատվանդանին կանգնած՝ հո լա՜ց չեմ լինում… Ինչպես այսօր՝ հիշում եմ: Ինձ տված ճամպրուկը չվերցրի, թողեցի-հեռացա: Մարզիչս ՝ Կոլյա Բեդիշվիլին վերցրեց:
Եկա տուն: Հայրս հարցրեց, թե ինչ տեղ եմ գրավել: Ասացի՝ առաջին, բայց որպես հայ ինձ երկրորդ տեղը տվեցին, առաջին տեղը տվեցին վրացու: Հայրս ջղայնացավ ու դիմեց մորս. «Վալի՛կ, Վալի՛կ /մորս անունը Վալենտինա էր, ռուս էր/, հավաքիր մեր աղջկա իրերը, նա Վրաստանում տեղ չունի, այստեղ ոչ մի հաջողության չի հասնի»:
Եվ ինձ բերեցին Հայաստան: Ընդունվեցի Երևանի ֆիզկուլտտեխնիկում: Ալբերտ Ազարյանը 2-րդ կուրսում էր, ես՝ 1-ին: Մեր երկուսի մարզիչը նույնն էր՝ Սիմոն Ղարագյոզյանը: Եվ պարապում էինք նույն դահլիճում ու ապրում տեխնիկումի նույն հանրակացարանում: Նկատում էի, որ մի տղա անընդհատ ինձ է նայում: Իսկ ես ամաչում էի ու մտածում՝ այս տղան ի±նչ է ուզում ինձանից:
/- Ես էլ էի ամաչում,- ընդմիջեց նրան ամուսինը/:
-Մի քանի օր չեկա պարապմունքի: Մի խոսքով, մենք ծանոթացանք դահլիճում: Հետո միասին մրցումների էինք գնում Սվերդլովսկ, Լենինգրադ, Ախալցխա:
– Ուրեմն տեխնիկումը ձեր ճակատագրերը կապեց:
– Եվ ընտանիք կազմեցինք: Ես 19 տարեկան էի, Ալբերտը՝ 24: Երբ ամուսնացանք, Ալբերտն արդեն սպորտի վարպետ էր:
Ալբերտ Ազարյան.- Լիզայի հետ մեր ամուսնությունը նշեցինք ոչ թե դահլիճում կամ հատուկ վայրում՝ մատանիով, հարսի շորով, այլ հավաքվեցինք նրա բարեկամներից մեկի տանը և մեզ հայտարարեցինք ամուսիններ: Ես նրան խոսք տվեցի, որ հետագայում իր համար ամեն ինչ կառնեմ:
– Իսկ որտե՞ղ էիք ապրում:
– 1952-ին ես դարձա Խորհրդային Միության չեմպիոն: Այն ժամանակ «Սպարտակ» ընկերության անդամ էի: Դա ինձ շատ է օգնել: «Սպարտակ»-ը մեծ մարզադաշտ ուներ, որի մի անկյունում մի փոքրիկ բուդկա կար: Այն հատկացրին մեզ՝ զուրկ ամենատարրական կոմունալ հարմարություններից: Բայց մենք մեզ շատ լավ էինք զգում: Այստեղ բերեցի նաև մորս:
1954-ին, երբ դարձա աշխարհի չեմպիոն, Ուկրաինայից հեռագիր ստացա, որ տեղափոխվեմ այնտեղ: Խոստանում էին նվիրել 3-սենյականոց բնակարան: Մեր սպորտկոմիտեի նախագահը հեռագիրը վերցրած՝ մտավ քաղսովետ: Դրանից անմիջապես հետո ինձ 3-սենյականոց բնակարան հատկացրին Կիևյան փողոցի վրա: Դա 1955-ին էր: Այն ժամանակ այնտեղ դեռ նոր էին շենքեր կառուցում: Հետո կամաց-կամաց մեր շնչերն ավելացան, և տեղափոխվեցինք 4-սենյականոց բնակարան: Հիմա մնացել ենք երկուսով և կրակն ենք ընկել այդ 4-սենյականոցի ձեռքին /ծիծաղում է/:
– Ի՞նչ միջոցներով էիք ապրում:
– Ուսանողական թոշակով, իսկ երբ 1952-ին դարձա Խորհրդային Միության չեմպիոն, նաև որպես աշխատավարձ մի որոշակի գումար էի ստանում:
– Ինչպե՞ս ծնվեց հռչակավոր «Ազարյանական խաչը»:
– 1953-ին Լենինգրադում Խորհրդային Միության առաջնություն էր: Մասնակցում էր նաև Հայաստանի թիմը: Լիզան էլ էր մասնակցում, Հրանտ Շահինյանն էլ: Մեր տղաները ֆիզիկապես ուժեղ էին օղակներից և նժույգից: Դրա համար էլ 1952-ին օլիմպիական չեմպիոն էին դարձել: Մեր մարզիչ Սիմոն Ղարագյոզյանն ասաց, որ Հրանտից հետո ես ելույթ ունենամ: Վերջին գործիքն օղակներն էին: Եթե հաջող հանդես գայինք, մեր թիմը 1-ին կամ 2-րդ տեղն էր գրավում: Բայց ով կատարում էր, ցածր գնահատական էր ստանում /առավելագույն միավորը 10 էր/: Հրանտն էլ կատարեց, 9,1, 9,2 էին միավորները: Մարզիչին հարցրի՝ Սիմոն Աբրամիչ, էս ի±նչ բան է, ինչո±ւ են միավորներն այսքան ցածր: Ասաց՝ կրեստները չեն պահումՙ: Երեք վայրկյան պետք է պահեին: Եվ եթե չէին պահում, միավորները հանում էին: Դա հատուկ էր արվում: Վերջում մոտեցա ես: Չորս դատավոր էին, երկուսն առջևում, երկուսը՝ հետևում: Ես իմ վարժության սկիզբը կատարեցի, հետո շարունակեցի, հասա խաչին: Առաջին դատավորին հարցրի.՚ « хватит держать?» ասում է՝ հա ու ծիծաղում է: Էն մյուսին եմ ասում « хватит держать? » ,– սա էլ է ասում՝ հա: Հիմա էլ հետևի երկուսին պիտի հարցնեի, ու դրա համար պիտի շուռ գայի: Շուռ եմ գալիս ու նույնը նրանց եմ հարցնում՝, « хватит держать? »: Սրանք էլ թե՝ հա: Ու այդ վարժությունն այդպես կատարում եմ: Դատավորական կոլեգիան հավաքվում է, որ ինձ մրցումներից հեռացնի, որովհետև վարժությունների ժամանակ խոսել եմ /իրավունք չունեի/: Մի բան պիտի գտնեին, չէ±: Ուզում են հեռացնել, բայց տեսնում են, որ, ախր, Ազարյանը նոր էլեմենտ է կատարել: Ոչ մեկն այդ մասին բան չի ասում: Ճիշտ է, մենք դարձանք չեմպիոն, բայց այստեղ մեզ չասացին,որ դա Ազարյանի էլեմենտն է: Աշխարհի առաջնությունում կամ օլիմպիական խաղերում նոր բան պիտի անես, որ քո անունով կոչվի: 1953-ին Խորհրդային Միության առաջնությունում խաչը երբ արեցի, պատահական բան էր: Ես ոնց որ ձեռ առնեի նրանց, որ մեզ հետ այդպես են վարվում:
1954թ. աշխարհի առաջնություն էր: Սիմոն Աբրամիչն ասաց, որ խաչը նորից անեմ: Այն ժամանակ բոլոր ամսագրերն ու թերթերը գրում էին այդ մասին: Դա շատ դժվար էր կատարելը, ֆիզիկապես մեծ ուժ էր հարկավոր: Մի քանիսը փորձել էին, բայց շատ արագ է ստացվել, չեն կարողացել պահել: Իսկ ես կատարում եմ դանդա՜ղ, հանգի՜ստ, մկաններս ցուցադրելով… Բոլորն ա՜խ էին քաշում, իսկ ես ծիծաղում էի. ի±նչ է եղել որ… Այդպես 1954-ին այդ էլեմենտը իմ անունով կոչվեց «Ազարյանական խաչ»: Առաջին անգամ դարձա աշխարհի չեմպիոն: Ինձ բոլորը հարցնում էին, թե ինչպես է դա ինձ հաջողվում, ի±նչ անեն, որ իրենք էլ խաչը պահեն: Ասում էի՝ գնացեք նախ դարբնի աշակերտ դարձեք:
1956-ին Մելբուռնի օլիմպիական խաղերում չեմպիոն դարձա՝ օղակների վրա և թիմային մրցումներում, 1958-ին՝ նորից աշխարհի չեմպիոն, 1960-ին Իտալիայի օլիմպիական խաղերում՝ դարձյալ չեմպիոն: Այստեղ քանի որ երեք մեդալ էի շահել թիմային և անհատական մրցումներում, համաձայն կարգի, թեպետ երկու անգամ եմ մասնակցել օլիմպիական խաղերին, բայց համարվում եմ օլիմպիական եռակի չեմպիոն:
– Այժմ՝ ձեր երեխաների մասին:
– Ունենք չորս երեխա՝ 2 տղա, 2 աղջիկ, յոթ թոռ, չորս ծոռ: Բոլորն էլ պարապել են մարմնամարզություն, բայց երեխաներից միայն Էդվարդն է շարունակել մեր ճանապարհը, 1970 թվին դարձել օլիմպիական չեմպիոն թիմային մրցումներում: Այժմ նա Ամերիկայում է, ստեղծել է Ազարյանական դպրոց, ուր մոտ 800 երեխա է հաճախում: Մյուս տղաս՝ Հրանտը, ավարտել է ֆիզկուլտուրայի ինստիտուտը, հիմա Մոսկվայում է, աշխատում է ինչ-որ գաղտնի գործարանում: Աղջիկներիցս մեկը հինգերորդ տարին է՝ Լեհաստանում է: Նրա ամուսինը Հայաստանի դեսպանն է այդ երկրում: Մյուս աղջիկս՝Ժաննան, Երևանում է, օտար լեզվի մասնագետ է:
– Ո՞րն է ազարյանական ջահելության գաղտնիքը:
– Մարմնամարզությունը: Եթե ուզում ես առողջ ու գեղեցիկ լինել և ապրլ երկար, պետք է զբաղվել մարմնամարզությամբ:
– Իսկ ինչպիսի՞ն է այդ մարզաձևի վիճակը Հայաստանում:
– Կարելի է ասել՝ վատ: Խորհրդային տարիներին 232 մարմնամարզական դպրոց ենք ունեցել, բոլոր հանրակրթական դպրոցներում, ինստիտուտներում կային մարմնամարզական գործիքներ: Իսկ հիմա միայն 2 դպրոց կա ՝Երևանում Հրանտ Շահինյանի և Ալբերտ Ազարյանի անվան:
– Ե՞րբ է ստեղծվել Ազարյանի անվան դպրոցը:
– 1964թվականին, երբ վերջացրի մարզական կարիերաս, սպորտդպրոցից առանձնացրին մարմնամարզության բաժինը ու ինձ նշանակեցին մասնագիտացված դպրոցի տնօրեն: 1967-ին ՀՀ Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին խնդրեցի, որ դպրոցի համար շենք կառուցեն: Հրանտ Շահինյանն արդեն 1958-ին ուներ, դժվար էր երկրորդ դպրոցն ստեղծելը, բայց ինձ հարգելով՝ ընդառաջեցին: Պիոներպալատի վերին մասից հողամաս հատկացրին ու սկսեցին շինարարությունը: Այդ դպրոցւ նաև իմ ձեռքերով է սարքվել: Մինչև հիմա պահում եմ նկարները, որտեղ ես նույնպես շինարարական աշխատանքներ էի կատարում: 2000թ. դպրոցը կոչվեց իմ անունով: Հիմա այդ դպրոցի տնօրենն եմ: Իսկ Լիզան մեթոդիստ է: Շուրջ 400 երեխա է հաճախում, լավ երեխաներ են: Մեկ հոգի՝ 16 տարեկան, կմասնակցի Սինգապուրում կայանալիք օլիմպիական խաղերին:
– Ի՞նչ վիճակում է մարզադպրոցը:
– Առաջ շատ վատ էր, պարսիկներ էին եկել մեզ մոտ հավաքի: Դեկտեմբերի սկիզբն էր: Մի քանի էլեկտրական սալիկ իրար կողքի շարել՝ տաքանում էինք: Դա պատահաբար հեռուստատեսությամբ տեսել էր ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանը, որը հաջորդ օրը մարդիկ ուղարկեց, և 20 օրվա մեջ կաթսայատուն տեղադրեցին, որ երեխաները չմրսեն: Վերջում էլ ինքը եկավ՝ անձամբ համոզվելու, թե ինչպես է կատարվել աշխատանքը: Գնաց կախվեց տուրնիկից, որը ճղված էր, ձեռքերը ցավեցին: Նրա կարգադրությամբ Գերմանիայից մարմնամարզական նոր գործիքներ բերեցին: Բայց դա 10 տարի առաջ էր, դպրոցը հիմա խիստ վերանորոգման կարիք ունի:
– Դուք նաև հայ ընտանիքի կատարելատիպ եք՝ բազմազավակ, ամուր, համերաշխ: Տիկի՛ն Ելիզավետա, ե՞րբ Ձեր ամուսնուց ստացաք մատանի:
– 1975-1979 թթ. աշխատում էինք Հոլանդիայում: Ալբերտը պարապում էր տղաների հետ, ես՝ աղջիկների: Մեր դեսպան /Խորհրդային Միության/ Ռոմանովը շատ հետաքրքիր կերպ կազմակերպեց Ազարյանի 50 և մեր ամուսնության 25-ամյակը: Այնտեղ Ալբերտն ինձ մատանի նվիրեց: Իսկ մինչ այդ որ երկիր գնում էր, ինձ համար միշտ նվեր էր բերում:
– Ավելորդ հարց է, բայց, այնուամենայնիվ, հարցնեմ՝ դուք երջանի՞կ մարդիկ եք:
– Երջանիկ չլինեինք, 57 տարի միասին չէինք լինի:
– Հազվադեպ է լինում, երբ մարզիկները, այն էլ՝ չեմպիոններ, շատ երեխաներ են ունենում: Ինչպե՞ս էիք հասցնում, տիկի՛ն Ելիզավետա:
– Սկեսուրս ինձ շատ է օգնել, չեմ կարող ուրանալ: Ես տնից դուրս էի գալիս հանգիստ՝ իմանալով, որ տանը մարդ կա և հոգ է տանում երեխաներիս մասին:
– Տիկի՛ն Ելիզավետա, ի՞նչ է Ձեզ համար Ազարյան ազգանունը:
– 1978-ին Հոլանդիայի թիմը տարել էի Չինաստան: Գնացի որպես մարզիչ: Բայց քանի որ Հոլանդիայի թիմը դատավոր չուներ, ինձ ընդգրկեցին դատավորների կազմում Հոլանդիայի կողմից: Երբ հերթով հայտարարեցին դատավորների անունները, ու հերթը հասավ ինձ՝ Ելիզավետա Ազարյան, ամբողջ 18-հազարանոց դահլիճը հո չթնդա՜ց ծափերից… Դա ի՛նձ չէին ծափահարում, այլ Ազարյան ազգանվանը: Վերջում ինձ մոտեցավ մի չինացի, հուշանվեր տվեց ու հպարտությամբ ասաց. ՙԵս չինական Ազարյանն եմ՚: Այսինքն՝ կարողանում է կատարել Ազարյանական խաչը: Եթե Ազզարյան ազգանունը օտարերկրացուն է հպարտություն պատճառում, հապա ինձ համա՜ր մի տես ինչ է…
-Առողջարանային հանգիստը առողջ ապրելակերպի բաղկացուցի՞չ է:
-30 տարի մենք գալիս ենք Ջերմուկի այս առողջարանը, ապրում նրա երկրորդ հարկում: Այն շատ հարազատ է մեզ: Կարող է մարդիկ հարցնեն՝ ինչո±ւ ՙԱրմենիայում՚ չենք մնում կամ 5-րդ հարկի ՙԼյուքսում՚ չենք: Եթե այս շենքը առաջին հարկում էլ սենյակներ ունենար, կգերադասեինք առաջին հարկը: Անընդհատ վերելակով բարձրանալ-իջնելը կամ կոճակը սեղմած սպասելը ձանձրացնող է: Ճիշտ է, հարմարավետությունն այն չէ, բայց դա մեզ համար երբեք նպատակ չի եղել: Սա մեզ համար դրախտ է:
-Այս հարցում է՛լ դուք անդավաճան եք: Կյանքում ի՞նչն եք ամենից շատ գնահատում:
Ելիզանետա Ազարյան – Տանել չեմ կարող վատ վերաբերմունքը, կոպտությունը մեկը մեկի հանդեպ: Մարդիկ պետք է միմյանց հետ բարի լինեն:
Ալբերտ Ազարյան –Երևի բոլորը ծիծաղեն ինձ վրա, բայց տանել չեմ կարող տղաների երկար մազերը: Երբ երեխաներ են բերում ինձ մոտ, առաջին հերթին նրանց գլխին եմ նայում: Վերջերս էլ տեսնում եմ տղաների՝ մազերի իբր մոդայիկ, արտառոց կտրվածքով: Ես չեմ ընդունում դա: Տղան պետք է տղավարի մեծանա: Իսկ հայ տղան՝ պահպանի ազգային դիմագիծը: Ինչ է, մենք չէի±նք կարող Ամերիկայում կամ մի այլ երկրում մնալ: Մեզ ամեն տեղից էլ հրավիրում էին, խնդրում մնալ իրենց երկրում: Իմը իմ հայրենիքն է: Ինչքան էլ պայմաններ չլինեն՝ այն գերադասելի է: Ես այստեղ զրոյից եմ սկսել:Ամենից շատ գնահատում եմ կարգապահությունը:
– Իսկ Ձեր տղան, որ հիմա Ամերիկայում է, նույնպե±ս Ձեզ նման է մտածում:
– Վաղ թե ուշ՝ նա գալու է: Հիմա չի կարող, որովհետև դպրոց ունի ստեղծած: Առայժմ չի կարող թողնել:
– Ձեր 80-ամյակը Հայաստանում մեծ շուքով նշել են:
– Այո, օպերայի և բալետի շենքում հանդիսավորությամբ նշվեց, օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ինձ ավտոմեքենա նվիրեց: Պետական ավտոտեսչությունում ուզում էին ոսկե համարանիշ տալ, բայց ես հրաժարվեցի, ասացի՝ թող լինի 17 – ՈՈ – 080. 17-ը՝ ծնունդս նշած օրը, իսկ 080-ը՝ իմ տարիքը: Մեքենայի հետևի ապակուն պատկերված է Ազարյանական խաչը /նա հպարտությամբ մեզ ցույց տվեց առողջարանի բակում կանգնած մեքենան – Ս. Խ./:
– Երբևէ եղե՞լ եք Ղարաբաղում:
– 70-ամյակիս առթիվ մեզ հրավիրեցին Ղարաբաղ: Մեզ հետ էին աղջիկներս, փեսաս, որ հիմա Լեհաստանում դեսպան է, նրա երկու որդիները: Մեզ շատ լավ դիմավորեցին մի գեղեցիկ դահլիճում /Մշակույթի և երիտասարդության պալատում – Ս. Խ./, մեծարման շքեղ երեկո կազմակերպեցին: Ինձ նվիրեցին իմ դիմապատկերով գորգ, որը մինչև հիմա փակցված է մեր պատին, և ով մտնում է՝ հպարտությամբ ցույց եմ տալիս ու պատմում: Պաշտպանության նախարարն ինձ հուշանվեր՝ ոսկե հրացան նվիրեց: Դրանք ինձ համար թանկ նվերներ են: Երեք անմոռաց օրեր անցկացրինք Ղարաբաղում: Մեծ բավականություն ստացած՝ վերադարձանք: Նոր դրանից հետո նշեցին իմ հոբելյանը:
– Իսկ Ղարաբաղի հետ ծրագրեր ունե՞ք կապված:
– Ցանկություն ունեմ բոլոր մարզերում, եթե աջակցողներ լինեն, ստեղծել մարմնամարզության դպրոցներ, այդ թվում և՝ Արցախում, կուղարկեմ մարզիչներ: Ես չեմ թերագնահատում մյուս մարզաձևերը, բայց մարմնամարզությունը՝ ոտքի եղունգից մինչև մազի ծայրը, մարզում է: Եթե երեխան մինչև 14-15 տարեկանը պարապի մարմնամարզություն, դրանից հետո որ մարզաձևն ուզում է ընտրի, ավելի մեծ հաջողության կհասնի: Նա արդեն ֆիզիկապես պատրաստ է: Բայց այդ բանը ոչ ոք չի ուզում հասկանալ: Ես այսօր կամ, վաղը չկամ: Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը սկզբում մարմնամարզիկ է եղել: Ես բոլորին ասում եմ՝ տեսեք, ֆուտբոլիստը գոլը խփելիս ուրախությունից սալտո է անում: Դա նշանակում է, որ հիմքը մարմնամարզությունն է: Ես ուզում եմ, որ մեր երիտասարդությունը առողջ մեծանա:
– Ի՞նչ կմաղթեիք երիտասարդներին:
– Զբաղվել մարմնամարզությամբ: Ինձ շատ հաճախ ասում են, որ մարմնամարզությամբ զբաղվողները կարճահասակ են լինում: Ես ասում եմ՝ այդպիսի բան չկա: Ես մետր 74 սմ եմ, տղաս՝ Էդիկը, 1,85 է: Հրանտ Շահինյանը կարճահասակ էր, նրա երեխաներն էլ: Դա գեներից է գալիս: Եթե գործիքից լիներ, ուրեմն բոլոր ծանրորդները պետք է կարճահասակ լինեին: Մարմնամարզության բոլոր գործիքները մկանները զարգացնում են: Դա մեծ նշանակություն ունի երեխայի զարգացման համար:
– Մի հետաքրքիր զուգադիպություն. երբ Դուք առաջին անգամ հանրության առաջ հանդես եկաք, Ձեր ձեռքին բարձր բռնած տանում էիք Հայաստանի դրոշը…
– Գագիկ Ծառուկյանն ասում է, որ Ազարյանը մեր թալիսմանն է: Եվ անցած օլիմպիադայում ինձ հանձնարարեցին տանել Հայաստանի դրոշը: Ասել են, որ 2012-ի օլիմպիադայում է՛լ նորից ես տանեմ մեր դրոշը:
-Տա՛ Աստված:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ